Շուշիի Նարեկացի արվեստի միության դահլիճում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանի «Արևի բնակավայրը» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր ԱՀ ՄԵ հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Ս. Ղարաբաղցյանի հավաստմամբ` սույն գրքի շնորհանդեսային արարողությունը մեկնարկվել է Լիբանանում: «Զարմանալին այն էր,- իր խոսքում նշեց հեղինակը,- որ լիբանանյան շնորհանդեսին մասնակցեցին նաև հալեպաբնակ ընթերցողները: Այս շնորհանդեսը, որ կայացավ Շուշիում, ինձ համար նույնպես բացառիկ կարևորություն ունի: Ավելին: Ես այն կարծիքն ունեմ, որ Շուշին մեր ուխտատեղին է, հայության Երուսաղեմը»: Գրքի շնորհանդեսն ընթացավ հետաքրքիր և ինքնատիպ սցենարով: ԼՂՀ ՄԵՀ նախարարության աշխատակազմի երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Անի Ղարաբեկյանը ներկայացնելով գրողին և հատվածներ ընթերցելով նրա պատմվածքներից, միջոցառումը շարունակեց` հանպատրաստից հարցազրույց ունենալով Ս. Ղարաբաղցյանի հետ: Մ. Խանդամիրյանի անվան թատրոնի դերասաններ Նվեր Ղարաբեկյանն ու Գայանե Առուշանյանը հուզեցին ներկաներին իրենց ասմունքով: Սփյուռքահայ մտավորական Մովսես Պագեչյանն իր ելույթում նշեց, որ գիրքն իր համար ճանապարհ է, հիշողություն, որ կտանի Ապագային: Նա արտասանեց Սիամանթոյի բանաստեղծություններից: Ցուցադրվեց նաև Սպարտակ Ղարաբաղցյանի «21-րդ դարի վանդալները» ֆիլմի Շուշիի մասին հատվածը: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև գրողի գրչակից ընկերները` Վարդգես Բաղրյանը, Միքայել Հաջյանը և Ռոբերտ Եսայանը:
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՇՈՒՇԻԻ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
