Դիրքերում լավ է: Այնտեղ չի երևում` ում գրպանում փող կա, ում գրպանում` չկա, ով է որբանոցից եկել, իսկ ով` մամայի տաք ծոցից, որովհետև դիրքերով է անցնում պատերազմի ու խաղաղության, ապրելու և մեռնելու սահմանը: Կյանքն այստեղ մերկանում է. անհետանում են բոլոր դեկորներն ու բազմաշերտ շղարշները` անցյալը դարձնելով անիրական, ասես` ծանոթ ֆիլմից մնացած կիսատ-պռատ հիշողություն, որը քոնը չէ: Իսկ այս մեկը` նորը, քոնն է, որովհետև իր պարզության մեջ ցավալիորեն անպաճույճ է ու դաժանության մեջ` գոնե ազնիվ:
Աշոտն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում: Կարծես` ամեն բան գիտեր. նախապատրաստել էին, հրահանգավորել, և պիտի որ հուզմունքն այդքան ակնհայտ չլիներ, որքան` էր:
Քրտինքը հոսում էր ճակատը ծածկող անհարմար սաղավարտի տակից և կախվելով խանձված թերթերունքների ծայրերից` փորձում էր ստուգել ազատ անկման արագացման մեծությունն այնտեղ, որտեղ ընկնողները շատ էին ու դեռ պիտի լինեին: Զառիվերով մագլցելուց փոշոտված ձեռքերն ակամա բարձրանում էին դեպի դեմքը` անպատեհ կաթիլները սրբելու, թաքցնելու գիտակցված ու չգիտակցված վերելք-վայրէջքներով, սակայն մատները հասցում էին միայն լղոզել երեսը` հողագույն զոլերով երանգավորելով այն: Քրտինքի որոշ, ավելի համարձակ կաթիլներ, այնուամենայնիվ, հասնում էին շուրթերին, և Աշոտը հասցնում էր հերթական անգամ զարմանալ. կաթիլներն աղի էին` արտասուքի նման: Ինչո՞ւ: Իսկ եթե ինչ-որ մեկի մտքով անցնի, թե արտասվո՞ւմ է:
Այստեղ չգիտեն, որ ինքը լաց չի լինում, որովհետև լաց չի լինում երբեք, որովհետև լաց չի եղել ռուսաստաններում արդեն վեց-յոթ տարի անհետ կորած, իսկ սրտացավ համագյուղացիների կիսաշշուկ խոսքում` նաև վաղուց իր մահկանացուն կնքած հոր համար, լաց չի եղել մոր ու փոքր քույրերի համար, որոնց, տղամարդ լինելով, չէր կարողանում կերակրել ու տաքացնել: Որովհետև…
Եվ հիմա ինչ-որ մի մամայի բալա հանկարծ կկարծի, թե լաց է լինում, երբ իր լացը կատաղությունն է, անզորության զգացումը, որ աչքերից ոչ թե դուրս, այլ ներս է հոսում` մղկտացնելով չկարծրացող սիրտը: Իսկ հիմա այդ քրտինք կոչվածը ներսի աղը ջրի երես էր հանում` մաշկին սոսնձելով նաև մածուցիկ դարձած քողարկիչ նախշերով համազգեստը:
Մտքով հազար ու մի անիրական բան էր անցնում: Հանկարծ համազգեստը հանի ու պարզվի, որ նրա նախշերը դաջվել-ներծծվել են մաշկի մեջ: Երանի թե… Եվ ոչ ոք այս ղըռ ու քարի մեջ իրեն չի նկատի` ո՛չ յուրայինը, ո՛չ էլ թշնամին, ինչպես չէին նկատում այնտեղ` այն նախորդ կյանքում, որտեղ ինքը ոչ մեկին պետք չէր, ու հիմա պետք է… հայրենիքին: Իսկ ի՞նչ էր հայրենիքը… Մի՞թե այն ամենը, ինչը պատերազմի ու խաղաղության, ապրելու և մեռնելու այս սահմանի, իր թաց մեջքի ետևում փռված տարածքն էր: Չէ: Այդպիսի զգացողություն չուներ: Իր ներսում ծվարած հայրենիքը իրենց խարխուլ տունն էր, մայրը, քույրերն էին ու մեկ էլ` անտեր Ռուսաստանի այն մի կտոր հողը, որ իր մեջ հորն էր ամփոփել:
Մտքերի ու հույզերի չխառնվող շփոթը գլխում, երբ մի անգամ էլ կանգ առավ սահող ինքնաձիգը ուսի վրա հարմարեցնելու համար, հասկացավ, որ տեղ են հասել: Թռան խրամատի մեջ, և հերթափոխը հանձնող դասակը հոգնած ժպիտներով դիմավորեց եկվորներին.
– Բարև, տղերք, լավ տեղ հասա՞ք…
Եվ պատասխանի չսպասելով` տեղեկացրին, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղամասում առանձնապես նոր բան չի եղել, ու մարտական հերթապահությունն էլ համեմատաբար խաղաղ է անցել` չհաշված Համբոյի խռռոցը, որի հետ բլինդաժում քնել չի լինում, որ նույնիսկ հակառակորդը, նրա խռռոցը զրահատեխնիկայի առաջխաղացում կարծելով, վախից իրենց կողմը չի էլ թեքվում, որ…
Աշոտը զարմանալի, անհասկանալի ուրախություն տեսավ նրանց հայացքներում, հասկացավ, որ բոլորը բոլորին ճանաչում են և միայն ինքն է օտար` ինչպես միշտ:
– Բարև, ապեր,- լսվեց թիկունքից,- առաջին անգա՞մ ես պոստերում:
Շփոթվեց ու մեխանիկորեն թուլացնելով սաղավարտի կապը` պատասխանեց.
– Հա:
– Բան չկա, կհարմարվես: Տղերքը լավն են: Կարևորը` մեկդ մեկիդ թիկունքին, անդավաճան, ախպեր լինեք:
– Հա,- կրկնեց Աշոտը:
– Անունս Արման է,- ձեռքը մեկնեց զրուցակիցը:- Մի՛ խեղճանա, բոլորս մերոնք ենք:
Աշոտը զգուշավոր նայեց զրուցակցի փայլող աչքերի մեջ ու փորձ արեց նրա նման ժպտալ.
– Ես էլ Աշոտն եմ:
Ասաց ու հանդարտված սեղմեց մեկնված ձեռքը:
– Արի, գնանք բլինդաժ: Էնտեղ ես իմ սեփականաշնորհված տեղն ունեմ, ախպեր, քեզ եմ բաշխում: Մինչև մյուս հերթափոխ վայելիր:
Աշոտն անսովոր ջերմություն զգաց ու դադարեց քրտնել.
– Հա, Արման… ջան, հա…
Արմանի խոսքը քաղցր էր, երգեցիկ. գուցե ի՛ր ականջի համար: Մտածեց, որ գյումրեցի կլինի կամ էդ կողմերից, սակայն չհարցրեց, չճշտեց: Ուզում էր խոսել, բան ասել, գոնե` շնորհակալություն, բայց բոլոր բառերը միանգամից մոռացվել-չքացել էին աշխարհի երեսից:
Արմանի «տեղը» ներքնակ-ծածկոցով սովորական փայտամած էր, ինչպես մյուսներինը, սակայն, միևնույն է, իրեն բան էին նվիրել, կարևոր չէ` ինչ, կարևորը` նվիրել էին: Իսկ երբ Արմանը ներքնակի տակից երկու զույգ նոր գուլպաներով պոլիէթիլենի մի տոպրակ հանեց և ասաց. «Էս էլ քեզ, ախպեր: Մերոնք ներքևում էլի ուղարկած կլինեն», Աշոտն զգաց, որ ուր որ է իսկապես կարտասվի:
Ինչպե՞ս, ինչո՞ւ, հո ղզիկ չի՞… Չէր հիշում, թե երբ էին իրեն որևէ բան նվիրել, գուցե շատ վաղուց, երբ դա այնքան բնական էր, որ հիշողություն չէր էլ դարձել:
Չէր ուզում բաժանվել, սակայն հերթապահությունն ավարտած տղաները ի վերջո հեռացան` անփորձանք ծառայություն մաղթելով նորեկներին:
Իր դասակի տղաները հիմնականում ծանոթ էին, բայց առանձնապես մտերիմ չէին:
– Էստեղ առաջին գիծն է, էստեղ իմ ու քո չկա,- ասաց հենակետի պատասխանատուն` ավագ լեյտենանտ Հովակիմյանը:- Չգիտեմ` հեռախոս կա՞, թե՞ չկա մոտներդ, բայց լավ իմացեք` ոչ մի զանգ, SMS, կամ թեկուզ`ժամը, մանավանդ մթնով, նայել չլինի: Գիտեք, որ ամեն լույսի աղբյուր դիպուկահարի պոտենցիալ թիրախ է: Մտեք բլինդաժ, նայեք, կամ էլ հարցրեք. աղջիկ չեմ, կասեմ:
Հովակիմյանը էլի մի քանի խորհուրդ տվեց, կարգադրեց և բացատրեց յուրաքանչյուրի անելիքն ու հեռացավ:
Գարուն էր, սակայն Աշոտին թվաց, թե սովորականից արագ մթնեց: Հավանաբար որպես նորեկի` սկզբում արթուն թողեցին, հետո ուղարկեցին քնելու: Արմանի «բաշխած» մահճակալի վրա անովոր արագ ու խոր քնեց:
Լուսաբաց էր, երբ արթնացրին:
– Աշոտ, վեր, մեր հերթն է: Շուտ…
Ջոկի հրամանատարն էր` ավագ սերժանտ շոշեցի Մարտունը: Բոլորը նրան Շոմս էին ասում, և Մարտունը չէր նեղանում.
Մի քանի րոպեից տեղում էր` խրամատի առջևից բարձրացող բետոնե բլոկներով հավաքած պատի երկայնքով ձգվող նեղ դիտակետի մոտ:
– Երկու ժամ պիտի կանգնես: Գիտես անելիքդ: Միաժամանակ ուշադիր ու զգույշ պիտի լինես: Չմոռանաս: Հիշիր, հակառակորդն էստեղ էնքան էլ հեռու չէ: Չես հասցնի աչքդ թարթես ու… Իմացա՞ր,- ասաց թիկունքից մոտեցած ավագ լեյտենանտը:
– Լսում եմ,- Աշոտը աջը սաղավարտին տարավ:
Ի պատասխան` Հովակիմյանը միայն ձեռքը մտերմիկ դրեց զինվորի ուսին ու գնաց:
Նրանից հետո երկու շուն մոտեցան` կարծես սպասում էին հրամանատարի հեռանալուն: Հոտոտեցին: Ձևի համար, թե այլ նպատակով հաչացին ու պոչ խաղացնելով` հեռացան: Աշոտը նկատեց, որ շներից մեկը կաղում է. չորքոտանին երեք ոտք ուներ:
– Ասլանն ու Ղափլանն են` մեր ախպերները,- ասաց քիչ հեռու իրեն ամրագրված տեղում արթմնի ծառայություն իրականացնող տղաներից մեկը:- Ես եկել եմ, էստեղ են եղել, էս է` կգնամ` էլի էստեղ կլինեն: Ասլանի մի ոտքը ականի վրա է պայթել, բայց ծառայում է տղեն, էն էլ ոնց է ծառայում:
Շները ետ դարձան ու սկսեցին խաղալ խոսողի հետ:
– Ես իրենց ցավը տանեմ: Թուրքի հոտը հարյուր մետրից առնում են,- շարունակեց ծառայակիցը:
– Ասա` շան կյանք է, էլի,- մի բան ասելու համար պատասխանեց Աշոտը:
– Էհեյ, ապ, բերանդ քո ռազմեռով բացի: Ասլանն ու Ղափլանը կռիվ տեսած, երկիր պահող տղերք են: Թե՞… մենք էլ ենք եկել էստեղ շնություն անելու, հը՞…- բորբոքվեց տեղապահը:
– Էդ չէի ուզում ասել, կներես: Հիմար բան ստացվեց,- Աշոտն իրեն վատ զգաց:
– Դե ուրեմն` բառերիդ մեջ` զգույշ: Ինձանից ու քեզանից հայրենասեր են ու խելացի: Տեսա՞ր` ոնց հասկացան, որ մերոնցից ես… Որ չեն խոսում, ուրեմն` հայվա՞ն են, թե՞ խոսող հայվան կյանքում չես տեսել:
– Տեսել եմ:
– Ապրես: Դե լավ, անցած լինի,- ասաց ծառայակիցը և զենքը ցած դնելով` մոտեցավ Աշոտին ու ձեռքը մեկնեց:- Արի մոտիկից ծանոթանանք: Դավիթ:
– Աշոտ, անունս Աշոտ է:
– Գիտեմ, Աշոտ ջան: Երևի առիթ չի եղել էսպես առանձին շփվելու, բայց տեսել եմ, նկատել, խելոք տղա ես, անշառ:
– Ես էլ քեզ գիտեմ: Ես Արագածոտնի մարզից եմ: Մեր գյուղի անունը լսած չես էլ լինի:- Աշոտը ստոծանու տակ թեթևություն զգաց ու խորը շունչ քաշեց:- Դու որտեղացի՞ ես:
– Ինչի՞, չգիտե՞ս մարդն ուրդուց կեղնի:- ժպիտը ողողեց Դավթի դեմքը:- Չի երևա՞, որ Շիրակի լենուբոլ դաշտավայրից եմ, ու հոգիս էլ մեր երկրի նման լեն է:
Դավիթը դիտմամբ անցավ բարբառի:
– Երևում է, Դավիթ ջան, Արմանի նման, էն էլ ոնց է երևում,- իր հերթին ժպտաց Աշոտը:
– Ապրես: Դե, եղավ, ապ ջան: Իրար հետ կծառայենք, այսինքն` կապրենք, կուտենք, կքնենք ու կկռվենք: Էստեղ, մի խրամատում կանգնածներին կյանքը ախպեր է դարձնում` մարդ ու շուն, տարբերություն չկա: Կարևորը` անդավաճան:
– Հա, Դավիթ ջան, անդավաճան, անպայման անդավաճան:
Դավիթը ձեռքը դրեց նոր ծանոթի ուսին, մտերմիկ թփթփացրեց ու հեռացավ:
Դիտակետի նեղլիկ ուղղանկյան շրջանակում ամփոփված բնապատկերն անկենդան էր ու խաղաղ: «Իսկ եթե մի քանի մետր այնկողմ հենց ինձ նշանառության տակ վերցրած գնդացրի ետևում կանգնած ինձ նման մեկը` մատը ձգանին նույն պատկերն է տեսնո՞ւմ՝ միայն թե հակառակ կողմից ու նույն բանը զգո՞ւմ… Մի՞թե պատերազմն ու խաղաղությունն այսքան մոտ են իրար…»:
Զգացողություններն ուրիշ էին, անծանոթ, անմեկնելի: Որոշեց չմտածել ու փորձեց գուշակել, թե դեռ որքա՞ն է մնացել հերթափոխի ավարտին, երբ հանկարծ բարձրացող արևի հետ հակառակորդի դիրքերում անովոր շարժ նկատեց: Զգաց` կրկին քրտնում է: Սակայն այս անգամ էլ արևը մեղք չուներ: Պարզապես մարմնում բանտված հուզմունքը դուրս պրծնելու ելք էր գտել: Աչքերն ակամա տրորեց: Չէ, տեսածը կասկածի տեղիք չէր տալիս: Հակառակորդի զինվորները, բարձրաձայն խոսելով ու միմյանց հրմշտելով, հերթով դուրս էին գալիս դիմացի խրամատից: Քիչ անց նրանք երկու խմբի բաժանվեցին և սկսեցին արձակել համազգեստի գոտիները: Տեսարանն ամբողջացրեց գնդակը, այո, սովորական գնդակը, որ ինչ-որ տեղից օդում պտտվելով` նրանց մոտ հայտնվեց:
– Դավի՜թ…- շուրթերն ասես իրար էին սոսնձվել:
Պատասխան չեղավ: Ետ-ետ գնաց: Խրամատը դատարկ էր: Թվաց` ամբողջ տիեզերքում մենակ է, իրեն այսքան բացահայտ արհամարհող թշնամու դիմաց իրեն դիտավորյալ են մենակ թողել, ու հենց ինքն է պատասխանատու պատերազմի ու խաղաղության համար:
Ի՞նչ է անելու: Արդյո՞ք կարող է…
Մատները բնազդով լիցքավորեցին գնդացիրը, ու նշան բռնեց:
Տեսադաշտի մյուս ծայրում ֆուտբոլ էին խաղում:
Խաղացողների գոռում-գոչյունները հստակ լսելի էին, առանձին բառեր էլ` հասկանալի ու նույնիսկ հարազատ: Երբ վերջնականապես գիտակցեց, որ հակառակորդը բացահայտ հաշվի չի առնում իր այստեղ գտնվելը` իմանալով, որ նշանառության տակ է, իսկ դրանում Աշոտը ոչ մի կասկած չուներ, ձեռքը դողաց: Կրծքի անկառավարելի ելևէջը գոնե փոքր-ինչ մեղմելու համար շրջվեց ու հենվելով հողապատնեշի գիշերվանից մնացած սառնությանը` թուլացրեց շնչառությունը կաշկանդող սաղավարտի կապը:
– Դավիթ…- մի անգամ էլ կանչեց` ուժերի գերլարումով հաղթահարելով դիտակետը երկու կողմից պատնեշող հողաթմբերի ուռուցիկությունը:
Վերջապես Դավիթը երևաց: Նա հանգիստ մոտեցավ ու ծխախոտի ծուխը դանդաղ դուրս թողնելով` հարցրեց.
– Ի՞նչ, ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել:
– Հովակիմյանին կանչիր:
– Ի՞նչ է եղել որ…
Աշոտը մի կողմ քաշվեց.
– Նայիր:
Թվաց` Դավիթը մի ողջ հավերժություն չհեռացավ դիտանցքից:
– Դավիթ, Դավ…
– Հա, ի՞նչ… Տղերքը ֆուտբոլ կխաղան: Ես էլ գիտեմ` բան է եղել:
– Ո՞նց թե… ես էլ արդեն ուզում էի մի լավ գռռացնել,- Աշոտը երևակայական գնդացիրը ձեռքում մեխանիկորեն ձախ ու աջ պտտեց:
– Հո չես խելըռե՞լ,- Դավիթը դիմացինին թեթևակի հրեց:- Դատ ու դատաստան ես գլխիդ ուզում սարքե՞ս: Ինչի՞ մենակ քո գլխիդ, մեր, Հովակիմյանի…
– Ի՞նչ դատաստան,- Աշոտը լսում, սակայն չէր կարողանում ամբողջությամբ ընկալել ծառայակցի խոսքը:
– Քեզ չեն ասե՞լ, որ առանց հրամանի հակառակորդի վրա կրակ բացել չկա:
– Բայց ախր` ինչի՞…
– Ես ի՞նչ գիտեմ: Մեզ կասեն` օրորի, մենք էլ` կօրորենք:
– Դրանք, բա դրանք չեն վախենո՞ւմ, որ կկրակենք:
– Չես տեսնո՞ւմ: Իրենք մեզանից լավ գիտեն, որ չենք կրակի:
– Բայց ախր` ինչի՞…
– Չեն թողում, որ կրակենք, որ դրանց մայրիկը լացացենք… ու ես էդ չթողնողի մայրիկն էլ…- արձագանքեց Դավիթն ու մատները բերանը տանելով` մի քանի անգամ սուլեց:
Շուտով դասակի տղաների մեծ մասը հավաքվեց:
– Ի՞նչ կա, Դավ: Էլի խաղո՞ւմ են,- մոտեցող ձայնը երևանցի Սուրենինն էր:
– Հա, ապ, սկսվել է: Ստավկա անող կա՞…
Մինչ Աշոտն ուշքի կգար, Դավթի կազմակերպչական ափերում հայտնվեց խաղադրույքների տարօրինակ մի կույտ` ծխախոտի երկու տուփ, հազար դրամ, մի զույգ գուլպա և մի փոքր տոպրակ «ծծովի» կոնֆետ:
– Աշ, դու չե՞ս խաղում:
Աշոտը կարծես չլսեց Սուրենի` իրեն ուղղված հարցը:
– Ծո, Աշոտ,- մեջ ընկավ Դավիթը,- մարդը բան կհարցնե:
Հետո դառնալով մյուսներին` շարունակեց.
– Տղեն առաջին անգամ է պոստի, դեռ կանտուզիայի տակ է: Գիտի` էստեղ գիշեր-ցերեկ մորթոցի է:
Հավաքվածները ծիծաղեցին:
– Աշ, հիմա խաղո՞ւմ ես, թե՞ չէ,- Սուրենը հարցը կրկնեց:
– Հա, խաղում եմ,- Աշոտը Արմանի նվիրած գուլպաները մտաբերեց:- Մի զույգ գուլպա էլ ինձանից:
Ու… արձակված գնդակի պես ժամանակը թռավ` անտեսանելի ու անհասցե:
Շուտով խրամատները բաժանող դաշտի մյուս կողմում խաղը համարեցին ավարտված: Հակառակորդի զինվորներից մեկը, խփելով վերջին գոլը, հանկարծ շրջվեց մերոնց կողմն ու ձեռքերը վեր պարզելով` գոռաց.
– Գյալյաբա, Վազգեն, գյալյաբա…
– Տավար: Ես քեզ բերող մայրիկը…- Դավթի պատասխան գոռոցն անարձագանք մնաց:
Երբ հակառակորդը վերադարձավ իր թաքստոցը և խաղադրույքներն էլ գտան իրենց հին ու նոր տերերին, Աշոտը չդիմացավ.
– Տղերք, «գյալյաբա» ի՞նչ է նշանակում, Վազգենն ո՞վ է:
– Հաղթանակ, հաղթանակ է նշանակում,- տխուր պատասխանեց մինչ այդ լռող Մարտունը:- Ուզում էր ասել` ձեզ էլ ենք հաղթելու, բայց ականջները կտեսնի ու իր գյալյաբայի միայն Գ-ն կտեսնի` էն էլ հայելու մեջ: Իսկ Վազգենը` չգիտեմ: Դրանք մեզ` բոլորիս Վազգեն են ասում:
– Գուցե սպարապետին նկատի ունեն,- ասաց Աշոտը` մյուսների հավանությանը սպասելով:
Պատասխան չեղավ: Բոլորը լուռ էին` անբնական լուռ: Այդ ամենի մեջ Աշոտը հանկարծ անզորության անթաքույց մի դրոշմ տեսավ: Լռությունը երկարեց և արդեն կարող էր մատնել ներկաների անհողդողդ թվացող արտաքինի տակ թաքնված մտահոգությունները, երբ Դավիթը, իրեն չկորցնելով, փորձեց կատակել.
– Ապ, մազալու մարդիկ եք երևանցիքդ:
– Ինչի՞,- ցրված հարցրեց Սուրենը` հասկանալով, որ հարցը հենց իրեն է ուղղված:
– Հեչ: Կըսեմ՝ մարդոց անունը առաջին վանկից էն կողմ չեք ըսե:
Սուրենը թեթևացած ժպտաց, ու ժպիտը վարակի նման փոխանցվեց մյուսներին.
– Էլի մի հիմար բան կասես, չէ՞, Դավ…
– Տեսա՞ք, ըսեցի չէ՞… Դավ, Աշ, Տիկ…
Դավիթը դադար տվեց, ապա խորհրդավոր հոգոցով շարունակեց.
– Փառքդ շատ, Տեր Աստված, որ Եզնիկ Կողբացին մեր վախտերը չի ապրել: Տղեն կխելըռեր, փղերի տեղակ, իրեն ըսոնց տանկի տակ կգցեր:
Ժպիտը վերածվեց ծիծաղի ու պայթեց ափերից դուրս պրծած գետի պես` կործանելով ճանապարհին պատահած ամեն բան` վաղը կամ գուցե այսօր այլևս չլինելու` կոկորդը սեղմող ու չլքող մտքերը, որոնք ստեպ-ստեպ հոսանքից չանջատված շաղափի նման փորում-փորփրում էին այստեղ գտնվող յուրաքանչյուրի սիրտը:
– Մի բան ասե՞մ, տղերք,- առաջինը Սուրենը լրջացավ:- Մարտուն ջան, կներես, ինձ ճիշտ հասկացիր:
– Ասա՛…
Նորից լռությունն իջավ այդպես էլ չբաժանված խաղադրույքների կույտի վրա:
– Հիշո՞ւմ եք էս վերջին պրիսյագի օրը Սաքոյի մոր խոսքը, էն, որ սնայպերն էր խփել:
Պատասխանը ուշացավ:
– Հետո՞…- հարցրեց Դավիթը:
– Հիշո՞ւմ եք, որ ասեց` այս հողում իմ որդու արյունն է թափվել, այս հողը ամեն գնով պետք է պահել…
– Է, հա, ճիշտ է ասել: Ամեն գնով պիտի պահենք,- Աշոտն ընդհատեց ծառայակցին:
Սուրենը, սակայն, նրա կողմը չնայեց: Նա հայացքը պտտեց հորիզոնում ինչ-որ տեղ հատվող երկու ճառագայթի միջև ու շարունակեց.
– Էնպիսի տպավորություն էր, չգիտեմ էլ` ոնց ասեմ, թե ասում է` ինչի՞ մենակ իմ տղեն մեռնի, դուք էլ մեռեք, երեխեք, էս քարն ու ավազը, մեկ է, արյունից չեն կշտանում:
Մարտունը, որ ծնկները գրկած նստել էր խրամատի հատակը մասամբ ծածկող տախտակամածի վրա, դանդաղ բարձրացավ տեղից ու վեր տնկելով ցուցամատը՝ գոռաց.
– Արա, էլի խելքներդ գցեցի՞ք, վայ հորս արև…
Նրան հետևեց նաև Դավիթը: Նա քայլեց դեպի բլինդաժն ու ընթացքի մեջ, առանց շրջվելու կիսաձայն ասաց.
– Կայֆս կոտրիք, ապ, առեք ձեր ստավկեքն ու…
Հավաքվածները չարձագանքեցին: Ամեն մեկն առավ իր խաղադրույքն ու գլխիկոր վերադարձավ այնտեղ, որտեղից եկել էր:
Երբ բոլորը հեռացան, Աշոտը թեթևացած շունչ քաշեց. Արմանի նվիրած գուլպաները կրկին իր մոտ էին: Հերթապահությունը հանձնելու ժամն էր: Մտածեց, որ երկու ժամն արագ անցավ: Էլի ինչ-որ կարևոր ու անկարևոր մտքեր զարնվեցին գանգապատին, սակայն քաղցի զգացումը բոլոր մտքերից միշտ էլ ամենազորեղն էր: Պիտի նախաճաշեր:
Երկու շաբաթն էլ արագ անցավ, և Աշոտը հասկացավ, որ կամաց-կամաց հարմարվում է, այլընտրանք չունեցող, սահմանապահի իր կարգավիճակի հետ` չեզոք գոտուց այնկողմ խաղացվող ֆուտբոլով, կարոտից ու չգիտես, թե էլ ինչից մերթ նյարդային ու դյուրագրգիռ, մերթ էլ սիրառատ ու երկրի համար կյանքը զոհելու պատրաստ ընկերներով և հատկապես մթան հետ, երբ գուցե պարապությունից հակառակորդի անկանոն, երբեմն էլ դիպուկահարի կանոնավոր կրակոցներն ավելի էին հաճախանում, և… վերջ: Իհարկե, այդ ժամանակ իրենք պատասխան էին տալիս, սակայն ի վերջո սա էր իր ողջ ծառայությունն իր ընթացքով, ձևով և բովանդակությամբ:
Չորացած ու ցանցառ խոտի և փշագնդերի նման այդպես մի ամբողջ տարի գլորվեց` արհամարհելով իր տակ պահված մեծ ու փոքր, մարդու և տեխնիկայի, անգամ ամենաանմեղ կենդանու համար նախատեսված ականները, եթե կենդանին, իհարկե, երեք կիլոգրամից ավելի էր: Սակայն անցյալ տարվա խոտը վաղուց էր մեռած` ականապատ դաշտում նորից մեռնելու համար: Մեռած էր, ուրեմն` ազատ էր, քանի որ կյանքը նրան հաստատ կգամեր ինչ-որ արմատի` ստիպելով դիմանալ ծարավին ու մարմինը հալածող որտեղից ասես փչող անարմատ քամիներին:
Այդ գլորումը երևի երբևէ բան չէր փոխել աշխարհում, որովհետև հիմա էլ ոչինչ չփոխվեց: Չփոխվեց նաև ֆուտբոլը: Իհարկե, Աշոտի սուր աչքը նոր խաղացողների տեսավ, սակայն իր կյանքում մի՞թե դա ինչ-որ բան իսկապես կարող էր փոխել: Անգամ գարունը, որ սկսեց գունավորել իր և հակառակորդի միջև ձգվող փոքրիկ տափարակը` երփներանգվող ծաղիկների աչքերի հետ փակելով ու բացելով առավոտի լույսը և կանաչ հագցնելով մասրենու մի քանի թփերին, անզոր էր. ինքը դեռ այստեղ էր` աշխարհի, տիեզերքի ծայրին ու, ըստ էության, ոչինչ չէր անում` ֆուտբոլ էր նայում, խաղադրույք կատարում, ուտում էր, քնում, զենքերն էր կարգի բերում ու կարոտում… իր կիսատ տունը, որ այստեղի նման ապրելու տեղ էլ չէր, որ ուրեմն`կարոտելու բան էլ չէր և անբացատրելի լինելով այնտեղ` հանկարծ այնքան բացատրելի էր դառնում հենց այս նեղլիկ դիտակետի առջև, այս կավագույն կիսալեռ-կիսատափաստանում: Ոչինչ, առավոտյան կիջնի դիրքերից ու երկու շաբաթով կանջատի միտքն ու սիրտը:
Չգիտես ինչու հանկարծ Արմանին հիշեց, ում արդեն մոտ մի տարի չէր տեսել, և նրա տված գուլպաներն էլ վաղուց մաշվել, կորել-գնացել էին: Միևնույն է, ուրիշ` «ՊԲ» գուլպաներ ջերմացրին սիրտը: Քմծիծաղով մտածեց, որ երևի բոլոր գուլպաները երբևէ ճանաչել ու ճանաչում են միմյանց` թելը թելի ետևից իրար փոխանցելով հագնողների մասին տաք ու բնական, երբեմն էլ` արհեստական ու սինթետիկ բազում պատմություններ: Իր պատմությունը, սակայն, բնական էր, այնքան բնական, որ անգամ սիրտը ճմլվեց: Միաժամանակ օդի ինչ-որ անհայտ տատանումներ որսալով` զգաց, որ Արմանին նորից է տեսնելու, և աչքերն անուրախ լցվեցին: «Երևի ինձ չի էլ հիշում»,- գրկում սեղմելով Ասլանի տաք ու հարազատ մարմինը` Աշոտը շան նման ձգվեց դեպի ապրիլ շտապող սառը երկինքն ու տնքաց:
Ասլանը գիտեր, որ մարդիկ այդպես կաղկանձում են:
Տեսավ:
Արմանին կրկին այս դիրքն էին ուղարկել, ու սիրտն էլ արդեն հուզմունքից դուրս էր պրծնում: «Մի՞թե մի զույգ գուլպայի համար… Չէ, իհարկե, չէ»: Դիտավորյալ դեմ-դիմաց դուրս եկավ և ուղիղ աչքերին նայեց:
– Լա՞վ եք, ապեր,- Արմանը ժպտաց ինչպես ուղիղ մի տարի առաջ ու շարունակեց ճանապարհը:
Չճանաչեց: Գուցե այդպես էր պետք, գուցե այդպես ավելի լավ էր… Ինչ էր ասելո՞ւ… Որ մի տարի առաջ երկու զույգ գուլպա՞ է նվիրել: Աշոտը գլխիկոր մի կողմ քաշվեց ու սպասեց ետդարձի հրամանին` ներքև, դեպի ներքև` այնտեղ, ուր իր վրա չէին կրակելու:
Կրակում էին:
Չէ, ականանետեր էին… Չէ, ծանր հրետանի էր աշխատում… Վեր թռավ: Տագնապ է: Զորամասն են գնդակոծում: Համատարած մթության մեջ ոչինչ զանազանել հնարավոր չէր: Աչքերը շուտով հարմարվեցին խավարին: Զորանոցի պատը փլվել էր: Տնքոցներ էին լսվում: Երազ է: Այսպես չի լինում, այսպես չի կարող լինել: Սակայն երազում այսքան ծանր ու երերալով չեն քայլում, թե՞ քայլում են: Պիտի դուրս գար փլատակների տակից:
Այսուայնկողմ վազող ստվերները ինչ-որ բան էին գոռում, որովհետև իր կողմը նայելով` նաև ձեռքով էին անում: Սակայն ականջներում միայն արկերի պայթյունի ձայնն էր: Վերջապես վազողներից մեկը քաշեց թևից` ստիպելով պառկել կողքին:
– Զինվոր, Աշոտ,- իր հրամանատարն էր` Հովակիմյանը: Նա հենց ականջի մեջ էր գոռում:- Վիրավո՞ր ես:
– Չգիտեմ,- կարծես ուշքի եկավ: Քնած չէր:- Գլուխս է ցավում:
Ավագ լեյտենանտը նստեց տեղում ու սկսեց տնտղել զինվորի մարմինը:
– Լավ կլինի, չվախենաս: Ոտքից ես վիրավորվել: Բան չկա: Պիտի մինչև ա՛յ, էնտեղ վազենք,- հրամանատարը ձգեց ձեռքը:- Վիրավորներին տեղափոխող մեքենան շուտով կշարժվի:
– Ի՞նչ է կատարվում, պարոն ավագ լեյտենանտ…
– Դեռ չգիտենք: Երևի դիվերսիա է, բայց հրետանին…- Հովակիմյանը լռեց:
Բեռնատարը շարժվեց` տանելով իրար վրա ընկած մարմինների կույտը, որ ճանապարհի ամեն խորդուբորդից ավելի ու ավելի էր նմանվում համասեռ մի զանգվածի` շաղախված միաձայն ու միատեսակ հոտի` արյան հոտի մեջ:
Արթնացավ: Լուսավոր սենյակ էր` լի ամենատարբեր ձայներով: Երևի մեռել էր, և քանի որ նա իր բաժին դրախտի ու դժոխքի միջև էական տարբերություն չէր ակնկալում, որոշեց, որ քնած է եղել, որ տեսածն ու լսածն էլ երազ էր` հիմար, անպետք երազ: Առաջինը ավագ լեյտենանտի դեմքը հիշեց: Այն անսովոր մոխրագույն էր: Աշոտը չգիտես ինչու մտածեց, որ մեղքը եթե գույն ունենար, ապա միայն մոխրագույն պիտի լիներ: Սակայն իր լավ, բարի, իր այդքան ջահել հրամանատարի մեղքը ո՞րն էր… Հրաժեշտից առաջ` նրա վերջին բառերը հիշեց.
– Ես դիրքեր եմ բարձրանալու, մերոնց հետ կապ չկա: Գնա: Քեզ լավ նայիր, Աշոտ… ջան… Հաղթելու ենք: Չմտածես: Դուխով:
Հիշեց, որ հենց վերջին բառին չհավատաց: Չէ, չհավատաց նաև «ջան»-ին: Ե՞րբ էր իրեն այդպես դիմել ավագ լեյտենանտը…
Հասկացավ, որ հոսպիտալում է:
– Զինվորն ուշքի է եկել,- գոռացին կողքից:
Աչքերը լցվեցին, ու նա լաց եղավ: Աշոտը չէր ամաչում իր արցունքների համար` կյանքում առաջին անգամ չէր ամաչում: Նա գիտեր, չէր կարող բացատրել, բայց գիտեր, որ իր հրամանատարն այլևս չկա, իսկ ինքը կար, ինքը, ով ոչ ոքի պետք չէր:
Ոտքն էին վիրահատել: Անբացատրելի մի հրաշքով վնասված զարկերակի բերանը հենց արկի բեկորն էլ փակել էր: Գլխի վիրավորումն ավելի թեթև էր:
– Արծաթե գդալը բերանումդ ես ծնվել, զինվորիկ: Եթե մի տաս րոպե էլ ուշացնեին, քեզ փրկել չէր լինի,- այդպես բժիշկն ասաց:
– Իսկ մերոնք, մերոնցից ո՞վ կա,- հարցնում էր իր մահճակալի կողքով անցնող-դարձողին` անզորության պահին գոռալով զորամասի և դիրքի համարները:
Պատասխանները նույնն էին.
– Հանգիստ: Ամեն ինչ լավ է: Ձերոնք տեղյակ են, որ ողջ-առողջ ես…
– Աստծուն փառք տուր, որդի, որ սաղ ես մնացել…
Այս ամենն ավելի էր վհատեցնում, գժվեցնում Աշոտին, մինչև որ վերակենդանացման բաժնից սովորական հիվանդասենյակ տեղափոխեցին: Շշուկներն այստեղ արդեն բավական էին ամեն բան հասկանալու համար: Զոհվել էին: Իրենց փոխարինող հերթափոխը չկար: Չկար նաև նրանց օգնության հասած… ավագ լեյտենանտը: Փսփսում էին, որ կենդանի մնացածներին` վիրավոր ու արնաքամ, երբ զինամթերքն այլևս վերջացել էր, ազերի գազանը հոշոտել, կտոր-կտոր էր արել` մատաղացու գառների պես: Ասում էին, որ Արմանի գլուխը խրամատից դուրս` մարմնից շատ հեռու էին գտել, ասես դիտմամբ վերցրել ու դուրս էին շպրտել:
Գիշերը երազ տեսավ: Արև էր, ու այնքան լույս կար չորսբոլորը: Իր խրամատի առջևի դաշտն էր` գույնզգույն ծաղիկներով ու մասրենու՝ սպիտակին տվող թփերով: Այնտեղ ֆուտբոլ էին խաղում: Խաղացողներին ինքը չէր տեսնում, միայն գիտեր, որ դարպասի առջև է կանգնած, և արյունոտ բերանով մեկը պատրաստվում է հարվածել իր դարպասին: Ահա, հարված, և գնդակը պտտվելով օդում` իր ձեռքերում հայտնվեց: Չհասկացավ` ինչպես թռավ, ինչպես բռնեց: Գիտեր միայն, որ չբռնելու իրավունք չուներ: Նա հաղթանակողի կեցվածքով նայեց արյունոտ բերանի կողմն ու քարացավ: Շուրջը ոչ ոք չկար. ամեն ինչ խորտակող մոխրագույն ու թանձր մառախուղը ծածկել էր դաշտը: Իսկ ձեռքերի մեջ… իր ձեռքերի մեջ… Արմանի ժպտացող գլուխն էր:
Արթնացավ: Ոտքի վիրակապը ներծծել էր սառը քրտինքն ու վարդագույն էր դարձել: Տնքալու իրավունք չուներ. իր գլուխը չէին կտրել, ինքը նույնիսկ չէր էլ կռվել: Ամոթից ուզում էր գետինը մտնել: Ինչո՞ւ ինքը կենդանի մնաց… ինչո՞ւ չմեռավ… և ուրեմն` մի՞թե կյանքը պարգև է…
Երկու ամսից կամավոր վերադարձավ զորամաս: Կարող էին վաղաժամկետ զորացրել: Չհամաձայնեց:
Ամառը չէր տեսել գարնան տառապանքը, այն ավելի անհոգ էր ու շքեղ: Խրամատը, իրենց դիրքը ևս նույնը չէին. ինժեներական աշխատանքները դեռ շարունակվում էին, և եթերի նման տարօրինակ ու անշոշափելի ոգևորություն կար օդում` այդ ամենի շուրջը: Դիրքն ավելի ամուր և անառիկ էր դառնում: «Եթե այս ամենն այն ժամանակ լիներ…»:
Ամեն օր, ամեն ժամ ապրելու համար Աշոտը գրեթե չէր քնում. կա՛մ հերթապահում էր, կա՛մ օգնում էր շինարարներին: Առավել քան քչախոս էր դարձել: Միայն մի բան կարող էր նրան կտրել գործից` ծաղիկների դաշտից այն կողմ լսվող պատահական ձայները: Հակառակորդի հարբած կրակոցները, երբեմն նաև ականանետային գնդակոծումներն անգամ նրան մանկական խաղ էին թվում: Աշոտն արագ հայտնվում էր դիտակետի առջև և ուշադիր զննում էր իր համար չփոփոխվող բնապատկերը: Հերթափոխները շարունակում էին իջնել ու բարձրանալ, Աշոտը չէր իջնում: Նա այնտեղ էր, որտեղից իջնելու իրավունք չուներ, որտեղ իր դարպասն էր դրել և սպասում էր գնդակի:
Դիրքերի վրա շուտով նաև աշունը եկավ` իր բնավորության համաձայն խանձելով ծաղիկների գույները: Դաշտը կծղեց ու մերկացավ` վառելով միայն մասրենու թփերի կարմիր-կրակագույնը: Սեպտեմբերյան օրերից մեկն էր` իր սովորական արևով ու սովորական փոշոտ քամով, երբ ծանոթ և միաժամանակ անծանոթ ձայներ քերեցին թմբկաթաղանթը: Չէր սխալվել. դիտանցքի ուղղանկյան մեջ ֆուտբոլ էր: Որքան էր սպասել այս պահին, սակայն հիմա կարողացավ միայն սեղմել ականջներն ու անմարմնական ցավի ուժգնությունից չոքել խրամատի պատի տակ: Ինչ-որ սառը, թաց բան դիպավ մերկացած բազկին: Ասլանն էր: Մինչ օրս նրան ինչպե՞ս չէր տեսել… Շունը քթիկը մտցրեց նստածի, ասես իրար սոսնձված, արմունկների միջով և նայեց Աշոտի աչքերին: Գիտեր, որ Ղափլանն էլ է զոհվել այն օրերին, ու չգիտեր Ասլանի ցավը: Տեսավ, միայն հիմա տեսավ` նրա սև ու մշտապես թաց աչքերում.
– Սահման պահելը շան գո՞րծ է, Ասլան, ախպերս… Ես մի Ղափլան էլ չեղա:
Ֆուտբոլը շարունակվում էր, իսկ ինքը միայն նայում էր, նայում էր, նայում էր… Նա վախենում էր, որ նոր տղաները իրենց նման մի օր էլ կսկսեն խաղադրույքներ կատարել, ու արյունոտ բերանով մեկը այն կողմից կրկին կգոռա`«գյալյաբա»… Ախր, հները չկային` Դավիթը, Շոմսը, Սուրենը… Նրանք դեռ զորամասի ռմբակոծության ժամանակ էին զոհվել` հոսպիտալ շտապող բեռնատարի թափքում իրենց արյունը խառնելով իր արյանը: Չէ, ինքը չի կարող խելագարվել, ինքը դարպասապահ է, ու իր դարպասից այն կողմ իր երկիրն է` իր Արմանի, իր Դավթի, իր Սուրենի, իր Շոմսի, իր Համբոյի, իր ավագ լեյտենանտի ու իր Ղափլանի երկիրը:
Վաղուց էր նկատել, որ հակառակորդն այլև Վազգեն-Վազգեն չի կանչում, և ընդհանրապես իրենց կողմը չի էլ նայում: Փորձում էր գտնել դրա պատասխանը, սակայն նրանց նման չէր ու նրանց նման մտածել չէր կարող. միայն ենթադրություններ կարող էր անել` միայն ենթադրություններ:
Մի բան էլ կար, որ կեղեքում էր նրա սիրտը: Ենթադրություններից մեկում նա կարծում էր, որ գուցե հակառակորդի զինվորը իրեն նայելու երես չունի, որ գուցե ամաչում է իր անունից իր նմանի արածների համար: Աշոտն, իհարկե, վանում էր կպչուն դառնալու հավակնություն ունեցող այդ հիմար մտքերը, սակայն դրանք նորից ու նորից էին գալիս` թակելով նրա բանականության խարխլված դռները: Մտքերի խառը հեղեղը գլխում, երբ հերթական դիտարկումն էր անում և հերթական ցինիկ ֆուտբոլն էր աչքերի առջև, հանկարծ խաղացողներից մեկի ուժգին հարվածը, հրանոթից արձակված արկի նման, գնդակը չեզոք գոտի հասցրեց, ասես ինչ-որ մեկը անջատել էր օդի դիմադրությունն ու երկրի ձգողական ուժը: Այն մի պահ կախվեց օդում, ապա մոլորված հայտնվեց դեղնող դաշտի չորացած ծաղիկների մեջ` մասրենու կարմիր թփերի ետևում:
Խաղն ավարտվեց, և կապելով արձակած գոտիները, ֆուտբոլիստներն իջան խրամատ:
Մթնում էր, և կարող էր քնել: Սակայն Աշոտն ուրիշ բան էր որոշել: Նա զգուշորեն դուրս եկավ խրամատից և դանդաղ սողաց դեպի տափարակը: Նա ոչինչ չէր զգում, չպայթած ու անընդհատ նորացվող ականների մասին մտածելն անգամ ավելորդ էր: Աշոտը դարպասապահ էր: Նա միայն մի բան էր ուզում` հասնել թշնամու գնդակին:
Ահա և մասրենու թփերը: Սրանց ետևում իրեն չեն տեսնի:
Երբ պատրաստվում էր ոտքի կանգնել, մթության մեջ զգուշավոր շարժվող ուրիշ մի ուրվագիծ ստիպեց փոխել մտադրությունը: Աշոտը շունչը պահեց: Ուրիշը քթի տակ հայհոյեց և իջնելով ծնկների վրա՝ սկսեց ձեռքերով ինչ-որ բան փնտրել գետնին: Նա անընդհատ կրկնում էր հայհոյանքը` ասելիքն ամփոփելով մեկ բառով`թոփ: Աշոտը հասկացել էր, որ ուրիշը ևս իր նման` գնդակի ետևից է եկել: Հանկարծ նա փութով ոտքի ելավ ու ինքնաձիգը թշնամու կողմն ուղղելով` ասաց.
– Թո՞փն ես ուզում, հայվան: Ավտոմատիս միջի բոլոր թոփերն էլ քոնն են:
Մյուս կողմից եկածը շփոթվեց, ապա անակնկալից կծկվեց ու վախվխելով` ծնկների վրա ետ-ետ գնաց.
– Վազգեն, բրատ, յա թեբյա նիչիվօ նի զթելալ, մամօյ քլյանուս: Նի ուբիվայ մենյա: Յա նի խատել, մենյա զասթավիլի: Վազմի մյաչ: Մնե նի նուժնօ: Թօլքօ նի ուբիվայ մինյա, փրաշու:
– Արա, դո՞ւ ես իմ Արմանի գլուխ կտրողը, այ մամադ…
Աշոտը բարձրացրեց ձայնը, սակայն ձգանը սեղմել չկարողացավ: Ինքնաձիգը ասես կերել, կուլ էր տվել բոլոր մատները, և ձգանը քաշելու ուժ այլևս չկար:
Հակառակորդի զինվորն այդ ընթացքում հասցրեց թաքնվել մասրենու մյուս թփի ետևում և ոտքի ելնելով` սկսեց վազել: Աշոտը, սակայն, կախարդվածի պես մնաց տեղում: Հանկարծ փախչողի ետևից հրե մի սյուն միայն մի ակնթարթ վեր բարձրացավ ու խլացրեց աշնանային գիշերվա բոլոր շշուկները: Աշոտը դանդաղ փակեց չփակվող աչքերն ու նույն կախարդվածի նման քայլեց պայթյունի ետևից: Առջևում փոքրիկ մի փոս էր ու երկու արյունոտ գնդակ: Աշոտը դարպասապահ էր ու պիտի ետ մղեր հակառակորդի գնդակը: Նա լարեց վիրավոր ոտքի մկաններն ու շան նման ոռնալով` հարվածեց գնդակներից մեկին:
Գնդակը անբնական ծանր գլորվեց ու կանգ առավ: Հարվածից ինչ-որ անհասկանալի ու տաք զանգվածի մասնիկներ ցայտեցին դեմքին, և արյան այնքան ծանոթ ու չմոռացվող հոտը փակեց շնչառությունը: Նրան մի պահ թվաց, թե կանգնած է գծանշված սահմաններով ֆուտբոլի մոխրագույն ու հսկայական մի դաշտում, որտեղ խաղացողներ կա՛մ չկային, կա՛մ չէին երևում, իսկ գնդակների փոխարեն ողջ դաշտը սփռված էր զարմանքից սառած աչքերով մարդկային անհամար գլուխներով, որ անխոս ու բազմաձայն հարցում էին իրեն` ինչո՞ւ են այստեղ, երբ ինքն ընդամենը դարպասապահ էր: