Ռոզա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Սուտլիկը
Վաղուց, շատ վաղուց մի փոքրիկ սուտասան կար: Չէ, նա վատ տղա չէր, պարզապես սիրում էր ստեր փչել, նույնիսկ ինքն իրեն երբեք ճիշտը չէր ասում: Հորինել էր այդ սուտլիկը կեղծ աշխարհ, կեղծ մարդկանց, կեղծ բառեր, կեղծ երազներ և ապրում էր այդ կեղծիքի մեջ ու հավատում այդ կեղծիքին: Բավական չէ, որ ինքն էր հավատում, ուզում էր, ուրիշներն էլ հավատան: Ծանոթ-անծանոթի պատմում էր իր գեղեցիկ ստերը: Բայց քանի որ մարդիկ իրենց հոգսերն ու ուրախություններն ունեին, ոչ ոք նրան չէր լսում, բոլորը շտապում էին իրենց հասանելիք երջանկությունն ու վիշտը, ժպիտն ու արցունքը ձեռք գցել, որ հանկարծ ուրիշին բաժին չհասնի: Սուտլիկն իր անհեթեթ հորինվածքներով խլում էր նրանց ժամանակը, բայց ոչ ոք չէր ընդհատում նրան, չէր ասում, այդ ինչեր ես բստրում: Անհամբեր ականջ էին դնում, տեղին-անտեղի գլխով տմբտմբացնում ու արագ-արագ վազում իրենց գործին: Իսկ սուտլիկը շարունակում էր ստել և նորանոր ստեր հորինել:
Բայց ահա մի օր նա հանդիպեց մեկին, որը ուրիշների պես չէր շտապում: Անծանոթի շալակին մի մեծ բեռ կար: Այդ բեռը նա կամովի էր վերցրել իր ուսերին, որովհետև շատ բարի և արդար մարդ էր, գիտեր, որ աշխարհում երջանկություն շատ կա, միայն հարկավոր է գտնել այն ու բաժանել մարդկանց: Եթե չբաժանես, մարդիկ այն կարող են չնկատել, որովհետև շատ են շտապում երջանկության տիրանալ, իսկ փոխարենը ավելորդ հոգս են ձեռք բերում:
Մարդը այստեղից-այնտեղից երջանկություն էր հավաքել բոլորի համար ու երբ շալակն էր առել, որ տանի բաժանի, պարզվել էր, որ դա մի մեծ հոգս է. ոչ կարողանում էր տեղից շարժվել, ո՛չ էլ բեռն էր վար դնում: Եվ ահա, նա կանգնել էր տարակուսած ու չգիտեր, ինչպես վարվի իր բեռի հետ: Երբ սուտասանը հայտնվեց նրա առջև, անծանոթը ուզում էր խորհուրդ հարցնել, բայց սուտլիկը նույնիսկ չթողեց, որ նա բերանը բաց անի և ուրախ-ուրախ սկսեց պատմել իր ամենագեղեցիկ սուտը: Երբ սուտլիկը վերջապես լռեց, անծանոթը ոչինչ չասաց, ուրիշների նման գլուխը չտմբտմբացրեց, ոչ էլ հեռացավ, միայն տխուր նայեց ուղիղ աչքերի մեջ:
Ստախոսը կյանքում առաջին անգամ խղճի խայթ զգաց: Նա ամոթից սփրթնեց, հողի գույն ընդունեց, ուզում էր գետնի տակն անցնել, որպեսզի չերևա, բայց գետինը ծածկված էր խիտ կանաչով ու այդքան հեշտ չէր գետնի տակն անցնելը: Նա որոշեց արդարանալ, բայց յուրաքանչյուր ճշմարիտ խոսքից հետո կարկամում էր ու կակազում, որովհետև սովոր չէր ճշմարտությանը: Ամոթից ականջները կաս-կարմիր էին կտրել ու երկարել: Անծանոթը տխուր նայում էր մեկ սուտլիկին, մեկ իր բեռին ու չգիտեր՝ ինչ անի:
Իսկ սուտլիկը շարժում էր երկարած ականջները և կրկնում.
Ի-ա, ի-ա…
Այդպես աշխարհիս երեսին ավանակ հայտնվեց, մարդու բեռն էլ ևս մեկով ավելացավ:
Սուրեն
ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խնձորենին ու տղան
Փոքրիկ մի տղա
կա մեր բակում,
Ծաղկի է նման
հենց որ ժպտա,
Նրա աճեցրած ծառը ծաղկած
Առաջին անգամ բերք պիտի տա:
Գուրգուրում է իր խնձորենին,
Ինչպես մայրը` իր միակ որդուն,
Կանցնի ամառը, աշուն կիջնի,
Քաղցրահամ միրգը կմտնի տուն:
Տղան նստում է այդ ծառի տակ,
Օրվա դասերն է լուռ սովորում,
Երբ փոքրիկներն են խաղում գնդակ,
Զգուշացնում է` «ծառից հեռո՛ւ».
Ծաղկապատված այդ ուրախ բակում,
Ուր օրն անցնում է այնպես խաղաղ,
Հասակ են առնում, մեկտեղ ծաղկում
Խնձորենին ու փոքրիկ տղան:
Խաղաղության դասը
Հասկավորված դեղին ցորեն,
Հովն է խաղում արտերում.
Փոքրիկները դեղին գույնով
Խաղաղություն են նկարում:
Մի կապուտակ, մաքուր երկինք,
Ու փուչիկներն են պարում.
Փոքրիկները կապույտ գույնով
Խաղաղություն են նկարում:
Կանաչ անտառ, կանաչ հանդեր,
Հոտը փռված է սարում.
Փոքրիկները կանաչ գույնով
Խաղաղություն են նկարում:
Կարմիր արև, ալ մեխակներ,
Ու կակաչներ վառվռուն.
Փոքրիկները կարմիր գույնով
Խաղաղություն են նկարում:
Աղավնիներ ճերմակաթև
Թևածում են ամպերում.
Փոքրիկները ճերմակ գույնով
Խաղաղություն են նկարում:
Խաղաղության դասն սկսվեց.
Մանուկները տետրերում
Ծիածանի պերճ գույներով
Խաղաղություն են նկարում:
Նունե
ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գարնան շնչիկը
Ձմռան վերջն էր: Դրսում ցուրտ էր: Սառը քամի էր փչում: Անցորդները կուչ էին եկել:
Եվ հանկարծ այդ սառը քամու մեջ զգացվեց մի բարալիկ Գարնան Շնչիկ:
– Ես գալի՜ս եմ…- ուրախ-ուրախ բացականչեց Գարնան Շնչիկը:- Բա՜ց արեք ձեր դռներն ու պատուհանները…
Անցորդները զարմացած վեր նայեցին ու ժպտացին.
– Վերջապե՜ս, վերջապես երևաց Գարնան Շնչիկը:
Իսկ Սառնամանիքը զայրացավ.
– Ձայնդ կտրի՛ր, անպիտան, թե չէ ես քեզ ցույց կտամ: Քիթդ կբռնեմ ու կսառեցնեմ:
– Չես կա-րո՜ղ, չես կա-րո՜ղ,- ծիծաղեց Գարնան Շնչիկն ու լեզու ցույց տվեց Սառնամանիքին: Նա գիտեր, որ դա տգեղ է, բայց շատ էր ուզում բարկացրած լինել այդ չար Սառնամանիքին: Ախր, նրա մորուքն այնպե՜ս գզգզված էր: Եվ հետո, իրեն` Գարնան Շնչիկին տեսնելիս այդ Սառնամանիքը այնպես էր զայրանում ու չարանում, որ ուղղակի ծիծաղելի էր դառնում:
– Ես կմտնեմ մարդկանց սրտերի, հոգիների, ժպիտների մեջ, կջերմանամ ու կջերմացնեմ, դու չե՜ս կարող սառեցնել իմ քիթը:
– Ես կսառեցնեմ նաև քո լեզո՛ւն,- ավելի զայրացավ Սառնամանիքը:
Նա վազեց Գարնան Շնչիկի ետևից, ուզեց բռնել, բայց չկարողացավ: Չկարողացավ, որովհետև Գարնան Շնչիկը, իրոք, մտավ մարդկանց սրտերի, հոգիների, ժպիտների մեջ, ջերմացավ, ջերմացրեց: Բարկացած Սառնամանիքն ավելի սաստկացավ, բայց արդեն ուշ էր: Մարդիկ այնպես էին ուրախացել Գարնան Շնչիկով, այնպես էին ջերմացել, որ այլևս Սառնամանիքին չէին էլ նկատում: Սառնամանիքը անզորությունից թուլացավ, ուժասպառ եղավ ու հեռացավ: Մինչդեռ Գարնան Շնչիկը օդի մեջ ցատկոտում էր ու բացականչում.
Ես եկե՜լ եմ, ես ե-կա՜…
Արմեն
ՇԵԿՈՅԱՆ
Շախմատ
Ռոբերտիկը
գոռում է`
շա՜խ:
Վարդանիկը
գոռում է`
մա՜տ:
Եղբայրներն են, և երկուսն էլ
Շատ են սիրում խաղալ շախմատ:
Ռոբերտիկն իր արքան պահեց
Իր գրպանում:
Վարդանիկն իր արքան պահեց
Իր գրպանում:
Այսպես` առանց արքաների,
Երկու եղբայր
Խաղ են անում:
Վարդանիկը գոռում է` մա՜տ:
Զարմանում է Ռոբերտիկը.
– Ախր ի՞նչ մատ, մատ զինվորի՞ն:
Ո՞նց մատ կանես. գրպանիս մեջ
Պահել եմ իմ թագավորին:
Մանկական երկաթուղում
Տու՜-տու՜-տու՜-տու՜,
Չը՛-քը՛, չը՛-քը՛…
Շոգեքարշն է անվերջ սուլում
Զանգվի ձորում:
Իսկ դու գիտե՞ս, որ գույնզգույն
Այս շոգեքարշը վարում են
Քո հասակի երեխաներ,
Ահա նրանց ձայնն է զնգում.
– Ո՞ւր եք գնում,
Նստեք, տանենք:
– Ճամփան քոնն է, գնա ազատ,
Մի՛ աղմկեք, չե՞ք համբերում,-
Սլաքավար Մարիամիկը
Դրոշակն է թափահարում:
– Իսկ ձե՞ր տոմսը,- հարցնում է
Կարմրաթշիկ, ժիր Սուսիկը,
Եվ արևի շողն է լցվում
Նրա այտի նուրբ փոսիկը:
Մեքենավար Վարդանիկը
Շոգեքարշն է պոկում տեղից,
Այդ բարդ գործը այս տարիքում
Տեսնես ինչպե՞ս է սովորել
Կամ ո՞րտեղից:
Այստեղ, այգում հովն է պարում,
Իսկ քաղաքում` այրող շոգը:
Տու՜-տու՜-տու՜-տու՜,
Չը՛-քը՛, չը՛-քը՛…
Մի՞թե ձայնը ձեզ չի կանչում,
Սա ձեր երգն է,
Որ հոսում է Զանգվի ձորում
Ու բոլորին իր մոտ բերում:
Անահիտ
ԹԱՐՅԱՆ
Աքլորը
Մի աքլոր է ու
մի գյուղ.
Կարմիր ասպետ իսկական,
Շրջում է միշտ աներկյուղ,
Անգին հյուրն է ամեն տան…
Հուր է ասես նա շնչում՝
Կուրծքը հպարտ գցած դուրս,
Ծուղրուղուն է զիլ հնչում
Արշալույսից վերջալույս…
Աքլորը մեր փառապանծ
Ունի փայլուն մարտուղի.
Նրանով են հիացած
Հավիկները մեր գյուղի…
Պապ ու թոռ
Ես շատ նման եմ պապիկիս,
Պապս էլ ինձ է շատ նման.
Ես շատ եմ սիրում տատիկիս,
Պապս էլ ինձ պես՝ անսահման…
Լավ ընկերներ ենք պապ ու թոռ,
Մենք շատ ենք սիրում ձմեռը,
Շրջում ենք դրսում, ձյան մեջ խոր,
Մեկ-մեկ էլ՝ ելնում մեծ լեռը…
Սոսկ մի հարցում ենք տարբերվում,
Դա նկատել եմ ոչ վաղուց.
Ես մրսելուց եմ վախենում,
Պապս՝ սայթաքել-ընկնելուց…
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Ծիածանը
Ծիածանը ունի յոթ գույն,
Ուզես՝ յոթն էլ կգան ձեր տուն,
Եթե տան մեջ լինեն ամպեր
Եվ ամպերն էլ՝ անձրևաբեր:
Ո՞վ չի ուզի վառ ծիածան,
Թող ձեր տուն էլ անձրևներ գան:
Կարապը
Ջրի մեջ սահող
Ամեն մի կարապ
Ասես ապրում է
Պարապ-սարապ:
Բայց հավատացեք,
Նա էլ ունի հոգս,
Անձայն փնտրում է
Ցանկալի որս:
Նրան մենք նետենք
Հացի չոր փշրանք,
Գուցե նրա հետ
Ընկերանանք:
Օ՜, այդքան սիրուն,
Մեղմ սահքը նրա
Լավ նվեր է մեզ,
Աստված վկա:
Գարուն
Ձկնկուլներն իջան լիճ,
Լսվեց զվարթ երգ ու ճիչ:
Եվ գյուղացիք հասկացան՝
Եկավ գարուն հերթական:
Առան կարթեր և ուռկան,
Հեռակա լիճը հասան:
Բայց ինչ տեսան՝ լճում ողջ
Ձուկ չկա, կա ձկան պոչ:
Հե՛յ, ձկնկուլ անբաններ,
Ձեր արածը հեչ բան էր:
Զատիկի ձվակռիվը
Երբ գալիս է
Զատիկը,
Ձու է ներկում
Տատիկը:
Եվ ձվերով
Այդ կարմիր
Մենք կռվում ենք
Ուշադիր:
Եվ մատներով
Պինդ բռնած՝
Թոռը զարկեց
Գերազանց:
Շատ է ամուր
Նրա ձուն,
Հարվածներից
Չի ճաքում:
Տղան հաղթեց
Պապիկին,
Ապա՝ հորն ու
Մայրիկին,
Եվ քույրիկին,
Տատիկին,
Նաև Բարբի
Տիկնիկին:
Ով պարտվեց՝
Ձուն կերավ,
Միայն Բարբին
Լուրջ ասավ.
– Շահած տղան
Թող ուտի,
Ձվակռվում
Միշտ հաղթի:
Ով ինչ արժե
Մի շունն արժե
Տասը կատու,
Երբ հսկում է
Պարտեզ ու տուն:
Կատուն արժե
Շուն տասնմեկ,
Երբ բռնում է
Մուկ ու առնետ:
Օգտակար են
Շունն ու կատուն,
Ամեն մեկն իր
Ուրույն տեղում:
Պետք է նրանք
Միայն ջոկեն,
Գործը թողած՝
Բեղ չպոկեն:
Լիպարիտ
ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԿԻՐԸ ՏՈՒՆՆ Է ԲՈԼՈՐԻ
Օդում թռչող
ծիծեռները
Մանուկներ են
ասես,
Որ թևածում, ճախրում են վեր՝
Արարչի հետ անտես:
Կապույտ հեռվից արևը հեզ
Ջերմ փարվում է նրանց
Գուրգուրանքով՝ մայրը ինչպես
Զավակներին իր թանկ:
Օրը տաք է, թիթեռ, բզեզ
Ծաղկանց ծովում լողում,
Ուրախ խայտում, երգով իրենց
Աշխարհն են ներբողում:
Ամեն մեկն իր գործն է անում,
Իր ուժերի չափով,
Իր խնդության բաժինն առնում,
Գնում է իր ճամփով:
Երկիրը տունն է բոլորի՝
Ծաղիկ լինի թե հավք,
Տիեզերքում հեքիաթային
Այս հրաշքը միակ…
Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ
ԾԱՂԿԱԾ
ՄՈԼՈՐԱԿՆԵՐ
Աստղաբույլերը, որոնք ողկուզվել են երկնքում, գեղեցիկ հանգրվանն են այն թագավորության, որ սովորական աչքով անտեսանելի է, բայց երբ երազում ես, մտքով կտեսնես այն ամրոցները, որոնք կառուցել են Կարմիր, Կապույտ և Կանաչ թզուկները:
Կարմիր թզուկը` երկար, բարակ, կարմիր քթով, թագավորում է Կարմիր աստղի վրա, որն առկայծում է հեռուներից ու կարմրահուր լույս տարածում: Ամրոցի պատերի ներսում ապրում են ամենատաք զգացումները, նրանք միմյանց հետ զրուցում են, երգում, պարում և նրանց այդ շփումից կարմիր գույնն է ծնվում և հուրհրատում:
Կանաչ թզուկը` կանաչ կլոր քթով, իր մոլորակում այնքան ծառ է տնկել, և բնակիչներն այնքան կանաչ տնակներ են կառուցել, որ մոլորակը միայն կանաչ է երևում: Մոլորակաբնակներն ամբողջ օրը շրջում են այգիներում և կանաչ, մաքուր երանությամբ լցվում:
Կապույտ թզուկը` կապույտ ծուռումուռ քթով, ապրում է կապույտ մոլորակի վրա: Նա միայն ծաղիկներ է սիրում և իր մոլորակը պատել է մանուշակներով, որոնք բուրում են և նուրբ ու գարնանային զգացումներ տալիս մոլորակի բնակիչներին:
Բայց մի անգամ, փոթորիկ դարձած, եկավ չար կախարդը: Նա քամի ու աղմուկ բերեց իր հետ` խանգարելով թզուկների հանգիստը: Չար կախարդը չէր սիրում, որ երջանիկ էին ապրում: Նա անպայման ուզում էր խանգարել, այդ պատճառով նրան չէին սիրում, և նաև վախենում էին, իսկ կախարդին այդ դուր էր գալիս: Այժմ էլ եկել և թզուկներից ոսկի էր պահանջում: Եթե չտան, նա իր աղմկոտ ու ամեն ինչ քանդող փոթորիկը բաց կթողնի մոլորակների վրա, երաշտ կբերի, իսկ երաշտից կչորանան կանաչ տնկիները, կարմիր վարդերն ու կապույտ մանուշակները:
Կանաչ քիթն ավելի կանաչեց և սկսեց փխրեցնել իր մոլորակի առանց այն էլ շատ փխրուն հողը: Եվ տնկեց նոր կանաչ տնկիներ` ավելացնելով կանաչը:
Կարմիր թզուկը բարկացավ, կարմրատակեց և իր կարմիր քիթը տրորելով գնաց իր կարմիր մոլորակի կարմիր ավազների մեջ գեղեցիկ վարդեր աճեցնելու:
Կապույտ թզուկն այնքան շատ կապույտ մանուշակներ ուներ իր մոլորակում, որ ոտք դնելու տեղ չկար, նայում էր ու թախծում, նայում էր ու թախծում:
Վերջապես թզուկները որոշեցին խորհուրդ հարցնել ծեր մոլորակից: Նրանք շատ էին հարգում այդ մոլորակի տիրոջը, որ դարերի իմացություն ուներ: Ծերուկը նստում էր իր մոլորակի ամենաբարձր կետում, իսկ սպիտակ մորուքը հասնում էր լանջերին:
Եվ ասաց ծերունին.
– Քնար համաստեղության աստղի վրա ապրում է մի աղջիկ, նա սրինգ է նվագում, իսկ աստղիկներն ապրում են նրա դյութիչ երաժշտության ներքո: Ձեզ կօգնի Քնար համաստեղության փերին: Նա կնվագի իր սրինգն ու չար կախարդի չարությունը կոչնչանա:
Թզուկները տխրեցին: Նրանցից ոչ մեկը թևեր չուներ, որ հասներ Քնար համաստեղություն:
– Մենք թևեր չունենք,- միաբերան ասացին թզուկները:
– Բայց դուք ունեք բարի ցանկություններ, իսկ բարի ցանկությունները կկատարվեն ավելի արագ, քան չար մտահղացումները: Ես կարող եմ ձեզ օգնել, իմ մոլորակի աստղաթիռը ձեզ կհասցնի Քնար:
Ուրախացան թզուկները: Տեղավորվեցին աստղաթիռի հարմարավետ նստատեղերին և ճանապարհորդեցին միջմոլորակային տարածության միջով դեպի Քնար: Դժվար չէր գտնել Քնար համաստեղությունը: Այն փայլում էր ու լարերից հնչյուններ էին տարածվում տիեզերքում: Այ այսպես` ճը՜նկ… ճը՜նկ… ճը՜նկ…
Ոսկեհուր փերին նրանց չմերժեց: Նա կարծես գիտեր ու պատրաստ էր օգնելու: Իր դյութիչ սրնգի հնչյունները տարածելով` նա թռավ հասավ Թզուկ համաստեղություն և հեռացրեց չարի ազդեցությունը:
Կախարդը հասկացավ, որ թզուկներն այնքան էլ հիմար չէին և գտան իրեն հաղթելու գաղտնիքը: Նա հեռացավ տիեզերքի խորքեր՝ որոնելու նոր գալակտիկա, որի վրա կկարողանա իշխել:
Տոն հուրհրաց Թզուկների համաստեղության տարածքում: Հրավառություն էր: Փայլատակում էին աստղիկները և պարում Ոսկեհուր փերու երաժշտության ներքո: Տնկիները, վարդերն ու մանուշակները ժպտում էին ու հոտավետ բուրում:
ԾԱՂԿԱԹԱՓ ԱՐԵՎԱԾԱՂԻԿ
Արզուման ԱՅՎԱԶՅԱՆ
Անձրևը կտրվեց: Հիմա արդեն իմ թաց լեզվին են բառերը կաթկթում: Կըթ հա կըթ:
Արևը երկնքում է: Փեթակում՝ եռուզեռ: Մեկնում եմ ձեռքս և բաց թողնում փեթակի դռնակը: Փեթակի դռանը պահակներ են կարգված: Հանդից ծաղիկները կանչում են մեղուներին:
– Եթե մեղու ես, նեկտար ես ուզում, ապա ինձ մոտ արի:
Աշխատավոր մեղուները հանդ են դուրս գալիս, բզզալով անցնում ծաղկից ծաղիկ: Առավել գեղեցիկը, առավել հմայիչը:
Մեղուներից մեկը, երբ աչքը վերև բարձրացրեց, տեսավ հսկայական գլխով հրե ծաղիկը: Իրեն շատ մոտիկ: Եվ գնաց դեպի այն: Արևը չէր, այլ` հրեծաղիկ: Մեղուն շփոթվել էր արևածաղկի մեծությունից: Թևերը բացեց և սկսեց չափումներ անել: Արևածաղիկն անասելի մեծ էր: Մեղուն սկսեց նեկտար հավաքել: Սկզբում ուրախ էր, որ այն միայն իրենն է: Հետո հոգնեց իր մենակությունից: Որոշեց մյուսներին էլ կանչել: Նրանց բզզոցը գալիս էր անլսելի հեռվից:
Մեղվին թվում էր, որ լող էր տալիս արևի կանաչ, դեղին ճաճանչների մեջ: Թափվում էին արևածաղկի ուլունք-ուլունք թերթիկները: Նեկտարով բեռնված՝ մեղուն փեթակ վերադարձավ: Չէր մոռացել, որ այս ամենը պետք է ասի մայր մեղվին: Առուն զգուշությամբ անցավ: Գիտեր, ջուրը աչք է գողանում: Փեթակին պահակ կարգված մեղուները զարմացան, թե ինչպե՞ս է եղել, որ մեղուն չի զգացել տեղացող անձրևը: Եվ քանի որ շատ էր բեռնված, նրան չխանգարեցին:
Հաջորդ օրը մեղուները խմբվեցին և գնացին դեպի արևածաղիկը: Արևածաղկի ուլունք-ուլունք թերթիկները թափվել էին: Մնացել էր միայն սև գլխարկը:
Յուրի
ՍԱՀԱԿՅԱՆ
ԳԱՐՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
Գարնանը սիրուն ծաղիկ է լինում,
Գարնանը անուշ բուրմունք է լինում,
Ուզում ենք մենք էլ ծաղիկներ ցանել,
Իսկ երբ մեծանանք-կտնկենք ծառեր:
Գարնանը նորից արևն է ժպտում,
Իրերն աղմուկով գետակ են վազում,
Թռչուններն ուրախ ճախրում են,
երգում,
Գարուն է, գարուն իմ հայրենիքում:
ՀԱՅԿԻ ԺԱՌԱՆԳԸ
Նա Հայկի ժառանգ ու հայկազուն է,
Նա ո՛չ հերոս է, ո՛չ դյուցազուն է,
Հեռվից, մշուշից հայտնվում, գալիս,
Միշտ էլ նույն հարցն ու
խորհուրդն է տալիս.
– Կանաչ աշխարհ է ու կարմիր արև,
Այս արևի տակ դու ի՞նչ ես արել:
Մի ծառ տնկե՞լ ես,
Մի ծիտ փրկե՞լ ես,
Մի ծուռ շտկե՞լ ես,
Մի սուտ ճշտե՞լ ես…
Մի՛ հուսահատվիր,
ուշ չէ երբեք էլ,
Թե ունես բարի
մտքեր ու ձեռքեր:
Նրա ձայնի մեջ պապերիս ձայնն է,
Նրա հետ, անշուշտ,
ես համաձայն եմ:
Նա շրջվում է լուռ, թողնում ու գնում,
Եվ ինձ հետ նրա հարցերն են մնում.
«Կանաչ աշխարհ է ու կարմիր արև,
Այս արևի տակ դու ի՞նչ ես արել:
Մի դաշտ վարե՞լ ես,
Մի պատ շարե՞լ ես,
Մի ճեղք քարե՞լ ես,
Մի բեռ տարե՞լ ես…
Մի՛ հուսահատվիր, ուշ չէ երբեք էլ,
Թե ունես բարի մտքեր ու ձեռքեր…»:
Ես նրան միշտ էլ մտաբերում եմ,
Ձայնը ընկալում ու տարբերում եմ,
Զգում եմ նույնիսկ առանց տեսնելու,
Գիտեմ, որ միշտ էլ նույնն է ասելու.
«Կանաչ աշխարհ է ու կարմիր արև,
Այս արևի տակ դու ի՞նչ ես արել…»:
ՕՐՈՐՈՑԱՅԻՆ
Լույսը հոգնեց,
Լույսը դանդաղ բարձրացավ երկինք,
Շուտով երկինքը կծաղկի աստղերով հակինթ:
Բարի գիշեր՝ ծլվլացին հավքերը անքեն,
Դու էլ քնիր,
Փոքրիկ իմ լավ,
Գիշեր է արդեն…
Հողմն է քնել,
Հովն է քնել լանջերին սարի,
Քո շատ սիրած հեքիաթներով,
երգերով բարի:
Քեզ է ժպտում երկինքն ի վար քո
աստղը արթուն,
Դու էլ քնիր,
Փոքրիկ իմ լավ,
Գիշեր է արդեն…
Նոր արթնացող թիթեռնիկի
Ճախրի պես թեթև
Երազն է քո պահվել փափուկ ամպերի ետև,
Բարի գիշեր քո երազին, ճախրանք անարգել,
Դու էլ քնիր,
Փոքրիկ իմ լավ,
Գիշեր է արդեն…
Հենրիկ ՍԵՎԱՆ
ԱԳՌԱՎՆ ՈՒ ԹԱԳԸ
Ոնց պատահեց, մայր ագռավին
Ոսկեջրած մի թագ տվին,
Որ ամենից լավին գտնի,
Թագը նրա գլխին դնի:
Անցավ ագռավն այգի ու մարգ,
Տեսավ սոխակ ու սիրամարգ,
Շատ ման եկավ, վերջը բերեց
Թագն իր ճուտի գլխին դրեց:
Կացինը
Չափն անցել էր գիժ կացինը,
Չէր հարցնում ծառն ու ծիլը.
– Ջարդեց, ախպեր, սա մեր ցեղը,
Պետք է պատժել տեղնուտեղը,-
Գանգատվեցին ծառն ու ծիլը,
Մեջտեղ բերին գիժ կացինը:
– Մի՛ գանգատվեք,- ասաց գորտը,-
Ձեզանից է կացնի կոթը:
Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՇՆԵՐԻՆ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ
ՆՈՐ ԱՏԱՄՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ
Չգիտեմ՝ ում ինչքան,
Բայց շներին շա՜տ-շատ
Նոր ատամներ են պետք:
Ախր նրանք անվերջ
Ոսկորներ են կրծում,
Եվ, պարզ է, որ հաճախ
Ատամներ են կորցնում:
Ուրեմն` ամեն շուն,
Կոկորդիլոսի պես,
Կամ պիտի ամեն օր
Նոր ատամներ հանի,
Եվ կամ` մարդկանց նման,
Արհեստական ամուր,
Երկաթի պես ամուր
Ատամնաշար դնի:
ՋՐԱՅԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շուտով արևը դուրս կգա և ծովը կփայլի ճերմակ, ոսկի, կապույտ, կանաչ երանգներով:
Տղան, որի անունը մի քիչ դժվար է արտասանել` Ակսես, դուրս լողաց ջրերի խորքից, դիմավորելու արշալույսը: Նա ժպտաց, և ատամները շողացին ոսկրե սպիտակությամբ: (Դե, նա ամեն օր լվանում է ատամները):
Ձեռքում նա պահում է մի մեծ, վարդագույն խեցի: Ջրից դուրս գալով խեցին հպեց ականջին` լսելու ալիքների երաժշտությունը:
Սիրելի ընթերցող, խնդրում եմ արտասանիր այդ բառը, բարձր՝ ձգելով.
Ե-րա- ժըշ-տու-թյուն…
Ձեզ պետք է պատմեմ, թե ինչու էր տղան տխուր ու թախծոտ:
Նրա ծնողներն ապրում էին մարջանե դղյակում: Քույրերը` Անան, Յանան և Լորանսը, ջրահարսեր էին: Նրանց ծովախոտե վարսերը տարածվում էին ջրի մեջ անսպասելի ձևեր գծելով:
Ծնողները` Նեպտունը և Յունոնան՝ շատ ուրախացան, որ վերջապես տղա ծնվեց: Հետո զարմացան, քանի որ Ակսեսը ծնվեց, ոչ թե հոր նման ոտքերով, այլ՝ մոր և քույրերի նման ձկան պոչով: Դե, սիրելի ընթերցող, բոլորդ լսել եք ջրահարսերի մասին, բայց ի՞նչ ասենք ձկան պոչով տղայի մասին:
Տղան շատ ուրախ թափահարում էր պոչը և մրցում ու հաղթում էր հորը: Չէ՞ որ ձկան լողակները շատ ավելի հարմար են ջուրը ճեղքելու և սահուն լողալու համար:
– Ինչ հրաշալի է աշխարհը,- մտածում էր Ակսեսը` դիտելով մարջանե ծովային թագավորությունը:- Ինչ հրաշալի է աշխարհը,- բացականչում էր` դուրս լողալով ծովի մակերեսը: Նրա աչքերում ցոլցլում էին վաղորդյան կամ մայրամուտի արեգակի ոսկեգույն, կարմրացոլ շողերը: Հեռվում գծագրվում էր մայրցամաքը` իր բարձր լեռներով և կանաչապատ բլուրներով:
Ջրի տակ բնակիչները չէին կարող ձայներ արձակել, նրանք իրար հասկանում էին ժեստերի լեզվով, հայացքներով, ա՛յ, ուրիշ էր ջրից դուրս: Ակսեսը բարձրագոչ գովերգում էր իր քույրիկ ջրահարսերի գեղեցկությունը, իսկ աղջիկները խնդմնդալով Ակսեսին տնազ էին անում, որ բոլորովին նման չէ հայրիկին, այլ իրենց նման փայլուն թեփուկապատ պոչ ունի:
Ակսեսը երջանիկ էր, որովհետև ոչինչ չէր խանգարում նրան լինել երջանիկ: Բայց… (ա՜խ, այդ բայցը): Ես ասել եմ, որ Նեպտունը օվկիանների, ծովերի, ջրերի արքան է:
Նրա ձեռքին եռաժանի կար: Եթե բարկանում է, խփում է ջրերին, և սկսվում է ահեղ փոթորիկը: Իսկ եթե բարձր տրամադրություն է ունենում, իսկ դա հաճախ է լինում, ամուր ժայռերի, քարքարոտ սարերի վրա իջեցնում է իր հզոր եռաժանին, և այնտեղից հոսում են զուլալ քաղցրահամ ջրերը: Եվ հովիտները լցվում են մարդկանց ժպիտ-ծիծաղներով:
Բոլորը փառաբանում են Նեպտունին քաղցրահամ ջրեր ստեղծելու համար: Նեպտունը նստում էր ծովաձիուկներով կառքը և խորանում էր դեպի oվկիանի խորքերը` այնտեղ ևս կարգ ու կանոն հաստատելու: Յունոնա-ծովերի թագուհին հպարտանում էր իր ամուսնու քաջագործություններով: Նրանց մտահոգում էր, թե ինչպես էր իրենց որդին շարունակելու հոր գործը: Չէ՞ որ նա ոտքեր չուներ և չէր կարող քայլել ցամաքով: Չէր կարող ստեղծել գետեր, որոնք կհոսեին դեպի օվկիանը:
Իսկ Ակսեսը կարողանում էր խորանալ ստորջրյա թագավորության ամենախորքերը: Նա ամենագեղեցիկ մարգագետիններից ապարանջաններ էր հայթայթում մոր և քույրերի համար: Իսկ հոր համար կարմիր մարջանների ճյուղերից նոր եռաժանի պատրաստեց: Ամենից առավել Ակսեսին հրապուրում է աստղոտ երկնքի թովչանքը: Տղան ջրի խորքերում տեսնում էր ամենապայծառ աստղերից մի քանիսի թույլ արտացոլանքը: Սղլիկ պոչի մի քանի թափահարումով նա դուրս էր թռչում և սևեռուն հայացքով փորձում էր հաշվել տեսանելի աստղերին: Դուք ուշադիր նայե՞լ եք և արդյոք նկատե՞լ եք, որ աստղերի արձակած լույսերը տարբեր են: Վառ ճերմակ են Հայկ (Օրիոն) համաստեղության երեք աստղերը, որոնք առկայծում են դեղին, մյուսները, անգամ, կարմիր երանգներով: Ակսեսը տեղյակ էր, որ մարդիկ ստեղծել են հզոր աստղադիտակներ և իրական աստղերի թիվը, նրանց, որ հնարավոր չէ տեսնել անզեն աչքով, բազմաբյուր են:
Ես ձեզ չեմ պատմել Նեպտուն արքայի ոսկյա ու ադամանդակուռ մատանու մասին: Այդ մատանին կախարդական ուժ ուներ և Նեպտուն արքան երբեք չէր հանում մատից: Մի օր, երբ արքան ձեռքը վերցրեց հզոր եռաժանին և ցանկացավ լողալ դեպի ցամաքը, ոսկյա մատանին, դիպչելով եռաժանու սուր սայրին, դուրս թռավ և սուզվեց ջրերի խորքը: Արքան հուզվեց, խփեց եռաժանին ջրերին, և նրա հպատակ ծովային բնակիչները խմբերով սուզվեցին խորքերը` գտնելու մատանին: Ակսեսն արագ թափահարում է արծաթափայլ պոչը և խորանում է ջրերի խորքերը: Նա դանդաղորեն լողում էր ջրերի հատակում ծաղկած ծովախոտերի, գունավոր մարջանե ճյուղերի արանքով: Հանկարծ մի պայծառ շող շողշողաց: Ակսեսը, որ միշտ հրապուրվում էր աստղերի շողերի փայլով, մոտ լողաց. և ամենախորքում աճող ծովախոտերի մեջ տեսավ ադամանդակուռ մատանին:
Նեպտուն արքան, թագուհի Յունոնան և քույրիկները շատ ուրախացան պայծառատեսք, գոհարազարդ մատանու վերադարձով: Եվ հպարտացան Ակսես պատանու հմուտ լողով: Եվ ջրերի բոլոր բնակիչները փառաբանում էին Ակսես արքայազնին:
Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԿԸ ԽՓԵՑ ԳԱՅԼԻՆ
Երեք տարեկան Հայկն ինձ հանգիստ չի տալիս.
– Հայրիկ, պատմիր Տիգրան պապիկի ու գայլի մասին:
Արդեն քսան անգամ պատմել եմ, հոգնել եմ, իսկ նա ստիպում է ու ստիպում: Ես նայում եմ փիրուզագույն աչքերին, նրանց մեջ տեսնում ծով խնդրանքն ու աղաչանքը և տեղի տալիս: Պատմում եմ…
Մի անգամ Տիգրան պապն ու ես ոչխարը տանում ենք սար՝ արածեցնելու: Հեռու-հեռու մի ձորում, առվի ափին, երբ ոչխարները նստում են կեսօրվա հանգստի, հանկարծ մի գայլ է հայտնվում: Նա շատ չար աչքեր է ունենում, խոշոր ճանկեր ու սուր-սուր ատամներ: Գայլի մտքինը ոչխար փախցնելն է: Նա գողեգող մոտենում է, բայց Տիգրան պապիկը նկատել է: Գայլը մեկնում է իր սուր ճանկերով թաթը և հսկայական երախը բացում, որ բռնի հանգիստ որոճացող սպիտակ գառանը…
Ես նկատում եմ, որ Հայկը անհանգիստ շարժումներ է անում, մարմնով մեկ լարվում է, թաթիկները սեղմում, բռունցք դարձնում:
– Հենց այդ ժամանակ ես…
– Չէ, դու չէ, ես վերցրի մի քար ու խփեցի գայլի բերանին, սուր ատամները ջարդեցի,- ծղրտոցով մեջ է ընկնում Հայկը:
– Բա Տիգրան պապիկն ի՞նչ էր անում,- հարցնում եմ ես:
– Տիգրան պապիկը մինչև եկավ, գայլը փախավ գնաց իր երկիրը:
– Բա ես ի՞նչ էի անում:
– Դու,- զարմացած աչքերը հառում է ինձ,- դու էնտեղ չէիր:
Էդվարդ ԱՎԱԳՅԱՆ
ԳԱՐՈՒՆԻԿ
Թռար-եկար, արագիլ,
Արագ, ինչպես հեռագիր,
Ու հայտնեցիր ամենքին`
Կապույտ հագած երկնքին,
Կանաչ հագած սարերին,
Խոնավ ու մութ ձորերին,
Թփուտներին գեղեցիկ,
Բարդիներին սլացիկ,
Ծաղիկներին կապուտակ,
Ծաղիկներին սպիտակ,
Որ գալիս է սարերով,
Որ գալիս է ձորերով,
Որ գալիս է օրերով
Կապույտ-կանաչ շորերով
Մի ժպտադեմ աղջնակ,
Մի խնդադեմ աղջնակ,
Որին բոլորն են սիրում
Ու գարունիկ անվանում:
Բարո՜վ եկար, արագիլ,
Արագ, ինչպես հեռագիր,
Ուրախ լուրեր բերեցիր,
Մեր աշխարհում ցրեցիր…
Ո՞Վ Է ԿԵՐԵԼ
Մարին թաքուն բլիթն առավ,
Փախավ բակը, մենակ կերավ,
Բայց պստիկը չնկատեց,
Որ քիթիկը իր յուղոտեց,
Ու քիչ հետո, երբ տուն հասավ,
Մայրը նրան այսպես ասավ.
– Բլիթն ո՞վ է առել, տարել,
Բլիթն ո՞վ է թաքուն կերել:
– Ես չե՛մ կերել,- փիսոն ասաց:
– Ես չե՛մ կերել,- շնիկն ասաց:
Խեղճ տիկնիկը լեզու չուներ,
Թե որ ասեր. «Ես չե՜մ կերել»:
Մարին կանգնեց ուղիղ մոր դեմ.
– Մա, ի՞նչ բլիթ, բան չգիտեմ,
Ես մեն-մենակ, այնտեղ դրսում
Խաղում էի ու վազվզում…
Մայրը նայեց քթին ցցված
Ու ժպտալով այսպես ասաց.
– Մարի, արդեն աղջիկ ես մեծ,
Յուղը ինչպե՞ս քթիդ քսվեց,
Պա՛րզ է, քիթդ է թաքուն տարել
Ու բլիթը անուշ արել:
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
ՕՐԸ ԵՎ ՏԱՐԻ
– Ի՜նչ լավ արիր, որ դու եկար,
Քո գալուստը բարի,
Հարցում արա, պատասխանեմ,
Օ՞րն է մեծ, թե՞ տարին:
– Թե որ լցվեց օրը սիրով,
Տարի արժե, իրավ,
Թե որ եկավ դառնությունով,
Հաշվիր` օրդ կորավ:
Բայց լավն այն է, որ չտրվենք
Տարվա մեծ ու փոքրին,
Մի ծաղկի չափ անվերջ բուրենք,
Թող երկարի տարին:
***
Արջը կերավ շատ սալոր,
Փորիկը ցավեց,
Գնաց, բժիշկ աղվեսից
Խորհուրդ հարցրեց:
Աղվեսն այդ օրն
անտառում
Շատ էր թափառել,
Բայց մնացել էր քաղցած
Պտուղ չէր ճարել:
Նայեց արջին,
Ստուգեց,
Հարց ու փորձ արեց,
Հիվանդության պատճառը
Իսկույն նա պարզեց.
– Ցավը, այո, ճիշտ որ կա,
Տեղին է բռնել,
Նրանից է, որ միրգը
Մենա՜կ է կերել:
Օլգա ԴԱՐՅԱՆ
ՁՆԾԱՂԿԻ
ԽՆԴՐԱՆՔԸ
Ես ձնծաղիկն եմ՝
Գարու՜ն եմ բերել…
Իմ սոխուկները
Ինչու՞ եք քաղել:
Թողեք, որ նրանք
Հողում շատանան՝
Գարունից գարուն
Աչքերը բանան…
Գլխիկս պոկեք
Առանց սոխուկի,
Եթե սիրում եք
Բույրը գարունքի…
Դմիտրի ՍՄԻՌՆՈՎ
ԾԻԱԾԱՆԸ
Ծիածանը հպարտ ու վես,
Ինչ որ ուներ, բաժանեց,
Քաղցր խոսքով, բարի մոր պես,
Շրջապատին ընծայեց:
Պոմիդորին ու խնձորին,
Որպես հանդերձ հիմնական,
Կարմիր գույնը նա նվիրեց,
Առօրյա ու տոնական…
Նարնջագույն, դեղին գույներ`
Բաշխեց ծաղկանց, մրգերի,
Ու ժպտացին արևիկներ`
Թփերին ու ճյուղերին:
Կանաչ գույնը սիրահոժար`
Նա շնորհեց անտառին,
Կանաչ հագան և՛ դաշտավայր,
Ե՛վ սար, բլուր ու այգի…
Անմոռուկին` կապույտ տվեց,
Գետին, լճին` երկնագույն,
Կանաչ-կապույտ համադրեց`
Ինչպես հրաշք-նկարում:
Մանուշակին և սմբուկին`
Օժտեց գույնով նա բոսոր,
Մոր պես բարի ու կաթոգին,
Ապրեց ուրախ, բախտավոր:
Փոխադրեց
Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Սարգիս ԿԱՐԵՅԱՆ
ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
Մի գլխարկ եմ մատիս կրում,
Մի ծակ գլուխ առաջ հրում:
/մատնոց/
***
Օդում հրե մկրատ խաղաց,
Ջրե ծիլեր ձգվեցին ցած:
/կայծակ և անձրև/
***
Սողունից լավ սողում է,
Քեզ պատվաստած ցողուն է:
/ստվերը/
***
Բացուխուփ եմ երբ անում,
Օդին մկրատ է դառնում:
/կտուց, շուրթեր, կոպեր/
***
Բիբերն անցան կոպերով`
Քո հագածը կողպելով:
/ կոճկելը/
***
Կիսով մկրատ, միայն բերան,
Այդ բերանով շրջող իրան:
/քայլելը/
***
– Ջերմությունից է կարմիր իմ գույնը:
– Կուլ տուր ինձ, կուլ տամ քո ջերմությունը:
/դեղահաբ/
ԱՍՈՒՄ Է ԳԵՏԸ
(Հայաստանից հեռացողներին)
– Փախչող ալիք, խելոք մնա,
Ինձ հետ մինչև ծովը գնա,
Մեր շուրջն անենք կանաչ պարտեզ,
Դու ինձ ուժ տուր, ես ուժ տամ քեզ:
Ցերեկները՝ արև-մայրիկ,
Գիշերները՝ լուսին-հայրիկ:
Կլինենք մենք միշտ իրար հետ,
Դու մի նավորդ, ես` նավապետ: