ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆՄարտի 18-ին կյանքից հեռացավ արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաերկարամյա աշխատակից Վանիկ Սանթրյանը:
Վանիկ Ալեքսանի Սանթրյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 16-ին, Թաղավարդ գյուղում (Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1957-1962 թվականներին որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Վերջին տարիներին աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ավելի քան 36 գրքի հեղինակ է: Արձակագիրը իր կյանքի ընթացքում գրել է մի շարք երկեր, որոնցից են՝ «Փառքի ճանապարհին» (1969 թ.), «Երգի ճամփաներին» (1973 թ.), «Լեգենդը կոչվում է Կամո» (1982 թ.), «Մաշտոցի որդիները» (1985 թ.), «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (1999 թ.), «Վարք երեք սրբերի» (2002 թ.), «Լեռների որդու դիմանկարը» (2005 թ.) և այլն: Իր գործունեության ընթացքում ստացել է մի շարք պարգևներ՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնության և գնահատաց գիր, ՀՀ վարչապետի շնորհակալագիր, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀԳՄ գրական վաստակի համար մեդալ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ոսկե հուշամեդալ, Հայաստանի ժուռնալիստների միության 2 մրցանակ: 2010 թվականին ստացել է նաև ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում:

———————————————-
ՑԱՎԱԼԻ ԿՈՐՈՒՍՏ

Վանիկ Սանթրյանը մեր գրական աշխարհում շատ սիրելի մարդ էր, գրող, լրագրող: Գրքեր էր հրատարակում, պատմվածքներ: Նրա հումորով առլեցուն էությունն արտահայտվում էր նաև իր երգիծական քառատողերում: Ուշադրության են արժանի Վանիկի նկարչական աշխատանքները:
Նրա գեղեցիկ, մարդկային էությունն իր շուրջն էր համախմբում գրողների, նկարիչների: Ծաղկաձորի գրողների հանգստյան տանը բազմիցս հրավիրում էր նկարիչների, որտեղ նրանք ստեղծագործել են, իսկ նկարները նվիրել ստեղծագործական տանը: Վերջին տարիներին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում Սանթրյանը բազմաթիվ լրատվական նյութեր էր պատրաստում մեր միության աշխատանքների, գրողների և արվեստի աշխատողների մասին: Մեծ ավանդ ունի Վանիկ Սանթրյանը, ցավալի է նրա կորուստը:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։