Թվում է, թե նախընտրական ցայտնոտների թեմայով ամեն ինչ ասվել է, ամեն ինչ պարզ է ու հասկանալի: Թվում է՝ ամեն ինչ ոնց կար, այնպես էլ շարունակվելու է, ոչինչ չի փոխվելու, էս ծուռ աշխարհը ոնց եկել, այնպես էլ գնում է, էլ ի՞նչ խոսենք: Խոսենք-չխոսենք, ամեն մեկն իր էշն է քշելու: Եվ այսպես, բոլորը դժգոհ են, բոլորն ըմբոստ են ներկայանում, բոլորը միայն իրենց են ընտրվելի, միայն իրենց են ճիշտ ու արդար տեսնում… Ընտրող թե ընտրվող, բոլորը մեր երկրում գիտեն ճիշտ ուղին, բայց անվերջանալիորեն ձգվող մեր չարքաշ ճամփին այդպես էլ սայլը տեղից չի շարժվում: Եվ չի շարժվի, առջևում փռված ճամփաներից ոչ մեկն էլ չենք ընտրի և ոչ մի ուղի էլ չենք ունենա, քանի դեռ մեր եսապաշտությունը կործանում է մեզ, կողոպտում մինչև տակը, թուլացնում բարոյապես և ավելի ու ավելի հեռացնում առաջ գնալուց, զարգանալուց, ուժեղանալուց:
Մենք արիաբար մարտնչելու հզորություն ունենք, որ շատերը չունեն ու ձեռք են բերում տքնանքով: Ցավոք, մենք էլ բնատուր շնորհն ունենք, տքնելու ձգտումը չունենք, մինչդեռ եթե մեր աստվածաշնորհ տաղանդին գումարվի մի քիչ նպատակամղված աշխատանք, ուղղակի աշխատանք, ոչ թե նշում, թե գործ ենք արել, շատ բան կփոխվի, ձեռքբերումներ կլինեն, նորմալ տնտեսություն կունենանք ու կհզորանանք: Այսքան պարզ է, բայց և անհավանական… Ինչպես Նարեկացին կասեր` «Անհասանելի հեռավոր և անընդմիջելի մերձավոր»: Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Եվ այստեղ հուսահատության ճիչն է գլուխ բարձրացնում ու ժողովրդական ձևակերպում ստանում` «Որտեղ բարակ է, թող այնտեղ էլ կտրվի»: Ցավալի է, բայց իրողություն: Այսպես դեմ ենք առնում մի պատի, որին զարկվելը միայն մեր ողնաշարն է կոտրում և ազգը հյուծում: Ահա և վերջ:
Իհարկե, ճշմարտությունը մախաթ է, որ պարկում չի մնում: Իսկ մերօրյա ճշմարտությունն այն է, որ յուրայինի անսրտացավությունն օտարի շահադիտականությունից վատ է: Գաղտնիք չէ, որ օտարը չի օժանդակել ու չի օժանդակելու, որովհետև բարեկամությունը՝ բարեկամություն, բայց բարեկամության անվան տակ, բնազդաբար թե մտածված, առաջին հերթին ճնշում ու շահագործում են միմյանց, ուստի՝ օտարը ինչքան էլ բարեկամություն ուզենա անել, նույնիսկ եթե բարեկամ-բարեկամ չխաղա ու անկեղծ լինի, ամեն գոյաձև ինքն է իր ինքնությունը ձևողն ու կարողը, պետք եղած տեղը` նաև կարկատողը: Ոչ ոք ուրիշի կարիքները չի հոգում: Իսկ ինքնություն մեզ է պետք: Իսկ ոչ սրտացավ յուրայինը ինքնություն ու ինքնիշխանություն հասկանում է միայն անձնականի ծիրում և լավագույն դեպքում հոգում է միայն սեփական կարիքները, իսկ մաքրելը թողնում ուրիշներին` գործի դնելով ջունգլիի օրենքներ:
Մարդկանց ուղեղն արդեն խաթարված է: «Ով շատ տա, նրան էլ կընտրեմ» մտայնությունն ընտրակաշառքից առաջ է վազում: Այսինքն` ի՛նչ ընտրության մասին կարող է խոսք լինել: Ո՛չ մի: Այո՛, ոչ մի նոր բան: Վաղուց է դամոկլյան սուր կախվել և արդեն դանդաղ իջնում է գլխներիս. դրությունը սահմանում դարձյալ սրվում է, խաղաղության քաղաքականացված կոչերն ամենաշինծուն են հնչում, և էլի բոլորս սպասում ենք պատերազմի…
Բայց չէ՞ որ աշխարհի կործանումն էլ նոր բան չէ. աշխարհի վերջը ջրով թե հրով գա, Նոյի պատմությունը որերորդը և ումից վերցրած լինի, կրկնվի թե չէ, ամեն ինչ, ի վերջո, Աստծու ձեռքում է: Արարիչը, հավանաբար, անմաքուրն է վերացնում: Ու թե անմաքուրն է վերացնում, ուրեմն անարդար դղյակներն ու բերդերը, վաղ թե ուշ, դարձյալ հողին կհավասարեցնի, ու էլի միայն որոշ տաճարատեղեր ու եկեղեցիներ կմնան: Մեզնից հետո եկող սերունդներն էլ կզարմանան, կասեն` «Ա՛յ մարդ, էս հայերի ճարտարապետական քանքարը միայն եկեղեցինե՞ր է կառուցել, ինչո՞ւ մոտակա հարյուրամյակներից մնացած ուրիշ շինություններ չկան: Դե չե՛ն եղել, էլի՛, որ չկան»: Մեր ձեռքով քանդված հին շենքերի մասին մենք կարգին չգիտենք, ուր մնաց եկողները իմանան: Իսկ պատմության խոսուն վկա գերեզմաննե՞րը… Որ ամենադիմացկունն են և ոչ հեռավոր ապագայում ծածկելու են հայոց բնակավայրերն ու, հնարավոր է, միակ վկաները մնան գետնի երեսին: Ի՛նչ ընտրության կամ ընտրությունների մասին խոսենք: Միշտ էլ հնագետները գերեզմաններ պեղելով են հայտնել պատմական ժամանակաշրջանների և հասարակարգերի, հարուստների ու աղքատների, մարդկանց հարաբերությունների ու կենցաղի մասին: Հնում ծառաները իրենց տերերի հետ գերեզման էին մտնում, հիմա էլ երևի նույնն է լինելու: Թե չէ քրիստոնեությունը որ ասում է, թե գերեզմանները բացվելու են, հո նկատի չունի՞, որ մեռելները ֆիզիկապես են ելնելու քայլեն, նկատի ունի, որ իրական են դուրս գալու իրենց գերեզմաններից` հանուն մաքրման սուրբ գործի ու արդարության հաստատման… Ասածս այն է, հարգելի՛ ընտրողներ և ընտրվողներ, աշխարհում մեռնել կա, ու բոլորս մահկանացու ենք, բայց և երկրագնդի բոլոր մրցավազքերում արդար խիղճն է անմահ և լավ ու բարի գործերն են երկարացնում մահկանացուի աշխարհիկ կյանքը: Ուզո՞ւմ եք երկար ապրել ու վայելել, ընտրություններին մաքուր խղճով գնացեք, արդար եղեք, բարակող տեղ է, մի՛ սղոցեք, արդեն կկտրվի: