Յուրաքանչյուր գիրք ընթերցելու իր կոդն ունի և սյուժեն կազմավորող նախադասությունը: Այս իմաստով ինքնին տեսական հարց է սյուժեի և ֆաբուլայի անհամաչափության լուծմունքը գեղարվեստական միասնության տեսակետից: Եվ այսպես, նախքան պատմությունը կհյուսեր «սիրո և ողջակիզման սգերգի հիմնը», կատարվել էին իրադարձություններ, պատճառի ու հետևանքի հանգույցում բացահայտելով կայսերապետության նենգամիտ քաղաքականության և թուրք-ազերական ազգայնամոլի վանդալային բնազդը: Այս խորհուրդն է հուշում Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» վեպի վերջաբանը: Իսկ երբ արդեն խորտակվել էին բոլոր պատրանքները ու այլևս անվերադարձ էին հեռացող եզերքները, տանջահար Լևոնը հուշերի անուրջում հետևանքի իր մտորումները հանձնում է Միրալի Մաուլլիմին, բանականությամբ բացահայտելու ճշմարտության բարոյականը: Եվ նա, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, տիրապետում է մի քանի լեզուների, այդ թվում և հայերենին, գիտակ էր երկրամասի քաղաքակրթության ու ազգային-պետական կազմավորումների պատմությանը, ու հայ հանճարի ստեղծումներին մշակույթի համաշխարհային դարակներում:
Համեմատության ստվերում իր ազգությունն է, որ տակավին չգծագրված աշխարհագրական քարտեզի վրա, պետություն է անվանակոչել Թուրքիայի և Ռուսաստանի հովանավորությամբ, հավակնում է բռնազավթել հայկական տարածքները, գործի դնելով ստախոսության, կեղծիքի ու վանդալիզմի իր «արվեստը» (Դոստոևսկի). «Եվ մենք կոչվում ենք ազգ, կոչվում ենք մարդ: Այդ դեպքում ո՞րն է գազանը»:
Ես հատուկ ուշադրություն եմ հատկացնում սույն մենախոսությանը, քանզի այս կարգի ընդմիջումները էական տարր են կազմում վեպի պոետիկայում, պատասխան են տալիս վեպի հարցադրումներին և դրույթի ու հակադրույթի զուգահեռի վրա բացում անհայտ փակագծեր (Հուրունց-Աղաջանյան, Միրալի Մուալլիմ-Ալլահվերդի):
«Հեռացող եզերք» վեպը,- ասում է հեղինակը, «իրական պատմություն է» և պատմվում է առաջին դեմքով (Լեո-Լևոն): Բայց այստեղ անհրաժեշտ է մի որոշ վերապահություն, որն ուրույն երանգ է տալիս պատումի վիպայնությանը: Հեղինակը ոչ թե պատմում է սյուժեն, այլ իրադարձություններն ուղղորդում է իր ներկայությամբ, այսինքն ինքն է կարգավորում դեպքերի ընթացքը: Այս առիթով պետք է նշեմ, որ վեպի ժանրային բնույթի և հատկապես հերոսների ընտրության հարցում որոշ երկմիտ մեկնություններ կան, որ ենթակա են ճշգրտման: Այսպես, գրքի առաջաբանում Վահրամ Աթանեսյանը մի որոշ վերապահությամբ «վրիպում է» համարում Լեո-Ռենա սիրավեպը և վեպը ըստ ժանրային բնույթի անվանում «գեղարվեստական ժամանակագրություն»: Եթե բնորոշումը ընդունենք բառացի իմաստով (ժամանակի գրություն) թերևս կարելի է ճշգրիտ համարել սահմանումը, բայց գեղագիտական տերմինաբանությամբ (խրոնոլոգիա, խրոնոտոպ) բնութագրումն անստույգ է: Իսկական իմաստով «Հեռացող եզերքը» ժամանակակից վեպ է սինկրետիկ կառուցվածքով, ուր պատումի էպիկական ձևույթը համատեղվում է քնարական ու իմաստասիրական ստորոգումներով:
Եվ սակայն բնաբանի արժեք ունի Աթանեսյանի խորիմաստ բնութագրումը՝ «Եվ ժամանակն ասաց միշտ քեզ հետ եմ»: Այստեղ է ամբողջ վեպը, ուր մեծատառ ժամանակը խորհրդանշում է պատմափիլիսոփայական մի ամբողջ դարաշրջան: Եվ որպես դարաշրջանի խորհրդանիշ Աթանեսյանը տարբերակում է «հայկական Բաքու» և «հայկական Բաքվի ժամանակ» հասկացությունը, որպես հայոց պատմության մասունք՝ տնտեսական, քաղաքաշինական, մշակութային ստեղծումներով, քաղաքակրթական արժեքներ, որոնք, ավա՜ղ, փոշիացան թուրք-ադրբեջանական ժանտախտի արհավիրքներում: Ինչ վերաբերում է տարակուսանք հարուցող որոշ հերոսների ընտրությանը (Միրալի Մուալլիմ, Սիավաշ, Ռենա և այլն), ապա դրանք անձնավորված խորհրդանիշեր են, որոշ իմաստով օտարված ազգային հատկանիշից:
Նկատում եմ, որ վեպի բովանդակությունը ընկալվում է միագծորեն, կապված սումգայիթյան իրադարձությունների հետ: Իհարկե սյուժեի առանցքում այդ իրադարձություններն են և սակայն վեպում առկա են մարդկային կեցության ներանձնական արժեքներ, որոնք իմաստ են տալիս ամեն մի գոյության՝ ընտանեկան իդիլլիկ ներդաշնակություն (հոր կերպարը), ծովափնյա մենության հաճույք (Լեո-Ռենա), շռայլ հյուրասիրություն բնության գրկում (Ռուբենի կերպարը), կենցաղավարական արժեքներ, որոնց փոշիացումը իրենց հերթին ընդգծում են ժամանակի ողբերգությունը: Թվում է ամեն ինչ ասվեց վեպի մասին թե ժանրային բնույթի, թե կառուցվածքի և թե գաղափարի վերաբերյալ: Եվ սակայն առավելապես գծագրվեց հետևանքը, առկախ թողնելով պատճառի հարցականը՝ ինչու՞ և ինչպե՞ս: Միանգամայն տրամաբանական է վերլուծության սկզբունք ընդունել փիլիսոփայի ասույթը. «Չկա հետևանք առանց պատճառի, պատճառը պատճառ է հետևանքի մեջ» (Հեգել):
Սյուժեի վիպականացումը սկիզբ է առնում այն պահից, երբ ռադիոհաղորդումների հայկական բաժնի խմբագրությունում հայտնվում է անվանի գրող Լեոնիդ Հուրունցը: «Ես իմ «Ղարաբաղյան պոեմը» կյանքիս ամենալավ ժամանակաշրջանում գրեցի», փակագծերը բացում է Հուրունցը: Այստեղից էլ սկսվում է Ադրբեջանի ազգայնամոլության հալածանքը, որպես թե այն արձագանք է Մարիետա Շահինյանի դրույթին, թե «Ղարաբաղը պատմական Հայաստանի տասներորդ նահանգն է»: Ուրեմն ինչու գրել Ղարաբաղի մասին, որն ադրբեջանական անձեռնմխելի տարածք է: Եվ այսպես, տասնամյակներ շարունակ, իրադարձություններին ականատես գրողը ներկայացնում է իրերի ընթացքը «հայկական Բաքուի» փոշիացումից մինչև Լեռնային Ղարաբաղի տարածքային ու էկոլոգիական հոշոտմանն ուղղված ադրբեջանական ագրեսիայի հայատյաց սանձարձակ բռնատիրությունը երկրամասում: «Մտածե՞լ ես,- խոսքը շարունակում է Հուրունցը,- որ ուղիղ հարյուր ութսուն տարի առաջ Ղարաբաղն իր տասներեք գավառներով ու տասներկուսուկես հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ավելի քան հինգ հազար պատմաճարտարապետական հայատառ հուշարձաններով, իր հայ մելիքներով և իր հայ պատմությամբ՝ սկսած Հերոդոտ ու Ստրաբոնից մինչև Դիոն Կասիոս, կամավոր մտավ Ռուսաստանի կազմի մեջ, նրա այդ տարածքից այսօր մոտ չորսուկես հազարն է մնացել, որ նույնպես այս ու այն կողմից բռնագրավվում է…» (50-51): Եվ սարսափելին ու ճակատագրականը մարզային ինքնավարության էթնիկական կազմի փոխաձևումն է՝ հայկական տարրի նվազեցմամբ, հանգամանք, որ ֆաշիստական Ադրբեջանի տիրապետողներին գաղափար էր տալիս վերացնելու հայկական ազգային վարչական միավորը:
Ասեմ, որ Հուրունցի գրական ու անձնական կյանքի իմաստը Արցախ-Ղարաբաղի ճակատագիրն է, անգամ նրա խոսակցական լեզուն Արցախյան բարբառն է, որն արտակարգ գրավչությամբ է հնչում նրա արտասանությամբ:
Նկատեմ, որ վեպի կառուցվածքում էջեր կազմող վիճակագրական կամ տեղեկատվական նկարագրությունները վիպայնացված են: Ադյանը նրբանկատորեն տրոհել է այն երկխոսության, հարց ու պատասխանի ձևույթով և, որ առավել կարևոր է, բերել է պատմող հերոսի հոգեբանական վերապրումներով: Այս իմաստով և՛ Հուրունցը, և՛ հայրը, և՛ Միրալի Մուալլիմը որոշ իմաստով նաև գրական կերպարներ են:
Վերհուշերի թարմությամբ են հնչում Հուրունցի նկատումները Խորհրդային Միության ազգային քաղաքականության ստվերները Ստալին-Բերիա բռնապետության խարդավանքներում, ինչպես նաև հայ ծախու գրչակների ապազգային վարքագծի և մատնողական արարքների մասին, պատճառ դառնալով գրական ազնիվ մտավորականության օտարմանն ու հալածանքին:
Եվ այսպես, որտեղ վերջանում է ժամանակը, սկիզբ է առնում Լեոյի և Ռենայի սիրավեպը, հազվագյուտ մի էջ նշանավորելով հայ սիրապատում սյուժեների գեղարվեստական հայտնություններում: Չգիտես ինչն է այստեղ հմայիչ ու անզուգական՝ Ռենայի անձեռակերտ արտաքի՞նը, թե՞ սիրո մրմունջներով ներսույզ զգացմունքի կուսական անարատությունը: Միայն պատկերացումի մեջ կարող է սերը լինել այդքան դյութական, շոշափելի իրական և միաժամանակ անրջային: Այստեղ է Լևոն Ադյանի գրական տաղանդի բարձրագույն թռիչքը: Կարող է թվալ, թե ես բառեր չեմ գտնում չափազանցելու սիրո պատկերացումը վեպում, սակայն անկեղծ ասած, դժվարանում եմ ներզգայել Ռենայի աղջկական հմայքի գրավչությունը: Հիրավի, համեմատելին Ռոմեոյի և Ջուլիետի սերն է, որքան առասպելական, նույնքան և ողբերգական: Հենց սիրո այդ ողբերգության մեջ է ժամանակի ողբերգությունը: