ՑԻՊՐԻԱՆ ԿԱՄԻԼ ՆՈՐՎԻԴ – 200

ՑԻՊՐԻԱՆ ԿԱՄԻԼ ՆՈՐՎԻԴ
Լեհ բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, գե­ղան­կա­րիչ, քան­դա­կա­գործ:
­Կեն­դա­նութ­յան օ­րոք հրա­պա­րակ­վել է նրա պոե­զիա­յի և­ ար­ձա­կի անն­շան մա­սը միայն (ժա­ռան­գութ­յու­նից շատ բան մատն­վել է կորս­տի): Ճա­նաչ­ման ար­ժա­նա­ցել է հետ­մա­հու, գլխա­վո­րա­պես այն բա­նից հե­տո, երբ լեհ քննա­դատ Զե­նոն Պ­շես­մըց­կին «հայտ­նա­բե­րել է» նրան 1904-ին, սկսե­լով հրա­պա­րա­կել Նոր­վի­դի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը և հոդ­ված­ներ դրանց մա­սին: Ն­րա ա­նունն այ­սօր հնչում է Միցկ­ևի­չի և Ս­լո­վաց­կու ա­նուն­նե­րի կող­քին` ստվե­րե­լով նույ­նիսկ Կ­րա­սինս­կուն: 1971-1977 թթ. Վար­շա­վա­յում տասն­մեկ հա­տո­րով լույս է տե­սել Նոր­վի­դի Եր­կե­րի լիա­կա­տար ժո­ղո­վա­ծուն:

 

Ալբոմում
1
Թափառում էին սանդարամետի սահմանի վրա
Ո՛չ միայն փքված փորերով կանայք –
մանդրագոր կերած –
Լրջախոհ դեմքով Պյութագորի հետ ո՛չ միայն Դանթեն,
Նրանց հետ նաև ես էի այնտեղ:

2
Իբրև ապացույց շարել հատորներն իմ լալահառաչ–
Կարող էի – բայց հոգնած եմ մի քիչ բառից ու բանից,
Ավելի լավ է բռնեմ ճանապարհն առողջարանի,
Դժոխքի մասին չեն խոսում ճամփա ելնելուց առաջ:

3
Ես պիտի հառեմ հեռաստաններին հայացքս անբիծ,
Մերժեմ ծաղրանքով բարքերն անիրավ
Եվ սնկերի պես հարյուրամյակներ
մաքրեմ իմ ճամփից՝
Դարաշրջաններ խառնելով իրար:

4
Այստեղ լինելով՝ կլինեմ այնտեղ միաժամանակ,
Եվ տակից-գլխից կգրեմ ամենն, ինչ խելքիս փչի,
Միայն թե ելնեմ այն դժոխային շրջանի միջից
Եվ սահմռկելի այն պատկերները չհիշեմ մենակ:

5
Դու կհարցընես՝ սարսափելի՞ էր իսկապես այնտեղ,
Մտերիմներիդ ստվերնե՞րն էին այնտեղ դեգերում։
– Այնտեղ մտերիմ կամ օտար մեկը չկա՜, մա՜րդ չկա,
Այնտեղ միմիայն սրտերն են նրանց ուսումնասիրում:

6
Եվ հույզեր չկան, զսպանակներն են միմիայն դրանց,
Որոնց փոխադարձ հաշվարկներով են իրար կցմցել,
Ինչպես ժանգոտած մեքենաների ընդերքում մեռած,
Որ ամեն գնով փորձում են մի պահ գեթ գործի գցել:

7
Նպատա՜կ չկա, օ՜, քարացած է այնտեղ ամեն ինչ,
Չկան գույները մայրամուտի և արևածագի,
Կա մի ժամացույց, որ արձակում է այնպիսի ճռինչ,
Ասես բութ մեխ են խփում հատակին:

8
Ոչ մի կերպ հաշվել չես կարող թիվը նրա զարկերի,
Թեև խթանը ճակատագրի
նախատեսել է ժամը բոլորի,
Բայց սահմանները այնպես են հյուսված հնի և նորի,
Որ չես հասկանա, որ ժամը հնչեց և ժամը որի:

9
Հավերժության հետ իր մարտն է մղում
ամեն ոք, այնինչ
Յուրաքանչյուրին իր կասկածներն են
ծվատում առ այն,
Թե իրականում դա՞ր է այն, տարի՞, թե՞ պահ է միայն,
Որ թռչում թեև, սակայն այդպես էլ չի փոխվում ոչինչ:

10
Եվ հեգնախառն տրոփն է զարկում երակների մեջ,
Եվ հստակորեն նրանք ի վերջո հասկանում են, որ
Ոչ ոք երբևէ չի կարող հասնել իր իսկ հետևից
Եվ ժամհարն իր իսկ ճակատագրի լինել չի կարող:

11
Եվ ահա նորից զսպանակներն են
շարժվում անիմաստ,
Ողբերգության պես՝ առանց խոսքերի,
առանց արտիստի,
Նմանողությամբ մի թախծապարուր երաժշտության,
Որ երգչախմբի սպասումից է տառապում սաստիկ:

12
Եվ ընդերքը քո ջղացնցվում է վերստին հանկարծ,
Ինչպես ծովախտից, երբ նավում ես դու
առաջին անգամ,
Եվ ցասումը քո ամենաբարձր կետին է հասնում,
Ու թե որտեղից մոլեգնությունն այդ,
մարդ չի հասկանում:

13
Բայց ինչպե՞ս զսպես, ո՞նց չդիվոտես վիրավորանքից,
Երբ փորձում են քեզ դնել կշեռքի նժարին զոռով,
Երբ մերկացնում են անամոթաբար գինը քո կյանքի,
Որ տեսնես դու քեզ իրե՜նց աչքերով:

14
Իսկ փորձե՞լ ես դու կյանքդ հոլովել անունով օտար,
Թե՞ քո պապերի կնքածով է, որ դու կապրես հավետ:
Օ՜, քանի՜-քանի մտքեր ես կիսել ուրիշների հետ,
Կաղապար, ձևեր, սովորույթ, մոդա…

15
Ձյութած տաշեղի նման այրվում ես կրակում անշեջ,
Կայծերդ պար են բռնել լափլիզող լեզվակների մեջ:
Կազատվե՞ս այդպես դու օտարոտի բարքերից գոնե,
Թե՞ կայրվի հենց այն, ինչն ի սկզբանե եղել է քոնը:

16
Քեզանից մոխի՞ր կմնա այստեղ
Եվ հողմացրիվ անհետ կկորի՞,
Թե՞ մոխրի միջից կրկին կշողա աստղդ ալմաստե
Եվ հաղթանակիդ արևածագը կավետի նորից:

17
Հոգնել եմ սակայն պատմություններից
երկար ու բարակ,
Ճնշում են սիրտս սահմռկեցուցիչ մտքերը վարար,
Ավելի լավ է բռնեմ ճանապարհն առողջարանի,
Դժոխքի մասին չեն խոսում ճամփա ելնելուց առաջ:

18
Ուղեկիցներից ինչ-որ բթամիտ, մթնդած դեմքով,
Որին հասու չէ ո՛չ արվեստը քո,
Ո՛չ գիտություն ու երաժշտություն, թող չխանգարի,
Ծպտուն չհանի ողջ ճանապարհին:

19
Իսկ ճանապարհը թող որ երկարի դարե՜րը դեպի,
Երկրնե՜ր դեպի: Ո՞վ ինձ կստիպի
Սահմաններ գծել, ինչ-որ տարածքներ պարսպապատել,
Եթե երկնքի կամարն արդեն իսկ իմ ցանկապատն է:

Եղիցին կամքը Քո
Եղիցին կամքը Քո երկրի վրա (ինչպես
Լինի՛ պիտի, ո՛չ թե ինչպես հարմար է մեզ):
Եղիցին կամքը Քո, ինչպես կյանքում նրանց,
Ում շնորհ ես տվել թռչել թևատարած:
Եղիցին կամքը Քո և երկնքում, Հայր մեր,
Գործերիդ մեջ վսեմ, ձայնիդ մեջ աներեր:

Բայց նախ երկրի վրա, կյանքում պարտապանիս,
Փառքդ անճառելի չեմ ներբողել քանի:

Ապա հանրության մեջ եղիցին կամքը Քո,
Քանի նա չի երգել ներդաշնության «Էգո»-ն:

Հետո մեր մարդկային իմաստության հետ լեր,
(Որի ակունքը Քո իմաստությունն է, Տեր…),

Հետո երկրներում, երկինքներում իրենց
Լեհաստանը, Ռուսիան, Լիտվան, Ուկրաինան
Կզգան արմատն իրենց համասլավոնական
Եվ դրոշներն իրենց վրաններին տնկած՝
Երազանքներ, մտքեր, երգեր կնվիրեն
Քեզ, որ պատվիրել ես զմիմանըս սիրել:

Փոթորիկը
Մի՛ ընկրկիր, տղա՛, երախը վիհի
Մոտ է թեպետ, և երկինքն է գազազել,
Կշրջանցես դու կայծակներն ամեհի
Աստղապսակ քո բառերով ալմաստե:
Դու կճեղքես անզուսպ սահանքը գետի,
Թեպետև այն տիղմ ու քարեր կնետի,
Խղճալի են սակայն դրանք և անզոր,
Շների պես անապատում ոռնացող:
Դու՝ մեն–մենակ տարերքի դեմ կատաղի,
Ո՛չ ուրիշի օգնությունը կաղերսես,
Ո՛չ աղոթքիդ ձայնը երկինք կհանես,
Ո՛չ կշեղես փոթորկի դեմ քո ուղին:
Քո երգն է քո թալիսմանը, մինչ ոմանք
Խորտակվում են՝ թիերը դեն նետելով,
Դու կսահես գոռոզ ալյաց վրայով,
Փրփրակալած տարերքի դեմ կռվելով:
Եվ չնայած ուղեխափանքը փծուն
Վիհն է բացել, գերել առանց առեղի,
Դեռ կշողա երկնքում աջն Աստըծու,
Որ բռնես դու և ազատվես աղետից:
Արիացիր, սուրբ են գործերը բարի,
Մրրիկն ահեղ դափնիներդ էլ թե պոկի,
Մտքերի մեջ սերունդների կհառնի
Հավերժության ճանապարհին քո հոգին:

Թարգմանությունը՝
Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։