Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիտվայի Հանրապետության Նախագահ Ն.Գ. պարոն Գիտանաս Նաուսեդան հայ-լիտվական գրական-մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանին հանձնեց «Լիտվային մատուցած ծառայությունների համար Ասպետի Խաչ» շքանշանը: (Ֆելիքս Բախչինյանի շնորհակալական խոսքը)
Ն.Գ. մեծարգո՛ պարոն Նախագահ,
Նախ ողջունում եմ Ձեզ իմ հայրենիքում, այնուհետև հայտնում իմ խորին շնորհակալությունը՝ համեստ աշխատանքս բարձր գնահատելու համար:
Ձեր երկիրը ինձ համար երկրորդ հայրենիք է: Ինձ բախտ է վիճակվել 1978-80 թթ. Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել հայ-լիտվական գրական-մշակութային կապերը (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Յուոզաս Գիրձիյաուսկաս):
Լիտվայում ինձ հաճելիորեն գրավեց մարդկային մի գեղեցիկ առաքինություն՝ ազատախոհությունը: Թվում է, թե նույն խորհրդային բարքերն էին, գաղափարական նույն մամլիչը, բայց զարմանալի բան. ես տեսա կաշկանդումների շրջանակի մեջ անկաշկանդ ապրող ու մտածող մարդկանց, ես տեսա նրանց սքանչելի արհամարհանքն այդ կաշկանդումների հանդեպ, նրանց ներքին ազատությունը, որ այնքան գեղեցիկ էր, այնքան կախարդիչ ու այնքան վտանգավոր: Մի՞թե հնարավոր է այսպես ապրել, իսկապե՞ս միֆ չէ իմ ժողովրդի մեծագույն պոետ Վահան Տերյանի բանաստեղծական տողը՝ «Մենք ոչ թե ստրուկ ենք, այլ գերված արծիվ»: Ես տեսա գերված արծիվների ճախրը Նյամունասի բարձունքն ի վեր ու համոզվեցի, որ անգամ ստրուկի մեջ կարող է գոյություն չունենալ ստրուկը:
Ես շատ բաների համար եմ երախտապարտ Լիտվային, բայց կարևորը երկրորդականից զատելու համար կասեմ երկու բան: Առաջինը՝ ես Լիտվայում ավելի լավ ճանաչեցի իմ հայրենիքը: Հայտնի ճշմարտություն է, որ սարի վրա ապրելով դու չես կարող տեսնել սարի մեծությունը, պիտի բավականին մեծ տարածություն հեռանաս, նրա մեծությունն ու վեհությունը զգալու համար: Ես Լիտվայում զգացի ու շռայլորեն վայելեցի իմ հայրենիքի մեծությունն ու վեհությունը, ու տեսա այն Լիտվայի մեծագույն զավակների սիրո, գնահատանքի խոսքերի, աչքերի ու սրտի մեջ: Այնքան գեղեցիկ էր իմ այդ հայրենիքը՝ դրսից, այնքան իմաստավորված՝ զուրկ պարզունակ սենտիմենտալությունից, որով հաճախ պարուրված է հայրենիքի պատկերացումն առհասարակ: Օտարների իմացության գեղադիտակից ավելի պարզ ու տեսանելի է ամեն ինչ՝ և՛ լավը, և՛ վատը: Մեր մասին ես շատ բան իմացա Լիտվայում, և ճիշտ հակառակը, Լիտվան լիտվացիներին ներկայացրի դրսեցու անխաբ հայացքով:
Երկրորդը՝ «Ով չգիտի օտար լեզուներ, նա պատկերացում չունի սեփական լեզվի մասին»,- ասում է գերմանացի հանճարեղ պոետ Գյոթեն: Ես մինչ Լիտվա մեկնելն էլ պաշտում էի իմ մայրենի լեզուն, բայց միայն լիտվերեն սովորելով ես ամբողջական պատկերացում կազմեցի հայոց լեզվի մասին, որը Բայրոնն անվանում է Աստծո հետ խոսելու լեզու: Արժևորելով լիտվերենի նրբագեղությունն ու ճկունությունը, նրա մեջ, ինչպես վճիտ հայելու, ես տեսա ու խորությամբ պատկերացրի իմ մայրենիի ողջ շքեղությունը: Լիտվերենը դարձավ իմ երկրորդ մայրենի լեզուն, թեև այն ժամանակ դա միայն ռուսերենին պիտի վերապահված լիներ: Ես սովորեցի լիտվերեն ոչ միայն այն հասկանալու, այլև ավելի շատ զգալու համար: Լիտվերենը սրտի լեզու է:
Ամեն անգամ, երբ խոսք է բացվում Լիտվայի մասին, հարազատության, մտերմության տաք զգացում է պարուրում ինձ: Հայ և լիտվացի ժողովուրդների պատմական, մշակութային կապերի խորքը տանող բազմաթիվ փաստեր, իրողություններ են հայտնի, դեռ շատերն էլ ապագայում պիտի բացահայտվեն: Բայց եղանակից, պատմությունից, մշակույթից, ամեն ինչից առավել Լիտվան ինձ համար թանկ է մարդկանցով: Մարդիկ, ովքեր կերտել են Լիտվայի պատմությունը, մշակույթը, անգամ ներքին եղանակը:
Լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի գրականության, կենսափիլիսոփայության պրիզմայով է անցնում ոչ միայն լիտվացի ժողովրդի, այլև ամբողջ մարդկության կենսափիլիսոփայությունը: Եթե ես ուրիշ ոչ մի բանի մասին չխոսեմ, ապա միայն այն, որ ինձ բախտ է վիճակվել լինել այդ մեծ լիտվացու, մարդասերի, գրողի, մտավորականի, աշխարհաքաղաքացու դարակազմիկ գրական դպրոցի աշակերտը, բավական է հասկանալու, թե ես ինչ եմ ապրել Լիտվայում: Եվ Լիտվան ինձ համար թանկ ու անփոխարինելի է հենց այդ գրական-գեղագիտական դպրոցով ու իր անվանի ուսուցչապետով, ով իր մարդասիրությամբ մեծացրեց մարդ արարածի հոգեմտավոր աշխարհի հորիզոնի չափերը՝ այն հասցնելով տիեզերքի չափերին: Ես ականատեսն էի հանճարեղ մարդու բարձրությունից մարդ արարածի հանճարեղության փառաբանության ծեսին: Դա նման էր պայծառակերպության:
Հայ-լիտվական գրական-մշակութային կապերի բացահայտման ու ամրապնդման հարցում ես փորձեցի ունենալ իմ համեստ ներդրումը: Այդ աշխատանքն ինձ ավելի կապեց հյուսիսային այդ փոքրիկ երկրի ժողովրդի ու մշակույթի հետ: Որպես գրականության բնագավառի մարդ՝ ինձ մագնիսի պես կլանեց լիտվական գրականությունը: Իմ իրական ու անիրական երազանքներին ավելացավ ևս մեկը՝ հայերեն թարգմանել լիտվացի դասական և ժամանակակից գրողների գործերը: Դա մինչ այդ չտրորված արահետ էր, որով առաջինը քայլեցին այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Գուրգեն Մահարին, Պարույր Սևակը, Վահագն Դավթյանը, Վահագն Գրիգորյանը… Այդ արահետը չէր կարելի պղծել: Եվ ես՝ դեռ բոլորովին երիտասարդ, իմ մեջ կամք ու համարձակություն գտա ձեռքս առնել այնպիսի գրողների գործեր, ինչպիսիք են Քրիստիյոնաս Դոնելայտիսը, Անթանաս Բարանաուսկասը, Մայրոնիսը, Յոնաս Բիլյունասը, Վիտաուտաս Լանդսբերգիսը….
Այդ տարիների ընթացքում իմ կյանքի ամենահիշարժան իրադարձությունները հայ և լիտվացի գրողների, արվեստագետների, մտավորականների փոխադարձ այցելությունների կազմակերպումն էր Հայաստան և Լիտվա: Ամեն օրը հագեցած էր նոր նախաձեռնությամբ, հանդիպումներով, ծրագրերի մտահղացումներով:
Այսօրվա այս բարձր մակարդակի հանդիսությունը նույնպես հայ-լիտվական մշակութային, բարեկամական վաղեմի կապերի վառ վկայությունն է: