«Ուզում էի ավետարան գրել»
Հրանտ Մաթևոսյան
ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի նախաձեռնությամբ հերթական գրքի հրազդանյան շնորհանդեսը մարզային գրադարանում այս անգամ գրականագիտական ծավալուն ուսումնասիրության առիթով էր, որի հեղինակն էր բան.գիտ. դոկտոր, պրոֆեսոր, 40-ից ավելի աշխատությունների, այդ թվում՝ հայ դասական ու նորօրյա գրականության հիմնախնդիրների ուսումնասիրման, մեր օրերում փնտրվող երախտավոր Վաչագան Ռաֆիկի Գրիգորյանը: Մենագրությունը նվիրված է անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների ինքնատիպ ու յուրօրինակ մեկնությանը, որոնք դիտարկվում են համաշխարհային գրականության աղերսներում, ներկայացվում իրենց բովանդակային ու կառուցվածքային առանձնահատկություններով, փիլիսոփայական ու պատմական նախադրյալներով:
Գրականագետի վաստակի հակիրճ ու համառոտ նկարագիրը բացման խոսքով ներկայացրեց ՀԳՄ Կոտայքի բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Հակոբ Հարությունը` մասնավորապես նշելով, որ գիրքը գրվել է 10 տարվա անխոնջ մշակի աշխատասիրությամբ, գիտնականի փութեռանդով, իսկական լաբորատոր տքնանքով, իմաստասերի անպաճույճ նվիրվածությամբ: Նա նշեց, որ այս գիրքը գրելու համար, հիրավի, անհրաժեշտ էր ունենալ Վաչագան Գրիգորյանի պես չընկրկող համարձակություն, որով և նմանվում է Հրանտ Մաթևոսյանի նկարագրած պարզ ու հասարակ, երբեմն անգամ կյանքի հորձանուտից ասես անդին հայտնված անզուգական հերոսներին:
Ելույթ ունեցան հրապարակախոս Ա. Գուլումյանը, մարզի ճարտարապետ Վ. Թադևոսյանը, Հրազդանի դպրոցների տնօրեններ Հ. Հարությունյանը, Մ. Զաքարյանը, երկրաբան Մ. Զալիբեկյանը, տեղի թատրոնի ռեժիսոր Ա. Սարգսյանը, բանաստեղծներ Կ. Վարդենցը, Ս. Դավթյանը, գրադարանի տնօրեն Ժ. Գևորգյանը և այլք:
Շնորհակալական խոսքում Վաչագան Գրիգորյանը հիշեց Սերգեյ Դովլաթովի խոսքը. «Հրանտ Մաթևոսյանի գրականությունը կարդալուց հետո ես ինձ ավելի հայ եմ զգում, քան հրեա», զուգահեռ ներկայացնելով նրա «ազգային գոյի հիմքերն ու մարդկային բարոյականության չափանիշները «փրկարար մտածողությամբ» Ծմակուտում, այսինքն՝ գյուղաշխարհում որոնող» մաթևոսյանական միտքը. «Ես հույս ունեմ, որ ամեն հայ հասկանում է, որ ինքը ոչինչ է, եթե կամավոր չի պատկանում ազգային ընդհանրությանը»:
Ամփոփելով խոսքը` անվանի գրականագետն ասաց. «Ես ներքին բնազդով զգում եմ, որ անպայման գալու է Մաթևոսյանի ժամանակը, մի ողջ գրադարան է գրվելու` լցվելով նրա մասին գրքերով…»:
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ