Ծիրանատոն. Յոթ մուսաների ժամադրավայրը

Ծիրանատոնը վերջին տասնամյակում հաստատված ավանդույթ է: Ամեն տարի այն նշվում է Արագածոտնի մարզկենտրոնում, հուլիսի 1-ին, երբ ծառերը շողշողում են ամենահայկական այդ պտղի հաճելի ծանրության տակ:
Ավանդույթի հիմնադիրը բանաստեղծ և նկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանն է: Նրա շուրջը համախմբված մտավորականները «Ծիր կաթին» հասարակական-մշակութային կազմակերպության, «Արագածոտն» գրական-մշակութային միավորման անդամներն են, ովքեր այսպիսով առիթ են ունենում հանդիպելու բնության գրկում, այնտեղ շփվելու գրականության ու արվեստի հետ, միասին խորհելու ու խոկալու մեր ընթացքի, մեր մտահոգությունների ու հույսերի մասին:
Ծիրանատոնի ավանդույթը սկիզբ առավ Աշտարակ-Օշական ճանապարհի աջ կողմում, Քասախի գեղատեսիլ կիրճի ափունքին փռված՝ Արևշատ Ավագյանին պատկանող այգու հիմնադրումով: Այդ օրը բանաստեղծի հյուրերն էին մեր գրականության ու արվեստի մեծերը, որոնցից յուրաքանչյուրը մեկ ծիրանենի տնկեց ու ջրեց՝ հավատալով, որ ծառերի աճի հետ կաճի ու կզորանա նաև մեր հույսերի այգին: Եվ այդպես, ամեն տարի հին ու նոր սերնդի մեր գրողները, նկարիչները, երգահանները, գիտնականները, դերասանները, գրչի ու մտքի մարդիկ այստեղ վայելում են կանաչագեղ այգու բուրմունքն ու բարիքը, կարդում են բանաստեղծություններ, հնչեցնում երգեր, քննարկում հայ մշակույթի նոր ձեռքբերումներն ու անելիքները: Եվ այգու անունը կնքվեց ու ամրագրվեց «Յոթ մուսաների այգի»:
Այս տարվա հուլիսի 1-ին Ծիրանատոնի մեկնարկը տրվեց Օշականում: Տոնախմբության մասնակիցները խոնարհվեցին ու ծաղիկներ զետեղեցին հայ գրերի հանճարեղ արարող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, ապա Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատան դահլիճում փոքրիկ հանդիսությամբ ազդարարվեց գրական տոնի սկիզբը: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ անդամատոմսեր հանձնեց «Արագածոտն» գրական միավորման նորընտիր անդամներ, բանաստեղծներ Արտավազդ Նազարյանին և Սիրեկան Հովհաննիսյանին, արձակագիր Վրեժ Սարուխանյանին, մանկագիր Արտակ Ավագյանին: ՀԳՄ պատվավոր անդամի կոչում ստացավ Արամ Հակոբյանը: Գրողների միության նախագահը նրանցից յուրաքանչյուրի մասին գնահատանքի խոսքեր ասաց և ցանկացավ բեղուն գրիչ, ստեղծագործական հաջողություններ:
Հետո տոնը շարունակվեց Յոթ մուսաների այգում: Այստեղ յոթ տեսակի ծիրան է հասունանում՝ բոլորն էլ բնաշխարհիկ, բոլորն էլ հայկական: Prumus armeniaca` այսպես է ծիրանի լատինական անվանումը: Մեր ժողովրդի համար Վահագնի ծննդի «ծիրանի ծովից» և արքայական ծիրանուց մինչև մեր դրոշի ծիրանագույնը խորհրդանշական մեծ լիցք ունեն: Ամենահայկական միրգը, դժվարին տարվա խստություններին դիմագրավելով, առատ բերք է տվել Յոթ մուսաների այգում: Եվ ծառերի շուքի տակ հնչեցին Ջիվանու «Ես մի ծառ եմ ծիրանի», Կոմիտասի «Ծիրանի ծառ, բար մի տա» երգերը, այգեհանդեսի ընթացքում պարբերաբար հնչում էին Արևշատ Ավագյանի, մերօրյա այլ բանաստեղծների խոսքերով գրված և ծիրանին ու ծիրանենուն, հայրենի բնությանն ու հայրենիքին ձոնված երգեր՝ երգահաններ Արսեն Համբարյանի, Արթուր Փարսադանյանի, երգչուհի Արմինե Եղիազարյանի կատարմամբ£ Իրենց բանաստեղծությունները կարդացին տոնի մասնակից պոետները:
Յոթ մուսաների այգում Ծիրանատոնը միակ տոնախմբությունը չէ: Մրգերի հասունացման օրերին այստեղ նշվում է նաև թթատոնը, կեռասատոնը, դեղձատոնը, խաղողատոնը, նռնատոնը, ընկույզի տոնը՝ յոթ պտղատոն ձոնված հայկական մրգերին: «Արագածոտն» գրական միավորումը այդ պտղատոների մշտական մասնակիցն ու նախաձեռնողն է: Միավորումը պարբերաբար կազմակերպում է նաև զանգվածային այլ միջոցառումներ՝ գրական երեկոներ, համերգներ, ցուցահանդեսներ, այցելություններ մարզի համայնքներ, պատմական հուշարձաններ: Արևշատ Ավագյանի առաջարկով, մարզի և Աշտարակ քաղաքի ղեկավարության աջակցությամբ, Օշականի ճանապարհին գտնվող Հայ գրերի հուշարձանի մոտ կառուցվելու և ձևավորվելու է տաղավար՝ կից կառույց- ներով և պուրակով, որոնք հարմարեցված կլինեն ուխտագնացությունների, Թարգմանչաց տոնի, գրական-մշակութային այլ միջոցառումների համար: Յոթ մուսաների այգու ճանապարհի սկզբնակետում տեղադրվելու է խաչքար-ուղեցույց, քանդակագործական այլ աշխատանքներ զարդարելու են հուշարձանի շրջակայքն ու այգին:
Արագածոտնյան պտղատոներն արդեն հարուստ պատմություն ունեն: Աշտարակում Արևշատ Ավագյանին և «Արագածոտն» գրական միավորմանը հյուրընկալվել են բազմաթիվ հայ ու այլազգի գրական ու մշակութային գործիչներ, նշանավոր գրողներ, նկարիչներ, գիտնականներ, քաղաքական այրեր: Ծիրանատոնն արդեն դուրս է գալիս մարզի սահմաններից, և վստահություն կա, որ այն առաջիկա տարիներին կստանա ավելի մեծ, համազգային հնչեղություն ու կնշվի որպես գրական- մշակութային ընդգրկուն ու բազմաբովանդակ տոն:

Արտավազդ ՆԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։