«Խելոքի», նրա նախկին նշանածի ու Լաջվարդ Շապիկի միակ ընդհանրությունն ընչազուրկ մանկությունն էր, որ առաջինին բորբոքել էր շարունակ կուտակելու տենչով, իսկ Լաջվարդ Շապիկին՝ Մեծ հաջողությունների հասնելու ձգտմամբ: Իսկ կյանքի շռայլությունները մանկությունից շռայլորեն տեսած Հայրենասերն ու Կյանքը հասկացողը մեր ժամանակների համար խիստ եզակի իրենց կենսափիլիսոփայությունն ունեն և նյութականը սոսկ գաղափարն իրագործելու միջոց են համարում՝ շռայլորեն ծախսելու ակամա դասեր տալով կուտակելը կյանքի իմաստ դարձրած միջավայրի մարդկանց: Նրանք բոլորն իրար ճանաչում են կամ ճանաչելու չափ լսել են միմյանց մասին:
– Պաշտոն, իշխանություն, փող, հարստություն… ամեն ինչ կարելի է ունենալ ու կորցնել: Հայրենիքը մեկն է: Աչքի լույսի պես է պետք պահել,- ասաց Հայրենասերն ու առաջիններից մեկը կամավորագրվեց սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմին մասնակցելու համար: Երբ Հայրենիքը վտանգի մեջ է, Հայրենասերը տաքուկ տանը, ջերմ աշխատասենյակի փափուկ աթոռին նստել չի կարող: Նրանը «Անգամ փոքր օգնությունը տված հազար խորհրդից լավ է» հոր պատգամին հավատարիմ գործելն է:
Ո՛ւր է թե վտանգի մեջ գտնվող Հայրենիքի կանչին բոլորը Հայրենասերի պես կազմ-պատրաստ արձագանքեին: Թե չէ «կենցաղսպասարկման մասնագետ» «Խելոքը» ռազմաճակատ մեկնելու՝ հրամայական լինելու մասին լսելով՝ ասաց.
– Իմ ծառայելունը ծառայել եմ 2012-2014-ին՝ հենց Ղարաբաղում՝ որպես ժամկետային պարտադիր զինծառայող, հրետանավոր:
Ձև ունենար «Խելոքն» էն ժամանակ էլ «պարտադիր»-ից թռած կլիներ, ոնց որ հիմա էր հեռախոսի զանգերին վախը սրտում պատասխանում՝ հանկարծ զինկոմիսարիատից չլինի՝ կանչեն Հայրենիքի կանչով…
– Զինվորը Հայրենիքի որդին է, գնա՛ կռվի, ո՞ւմից ես լավը, արյունդ ո՞ւմ արյունից է կարմիր,- ասացի, երբ «Խելոքը» հերթական անգամ փորձում էր Հայրենիքի պաշտպանությանն իր մասնակցության կարևորությունը սակարկել: Ու ավելացրի Հայրենասերից լսածս ձևակերպումը՝ «Զինվորի մահով մեռնելը մահերից լավագույնն է, երանելին»: Այնքան հստակ, առարկություն չհանդուրժող տոնով էր ասել, ես էլ այդ պահին այնքան սահուն ու ոգևորված արտաբերեցի, ասես ոչ թե մահվան, այլ արևշատ կյանքի մասին էի խոսում: Երանելին կամ երջանիկը չգիտեմ, բայց լավագույն մահը, կարծում եմ, ծերունազարդ տարիքում քնի մեջ հավերժություն փոխադրվելը պետք է որ լինի: Բայց մեր սերունդներին այս էլ քանի դար ու հազարամյակ չի վիճակվում «մեծնալ» և թոռ ու ծոռների հաղթ ուսերին անցնել դեպի երկնային հավերժություն տանող ծիրի երկրային վերջին ճանապարհը: Պատերազմները իր տան տեղը մոռացած հյուրի պես բնավորվել են մեր տանը: Հայոց որդիների զինվոր դառնալու օրն ու ժամը ամեն անգամ իր հետ մի նոր պատերազմ է բերում, ու թե մի հրաշքով ժամկետայինի կարգավիճակում մահդ քեզ չի գտնում, անհոգ մնա, դու մահդ հաստատ կգտնես. մինչև 45-55 տարեկանդ Հայրենիքիդ զինվորն ես, չէ՞. ի՞նչ տարբերություն որպես ժամկետային, պայմանագրայի՞ն, թե՞ կամավոր մեռնես Հայրենիքի համար: 30 տարվա մեջ երեք-չորս պատերազմ է լինում, սրացում-բախումների անհաշվելի դեպքեր սահմանին, մեկում հաստատ դու ու մահդ կհանդիպեք դեմ առ դեմ:
– Ես… ես ինձ համար չեմ վախենում… բա մերոնց ցավը, բա որ նշանածիս աչքը սպիտակ հարսնազգեստին մնա…- ջղաձգումից կմկմացնելով մի կերպ արտաբերեց «Խելոքը» ու երկու անգամ կամավորագրվածի՝ իմ հերթին սպասողի վճռականությունս տեսնելով՝ զգաց՝ հասկանում եմ, որ տնեցիներին չվշտացնելու, հարսնացուին սպիտակ հարսնազգեստի կարոտ չթողնելու մտայնության տակ իրականում թաքցնում է իր չնչին կյանքը կորցնելու վախը:
– Ինձ էլ կարող ա պատերազմ տանեն,- մի օր մտահոգ ասել էր աներոջը:
– Մեր գյուղի տղերքին էլ են տարել,- զգալով չնչին կյանքի համար դողացող փեսայի ահռելի վախը՝ անտարբեր արձագանքել էր աները:
Գյուղի տղերքի հետ իրեն նույնացնելը շատ ծանր նստեց սրտին, ու այլ առիթներով արված մի քանի տեղին դիտողությունների հետ պատճառ դարձավ, որ հեռու մնա պատերազմից նախկին աներորդու ողջ-առողջ վերադառնալու առթիվ նախկին աներոջ օջախում աչքալուսանքի բաժակ բարձրացնելու մտքից: Իրականում նրա ապրել-չապրելը հարսնացուին քիչ էր հետաքրքրում (էդ մասին ամենավերջինն ինքն էր իմանալու ու հուսահատ հառաչելու էր՝ «Երանի պատերազմ գնացած ու մեռած լինեի»), տնեցիներն էլ առանձնապես հետաքրքրված չէին իրենով: Իբր նշանածի կողքին լինելու պատրվակով 44-օրյա պատերազմին չմասնակցեց ու էդ ընթացքում հարսնացուին տեսնելու համար գոնե երկու անգամ 150 կիլոմետր չգնաց:
– Եթե աշխատածդ ժլատաբար չծախսեիր, ընկերուհուդ համար չափսոսայիր, մի երկու անգամ եթե գնայիր-գայիր, գուցե չկորցնեիր: Ժլատությամբ ընտանիքի ամրություն չես պահի ու չպահեցիր… 250 կմ իր համար մի երկու անգամ գալ-գնալով նորահայտ ծանոթը՝ Բակունցի Սոնային հիշեցնող մերօրյա Լաջվարդ Շապիկի սիրտը հալեց-տարավ,- «Խելոքին» խրատեց Կյանքը հասկացողը:
– Պատերազմին էլ մասնակցեի, հերոս էլ դառնայի, եթե աղջկա ընտանիքի անդամների «մեծ նպատակների» իրականացման համար փեսացուի գրպանի ճոխ պարունակությունն է գլխավոր երաշխավորը, ամեն ինչ կանեն՝ սրտի ձայնին հետևող աղջկան իրենց «մեծ նպատակներին» հասնելու ճանապարհով ուղղորդելու համար…- ցանկանալով արդարանալ՝ արձագանքեց «Խելոքը»:
– Ինչպես Լաջվարդ Շապիկին չթողեցին ընտրություն անել պատերազմով անցած Հայրենիքի երկու պաշտպանների միջև: Եվ չմտահոգվեցին, որ չթողնելով՝ նրան ի վերջո դրդում են՝ հաջորդ եկողի հետ ճանապարհ ընկնել առանց հաջողելու գեթ մի երաշխիքի,- մտաբերեց Կյանքը հասկացողն ու բարձրաձայն շարունակեց:- Եթե կինը ինքն իրեն համոզեց, թե ուրիշի տղամարդն ավելի ուշադիր կլինի, ավելի շատ կսիրի-կգուրգուրի, առոք-փառոք կպահի՝ կինը կգնա։ Չհամոզված գնացողներ էլ են լինում… Ինչպես Լաջվարդ Շապիկը գնաց…
«Կենցաղ-սպասարկում» հիշեցնող իր մանր գործերը գերկարևորող ամուսին չդարձած «Խելոքը» իրեն հետ տրված նշանադրության մատանու հետ էր հասկանալու, որ կնոջ համար փողից թանկ միայն փող աշխատող տղամարդը կարող է լինել: Եթե կնոջ աչքը մնաց ուրիշի կնոջ արդուզարդին, հարմար պահին աչքը կտնկի ուրիշի տղամարդուն: Ինչպես որ հարմար պահի սպասեց ու ամենաանհարմար պահին գնաց կողակցի իրական պահանջմունքները չտեսնելու տվող «Խելոքի»՝ համարյա կինը դարձած նշանածը: Հեռացավ՝ հավելյալ ուշադրություն-քնքշանք, առոք-փառոք կյանք խոստացող հարուստի կարոտ քաշելով…
– Վաստակածդ ընտանիքիդ, ընկեր-ընկերուհիներիդ համար, գաղափարն իրականացնելու վրա ծախսելն ավելի կարևոր է, քան կուտակելը: Թեև «գաղափարը պաշտպանելու» համար զինավորվածին էլ փողը գաղափարախոսություն դարձրածները չխնայեցին ու չներեցին՝ հաստատելով, որ «փողից թանկը փող աշխատողն է» մտածելակեպը միայն կանացի չէ,- ժամանակ առ ժամանակ գանգատվող «Խելոքին» խրատում էր Կյանքը հասկացողը:
Կյանքը «Խելոքի» կողքով էր անցել՝ հետը տանելով կարևորը երկրորդականից տարբերելու ունակությունը: Հեռացած սիրելիի և իր միջև անդունդը օրեցօր էր խորացել, և սխալներն ինքնախոստովանելու քաջությունն ուշացած էր։ Ականջին շշուկներ են հասնում, որ նախկին նշանածը լավ է զգում, ուրախ է, իրեն էլ «սխալմունք» է համարում… նոր ընկեր է ճարել, որ «չար լեզուներն» ասում են՝ իբր նշանված ժամանակ էլ եղել է՝ դառնալով իրեն լքելու վճռականություն տվողը: Բայց աննախանձելի համառությամբ հավատում է «Նախկինի» վերադարձին ու ինքն իրեն համոզել է, թե պատրաստ է ներել ընդհուպ ամեն ինչ… միայն վերադառնա… «Մի հրաշք լինի ու վերադառնա»,- մղկտում է և բարձրաձայն, ասես ինքն իրեն խոստովանել-խոստանալով՝ ասում. «Սխալներս հասկացել եմ, երբ վերադառնա, ամբողջությամբ իրեն եմ նվիրվելու. սիրո, հոգատարության, ուշադրության պակաս էլ չի ունենա, հոգս չի քաշի…»:
Եթե վերադառնա…
Ընչազուրկ մանկությունը մինչև ոսկորները զգացած «խելոքները», եթե անգամ օրացույցում ութերորդ աշխատանքային օր ավելացնելով կեցության լավագույն պայմանների հասնեն, ընչաքաղցությունն են իրենց ընչազրկության երկվորյակ եղբայրը դարձնելու: Ու չեն հասկանալու, որ ընչազրկությունից ընչաքաղցություն մի կյանք տևող ընթացք է, որը շրջանցում է թե՛ հեռացած նշանածիդ հետ ընտանիք կազմելու, թե՛ դեպի Սերը դառնալու հույսը: Դանայան տակառ հիշեցնող չփարատվող անգոհությունը այդպիսի սրտերից հեռու է պահում «Տալու Երանությունը»:
…Իր կյանքով ու գործով հաստատելով բարձր գաղափարներից խոսելու իր իրավունքը՝ Հայրենասերը սերունդ է կրթում՝ հավատով, որ կհաջողվի «ժամանակավոր հանգամանքների» միջով անցնելով՝ ողջ կյանքում սկզբունքներիդ չդավաճանել…
Տա՛ Աստված՝ հաջողվի…