Օլգա ԴԱՐՅԱՆ / ԱՆԱՆՈՒՆ ԾԱՂԻԿՆԵՐ

Շուկայում գնումներ անելուց հետո, մետրոյի կայարաններից մեկով անցնելիս, իրեն կորցրած, կիսախելագար մի կնոջ տեսա՝ մրոտ դեմքով ու նույնքան մրոտ, լայն ու լմփոշ հագուստով, որ հավանաբար ինչ-որ մեկի տվածն էր, կամ աղբարկղից իրեն բաժին հասածը… Բավականին երիտասարդ էր՝ գեղեցիկ, բայց մշուշված աչքերով: Չնայած խղճուկ տեսքին, նա՝ կնոջը հատուկ մի ձգտումով, գեղեցկանալու փորձ էր արել և կապտավուն շուրթերին շատ անփութորեն վառ կարմիր շրթներկ էր քսել ու նմանվել էր… տխուր ծաղրածուի: Չգիտես ինչու, այս դժբախտի նմաններին տեսնելիս, կոկորդիս մի գունդ է դեմ առնում՝ կարեկցանքի ու տագնապի սեղմող, խեղդող գունդ: Եվ ամեն անգամ, չնայած որ գիտեմ պատասխանը, ինքս ինձ նույն հարցն եմ տալիս. «Ինչո՞ւ են գժերը շատացել այսքան»… Հայացքս որսալով, կինը փորձում էր ժպտալ: Նա գզգզված մազերին՝ իբր սանրվածքի տեսք տալով, նույնպես մրոտ արհեստական ծաղիկ էր կպցրել և գլխի մի յուրօրինակ, անբնական շարժումով ուզում էր այն ցուցադրել: Ծաղիկների հանդեպ իր ունեցած սիրո ապացույցն էլ եղավ այն, որ ժամանակ առ ժամանակ մոտենում էր անցումում կանգնած ծաղկավաճառին և դեմքի մի անսովոր արտահայտությամբ, ծամածռվելով, արագ-արագ ասում.
– Մի հատ ծաղիկ կտա՞ս, մի հատ ծաղիկ կտա՞ս, ի՞նչ կլինի…
Ծաղկավաճառ երիտասարդը կոպտում և քշում էր, իսկ նա՝ դեռ չհեռացած, նորից վերադառնում էր նույն խնդրանքով: Բայց երիտասարդն անսասան էր:
Ակամա ուշադրություն դարձրի, որ ծաղկավաճառի մոտ, բացի թարմ ու թանկ ծաղիկներից, կիսաթառամած ծաղիկներով մի դույլ ևս կա, և ինձ իրավունք վերապահեցի առաջարկել նրան, որպեսզի կնոջը գոնե այդ ծաղիկներից տա, բայց երիտասարդը չլսելու տվեց: Նեղված ու վրդովված հեռացա: Հեռանում էի և ափսոսում, թե ինչու շուկայում ծախսեցի մոտս եղած ողջ գումարը, որ չկարողացա այդ աղջկան գոնե մեկ ծաղիկ նվիրել… Հաճախ նայում եմ շուրջս, հայացքով փնտրում նրան, բայց, ավա՛ղ, չեմ հանդիպում…
Մտածում եմ՝ տեսնես այն ծաղկավաճառն ի՞նչ արեց նեխած ջրով ծաղիկները, ի՞նչ սրտով այդ օրը գլուխը դրեց բարձին և հիշե՞ց արդյոք այն երիտասարդ կնոջը, որն այնպե՛ս ծաղիկներ էր սիրում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։