Ասք Մեծն Կոմիտասի հետմահու գողգոթայի մասին / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

«Այսպես չպետք է սկսվեր այս պատմությունը, բայց եթե արդեն սկսվել է, հեղինակն ի՞նչ կարող է անել»: Այսպես` ընթերցողի հետաքրքրությունը հետագա շարադրանքի վրա լարելու գրողական հնարանքով է սկսում «Հայր Կոմիտասի մահն ու հետմահու գողգոթան» ներկայացնող իր պատումը Գրիգոր Ջանիկյանը:
Իսկ սկսվում է նրանով, որ Արփիար Ակնունու որդին` Սեղբոս Ակնունին, հիշում է, որ երբ Պոլսի թուրքական զինվորական հիվանդանոցից Կոմիտասին դուրս բերելուց հետո, ռումինական «Տասիո» նավով տասնութ օր նույն խցում ճամփորդել են, նկատել է, որ «…հենց հայր սուրբը նիրհում ու ինքը ճրագը հանգցնում էր, նրա ճակատին լուսապսակ էր ճառագում»: Այդպես էլ լուսանկարել էր քնած վարդապետին, ու լուսանկարը փակցրել Փարիզի Սորբոնի համալսարանի իր «ուսանողական օթևանատան սնարին»: Ուսանողուհիները հարցնում էին` «Հիսուս Քրիստո՞սն է: Ինքը չէր պատասխանում»:
Հանճարեղ Կոմիտասի կյանքը, ստեղծագործությունն ու ողբերգական վախճանը, իհարկե, քաջ ծանոթ է ընթերցողներին` գրական ու գիտական ուսումնասիրություններից, հուշագրական էջերից, վերջապես Եղիշե Չարենցի, Կոստան Զարյանի, Պարույր Սևակի հանրահայտ գործերից: Գրիգոր Ջանիկյանի փոքրածավալ այս պատումը, սակայն, այդ ամենի կրկնությունը չէ. «Գողգոթա» խորագիրն արդեն իսկ հուշում է արձակագրի գլխավոր սևեռումը` Մեծ երգահանի կյանքի վերջին տարիների և հատկապես նրա աճյունը Հայաստան տեղափոխելու դրամատիկ անցքերին, որոնց գեղարվեստական վերարտադրությունը նա կատարել է` հիմնվելով նաև առաջին անգամ հրապարակվող վավերագրերի տվյալների վրա:
Սեղբոս Ակնունին, ով ընթերցողին քիչ հայտնի դեմքերից է այս պատմության մեջ, պատահական մեկը չէր Կոմիտասի համար: 1893-ի կաթողիկոսական ընտրություններին նրա հայրը` ճանաչված կրթական ու գրական գործիչ, հրապարակագիր Արփիար Ակնունին, պատվիրակ էր Ակնից: Երիտասարդ ճեմարանականներից մեկը (ապագա Կոմիտասը)` նրան երգել տալով, գրառում և նոտագրում է մի քանի տասնյակ անտունի, որոնք հետագայում հրատարակում է «Շար Ակնայ ժողովրդական երգերի» գրքույկում: Այդ գրքույկն ընծայում է Խրիմյան Հայրիկին, և վերջինս Արփիարին հրավիրում է Էջմիածին` Գևորգյան ճեմարանում ազգագրություն դասավանդելու: Արփիարը, սակայն, հրաժարվում է` զգալով, որ չի կարող դիմանալ հայրենի եզերքի կարոտին: Արփիարի ու Կոմիտասի երկրորդ հանդիպումը արդեն ողբերգական 1915-ին էր` աքսորի ճանապարհին: Ականատեսները հետագայում ոչ մի կերպ չէին կարողանում մոռանալ դաժան այդ օրերի հուշային դրվագներից մեկը. Կոմիտասը «մնացած մտավորականների պես հևում, Չանղըրիի զառիվերը հաղթահարել չէր կարողանում: Նա իր խաչը լուռումունջ կրում, պապակ լեզուն մերթընդմերթ փառակալած շուրթերին էր տանում»: Քիչ անց հանդիպած ջրհորից, սակայն, ոստիկանապետ Իբրահիմ բեյը բռնահանվածներին չի թույլատրում ջուր խմել` մինչև «իր ութսունչորս զտարյուն երիվարները, սայլերին լծված բեռնաքարշ ջորիները» չհագենան: Ձերբակալման պահին գրպանների անկյուններում մնացած մանրադրամները կցմցելով զինվոր-ոստիկանին կաշառած Արփիարն ու ընկերները մի դույլ ջուր են հասցնում «ծարավից տոչորվող հայր սուրբին»: Բայց հեռվից նկատելով, Իբրահիմ բեյը ձիով շեշտակի մոտենում, արմունկով հարվածում է Կոմիտասին. «Վարդապետը ցավից ջղաձգվեց, փռվեց գետնին, դույլը մի կողմ թռավ»: Հետո` «Կոմիտասը երկու ձեռքով դեմքը փակել, դողդողում էր»: Վերջապես, երբ հասնում է նաև աքսորականների ջրի հերթը, ընկերները մի փոշոտ տուփ են գտնում, հողով մաքրում, առաջինը Կոմիտասին են ջուր հրամցնում: Բայց… նա ժանգոտ տուփը շուրթերին տանում ու նողկանքով ետ է մղում: Չի կարողանում խմել. «Դրանից հետո ամբողջ կյանքում ջուր խմելիս սարսռում, սարսափից փակում էր աչքերը»: Նման դրվագներից հետո ավելի ըմբռնելի են դառնում սևակյան տողերը` «Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու մի՛ խենթանա»…
Իրողություն էր նաև այն, որ 1915-ի ապրիլի վերջերին հենց Սեղբոսի հայրը` Արփիար Ակնունին էր «Չանղըրիից հեռագրեր հղել Պոլսի եվրոպական դեսպանություններ, թախանձել էր գոնե Կոմիտասին վերահաս սպանդից փրկել»: Եվ Թալեաթն ու Էնվերը, «որպեսզի եվրոպական դեսպանատներում մարդասեր, մշակութասեր թվան, Կոմիտասին հետ էին բերել տվել: Իսկ Արփիար Ակնունուն, օսմանյան բարեխնամ կառավարությանը անվանարկելու համար, կառափնատել էին»:
Ահա թե ինչու, այդ դեպքերից հետո, Սեղբոս Ակնունին չէր հեռանում Կոմիտասից, միշտ ու ամենուրեք նրա հետ էր` Պոլսի թուրքական զինվորական հիվանդանոցից մինչև Փարիզի ապաքինարանները: Ճիշտ է, կար Խնամատար հանձնախումբը, բայց ճշմարտությունն այն էր, որ «երբ Վիլ-Էվրարի ապաքինարանի երեք տարվա բուժումը արդյունք չտվեց, Վիեննա` Ֆրեյդի մոտ տանելն էլ չստացվեց», հանձնախումբը «վարդապետին Վիլ-Ժուիֆի համեմատաբար էժանագին ապաստարանը փոխադրեց ու նրա նկատմամբ կարծես իր պարտքը կատարած համարեց: Նախկին ուշադրությունը զլացավ»: Սեղբոսն էր դարձյալ, որ Կոմիտասին ամենից հաճախ էր այցելում, «Կոմիտասի դեմքը նրան տեսնելիս էր պայծառանում»: Ահա թե ինչու, ապաստարանի բժիշկներն ու խնամակալուհիները նրան հիվանդի հարազատը և նույնիսկ «ապօրինի զավակն» էին համարում, «նրա առջև էին իրենց հաշվետու զգում», իսկ Կոմիտասն ինքը` նրան իր «հոգեորդին» էր ընդունում:
Սեղբոսը վկան էր նաև Կոմիտասի կյանքի վերջին պահերի, որի հոգեբանական վերարտադրությունը պատումի գեղարվեստորեն հավաստի դրվագներից է: Ճակատագրական այդ օրը` «տասնութ տարվա մեջ առաջին անգամ» նա չի հիշում անավարտ թողած իր ձեռագրերը, Սեղբոսին խնդրում է պատուհանի մոտ տանել իրեն, քանզի քայլում էր «կաղալով, ցավին դժվարությամբ տոկալով», այնքան թույլ էր, որ նույնիսկ «գլուխը չէր կարողանում ուսերին պահել»: Օտար մերձավանի բաց պատուհանի մեջ հոգու աչքերով նա տեսնում է հայրենի Ցղնայի գարնան պատկերները, լսում եկեղեցու զանգակատան զանգերի ղողանջը, խոսում է հայրենի բարբառով, «որ երբևէ չէր լսել», որովհետև «Կուտինա գաղթած ցղնացիները լեզու կտրելու ահից միայն թուրքերեն էին խոսել»… Կոմիտասի պատվերով Սեղբոսը ծնկի է իջնում և ընդունում Վարդապետի օրհնանքը, որն, ըստ Կոմիտասի, պիտի նրանով աշխարհի հայերին հասներ: Գրիգոր Ջանիկյանը խորհրդանշական պատկերով է արձանագրում Մեծ Հայի վախճանի պահը. «Հրաշք չէր պատահել` Կոմիտաս վարդապետը վախճանվել էր: Երկնքում մեկընդմիշտ մարել էին Ցղնայի սուրբ Աստվածածին եկեղեցու ղողանջները»:
Սեղբոս Ակնունին իր հոգու պարտքն էր համարում իրականացնել նաև Մեծ երգահանի վերջին ցանկությունը` «Ինձ այստեղ չթողնես, տղաս, ինձ մեր դրախտավայրը կտանես»: Սակայն Կոմիտասի աճյունը Հայրենիք տեղափոխելու նրա առաջարկը դեմ է առնում հուղարկավոր հանձնախմբի դիմադրությանը: Ընդ որում` Սեղբոս Ակնունու, Կոմիտասի «հոգեորդու» անունը այդ հանձնախմբի ցուցակի «վերջում, խորհրդակցական ձայնի իրավունքով» էր արձանագրվել: Առարկությունն այն էր, թե դա աթեիստական երկիր է` «աստվածամերժ վարչակարգով» և «չի զիջանի» հոգևորական հուղարկավորել: Ակնունին, իհարկե, անդրդվելի է մնում` «Կոմիտասը սոսկ հոգևորական չէ, մեր երաժշտության Մէսրոպ Մաշտոցն է: Մաշտոցը ո՞ւր թաղուած է»: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում ԽՍՀՄ-ի դեսպանատան հայ պատասխանատուի թաքուն խորհրդով, նա հեռագիր է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Թեև դրական պատասխանի հույս գրեթե չկար, բայց զարմանալիորեն գալիս է Աղասի Խանջյանի գրությունը` Կոմիտասի աճյունը Հայաստան տեղափոխելու թույլտվության մասին: Ուղեկցողը, անշուշտ, Սեղբոս Ակնունին պիտի լիներ:
Այդ առթիվ էր, որ Կոստան Զարյանը գրեց. «Կոմիտաս Վարդապետին» բանաստեղծությունը, մաղթելով «Բարի ճանապարհ» և «վերադարձ բարի»… Բանաստեղծը երևակայում էր, որ նավի «երկաթե գրկում» պառկած Վարդապետի դագաղի գլխին`
…հովեր կքայլեն,//Եվ ալիքների խմբերը հուզված ծովի լարերից//Մի հսկայական քնար կհյուսեն,//Եվ շառաչելով և դղրդալով կհովվերգեն նավի կողերին, երեր:
Իսկ հետո` «Հետո, Վարդապետ, կգա վեհաշուք, պայծառ գմբեթը հայոց աշխարհի // Եվ կբարձրանան լուսե խմբերի երգեր աննման»:
Պակաս չէր նաև Ե. Չարենցի ոգևորությունը «Կոմիտասի հիշատակին» պոեմում`
…Արդյոք կարո՞ղ էր քո սուրբ,//Բեկված հոգին երազել,//Որ դառնալու ես մի օր//Քո հայրենիքը վսեմ,//Ու պիտի շուրջդ բուրի//Սերն ու գգվանքը մեր այս//Եվ Չարենցը համբուրի//Քո շրթունքները մեռած…
Բայց, իհարկե, իրականությունը փոքր-ինչ այլ էր: Արդեն աճյունը «Սինայ» նավը դնելիս, Սեղբոսն առաջին հիասթափությունն է ապրում, որովհետև «Կոմիտասին ուղեբեռի էին վերածել», դագաղը «տախտակապատել էին կոպիտ փայտերով»: Պարզվում է, Ա. Խանջյանն ինքնուրույն էր Կոմիտասի հայրենադարձության որոշումը կայացրել, ինչը խիստ զայրացրել էր Բերիային, և նա ցասումով պահանջել էր չեղյալ համարել այն: Սակայն… Խանջյանի խնդրանքով ՀԳՄ նախագահ Վ. Ալազանի հեռագիրը մի քիչ (3 օր) ուշ էր տեղ հասել` Կոմիտասի աճյունով նավն արդեն ծով էր դուրս եկել: Ալազանն ու Խանջյանը ներքուստ ուրախ էին դրա համար, իսկ Բերիան` Խանջյանի զեկուցագիրը ստանալուն պես, նրան շտապ կանչում է Թիֆլիս:
Վեց օր Կոմիտասի աճյունը մնում է նավի վրա` տեղատարափ անձրևների տակ: Եվ այդ բոլոր օրերին Սեղբոսը նրա կողքին էր: Ի վերջո, տեսնելով, որ այլ ճար չկա, «համայնավարներն էլ երիտթուրքերի պես վարվեցին,- գրում է Գր. Ջանիկյանը:- Հենց գլխի ընկան, որ Բաթումում անտեր մնացած դիակից ազատում չունեն, մարդասեր, երաժշտասեր, անգամ կրոնասեր դարձան» ու մեծ շուքով վագոնով ուղարկեցին Հայաստան: Բայց դրանով ևս պատմությունը չի ավարտվում: Մինչ Սեղբոս Ակնունին` հայրենի հողին ոտք դնելով, հիանում էր Արարատի վեհաշուք տեսքով, «դագաղը չկար»: Պարզվում է, ԿԳԲ-ն տարել, բացել ու խուզարկել է: Թաղումը մյուս օրը Կուլտուրայի տնից էր, որից հետո, սակայն, ձերբակալում են Սեղբոսին, փորձում պարզել, թե ինչպես է նա` ակնցի գաղթականը, այդ «արգիլված ապրանքը» (Կոմիտասի աճյունը) հասցրել Հայաստան: Փորձում են նաև նրան ինչ-ինչ բաներով շահագրգռել, գործակալ դարձնել, բայց երբ չի հաջողվում` Առաջնորդի արձանիկը քննիչի գլխին տալու մեղադրանքով, դատապարտում են 10 տարվա ազատազրկման և աքսորի: Գր. Ջանիկյանը, սակայն, դարձյալ հոգեբանական դիպուկ դիտարկումով է ավարտում Մեծ երգահանի հետմահու գողգոթայի պատմությունը` «Տասը տարին ինչ էր որ: Կոմիտասի համար հորը գլխատել էին»:
Հ.Գ. – Գրում էի այս տողերը, երբ ձեռքս ընկավ Կանադայի (Մոնրեալ) «Հորիզոն գրական»-ի 2016 թ. դեկտեմբերի համարը, Գրիգոր Ջանիկյանի` իր նախնիների հայրենի Ակն կատարած ուղևորության մասին գրությամբ («Այստեղ հայեր են ապրել»): Եվ, ահա, պարզվեց, որ Արփիար Ակնունին` «Ամբողջ Ակնում յայտնի կրթական մշակ, միանգամայն հրապարակագիր ու հոգաբարձու տիար Արփիարը», Ջանիկյանի նախապապն է, «Սեղբոսիկը, երկւորեակ դուստրերը` Շողիկն ու Շաղիկը,, նրա զավակները: «Իրենց տոհմական ազգանունը Ղաբասակզլեան` հայերեն թարգմանութեամբ Կարծրմօրուքեան էր եղել: /…/ Իր պապը, թէ՞ պապի պապը, խելամիտ էր եղել, Սենեքերիմ արքայի հետ Ակն գաղթելիս ժառանգներին յիշեցնելու համար, որ իրենք Վասպուրականի Ճանիկ գիւղից են, տոհմական ազգանունը փոխել, Ճանիկեան էր դարձել»: Արփիարը «Աշխարհացոյցը» մանրադիտակով զննել, գտել էր Վասպուրականի Թիմար գավառի Ճանիկ գյուղը, բայց քանի որ ծնվել էր Ակնում ու իրեն միշտ ակնցի էր համարել, տոհմական ազգանունը փոխել ու Ակնունի գրչանունն էր ընտրել:
Ուրեմն, հենց այստեղ էլ վերջակետ դնենք ու սպասենք Մեծն Կոմիտասի կյանքի վերջին տարիների և հետմահու գողգոթայի ականատես ու վկա վասպուրականցի Ճանիկյան-Ակնունիների տոհմի կենսապատումը ամբողջացնող արձակագրի նոր գործերին:

8 thoughts on “Ասք Մեծն Կոմիտասի հետմահու գողգոթայի մասին / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։