ՀՈԳԵՎՈՐ ՀԶՈՐ ԼԻՑՔ ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՆԿԱՐԱՇԱՐՈՒՄ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Ովքեր շրջել են աշխարհի տարբեր երկրներում ու գիտակ հայացքով դիտել այլ ժողովուրդների մշակութային արժեքները, հիացել դրանցով, միաժամանակ հասկացել են, թե որքան գեղեցիկ ու անկրկնելի են հայկական վանքերն ու եկեղեցիները, որոնք օտար քոչվոր նվաճողների հարձակումներից ու ամայացումից փրկված, մնացել են կանգուն` վկայելով հայ ժողովրդի քաղաքակիրթ լինելն ու աստվածային պատվիրաններին ապավինելը:
Հայկական եկեղեցաշինությունը միջազգային արժևորում է ստացել վաղուց: 1899-ին Օգյուստ Շուազին իր «Ճարտարապետության պատմություն» հետազոտության մեջ մասնագետների ուշադրությունը հրավիրում է հայկական ճարտարապետության ազդեցության փաստին Բալկանների` հատկապես Սերբիայի եկեղեցաշինության վրա: Նույն նկատումն ավելի ուշ ունի նշանավոր բյուզանդագետ Շարլ Դիլը: Իսկ Ստրժիգովսկին ասում է, թե հունական հանճարը Սուրբ Սոֆիայի և իտալական հանճարը Սուրբ Պետրոսի տաճարներում լիովին իրականացրին այն, ինչ սկզբնավորել էին հայերը:
Ապրիլի 14-ին Հայաստանի նկարիչների տանը բացված Լեմս Ներսիսյանի ցուցահանդեսը խոսուն ձևով վկայում է, թե որքան իրավացի են օտարազգի գիտնականները, երբ հայկական եկեղեցաշինությունը դիտարկում են համաշխարհային արվեստի դիտակետից:
Լեմս Ներսիսյանն իր ցուցահանդեսը կոչել է «Հայաստանիս հոգևոր կանթեղները»: Ցուցադրված են 70 վանքերի տպավորիչ գեղանկարները: Այդ վանքերը գտնվում են ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Բագրատունիների գերի մայրաքաղաք Անիում և Աղթամար կղզում: Ցուցահանդեսի նյութերը նկարիչը զետեղել է հատուկ ալբոմում, որը բացվում է «Հեղինակի կողմից» խոսքով: Խոսքի բնաբանը հանճարեղ Մարտիրոս Սարյանի պատգամն է. «Մեր պատմական հուշարձանների պահպանության գործը համաժողովրդական գործ պետք է լինի: Սիրելի՛ երիտասարդներ, զավակնե՛րս, հիշե՛ք, որ Ձեր անելիքն այս հայրենանվեր գործում շատ մեծ է: Աչքի լույսի պես պահպանենք մեր մշակույթի այդ հոյակապ կոթողները` ապագա սերունդներին բարվոք վիճակում հանձնելու համար»:
Լեմս Ներսիսյանը արդի հայ նկարիչների հիանալի խմբի մեջ ունի իր աստվածատուր տաղանդին հատուկ ուղղվածությունը. նա եզակի բնանկարիչ է, Հայաստանի ամեն մի ծաղկի հմայքը, գույների տպավորապաշտական ներգործությունն առկա են նրա նկարներում:
Բացի Կեչառիսի վանքի գեղանկարից, բոլոր 69 վանքերը ներկայացված են գարնան ծաղկունքի մեջ: Լ.Ներսիսյանը XII դարի հայ տաղասաց Դավիթ Սալաձորցու նման գովերգում է Հայաստանի բնությունը` հատկապես ծաղկունքի ժամանակ: Ահա մի ուշագրավ դեպք. սիրելի նկարչի մի բնանկարը Բոստոն էի տանում` թոռնուհուս նվիրելու, ու երբ հայտնի արվեստանոցում պատվիրում էի նկարի շրջանակը` վարպետը տեսնելով նկարը՝ հարցրեց. «Կարո՞ղ է սա Մոնեի նկարն է»: Ես ժպտացի և ասացի, թե հայ ժամանակակից նկարիչ է: Նա ավելացրեց. «Բոլոր դեպքերում, տաղանդավոր նկարչի գործ է»: Այդ տաղանդը երևում է Լ.Ներսիսյանի «Հայաստանիս հոգևոր կանթեղները» ցուցահանդեսի բոլոր կտավներում:
Ցուցահանդեսում հայրենասեր ամեն մի հայ նորից սրբազան հուզմունքով դիտում է իր պաշտելի վանքերը`Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցին` Վանա ծովակի համայնապատկերով, Անիի մայր տաճարը` բնանկարի կանաչ երանգապնակով ընդելուզված: Ի դեպ, XIX դարում նշանավոր գիտնական Աբիխը Անիի մայր տաճարը կոչել է X-XI դարերի համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից: Եվ դա այդպես էլ կա. գնահատականը ճշգրիտ է: Ցուցահանդեսում տեսնում ենք Հաղպատի, Սանահինի, Հաղարծինի, Սիսիանի, Մարմաշենի, Բջնիի, Գանձասարի, Շուշիի, Արուճի, Գյումրիի, Ամարասի և բազմաթիվ այլ վանքերի գեղանկարները:
Նկարչի կազմած ալբոմում ներկայացված է ամեն մի վանքի պատմական ակնարկը, այն առաջնահերթ գիտելիքները, որոնք պետք է ունենան հայ վանքաշինությամբ հետաքրքրվողները: Պատմական ակնարկի կողքին առկա են խաչքարերի գծանկարները և աշխարհագրական քարտեզ` վանքի տեղադրության վերաբերյալ:
Լեմս Ներսիսյանի այս հիանալի նախաձեռնության նպատակը բազմապլան է: Նախ այն գեղանկարչական դիտարկում է, որը լիովին համակում է դիտողին արվեստի կատարելությամբ, նաև ճանաչողական է, իսկ կիրառական առումով այն նպաստելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Սա մի կարևոր խնդիր է, որն անպայման խթանելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը և մեր ազգի մշակույթի միջազգային ճանաչմանը:
Այս խնդիրները հատուկ արժեք են հաղորդում Լեմս Ներսիսյանի մեծարժեք ձեռնարկին, որի խորագրում հուզիչ է «Հայաստանիս» ձևակերպումը:
Լեմս Ներսիսյանը ոչ միայն Հայաստանի բնանկարի բնապաշտ բանաստեղծն է, այլև մեր վանքերը ներբողող պատմաբան-նկարիչը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։