Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Գրականագետ

Հայ ժողովուրդը դարեր շարունակ կապված է եղել հայ գրքի հետ: Երբ պետականություն չենք ունեցել, շատ հաճախ գրքերը տպագրվել են հայկական մշակութային օջախներում` Թիֆլիսում, Բաքվում, Մոսկվայում, Վենետիկում, նույնիսկ Կալկաթայում և Մադրասում: Իսկ գրողի համար առավել ևս գիրքը կենարար ակունք է, որովհետև եթե չտպագրվի գիրքը, չի կայանա և գրողը:
Վերջին տասնամյակում Հայաստանում նվազել է հրատարակվող գրքերի թիվը: Գիրքը պետք է անպայման հովանավորվի պետության կողմից, որովհետև այն շատ զորեղ զենք է: Չէ՞ որ յուրաքանչյուր նոր գաղափար կյանք է մտնում տպագրված բառի, տպագրված գրքի միջոցով: Համահայկական գրական հիմնադրամը ստեղծված է նպաստելու մեր գրողների գրքերի տպագրությանը, որ ոչ մի երիտասարդ գրողի տաղանդավոր ձեռագիր չմնա գզրոցում, որ չխզվի կապը հայ գրողի և հայ գրքի միջև: Եվ այդ հիմնադրամի գործունեությունը ծավալվում է ոչ միայն մեր հայրենիքում, այլև ողջ գրական սփյուռքում: Գիտենք, որ Սփյուռքը միշտ կարոտ է եղել նոր, տաղանդավոր գրքի: Եվ կազմակերպելով հեռուստամարաթոնը` այն նպատակն ենք հետապնդում, որ մարաթոնին տրված յուրաքանչյուր դրամը դառնալու է տառ և նպաստելու է, որպեսզի չընդհատվի հայ գրքի տպագրության դարավոր ընթացքը: Ինչպես ոչ մի հեռուստաներկայացում չի կարող փոխարինել հանդիսատեսի և թատրոնի միջև մոգական կապին, այնպես էլ ոչ մի էլեկտրոնային գիրք չի կարող փոխարինել ընթերցողի համար տպագիր գրքին: Երբ մարդ այն իր ձեռքն է վերցնում, գիտակցում է, որ կապվեց հայ գրականության ոսկե շղթայի հետ: Գիրքը մարդու ընկերն է և լավագույն բարեկամը:
Կոչ ենք անում և՛ հայաստանցիներին, և՛ Սփյուռքի ողջ հայությանը մասնակցել հեռուստամարաթոնին:
Ընթերցողը որքան ակտիվ մասնակցի այդ հեռուստամարաթոնին, այնքան ավելի կհարստանա հայ գրքի գրադարանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։