Մայիսի 6-ին Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացավ Վրաստանի ԳՄ նախագահ, բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլու ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո, որին հրավիրված էր մասնակցելու ՀԳՄ պատվիրակությունը (նախագահ Էդվարդ Միլիտոնյան, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյան, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյան): Դահլիճում վրաց գրողներ էին, մշակույթի գործիչներ, հանրության տարբեր շերտերի, այլազգի համայնքների ներկայացուցիչներ, Վրաստանում ապրող և ստեղծագործող հայ մտավորականներ, Գոնաշվիլու պոեզիայի բազում երկրպագուներ: Հանդիսությունը բանաստեղծական յուրօրինակ ներկայացման էին վերածել թատրոնի դերասանները և իրենց մասնակցությունը բերած ազգագրական համույթները, բանաստեղծուհու խոսքերով երգերի կատարողները, ասմունքողները:
Երեկոյի ընթացքում ընթերցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքը, որում կարևորվեց վերջին տասնամյակում հայ-վրացական գրական կապերի խորացման գործում Մ. Գոնաշվիլու ներդրած ավանդը:
ՀԳՄ նախագահն իր ելույթում արժևորեց և՛ մարդ, և՛ բանաստեղծ, և՛ մշակութային գործիչ Գոնաշվիլուն, որի ջանքերով Վրաստանում զարգացան հայ-վրացական գրական առնչությունները, ընդգծեց նրա դերը հայ գրականությունից կատարված թարգմանական գործերի հրատարակման և հանրահռչակման ասպարեզում, առանձնացրեց նրա բանաստեղծությունների հայերեն բարձրարվեստ թարգմանությունները:
Էդվարդ Միլիտոնյանը բանաստեղծուհուն նվիրեց հայկական բնաշխարհը պատկերող բնանկար, որը միշտ «հայ հոգու ջերմ ալիքները կհաղորդի նրան», ներկայացրեց ՀԳՄ «Գրական թերթում» հոբելյանի առթիվ նրան նվիրված էջերը: Իր ելութում Գագիկ Դավթյանն ասաց. «Մաղվալա Գոնաշվիլու հետ իմ ստեղծագործական համագործակցության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Հայաստանում հրատարակվել է ժամանակակից վրացական պոեզիայի չորս անթոլոգիա»: Խոստովանելով, որ Գոնաշվիլու պոեզիայով իր հիացմունքի բարձրակետը նրա «Արևի արցունքը» ժողովածուն է, Գ. Դավթյանը կարդաց «Գենացվալե» խորագրով բանաստեղծությունը, որը ջերմորեն ընդունվեց: Նա նշեց, որ տարեսկզբից ի վեր բանաստեղծուհու ստեղծագործությանը պարբերաբար անդրադարձել են Հայաստանի էլեկտրոնային գրական կայքերը, հանրային ռադիոն, ու կատակով ասաց, որ 2019-ը Հայաստանում հայտարարված է Գոնաշվիլու տարի, ապա հղում կատարելով Միլիտոնյանի խոստմանը՝ հավելեց, որ աշնանը բանաստեղծուհու հոբելյանը կնշվի նաև Հայաստանում:
Սեփ. լրտ.