Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ / ՄԵԿ ԿՅԱՆՔ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ

Այն օրից, երբ նրանք հասկացան, որ երկուսն էլ դատապարտված են միևնույն կացարանում ապրել, դարձան ակամա թշնամիներ: Այո` թշնամիներ, քանզի նրանցից յուրաքանչյուրն ուներ իր ապրելու կերպը, բնույթն ու էությունը: Յուրաքանչյուրն առաջնայինը համարում էր հենց իրեն, իր գերազանցությունը մյուսի հանդեպ: Նրանցից յուրաքանչյուրն ապրում էր այնպես, ինչպես իրեն ձեռնտու էր, ինչպես իրեն հաճելի էր և բոլորովին հաշվի չէր առնում մյուսի կարծիքն ու անհանգստությունը: Յուրաքանչյուրն ուներ իր հետաքրքրությունները, իր բարդ կամ ոչ սովորական առօրյան, իր հոգսերն ու մանրումեծ անհանգստությունները: Երկուսն էլ կիրառում էին իրենց բնորոշ հատուկ միջոցներ` բավարարելու սեփական կարիքները, փարատելու ծայր առած անհանգստությունները: Որպես նույն բնակարանի բնակիչներ, նրանք երբեմն ստիպված էին միասին հաղթահարել որոշ դժվարություններ, սակայն նրանց կողմից կիրառվող միջոցները երբեք էլ միաբնույթ ու նույնական չէին լինում: Նրանցից Առաջինը, երբ կենսական անհրաժեշտ էներգիայից զրկված էր` սոված, ասես գիշատիչ գազանի էր նմանվում: Վերահաս սովը կարող էր նույնիսկ նրա գլխում տակնուվրա անել, խառնել ամեն ինչ, անգամ խորացնել ատելությունը Երկրորդի հանդեպ: Երբ աչքերի առաջ պատկերանում էին համեղ ու ցանկալի պատառներ կամ զգայարանները հանկարծ որսում էին կերակուրի ցանկալի բույրը, Առաջինը բերկրանում էր, հրճվում հաճույքից ու մղվում դեպի ցանկալի «թիրախը»: Ոտքերն իրեն-իրեն շարժվում էին, տանում դեպի ցանկալին… Սովն Առաջինին կարող էր ծայր աստիճան հյուծել, թուլացնել իսպառ, զրկել խոսելու կարողությունից: Այդ պահերին նա կարող էր նույնիսկ կորցնել գիտակցությունն ու վերջնականապես տրվել իր ներսում գլուխ բարձրացրած գիշատչին: Կերակուր ճաշակելու մոտալուտ հաճույքից նրա բերանի ջրերը գնում էին, աչքերն արցունքոտվում… Մարսողական ողջ գործարանը սկսում էր ինտենսիվ նախապատրաստվել խրախճանքին: Մարմնի ներսից եկող զանազան գռմռոցների ու աղմուկի ուղեկցությամբ ստամոքսն անցնում էր բուռն ու շարանցիկ նյութափոխանակության ռեժիմի: Պահերով անգամ ուղեղն էր մթագնում և խավարում լողում էին միայն ցանկալի կերակրի պատառիկ-ուրվապատկերները: Արյունն արագ լցվում էր նույն հունն ու գլխից գահավիժում ուղիղ դեպի ստամոքս: Հատկապես սննդի ընդունման տևական դադարներից հետո` Առաջինը կերակուրների առաջ պարզապես ստրուկի պես խոնարհվում էր, ձեռքերն սկսում էին դողալ ու բոլորի աչքի առաջ հալումաշ էր լինում: Այդ ժամանակ նա ամեն ինչի ընդունակ էր ու պատրաստ: Պատրաստ էր հաճոյանալ, խորամանկել, խաբել, գնալ քսության, անգամ ուրիշի բերանից պատառ խլել… Կերակուրների զգլխիչ բույրերից, ըմպելիքների գունեղ ցոլքերից, ոգելից խմիչքների պարգևած հաճելի թմբիրից նա պարզապես կորցնում էր ինքնատիրապետումը… Մի բան էլ կար, որ Առաջինը ոչ միայն անհանգստանում, այլ նաև տարօրինակ ձևով նվաղում էր… Դա` իր կենսունակությունը խթանող, հակառակ սեռի ներկայությունն էր, մերձեցումը… Այս ամենից զատ, նա, ավաղ, հաճախ մոռանում էր իր կողքին ապրող Երկրորդի գոյության մասին: Ցանկությունները բավարարելուց հետո էր միայն, որ երբեմն-երբեմն հիշում էր Երկրորդին: Այդ ժամանակ էլ քմծիծաղում էր ու ձեռքը բազմանշանակ թափ տալիս: Մի խոսքով, Առաջինի հիմնական մտահոգությունը սնունդ հայթայթելն էր և կենսական պահանջների բավարարումը…
Այն, ինչ կարևորված էր Առաջինի համար, Երկրորդի համար բնավ նշանակություն չուներ: Թե՛ սովորական, թե՛ հատուկ սնունդը նրա համար միևնույն էին: Առաջինի` մոլագարի պես սննդին ու կենսական հարցերին տրվելը պարզապես անհարիր էր նրա էությանը: Նա կարող էր օրեր շարունակ չհիշել սննդի մասին: Երկրորդը մի տեսակ եթերային գոյություն էր` վերացական մտահայեցությամբ: Նա մի անհասկանալի ու անըմբռնելի երևույթ էր: Նա Առաջինի պահվածքը հիվանդագին մոլորություն էր համարում, չպատճառաբանված բռնություն` իրենց ընդհանուր ունեցվածք-կացարանի հանդեպ: Նրա հրապուրանքն ու ներշնչանքի աղբյուրը բնությունն էր, դրա գեղեցկությունը, նաև` տիեզերքի անսահմանությունն ու անվերծանելի գաղտնիքը: Նա այդ ամենից սպունգի պես կլանում էր անսպառ էներգիա, վայելում իրեն բաժին հասած կենարար լիցքերի հոսքը: Երկրորդը ինքնամփոփ էր ու հիմնականում` մենակյաց: Հաճախ սիրում էր կտրվել աշխարհից ու ներանձնանալ: Տիեզերքից ու աշխարհից ստացած տարանուն լիցքերից, պատկերներից ու հնչյուններից ստացած տպավորություններով նա սիրում էր խոհեր հյուսել, երփներանգ տեսարաններ պատկերել ու մեղեդիներ մրմնջալ: Մենության մեջ Երկրորդը ինչեր ասես, որ չէր մտմտում, հորինում: Սակայն երբեմն նրա տևական չարչարանքը կա՛մ իր ձեռքով կրակի բաժին էր դառնում, կա՛մ ցասումով ավերվում… Երբեմն Առաջինը կարողանում էր Երկրորդից խլել նրա հորինվածքներն ու թաքցնել հեռու մի անկյունում: Իր շուրջը սփռված ամեն ինչ` պարտեզներ, այգիներ, ծովեր ու լճեր, հորդահոս գետեր, Երկրորդին նորանոր ու անկրկնելի ապրումներ էին պարգևում, մղում նորանոր հորինվածքների… Նա բառերի մեջ փնտրում-գտնում էր աննման հնչեղություն ունեցողները կամ եղած բառերից ստեղծում նորերն ու դրանցով դյութական երգեր մոգոնում: Ի տարբերություն Առաջինի, Երկրորդի համար կատարյալ և գործածական հիմնական գործիքները ոչ թե բերանն ու ստամոքսն էին, այլ` ուղեղը, աչքերն ու… սիրտը: Երբ աշխարհը նրան նոր ձև ու բովանդակություն էր պարգևում կամ տիեզերքից լսելի էին լինում քաղցրահնչուն ձայներ, նա կորցնում էր ինքնատիրապետումը, հմայվում ու փորձում էր վերարտադրել այդ հմայքը, փորձում էր արձագանքել, դրոշմել կամ կոթողել իր տպավորությունները…
Արևը, արևածագն ու մայրամուտը, շողացող աստղերը անասելի բերկրանք էին պատճառում Երկրորդին ու նրան մղում զգացմունքների հրավառության: Էքստազի այդ պահերին նա` Երկրորդը, խոր հոգոց էր արձակում, ինքն իրենից վեր բարձրանում, հասնում ժայռերի ձյունապատ գագաթներին, հետո ավելի վեր` մինչև Արեգակ ու երկնի աստղեր… Ծովի մոտ նա իրեն ձուկ էր զգում, կապույտ երկնքին նայելիս` հազարաթև թռչուն… Նա վերարտադրում էր քամու սուլոցն ու հողմի պես շառաչում դաշտերում, ճախրում էր ամենուր, աշնան տերևների հետ ընկնում գետին և Առաջինից խռոված` արցունք թափում անձրևի կաթիլների հետ…
Եվ եղավ այնպես, որ ժամանակի ընթացքում Առաջինը կորցրեց իր զորությունն ու զվարթությունը: Օր-օրի նա սկսեց հյուծվել ու տկարանալ… Երկրորդը դեռևս զարմանալիորեն կենսախինդ էր, թեթևասահ ու կյանքով լեցուն: Միայն կյանքի երփնավառ երանգներն էին փոքր-ինչ խունացել նրա աչքին, նախկին հնչեղ երգերը դարձել էին տխրամած ու մելամաղձոտ: Չգիտես ինչու, ողջ կյանքում մեկը մյուսին չհանդուրժող այս երկուսն այդժամ հոգեհարազատ էին դարձել միմյանց: Առաջինն` ինչպես երբեք, շարունակ Երկրորդի կողքին էր, Երկրորդը` նրա… մեջ: Առաջինն անտարբեր էր նույնիսկ նախընտրելի լավագույն ուտեստների հանդեպ և չէր էլ մտահոգվում դրանց բացակայությամբ: Մի տեսակ զղջում էր` Երկրորդի հետ ուշացումով մտերմանալու համար, ափսոսում… Ինքն էլ արդեն անտարբեր չէր ո’չ աշխարհի, ո’չ բնության, ո’չ էլ տիեզերքի հանդեպ: Բնության պատկերներից արտազատվող լիցքերը, հույզերն ու զգացմունքները թեև դեռ խորթ էին Առաջինին, այնուամենայնիվ հաճելիորեն տրամադրող էին ու կենսական: Երկրորդի` մենանալու տենչը, նրա հուսադրող ու խորիմաստ վարքը, անհոգ խոհերն ու երկուստեք անցյալի վերապրումը, բնության ու տիեզերքի ձայներն այժմ հավասարապես ձգում էին Առաջինին: Նրանց արցունքացայտ աչքերի առաջ հաճախ տեսլանում էին միասին, սակայն տարբեր կերպ, ապրած անմոռաց օրերն ու դրանց հետ կապված ողջ հմայքը…
Առաջինի ու Երկրորդի օր-օրի խորացող մտերմությունը և Առաջինի օրավուր ավելացող տկարությունը մի օր ստիպեցին Երկրորդին` հին օրերի պես բարձրանալ վեր, սավառնել կապույտ երկնքում ու հասնել մինչև ամենազոր Արեգակին… Երկրորդը հույս էր փայփայում` իրենց երկուսի համար, հատկապես` Առաջինի, որ կկարողանա Արեգակից մի հուր-կայծոռիկ կորզել…
…Երկար դեգերումներից հետո` Երկրորդն այնուամենայնիվ հասավ իր նպատակին: Արեգակից կորզած հուր-կայծոռիկը վեր պարզած` նա սկսեց վայրէջք կատարել: Ետդարձը` դեպի մերձավորը` դեպի Առաջինն ավելի դժվարին էր: Շուտով արեգական հուրը նրա ձեռքին սկսեց ավելի ուժգին բոցկլտալ: Երկրորդը երկնային ուժգին շփումներից աստիճանաբար սկսեց թուլանալ, դժգունել: Նա դեռևս ճգնում էր հաղթահարել ճանապարհի դժվարությունները, վար սլանալ… Սակայն հանկարծ կորցրեց տունդարձի ճանապարհը, արեգական հուրն սպառվեց, ու նա իր կապտաթույր ցոլքերով մոլորվեց ու խառնվեց իսպառ տիեզերքի անթիվ-անհամար լուսատուներին…
Իսկ վարում` զմրուխտյա բլուրներից մեկի վրա, ուշացած գարնան ծաղիկները Առաջինի համար հրաժեշտի շուրջպար էին բռնել…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։