Արդեն չորս տասնամյակ անձնվեր հոր՝ Մովսես Շարբաթյանի գործը շարունակում էր որդին՝ ճանաչված խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը:
1974 թվականին հիմնել է «Նավասարդ» երիտասարդական երգչախումբը, որն արդեն չորս տասնամյակ էջմիածնի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ունի: Երգչախումբը համերգներով հանդես է եկել հանրապետությունում և արտասահմանում, մասնակցել բազմաթիվ մրցույթների ու փառատոների: Ռուսաստանում, Լիտվայում, Գերմանիայում, Կանադայում կայացած համերգները երգչախմբի տարեգրության հիշարժան էջերից են: Իսկ 1990-ին Սեծ Բրիտանիայի Քլիվլենդյան միջազգային փառատոնում երգչախումբն արժանացել է դափնեկրի կոչման:
Ռուբեն Շարբաթյանը 1990 թվականից դասախոսում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1995-ից Մայր Տաճարի երգչախմբի գլխավոր դիրիժորն էր: 2002 թվականից նաև Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենն էր: 2007-ի հուլիսի 22-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով, Ռ. Շարբաթյանն արժանացել է «Օրհնության գրի», իսկ մեկ տարի անց, ՀՀ նախագահի հրամանագրով, նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Արևմտահայի տառապանքով ապրած, Մայր Հայրենիքում ապաստան գտած, օջախ հիմնած, հարազատ ժողովրդի պատմությանը և ավանդույթներին քաջատեղյակ ծնողների և ուսուցիչների հետ շփվելով և սովորելով նրանցից՝ Ռուբեն Շարբաթյանը կարողացավ ասել իր սեփական խոսքը՝ երաժշտության անմահ ու հավերժական գլուխգործոցներին իր մատների նուրբ հպումով հաղորդելով անհատական ներըմբռնումի, իր զգայուն հոգու ու իմաստուն մտքի մշտավառ կանթեղի լույսն ու ջերմությունը: Ինչ աշխատանք էլ կատարել է Ռ. Շարբաթյանը, միևնույն է, նրա կյանքի գլխավոր գործը երաժշտությունն է, որովհետև նա լավ գիտե, որ այդտեղ կատարելության հասնելու ճանապարհն անվերջանալի էր, ցանկացած նվաճած բարձրություն ընդամենը սկիզբ էր նոր վերելքի: Եվ այդ ինքնամոռաց խիզախությունը, այդ տառապանքը սքանչելի, վեհ ու առինքնող զգացում էր, դա անանձնական երջանկություն էր, գոյության ամենաբնական վիճակն արվեստագետի համար:
Ազգային երաժշտության ակունքների մեջ ներթափանցելու, ազգայինն ու հոգևորն այդպես անսխալ զգալու ունակություն ու շնորհ քչերին է տրված: Այդ քչերից մեկն էլ Ռուբեն Շարբաթյանն էր, էջմիածին քաղաքի մշակութային կյանքի ամենավառ անհատականությունը: