Կյանքի 88-րդ տարում մահկանացուն կնքեց ճանաչված արձակագիր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1985 թ.-ից ՀԳՄ անդամ Էլդա Գրինը:
Էլդա Գրինը ծնվել է 1928 թ. մարտի 10-ին, Թբիլիսիում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը, այնուհետև` Մոսկվայի օտար լեզուների ասպիրանտուրան: 1955 թ.-ից հոգեբանություն է դասավանդել ԵՊՀ-ում: ՀՀ դատական փորձագետ-հոգեբանն էր:
Էլդա Գրինի պատմվածքները պարբերաբար տպագրվել են մոսկովյան և հայկական մամուլում, թարգմանվել ճապոներեն, լեհերեն, չեխերեն և այլ լեզուներով: Հեղինակ է 14 գրքի, այդ թվում՝ «Ուզում ենք գեղեցիկ ապրել» (1992), «Երազների տիեզերք» (2004), «Ձեռքեր» (2010), «Նատյուրմորտ սև ֆոնի վրա» (2011) և այլն:
Էլդա Գրինը արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» և ԵՊՀ Ոսկե մեդալների:
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Երբ նա լսարան էր մտնում…»
Դոստոևսկու միտքն է. «Գեղեցիկը կփրկի աշխարհը…»:
Գուցե այդպես լիներ, եթե… Հնօրյա պատմությունն է վկայում՝ անհերքելի ու անդավաճան. «Միհրդատ թագավորից՝ Արշակ թագավորին ողջույն…»: Սա հայտնի Միհրդատ Եվպատորն է (Պոնտացին). «Արդ հռոմեացիների՝ բոլոր ազգերի, ժողովուրդների, թագավորների հետ պատերազմելու միակ և վաղեմի պատճառը իշխանության ու հարստության անհագ ձգտումն է»:
2000 տարվա հնությունից եկող իշխանության և հարստության անմեռ այս ձգտումը այսօր էլ քանդում է աշխարհը նորօրյա կայսրությունների ձեռքով՝ անունը ի՜նչ էլ որ դրվի…
Դրա համար էլ, 21-րդ դարի սկզբին ինչ ջանք ու ճիգով մերօրյա իշխողները ձգտում են աղճատել, արժեզրկել, սրբապղծել Նորին մեծություն գեղեցիկը. է՛լ սոդոմական մեղքով ու արյունապղծությամբ, անգամ մանկապղծությամբ և սեռափոխությամբ, և մնացյալ այլանդակություններով… կորցնելու, անդարձ թաղելու համար գեղեցիկի փրկարար զորությունը: Ավաղ, դա մասամբ հաջողվում է թմրադեղերից վատթարագույնի՝ փողի միջոցով:
Հիրավի գեղեցիկ էր (բառիս խորքային իմաստով) Երևանի պետական համալսարանում 60-ականների մեր սերնդին գիտելիքներով զինելու կոչված դասախոսական կազմը՝ Գևորգ Ջահուկյան, Էդվարդ Աղայան, Ռաֆայել Իշխանյան, Վազգեն Գևորգյան, Հրանտ Թամրազյան, Էդվարդ Ջրբաշյան, Մանվել Ասատրյան, Հովհաննես Բարսեղյան, Հրաչյա Միրզոյան, և էլի շատ անունների թվում՝ Էլդա Գրինը՝ հոգեբանության մեր դասախոսը:
Բնությունը տիկին Էլդային օժտել էր ինքնատիպ գեղեցիկ արտաքինով, հիրավի բալզակյան գրչին արժանի, իսկ ինքը կարողացել էր արտաքին գեղեցկությունը բազմապատկել ներքին խորունկ հոգեկան լույսով ու գիտելիքներով: Նկատելի էր, որ տիկին Էլդան (Էլդա Աշոտովնան) սիրահարված էր իր մասնագիտությանը և ապրում էր նրանով: Մինչ այսօր ականջումս է տիկին Էլդայի դասախոսությունը՝ տեսողությունից և լսողությունից զրկված Օլգա Սկորոխոդովայի սխրանքի մասին՝ հաղթահարելու բնության անարդարությունը:
Էլդա Գրինի գրչին են պատկանում նաև ինքնատիպ գրական ստեղծագործություններ, պատմվածքներ, որոնք նվաճել են ընթերցողին: Բայց դա արդեն առանձին խոսակցության նյութ է:
Տիկին Էլդան իմաստավորում էր իր գեղեցկությունը նախանձելի զուսպ պահվածքով և իմաստուն համբերությամբ: Հենց՝ իմաստուն: Առարկան այնպիսին էր, որ բուռն սեմինարներ էինք ունենում. չէ՞ որ Շիրազի բնորոշած՝ «Մահ՝ չգիտեմ, կա՞, թե՞ չկա» տարիքում էինք:
Երբ նա լսարան էր մտնում, լույսը շատանում էր…
Շնորհակալություն, տիկին Էլդա Գրին, Գեղեցկության և Լույսի, նաև՝ համբերության դասերի համար:
Անահիտ ՊԱՐՍԱՄՅԱՆ
ԵՍ ԱՅԳԻ ՈՒՆԵԻ
Էլդա ԳՐԻՆ
Ես մի այգի ունեի` մեծ, ինչպես զբոսայգին: Գարնանն այնտեղ յասաման էր ծաղկում: Թմբերի գույնզգույն ծաղիկները ժպտում էին արևին, քամին քշում տանում էր բարդիների աղվափետրուկները, և կարուսելի ճռռոցը միախառնվում էր երեխաների ծիծաղին: Բայց երբ առավոտյան` ժամը հինգին մոտ, այգի էի մտնում, դեռ մութ էր ու առեղծվածային: Սլացիկ ու փարթամ խիտ ծառերը առանձնացնում էին այգին փողոցից, իսկ ծառերի մեջ նույնիսկ ամենաթունդ սառնամանիքին տաք էր լինում: Ծառն ինձ համար պահպանում էր ջերմություն:
Ես այսօր էլ ապրում եմ նույն չորսհարկանի շենքում, որը այգու մոտ է, պետք է ընդամենը փողոցը հատել: Սակայն առօրյա թոհուբոհի մեջ այգին մոռացության էի տվել: Ու վերջերս անսպասելի տեղեկացա, որ երբեմնի իմը համարած այգին վերափոխել են:
Որոշեցի այգի գնալ: Իջա փողոց, անցա դիմացի մայթը, շրջանցեցի լուսանկարչատունը և հայտնվեցի այն տարածքում, որը ժամանակին անվանում էի «իմ այգի»: Մինչդեռ այն, որպես այդպիսին, արդեն գոյություն չուներ: Հազվագյուտ տեսակի ծառերը, որ զարդարում էին այգին, այլևս չկային: Անհետացել էին նաև յասամանները, ծաղկաթմբերը, կարուսելը: Միայն տարբեր չափերի քարեր կային և երկու-երեք բարակ առվակներ, որոնցում քարերն ավելի շատ էին, քան ջուրը:
– Սա՞ է մոդեռն ոճը,- զարմացա ու նստեցի փիրուզագույն նստարանին: Քիչ անց ինձ մոտեցավ ութ-ինը տարեկան մի մանչուկ: Երկու-երեք րոպե լուռ մնաց, հետո հարցրեց.
– Ձեզ մոտ դեպրեսիա՞ է:
Զարմացա, որ երեխան բժշկական տերմին օգտագործեց:
– Ո՛չ,- պատասխանեցի,- ուղղակի թախծում եմ:
– Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց տղան:
Աշխատեցի հնարավորինս բացատրել:
– Երեկ ինձ մոտ էյֆորիա էր,- ասաց տղան:
– Այսի՞նքն,- հարցրեցի ես:
– Դե, ռոբոտներ ցույց տալու ընթացքում այնքան ուժեղ ծիծաղեցի…
Տղան ծռմռեց դեմքը, կրճտացրեց ատամները և սկսեց ջղաձիգ շարժումներ անել` իսկապես հիշեցնելով ռոբոտին:
Հենց այդ պահին նրան ձայն տվեց մի տարեց տղամարդ:
– Պապիկն է,- սթափվեց տղան, վազելով մոտեցավ նրան, և երկուսով հեռացան:
Իսկ քիչ անց կողքիս նստեց քսանչորս-քսանհինգ տարեկան մի աղջիկ` ծաղկավոր ճմրթված շորով ու մաշված հողաթափերով: Ինձնից մի քիչ փող խնդրեց: Աղջկա դեմքը հաճելի էր, բայց շփոթված ու լարված:
– Ես ձեզ կվերադարձնեմ,- ասաց ու երերուն քայլերով հեռացավ:
Դիմացիս նստարանն զբաղեցրին տասներկու-տասներեք տարեկան մի քանի տղաներ և պայուսակները մի կողմ գցած` սկսեցին հետները բերած շշերից գարեջուր խմել:
Ես վեր կացա տեղիցս, դուրս եկա քարե այգուց, անցա փողոցը և հայտնվեցի մեր բակում:
– Աշխատանքի՞ց եք վերադառնում,- իր պատշգամբից ձայն տվեց հարևանուհիս:
– Ո՛չ,- ասացի,- պարզապես այցելել էի այն այգին, որ ժամանակին իմն էի համարում:
– Եվ ի՞նչ,- հարցրեց հարևանուհիս:
– Ոչ մի լավ բան… միայն քարեր, ութ-ինը տարեկան մանուկներ, որոնք չգիտեն, թե թախիծն ինչ է, բայց խոսում են դեպրեսիայի, էյֆորիայի մասին և շարժվում են ռոբոտների պես, տասներկու-տասներեք տարեկան տղաներ` ջրի փոխարեն գարեջուր են խմում, ջահել աղջիկներն էլ փող են մուրում:
– Իսկ ի՞նչ եք ուզում,- ասաց հարևանուհիս,- եթե աշխարհը միշտ դեպի լավը փոխվեր, երկիրը վաղուց վերածված կլիներ դրախտի:
Ես հրաժեշտ տվի հարևանուհուս, մտա մեր մուտքը, բացեցի բնակարանիս դուռը և հենց միջանցքում ընկա բազմոցին: Պատից կախված հայելին արտացոլեց հոգնած մի դեմք, նույնքան անճանաչելի, որքան և այգին, որը ժամանակին ես համարում էի իմը…
«Օրերի» գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի զրույցը Էլդա Գրինի հետ
– Տիկին Էլդա, Դուք երկար ճանապարհ եք անցել՝ իբրև հոգեբան և արձակագիր: Ինչպե՞ս եք ինքներդ գնահատում Ձեր անցած ուղին:
– Բանն այն է, որ ես մի կողմից լուրջ եմ ընդունել, որ գրում եմ, միևնույն ժամանակ ինձ թվում էր՝ ամեն ինչ կատարվում է ինքնաբուխ, և ես կարողանում էի մի փոքր ժամանակ հատկացնել իմ ստեղծագործությանը: Ես ունեցել և դաստիարակել եմ չորս երեխա, որոնց շատ էի սիրում, միաժամանակ աշխատում էի և, իբրև հոգեբան, նվիրված էի իմ գործին ու միշտ կատակով ասում էի, որ աշխատում եմ երկու ամանների արանքում: Այսինքն՝ գործի հետ մեկտեղ հանկարծ իմ մեջ ինչ-որ բան արթնանում էր, և ես գրում էի: Ստեղծագործական պահերը լինում էին բոլորից աննկատ: Ամեն մարդ ունի իր դրական ու բացասական կողմերը, և կյանքում չի եղել, որ հյուր գար տուն, և ես ասեի՝ զբաղված եմ ինչ-որ գրական երկ գրելով, և հյուր չընդունեի: Միշտ ժպիտով եմ ընդունում: Երբեք ոչ ոք չի զգացել, թե ինչպես եմ գրում: Դրա համար է միգուցե, որ ես չեմ կարողացել գրել վեպեր, այլ գրել եմ փոքրիկ պատմվածքներ, որովհետև ժամանակս սուղ է եղել: Ես գրում էի արագ, կարճ և հետո չէի էլ խմբագրում, որովհետև ժամանակ չունեի: Մյուս կողմից, դեռ փոքր հասակից հայրս ինձ ներշնչել էր, որ ես գրող եմ: Կար մի հոյակապ ամերիկացի հոգեբան՝ Էրիկ Բեռն, որն ասում էր, թե ամեն մարդ ունի տարբեր բախտ, որ դա կախված է նաև նրանից, թե փոքր ժամանակ ծնողները նրանց համար ինչ կյանքի սցենար են ստեղծել, երբեմն՝ նույնիսկ չգիտակցված: Հայրս որոշել էր, որ ես գրող կդառնամ, քանի որ փոքր հասակից բանաստեղծություններ էի գրում: Դրանք միամիտ բանաստեղծություններ էին, բայց բոլորին դուր էին գալիս: Երբ Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում պառկած էի, իմ «Երեք ճանճ» բանաստեղծությունը շրջանակի մեջ էին դրել և փակցրել պատից: Ու ես արդեն ինձ պատկերացնում էի գրող: Սակայն այդ վիճակը կարճ տևեց, քանի որ 1937-ին Մոսկվայում հորս ձերբակալեցին՝ իբրև ժողովրդի թշնամի, և մենք տեղափոխվեցինք Երևան…
…………………….
– Ձեր գրականության մեջ ո՞ր կնոջ կերպարն է գերիշխում՝ իդեալակա՞ն, թե՞…
– Իդեալական՝ այդքան չէ: Ուղղակի կան մի քանի պատմվածքներ, որոնցում տալիս եմ, որ կա ուժեղ սեր, որը չի անցնում: Օրինակ, «Պարուրակ» պատմվածքի հերոսուհին կորցնում է ամուսնուն և դրանից հետո դառնում է անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Հիմնականում ինձ հուզում է ժամանակակից կինը, եթե դա կենսագրական տարրեր չունի, ու եթե չեմ գալիս հնուց: Դա կախված է, թե տվյալ պահին ի՞նչն է ինձ հուզում:
(Հատված)
2009 թ.