Խաչիկ Մանուկյանի «Եթերային ապարանքը» գրքի մասին առայժմ չկա որևէ գրախոսություն, ուստի մեր նպատակն է գիտականորեն արժևորել բանաստեղծական ժողովածուն` ի ցույց դնելով նրա արդիականությունը: Մեր հիմնական խնդիրն է՝ բացահայտել բանաստեղծական ժողովածուի գաղափարական ուղղվածությունը` պոեզիայի կենսական թրթիռներով, բանաստեղծի քաղաքացիական կեցվածքով պայմանավորված, ածանցյալ խնդիրներն են բանաստեղծական արվեստի և վարպետության հարցերը, նաև գրքի որոշ թերությունների բացահայտումը` հետագայում այդպիսիք բացառելու նպատակով: Գրախոսության մեջ առաջնորդվել ենք կուլտուր-պատմական և հերմենևտիկայի մասնագիտական մեթոդներով, ինչպես նաև վերլուծական մեթոդաբանությամբ:
«Եթերային ապարանքը» ծնվել է կենսական ազդակներից, նրանում հայոց կյանքն է` ուղղակի կամ անուղղակի արտահայտված: Գրքում ամփոփված են Խաչիկ Մանուկյանի վերջին շրջանում գրված բանաստեղծությունները, ուստի այս ժողովածուն հայոց կյանքի վերջին շրջանի դեպքերի ոչ թե ուղղակի պատկերն է, այլ կյանքի մանուկյանական պատկերացումը` դարձած պատրանք: Ասվածի լավագույն արտահայտություններից է փիլիսոփայական խորքով «Ոչմիբանը» բանաստեղծությունը:
Արթնացա… Շուրջս ոչ ոք չկար,// Լքված ճոճվում է իմ զնդանը…//Թափանցիկ երգով ձեզ մոտ եկա. //Այդ ե՛ս եմ հիմա Ոչմիբանը:
Բանաստեղծությունը նախ և առաջ բառ է, բառի պատրանք, որ այնպես շրխկան զրնգում է Խաչիկ բանաստեղծի շուրթին` դառնալով սրտեր վառող «Բառահանդես»` ընդմիշտ միտվելով ուրիշ բառի:
Բառը հայելու մեջ հարդարվում է,//Ուզում է ոտից գլուխ փայլի,//Դառնում է երազ ու հալվում է //Երգիս մեջ պարող սիրտը բառի:
Բառը բանաստեղծի շուրթին սիրտ է առնում` բառը դառնում է բանաստեղծ, իսկ բանաստեղծը կերպարանափոխվում է բառի: Իսկ երբ այս կյանքի աղմուկից հոգնում է բառը` նրան առաքում է երկինք.
Այս աղմուկներից հոգնել է Բառը, //Իր լա՜յն թևերն է թափահարում,//Տեսնում եմ նրա եթերապարը, //Նրան երկինք եմ ճանապարհում…
Իսկ այնտեղ` բանաստեղծական եթերային ապարանքում, ապրում է բանաստեղծը տիեզերական ժամանակի զգացողությամբ, որտեղ օրերն ակնթարթ են.
Ակնթարթներ են օրերը տևում,//Շուրջս թևում են երկնքոտ թևեր,//Ինչ-որ տագնապ է ծվարել հեռվում`// Զարկվող ամպերի որոտներից վեր…
Բանաստեղծական այդ ապարանքն ունի յուրահատուկ կենցաղ.
Աստղերից վառում եմ սիգարետս,//Ամպերի փնջերով լվացվում:
Եթերային ապարանքում` ասես աստվածային վերնատանը, լույսերով է ողողված Աստծո քարտուղար բանաստեղծը:
Այնտեղ` վերևում, ես իմ տանն եմ,//Ինձ լույսերով եմ ցանկապատել:
Խաչիկ Մանուկյանի ապարանքում ոչինչ է մարմինը, նյութն ի վերջո չքվում է և մնում է միայն հոգին.
Անկշի՜ռ, թեթև պտտվում եմ//Իմ եթերային ապարանքում,//Թափանցիկ եմ,//Էլ մարմին չունեմ, //Հոգի եմ`//Եկած //Հայրական տուն…
Եթերային ապարանքում է նրա վերերկրային հայրական տունը: Բանաստեղծի հոգում հար ներկա են ոչ միայն երկնային, այլև իր երկրային ծնողները: Ժողովածուի մեջ կա «Ծնողներիս» վերնագրով երկու բանաստեղծություն: «Հեքիաթի շնչով» բանաստեղծության մեջ պոետի կյանքն է` հեքիաթ դարձած իրականության պատրանք, և հանկարծ կյանքի կեսին պարզվում է, որ իր կողքին այլևս չկան հայրը, մայրը և եղբայրը փոքրիկ: Կիսվում է աշխարհը, դառնում թերի, բայց ապրում է բանաստեղծն իր հեքիաթի շնչով: Մանկության հուշից պոկված մի աստվածային ու մարդկային հեքիաթ է «Մի՞թե ամեն ինչ արդեն անցել է» տաղը.
Հեռվում մանկության քաղցր հեքիաթն է,//Ո՜նց եմ կարոտել իմ անցյալին`// Հայրս է, մայրս, շուրջս զվարթ է,//Խինդ է, հմայք է աստվածային:
Հավատի ինքնատիպ երգիչ է Խաչիկ Մանուկյանը` Էջմիածնի աստվածաձայն ղողանջներից ոգեշնչված, որից էլ թև են առել միջնադարյան հոգևոր երգերի նրա բանաստեղծական արձագանքները` «Հիսուս», «Մայր տաճար», «Ես Որդի չէի» և այլն:
Հավատն է մարում իմ հոգում խռով–//Գոնե ինձ մի՜ քիչ քո լույսից մնար,//Որ չլինեի լքված ու մոլոր…//Երանի՜ Աստծուն, որ իր հետ ես, Մա՛յր:
Սերը բանաստեղծի կենսակերպն է, նրա ամեն օրն ապրված սեր է, որ իմաստավորում է մարդկային կյանքը: Մեր միջնադարյան սիրո երգիչները սերը կյանք էին համարում, մերժումը` մահ: Խաչիկ Մանուկյանն իր սիրով է լցնում ապրած ամեն մի օրը` դարձնելով սիրո ինքնատիպ երգեր` «Լսո՞ւմ ես», «Ես հարցրի, թե մրսո՞ւմ ես», «Անցյալի գզրոցից», «Գլուխկոնծի տալով», «Երկնքից պոկված լուսեղեն մի մաս», «Էս հպանցիկ սերը համեմունք էր» և այլ սիրերգեր:
«Նա գիտեր սերը վերջացավ» երգում սիրո փիլիսոփայական շերտերն են բացահայտվում. սիրածին թվում է` սերը փախչում է նապաստակի պես, հետո ուտում է սերը բլիթի պես, երրորդ տան մեջ թվում է` սեր է կանցնի անդարձ` որպես սերը, չորրորդ տան մեջ սերը դառնում է թռչուն, թևում, անցնում, իսկ իրականում բացվում է սիրո իրական դեմքը.
Բայց լրի՜վ ուրիշ բան էր սերը`//Թանձր կարոտով բյուրեղացավ,//Հետո ծավալվեց ու ծովացավ //Եվ ահագնացավ ու դարձավ ցավ//Ու… էլ չանցա՛վ:
Սերը ցավ է, սերը հիվանդություն է, որը գիտեին նաև մեր միջնադարյան սիրո երգիչները, որոնց տոհմիկ ժառանգն է Խաչիկ Մանուկյանը: Սակայն սիրո ցավից չի ընկրկում, այլ սիրո երգիչն իր կենսական զգացումներն ու խոհերը, ապրելու և սիրելու իր կենսախինդ կերպը դարձնում է քնարերգություն.
Գրկում պահելու համար է սերը:
Ոչ միայն սիրո երգերի, այլև «Եթերային ապարանք» ժողովածուի գլուխգործոցներից է բանաստեղծական սիրով առլեցուն «Սիրախաղիկ» երգը, որը ոչ միայն սիրո հոգեբանության առինքնող երգ է, այլև բանաստեղծի տղամարդկային աշխույժ կենսակերպի խաղացկուն բանաստեղծական աշխարհ:
Ու լցվեցին հոգուս//Դատարկ կարասները,//Շրխկացի՛ն նորից գինով լի թասերը…//Մեկ էլ ա՛յ էն խորքից//Քաղցր ժպտաց`//Կկոցելով լուսե իր աչերը –// Ասաց` դա չէ,//Սա՛ չէ,//Նա՛ չէ, //Ո՛չ մեկն էլ չէ,//Ե՛ս եմ //Սերը…
Բանաստեղծի սիրով սկսված օրն ավարտվում է հայրենիքի բախտի մտահոգությամբ:
Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,//Ես չեմ հեռանում իմ Հայրենիքից,//Ոտքիս տակ հողն է դառնում անանուն,//Մարդիկ` անհաղորդ ու անկարեկից:
Որքան էլ հայրենիքն օտարվում է բանաստեղծից ու հայից, որքան էլ դավադիր ուժերը վանում են հայրենիքը հայից, միևնույն է, բանաստեղծն ամուր կապված է հայրենի հողին.
Բայց ես ամուր եմ կանգնել իմ տեղում`//Խորշակների դեմ` անպա՛րտ ու անբի՛ծ,//Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,// Ես չե՛մ հե-ռա-նում իմ Հայրենիքից:
Հայրենիքի բախտի համար դողացող, նրա ճակատագրով մտահոգ մարդն է, որ հաճախ դառն ճշմարտությունն է շրխկացնում հայրենադավների երեսին.
Սրանց համար մարդկային//Արժեքները խորթ էին,//Թողեցին լաց ու կսկիծ//Սոված-ծարավ որբերին://Չգիտեի, որ բարը//Պիտի տային խոզերին//Ու պատվեին կուռք որպես//Գողերին ու բոզերին://Չգիտեի, որ երկրիս//Բախտը պիտի վարձեին//Ու դարձնեին կրտած եզ//Հայրենիքիս որձերին…
Առնական, հանդուգն ու խրոխտ և անհանդուրժող կեցվածքով կանգնած է բանաստեղծը մեր պատմության անցյալի ու ներկայի նենգ դավադիրների դեմ հանդիման` հույսը կապելով ազգիս ոգեկիրների հետ:
Մեր միջի բոզերը ձեզ լինեն…//Կհաղթենք մնացած լավերով:
Բանաստեղծն անողոք է բարոյական արժեքները ոտնահարողների հանդեպ, առավել ևս երբ խոսքը հայրենիքին է վերաբերում` «Դավաճաններին չեն ներում, չէ՛» և «Երկրիս արտաքին և ներքին թշնամիներին», որոնց սարկազմով է մերժում:
Բանաստեղծը հայրենիքի պատմության կրողն է, ներկայի ու ապագայի համար մտահոգ հայը, որ նույնանում է հայրենիքի հետ. «Մե՜ծ սիրո երկիր ՀԱՅԱՍՏԱ՛ՆՆ եմ ես»: Եվ հայրենիքն իր մեջ զգացող բանաստեղծը` որպես «ծույլ թագավորն այս եզերքի», զգում է, որ իրենից «շարան-շարան հեռանում են»` լքելով հայրենիքը, սակայն «վերջին շնչավորն էլ» եթե լքի, միևնույնն է.
Ոչնչի՛ հետ ես չեմ փոխի//Անգամ մայթի փոշին//Հայրենիքիս:
Հայրենիքի ոգեղեն սահմանապահն է Խաչիկ Մանուկյան բանաստեղծը, և ամեն վիրավոր զինվորի վերքից նաև իր արյունն է կաթում, սակայն աննահանջ ու մահին հաղթած` կանգնած է բանաստեղծը հայոց ոգու սահմանին («Հիմա, երբ որդիդ սահմանին է», «Սուրում են», «Կրակահերթ է»):
Ինքը սահմանն է հայրենիքի,//Հսկում է` որպես//Իր մեծ տան դուռը,//Ուր ամեն ոսոխ պիտի ծնկի:
Որքան էլ դժնի է այսօրվա կյանքը, և «հայրենիքը» մատը սեղմել է բանաստեղծի շնչափողին, որքան էլ լքում են ու արտագաղթում, իսկ դրան նպաստում են նաև ներսի դավաճանները, միևնույնն է, հայրենիքի լուսե ապագայի նկատմամբ հավատը երբեք չի լքում բանաստեղծին:
Իմ երազների տեսքով կհառնես,//Ընթացքի համար էլ չեմ ամաչի,//Մի օր կտեսնեք, որ Հայաստանս,//Ծովից ծով նորի՛ց պիտի կանաչի:
Եվ բանաստեղծը մի գողտրիկ տրիոլետ է պատգամում աշխարհի ճամփեքին դեգերող հայությանը.
Չկորչե՛ք ճամփեքին, տո՛ւն կգաք,//Որ կապեք դարերի բեռները,//Մինչև ձեր կարոտի մեռնելը//Չկորչե՛ք ճամփեքին, տո՛ւն կգաք:// Ինձանից` ծնողաց սուրբ կտակ`//Մի՛ լքեք մեր հպարտ լեռները,//Չկորչե՛ք ճամփեքին, տո՛ւն կգաք,//Որ կապենք հավերժի բեռները:
Մարդու ապրած ամեն օրը պիտի լցվի սիրով ու հայրենիքով, վերստին նաև հայրենիքի սիրով: Դա բանաստեղծական խորհրդավորությամբ արտահայտվել է «Եթե այս օրը չուզենա» տաղում: Օր-սեր-հայրենիք բառաշղթան անցնում է բանաստեղծական տանից տուն, իսկ վերջում բանաստեղծը դառնում է հայրենիքի ողջակեզն ու նահատակը.
Իմ կյանքը ես կտամ, որ հավե՜րժ մնա նա//Իմ հոգին` իր հոգում, անունը` ՀԱՅԱՍՏԱՆ…
Սակայն բանաստեղծը ոչ միայն մտահոգ է իր հայրենիքի, այլև երկիր մոլորակի ճակատագրով («Երկիր մոլորակ», «Ես բարին էի», «Իմ սիրո՛ւն մոլորակ, պտտվի՜ր…»): Բանաստեղծն իր եթերային ապարանքից` Մեծ Լոռեցու հանգույն, Բարձրից նայում է աշխարհին` լուսավոր հայացքով, և նրան մտահոգում է մոլորակի բախտը, որին ուրիշ ընթացք էր սազում, իսկ մարդիկ նրան բոլորովին այլ տեղ գլորեցին:
Մահվան թեման մշտապես հուզել է բանաստեղծներին դեռևս անտիկ ժամանակներից, ինչի մասին մի ինքնատիպ պատում է կերտել նաև Խաչիկ Մանուկյանը.
Բռնոցի էինք խաղում,//Ես ու մահը,//Վազեցի, որ բռնեմ,//Նա հեշտ փախավ:
Մի ուրիշ տեղ բանաստեղծն զգում է իր անմահության հաղթությունը.
Մահը ձեռքիցս բաց թողեցի//Ու անմահացած ֆռֆռում եմ:
Անմահության ճամփան բռնած բանաստեղծը գիտակցում է, որ ներկա է լինելու Վերնատանը` կանչվածների ավետիսին: Բայց մինչ այդ բանաստեղծը կերտում է իր հոգու վերնատունը` եթերային ապարանքը` ի հեճուկս նյութապաշտ այս միջավայրի:
Խաչիկ Մանուկյան բանաստեղծը տիրապետում է բանաստեղծական վարպետության կանոններին, նաև հանգիտությանը: Նրա պոեզիան լեցուն է գեղարվեստական պատկերավորությամբ` ասես գունազարդ կտավ լինի աչքիդ առջև. բերենք գեղարվեստականության մի քանի օրինակներ, էպիտետ` խայթող հեգնանք, ուլունքաշար կաթիլներ, երազի պոչ, տկլոր կարոտ, արցունքահաս ցնորք, շրխկան բառեր, ջեբկիր քամի, համեմատություն` «Լուսինը` հեգ տնփեսա», «Կյանքն ուզում է`/Պլստա ու փախչի,/Ինչպես վճիտ աչքերով մի աղջիկ», օքսիմորոն` «Աննպատակ է ամեն նպատակ,//Վերջին սկիզբը դու ես լինելու», չափազանցություն` «Եվ մոլորակը գրպանս գցած`//Սուլելով անցնում եմ մաշված ուղեծրով» և այլն:
Գրքում նկատելի են բանաստեղծական տան կիրառության բազմազան ձևեր` 4 տողանի` «Իմ պապենական ու պատմականն ես», 6 տողանի` «Ծերանալու առիթ չեմ ունենա երբեք», 7 տողանի` «Դաշնակահարը», 8 տողանի` «Հիսուս» և այլն:
Խաչիկ Մանուկյանը նախընտրում է ժանրային տարբեր տեսակներ. ժողովածուի մեջ կան ինչպես ավանդական երգեր, այնպես էլ տրիոլետներ` «Դու չգիտես` ով ես», «Տրիոլետ», չափածո նովել` «Անցյալի գզրոցից», «Նա ինձ ասաց, որ ես պիտի փողկապ կրեմ» և այլն:
Հույզերի մաշված սավաններին//Խռմփացնում են բառերը ծեր:
Ծերացած բառերին նոր կյանք է տալիս Խաչիկ Մանուկյան բանաստեղծը` զուգընթաց երկնելով նաև նորաբանություններ` սիրախաղիկ, ամենաորձս, եթերաանձ, եթերապար, հոգեքամ, կենսազարկ, Ոչմիբանը, կրքախորով, ծաղրանքածոր և այլն:
Մանուկյանի բառապաշարում հանդիպում են նաև ժողովրդախոսակցական բառեր, որոնք համ ու հոտ են տալիս նրա պոեզիային` քուչի մոզի, աթար ու ցան, ախպեր, պոչ են խաղացնում, ջանովն էի, պուճուր, մթանը, շակալներ, պոպոզավոր, սարքուսուրք, հավեսով, լկստվում, պլստա և այլն: Սակայն երբեմն` հանդիպում են գռեհկաբանություններ, ինչպես` բոզեր, սիկտիր, որոնք թեև արդարացված են բովանդակային պլանում, սակայն, իմ կարծիքով, չեն պատշաճում Խաչիկ Մանուկյանի` դասականության ճամփան բռնած պոեզիային:
Ամփոփելով, ասենք, որ Խաչիկ Մանուկյանն ազնվացեղ հայ բանաստեղծ է, մեր հայրենիքի անցյալն ու ներկան իր մեջ կրող, լուսավոր հայացքով ապագային նայող բանաստեղծ: Նա մեր երկրի իրական արժեքների պահապանն ու տերն է: Նրա խոսքն ազդու է և համարձակ, զգաստության կոչող և սթափեցնող, ազգային ու համամարդկային բարոյական արժեքներ դավանող: Խաչիկ Մանուկյանը հայոց տոհմիկ բանաստեղծության արժանի ու պատվախնդիր ժառանգորդն է` եթերային իր ապարանքի ազնվական ինքնիշխանը: