Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, իբր, երկրում առկա բոլոր խնդիրների աղբյուրը Թուրքիայի հանդեպ օտարների նախանձն է: «Բոլորը նախանձում են, նախանձից խելագարվում, ասում են, թե՝ ինչպե՞ս, կամուրջ եք կառուցում», հա՞, աշխարհի ամենմեծ օդանավակայանն եք ուզում կառուցել, հա՞, տես, դոլարի գինը կբարձրացնեմ, արտարժույթը կբարձրացնեմ: Ինչ ուզում եք արեք, թուրք ժողովուրդը վեր կկենա ու կխեղդի ձեզ»: Մտածել, որ կամրջի և օդանավակայանի կառուցումը կարող է ինչ-որ մեկին հունից հանել, երբ աշխարհում ամեն օր տասնյակ կամուրջներ ու օդանավակայաններ են շահագործվում, անգամ մանկամիտի բարբաջանք չես համարի: Երկրի ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության բացթողումները օտարի նախանձով պայմանավորելը հատկանշական է միայն Էրդողանի անտրամաբանական տրամաբանությանը: Էրդողանն այն աստիճանի է իրականության զգացողությունը կորցրել, որ չի զլանում նույնիսկ դաշնակիցների ուղղությամբ քարեր շպրտել: Մասնավորապես Բեռլինի ու Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակից Դենիզ Յուջելի կալանավորումից հետո, ինչը Անգելա Մերկելը անվանել է հիասթափեցնող՝ թուրքական իշխանություններին հորդորելով լրագրողին ազատ արձակել: Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ ավելի կոշտ քննադատության են ենթարկել Թուրքիային՝ պահանջելով վերանայել խոսքի ազատության ու մամուլի ներկայացուցիչների հանդեպ կիրառվող ճնշումների հարցերը: Սակայն թուրքերը՝ իրենց դիվանագիտության պոռոտախոսությանը հավատարիմ, միշտ էլ աշխարհը դիտարկել են միայն իրենց «հզորության» ցնորքի կեղտոտ ապակիների միջով: Չաուշօղլին ոչ միայն արհամարհել է բողոքները, այլև հոխորտացել է. «Եթե Գերմանիան ցանկանում է պահպանել Թուրքիայի հետ իր հարաբերությունները, նա պետք է սովորի իրեն ճիշտ պահել», ապա՝ «Թուրքիան այս ամենն անպատասխան չի թողնի»: Էրդողանի վերաբերմունքն ավելի անտակտ է՝ թուրքական համայնքի հետ թուրք նախարարների հանդիպումների չեղարկման առիթով Գերմանիայի վարքագիծը համեմատելով նացիստների ու Հիտլերի հետ: Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ «ընդհանրապես ոչ մի արդարացում» չի տեսնում նացիզմի մասին Թուրքիայի նախագահի խոսքերի համար: «Էրդողանի խոսքերն արժեզրկում են այն մարդկանց տառապանքների անհատակ անդունդը, ովքեր դարձել են մարդկության դեմ նացիզմի հանցագործությունների զոհը»,- հայտարարել է նա: Սակայն վայրահաչությունը Թուրքիայի քաղաքականության հիմնական մեխն է, որով յուրաքանչյուր կոնֆլիկտի դեպքում Թուրքիան փորձում է իր դիրքերն «ամրացնել»: Ուրֆայից պատգամավոր ընտրված Օսման Բայդեմիրը խորհուրդ է տվել Գերմանիային նացիստ անվանելուց առաջ նախ սեփական արարքներին առերեսվել: «Այս երկրում իրականացված անօրինությունների ցուցակը եթե կազմվի, Արդարադատության նախարարի հասակից երկար կլինի»,- ասել է նա: Թուրքական «Բիրգյուն» պարբերականն էլ արձանագրել է, որ ավելի շատ Թուրքիան է նացիստների ու Հիտլերի պես վարվում, քան Գերմանիան: Սակայն Էրդողանի համար անհասանելի է ինքնաքննադատությունը, և դժվար է փաստել, որ երևիցե հասանելի կդառնա: Բռնապետն իր գործողություններով վաղուց է հատել և հատում հիտլերիզմի և ֆաշիզմի սահմանը: Այս ֆոնին առնվազն միամիտ է Չաուշօղլիի զարմանքը, երբ հայտարարում է, որ բազմաթիվ գերմանացի քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ թշնամական ու դաժան են տրամադրված Թուրքիայի հանդեպ: Իրականում հակաթուրքական տրամադրություններն իշխում են ոչ միայն Գերմանիայում: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի իշխանությունները դիմել են դաշնային կառավարությանը՝ խնդրելով չեղարկել Չաուշօղլիի այցը: Նիդեռլանդների կառավարությունը նույնպես դեմ է հանդես եկել Ռոտերդամում Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի աջակցության հանրահավաք անցկացնելուն, որին Չաուշօղլին ևս պիտի մասնակցեր: Սրվել են թուրք-հունական հարաբերությունները: Թուրքիայի և Հունաստանի ռազմական նավերն Էգեյան ծովում հայտնվել են վտանգավոր հեռավորության վրա, ավելացել են թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից երկրի օդային տարածքի խախտումները, ինչի կապակցությամբ Վաշինգտոնը կոչ է արել Թուրքիային մեղմել իր դիրքորոշումն ու Էգեյան ծովում թուլացնել ակտիվությունը: Թուրքիայի հարաբերությունները լարված են Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի հետ, հաճախակի մեղադրանքներ են հնչում ԱՄՆ-ի հասցեին: Թուրք սյունակագիր Գյուլթեկինը, խոսելով իշխանական ներկայացուցիչների հռետորաբանության մասին, նկատել է, որ Էրդողանի քարոզչությունը հիշեցնում է, որ Թուրքիան և իր հասարակությունը գաղափարական ու գիտակցական մակարդակի առումով մի քանի դար հետ են գնում, երբ հասարակական կարևոր խնդիրները փորձում են լուծել ոչ թե անկախ արդարադատական մարմինների, այլ ամբողջ իշխանությունն իրենց ձեռքի տակ առած անհատների կողմից հասարակական մեծամասնությանը ճնշելու միջոցով: Նախանձի շղարշը Էրդողանի հերթական անհաջող բլեֆն է, որի ազդեցությունը սահմանափակվում է իշխող կուսակցության միջավայրում միայն: Շախմատում ցուգցվանգ կոչվող դրություն կա, երբ յուրաքանչյուր գործողություն, միևնույն է, իրավիճակի սրացման է տանում: Թուրքիան այս պահին հենց այդ վիճակում է:
Կարդալ նաեւ․․․
ՀՌԻՓՍԻՄԷ / ԱՐՑԱԽԸ ԿՄՆԱ ՉՄՈԽՐԱՑՈՂ ԿՐԱԿ
Չեմ ուզում խոսել ներկա քաղաքական փոթորիկներից, երբ մեր նավերը անապատը…
ՀԱՅՈ՞Ց, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սքանչելի է Փիշանգի՝ քարավանի առաջնորդ ջորու կերպարը (Րաֆֆի, «Կայծեր»). «Նայելով…
ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ / Սամվել Կոսյան
Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտահերթ գագաթնաժողովում Ալիևի ելույթը հիմնականում…