Մայիսի 2-ին Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութա-գործարարական կենտրոնում տեղի ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական «Մրցանակաբաշխություն–2016»-ի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: Մրցանակները հանձնվեցին հաղթողներին: Քանի որ գրողների մրցանակները հանձնվել էին 2016 թ. դեկտեմբերի վերջին, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ևս մեկ անգամ ներկայացրեց հաղթողների անունները` նշելով, որ այս անգամ ժանրային ցանկը ընդլայնվել էր և ավելի շատ գրողներ էին մասնակցել մրցույթին: Վստահեցնելով, որ մրցանակաբաշխության տասը տարվա ընթացքը ապացուցեց, որ նման մրցույթները նոր գրական ստեղծագործությունների ազդակ են հանդիսանում` Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ մրցանակաբաշխությունը կշարունակվի: Ապա շնորհավորեց Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի 60-ամյակը և նրան հանձնեց Գրական բարերարի դիպլոմ` հիշատակելով, որ Ա. Աբրահամյանի անունը տեղադրվել է Գրողների միության գրական բարերարների պատվո տախտակի վրա:
Պարոն Արա Աբրահամյանն իր խոսքում հաստատեց, որ շարունակելու է օժանդակել ՀԳՄ-ի գրական գործունեությանը և աջակցություն է ցուցաբերելու այս տարվա հոկտեմբերի կեսերին Երևանում համահայկական (օտարագիր և սփյուռքահայ գրողների) գրական համաժողովի կայացման աշխատանքներին: