Մեզանից հեռացավ անվանի արվեստաբան Պողոս Հայթայանը: Ծնվել էր 1936 թ. Բեյրութում, շուտով էլ ընտանիքով հայրենադարձվել Հայաստան և իր ամբողջ կյանքն ապրել այստեղ: Նա իր երկիրը սիրում էր ամեն բանից շատ և նրան անմնացորդ նվիրվեց իր ամբողջ զգացմունքներով ու գիտակցությամբ: Բացառիկ քաղաքացի: Իրեն համարում էր երկրի տեր ու ծառա, փորձում էր ամեն ինչ տալ և ոչ թե վերցնել, հպարտ էր իր հայկական արմատներով, ժամանակակից մի արմատ էլ նա էր՝ իր ազգանվան հայեցի հիմքով:
Նա ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ի. Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժինը: Աշխատել է ՀԳԱԱ արվեստի և Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտներում, մեծ եղավ նրա վաստակը «Հայկական հանրագիտարանում», որտեղ գրեց ու խմբագրեց կերպարվեստի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ, նմանապես ուշագրավ էր նրա ներկայությունը Հայաստանի պետական ազգային պատկերասրահում՝ իբրև գիտական գծով փոխտնօրեն: Պողոս Հայթայանը երկար տարիներ ղեկավարեց Հայաստանի նկարիչների միությունը՝ որպես վարչության քարտուղար և նախագահ: Թեև արդեն վատառողջ էր, սակայն մինչև իր վերջին օրերը նրան անհանգստացնում ու ոգևորում էին մեր մշակույթում կերպարվեստի ստեղծագործական գործընթացները:
Նա բարձրակարգ արվեստաբան էր և, միաժամանակ, լավ գիտեր հայ գեղարվեստական մշակույթը՝ ճարտարապետություն, թատրոն, գրականություն, նա այս ասպարեզների կարևոր մարդկանց համախոհ ընկերն ու բարեկամն էր: Հիանալի տիրապետում էր հայերիս պատմության կարևոր դրվագներին ու այս մասին խոսում էր ոգևորված և ըմբռնումով: Պարզ մարդ էր, նրան կարելի էր արագ մտերմանալ և սիրել, համարել քեզ հարազատ:
Ծանրակշիռ է Պողոս Հայթայանի արվեստաբանական ժառանգությունը, որը վերջերս ամփոփվեց նրա հոդվածների «Հայ կերպարվեստի կեսդարյա քրոնիկոն» գրքում: Չկա արդի կերպարվեստի նշանակալից որևէ երևույթ, որը վրիպած լինի նրա ուշադրությունից: Պողոս Հայթայանը արդեն մեզ հետ չէ, որ տասնամյակներ շարունակ թվում էր մնայուն ներկայություն, բայց մեզ հետ է նրա արվեստաբանական ժառանգությունը, որն անբաժանելի է հայ կերպարվեստագիտության վերջին կեսդարյա տարեգրությունից:
Մեզ հետ է նրա լուսավոր հիշատակը:
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ, ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆ, ԵՐՎԱՆԴ ԳՈՋԱԲԱՇՅԱՆ,
ՅՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ,
ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ,
ՍԱՐՈ ԿԱԼԵՆՑ, ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ,
ՌՈՒԲԵՆ, ՌԱՖՖԻ, ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆՆԵՐ