ՏԵՐԵՆՏԻ ԳՐԱՆԵԼԻ
(1898-1934)
* * *
Եվ օրը մեծ է այնպես,
Եվ զանգերի հեծկլտոց,
Եվ ինձ ի՞նչ ափ կհանես,
Ճամփա իմ խեղճ, ուղեգոց:
Եվ մութն է ինձ պատում դեռ,
Եվ օրն արև է թեպետ,
Ուստի՞ց ո՞ւր է տանում, Տեր,
Բախտը ինձ իմ ցավի հետ:
* * *
Թբիլիսի՝ հոգուս տուն,
Տենչ ու վերջ դու իմ:
Թբիլիսին եմ ուզում
Ես՝ որպես շիրիմ:
ԵՍ ՈՒ ԳԱԼԱՔՏԻՈՆԸ
Երեկ… Տենդ ու տապ՝ արցունքի պես խոր,
Հիշում է գուցե Զոզիան իմ քույր:
Դևն ինքն է Գալաքտիոնի տեսքով,
Իմ մեջ Հրեշտակն է շուշանաթույր:
Առօրյա եկող տաքուկ նամակներ,
Իջնում եմ այգի, այսօր՝ սըռ ու ցուրտ:
Գալաքտիոնը հողի կիրք է ջեռ,
Իմ մեջ՝ արփենի շողը նրբաշուրթ:
Հեռվում հողմերգ է, մոտիկում՝ ոսոխ,
Արդեն ժամի յոթն է, մութը տիրած:
Գալաքտիոնի մեջ կապույտն է ճոխ,
Իմ տողերի տակ՝ վիհեր ու վիրապ:
Երեկ… Տենդ ու տապ՝ արցունքի պես խոր,
Հիշում է գուցե Զոզիան իմ քույր:
Դևն ինքն է Գալաքտիոնի տեսքով,
Իմ մեջ Հրեշտակն է շուշանաթույր:
* * *
Մտքերի թելը իմ մանվում է առ այսօր,
Հիմա հիշում եմ ես էլի ծաղիկն այն հեզ:
Եվ օրեր անց կհասկանան՝ ինչ էր այն, որ
Կրակ դառած այրում էր ինձ, ինչ էի ես:
Երբ գա վերջին պահը՝ դիմակս դեն նետող,
Եվ իրական դեմքս դարձնի ողջին ի տես,
Կհասկանան բոլորն, ավա՜ղ, ինձնից հետո՝
Ինչ կրակ էր այրողը, և ի՜նչ էի ես:
ԹՌՉՆԱԿԸ
Արևը ելավ
Օրվա մի կողից:
Թռչնակը իջա՞վ,
Թե՞ ծլեց հողից:
Փողոցների լավ
Օրերն հուշ են հին:
Թռչնակը թռա՞վ,
Թե՞ թոշնեց հողին:
* * *
Անձրևի տաք լույս,
Ցմքած, ցնդած ցավ,
Ու թևին ույծ
Պահն ինքն էլ անցավ:
Գամմայի նվագ,
Ցմքած, ցնդած ցավ,
Իր հետ սևահագ
Պահն ինքն էլ անցավ:
Ճախրանք ու երկինք,
Ցմքած, ցնդած ցավ,
Նրա հետ կրկին
Պահն ինքն էլ անցավ:
Շողշողացող հանգ,
Ցմքած, ցնդած ցավ,
Ու իր թևին թանկ
Պահն ինքն էլ անցավ:
Կյա՜նքն ինքն էլ անցավ:
Վրացերենից թարգմանությունը՝
Վիկտոր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ (1947-1996)