Նախիջևանի խնդիրը մենք պետք է մոռացության չտանք / Աշոտ Մելքոնյան

Զորի Բալայանի «Նախիջևանը ցեղասպանության զոհ է (ոչ թե տարածք, այլ հայրենիք») հոդվածում արծարծված հիմնահարցերին անդրադարձել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Մարիամ ՀՈՎՍԵՓՅԱՆ – Պարոն Մելքոնյան, որքանո՞վ են հրատապ այս հոդվածում բարձրաձայնված խնդիրները:
Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆ – Ես գտնում եմ, որ շատ ճիշտ ժամանակին էր այս հրապարակումը, որովհետև այսօր, ինչպես տեսնում ենք, մարտահրավերները վերածվել են սպառնալիքի՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրով, քանի որ Արևմուտքն ու Ռուսաստանը և, ընդհանրապես, համանախագահ երկրները փնտրում են միջոցներ խնդրի լուծման համար, և, ինչու չէ, կողմերից յուրաքանչյուրը, այդ թվում նաև մեզ, դնում է ճնշման տակ: Նկատի ունեմ մադրիդյան չարաբաստիկ սկզբունքները, որոնք նախատեսում են մեզ համար կենսական նշանակություն ունեցող ազատագրված տարածքների վերադարձը: Մադրիդյան սկզբունքների հիման վրա ստեղծվել է Կազանի փաստաթուղթը, որը քիչ է տարբերվում նախորդ փաստաթղթից: Այն առաջին փուլով նախատեսում է հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին, փաստորեն, առանց որևէ պայմանի, ու դրանից հետո խնդիրը մտնում է, իբր թե, լուծման նոր փուլ, իսկ հայկական կողմն իրականության մեջ չշահելով ոչինչ՝ ստանում է դրա դիմաց ադրբեջանցի փախստականների վերադարձ, ապա՝ Քարվաճառում ժամանակավորապես զորքեր պահելուց հետո, դրանց դուրսբերում և միայն Լաչինի միջանցք, ու ժամանակավոր կարգավիճակից հետո, չգիտես երբ՝ հանրաքվեի անցկացում փախստականների վերադարձից հետո, ինչը հասկանալի է, թե ինչ ելք կարող է ունենալ ադրբեջանցիների գերակշռության պայմաններում և թե ինչպիսի կեղծարարություն կարող է լինել, այսինքն՝ ինչպիսին տեղի ունեցավ 1923 թ., երբ, իբր թե, հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայությունը ևս քվեարկել էր հօգուտ Ադրբեջանի կազմում մնալու:
Մ. Հ. – Նախիջևանի խնդիրն ի՞նչ աղերսներ ունի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ՝ համաձայն Զորի Բալայանի հոդվածի:
Ա. Մ. – Զորի Բալայանի վերոհիշյալ հոդվածը հետաքրքրական է այն իմաստով, որ համաշխարհային հանրության առջև ուղղակի բացում է մի խնդիր, թե ինչպես է հայկական մեկ այլ՝ պատմական Նախիջևան նահանգը ժամանակի ընթացքում՝ ադրբեջանցիների վարած հակահայ քաղաքականության հետևանքով, աստիճանաբար հայաթափվել: Խոսքը վերաբերում է 19-րդ դարի ամբողջ ընթացքին, 1905-1906 թթ. հայ-թաթարական կոտորածների շրջանում հայ բնակչության բնաջնջման և 1918-1921 թթ. թուրքական զորքերի կողմից այն օկուպացնելուց հետո վարած քաղաքականությանը և մասնավորապես, իբր թե, ազգային կամ էթնիկ հողի վրա որոշակի՝ ինքնավար հանրապետության կարգավիճակ ստանալուց հետո, խորհրդային տարիներին հայաթափման գործընթացին, ինչպես նաև 1980-ական թվականների վերջերին այդ տարածքը վերջնականապես հայաթափելու միտումներին:
Մ. Հ. – Նախիջևանի հայաթափության օրինակը չի՞ սպառնալու նաև Լեռնային Ղարաբաղին, եթե փորձ արվի այն վերադարձնել Ադրբեջանին՝ թեկուզ որպես ինքնավար մարզ:
Ա. Մ. – Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ ավելի հստակ Արևմուտքին ներկայանում է Նախիջևանի օրինակն աչքի առաջ ունենալով: Այսինքն՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամ ինքնավար մարզի վերադարձը կնշանակի Ղարաբաղին արժանացնել նույն ճակատագրին, ինչին արժանացել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայությունը: Այդ տեսանկյունից՝ ես կարծում եմ, որ մեր քարոզչական գործունեության մեջ առաջին հերթին պետք է շրջանառության մեջ դնենք Նախիջևանի խնդիրը: Նախագահ Սերժ Սարգսյանը ևս քանիցս, անդրադառնալով Նախիջևանի խնդրին, բերել է այն օրինակը, որ Նախիջևանը մեր աչքերի առաջ հայաթափվեց, և այդ նույն վտանգը սպառնում է Լեռնային Ղարաբաղին:
Մ. Հ. – Ի վերջո, ո՞րն է Նախիջևանի հիմնախնդրի հիմքը:
Ա. Մ. – Ոմանց մոտ այն թյուր պատկերացումն է, թե Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի չարաբաստիկ պայմանագրով, որի երրորդ կետը նախատեսում էր, որ Թուրքիան Նախիջևանը զիջում է Խորհրդային Ադրբեջանին պայմանով, որ նա այդ իրավունքը երրորդ կողմին զիջել իրավունք չունի, այսինքն՝ եթե Ադրբեջանը ցանկություն ունենա Խորհրդային Հայաստանին զիջելու Նախիջևանի տարածքը, ապա Ռուսաստանն ու Թուրքիան հանդես են գալու որպես «երաշխավոր» և կարող են դա թույլ չտալ: Այս հանգամանքից ելնելով՝ շատերը կարծում են, թե Նախիջևանի խնդիրը մեկընդմիշտ փակված է՝ մոռանալով, որ Մոսկվայի պայմանագրից հետո 1921 թ. հոկտեմբերին կնքվել է Կարսի պայմանագիրը, որտեղ հանվել է հենց այն կետը, ըստ որի՝ Ադրբեջանն իրավունք չուներ այդ իրավունքը զիջել մեկ այլ կողմի: Սա նշանակում է, որ Թուրքիային որպես երաշխավոր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գոյության առումով վկայակոչելն իրական որևէ հիմք չունի: Ադրբեջանցիները պետք է իմանան, որ գործ ունեն մեր հայրենիքի մեկ հատվածի, տվյալ դեպքում՝ Նախիջևանի հետ, և չի գործում Մոսկվայի պայմանագրի վերոհիշյալ երրորդ կետը, որովհետև դրանից հետո կնքվել է նոր՝ Կարսի պայմանագիրը և հանվել է վերոհիշյալ երաշխավորի հանգամանքը: Եվ այսօր թուրքական զորքերի ինչ-որ փոքրիկ գումարտակի տեղակայությունը Նախիջևանի տարածքում ևս նշանակում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում՝ առանց Ռուսաստանի շահը հաշվի առնելու: Սա նաև նշանակում է, որ այդ կետը, իսկապես, չի գործում, իսկ ադրբեջանցիներն իրավունք են վերապահել թուրքական զորամաս տեղակայելու Նախիջևանում՝ անմիջապես Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով:
Մ. Հ. – Քարոզչական պայքարի առումով որո՞նք են հայության առաջիկա անելիքները:
Ա. Մ. – Կարծում եմ, որ մեր հասարակայնությունը պետք է արձագանքի համանման հոդվածներին, և Նախիջևանի խնդիրը մենք պետք է մոռացության չտանք: Պիտի մոռացության չտանք նաև Շահումյանի, Գետաշենի, Գանձակի խնդիրները: Վերջին խնդիրը, ցավոք սրտի, մոռացության է տրվել մեր կողմից, այն դեպքում, երբ ադրբեջանցիները համառորեն ոչ միայն խոսում են, այսպես կոչված, գրավյալ տարածքների, այսինքն՝ ազատագրված շրջանների մասին, այլև բուն ԼՂԻՄ-ի տարածքն իրենց վերադարձնելու և Զանգեզուրի ու Արարատյան դաշտի՝ Ադրբեջանին միացնելու անհրաժեշտության մասին, իբր թե այդ տարածքները համարվում են «Արևմտյան Ադրբեջան» և հայաբնակ են դարձել միայն 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արաքսի աջ ափից արևելահայությունը վերաբնակվեց և հաստատվեց Արարատյան դաշտում ու Նախիջևանում, և իբր դրանից հետո այնտեղ հայտնվեցին հայեր, մինչդեռ նրանք իբրև տեղաբնիկներ այնտեղ ապրել են, իսկ նախիջևան բառն ինքնին հուշում է իր հայկականության մասին՝ Նոյի առասպելի ժամանակներից սկսած: Կարծում եմ, տեղին էր Ձեր արձագանքը Զորի Բալայանի հոդվածում բարձրացված հարցադրումների վերաբերյալ: Մեր հասարակայնությունը պետք է ծանոթ լինի հայությանը մտահոգող այս խնդիրների առիթով անվանի մտավորականների և հասարակական-քաղաքական գործիչների տեսակետներին:
Հարցազրույցը` Մարիամ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։