COVID-19 – Մի՛ նեղացեք, բայց էնքան կայֆ ա, որ փողոցները դատարկվել էին. կենդանիները հատում էին հոծ գծերը, որտեղ ուզում` կանգնում…
ՀԵՂԻՆԱԿ – Հեռու կանգնիր, մոտ չգա՛ս: Սիրելիիս ծաղիկների վրա այնքան գումար չգնաց, ինչքան քո ալկոգելի…
COVID-19 – Լսի՛ր, բա պահեր են լինում` դուք` մարդիկդ, ուզում եք մեռնել, անիծում եք աշխարհը, բա հիմա ինչո՞ւ եք դողում ձեր անկանոն կյանքի համար: Բա գերհզոր տերություններ ունեիք` զենքի օվկիանոսով, մղկտացնում էիք թույլերին, դե հախիցս եկեք, ինչո՞ւ եք խեղճացել… Հիվանդ օրգանիզմներից մաքրում եմ երկիրդ…
ՀԵՂԻՆԱԿ – Ամենաուշը` մեկ տարի հետո, է՛լ պոժոժ չես անի, ցինի՛կ: Կյանքը սիրում ենք, վայելում: Իսկ քեզ ո՞վ ասաց, որ ես տխրեցի: Ընդհակառակը` դու պետք էիր…
COVID-19 – Ինչո՞ւ… Դ. Դեֆոյի «Ժանտախտի տարվա օրագիրը» չէի՞ր հասցնում վերընթերցել, թե՞ ամեն մեկիդ թվում էր` աշխարհի հոգսի բեռը թոթափեցիք ձեր վտիտ ուսերից:
ՀԵՂԻՆԱԿ – Ինդուկցիա-դեդուկցիայի օրենքը գիտե՞ս…
COVID-19 – Հա՛, ես շատ բան գիտեմ, բայց հարցազրույց տալիս մարդկանց աչքը չեմ կոխում ո՛չ կարդացածս գրքերը, ո՛չ էլ անտեսված Նոբելյան մրցանակակիր լինելս… Բերանդ ես բացել…
ՀԵՂԻՆԱԿ – Մի հանճարեղ-քթի մազ թատերագետ կար. հենց գնում էր թատրոն, փորձը մի 20 րոպե սկսած նշանավոր ռեժիսորն ասում էր` ընդմիջո՛ւմ, ընդմիջո՛ւմ… Դերասաններն էլ զարմանում էին, որ նոր-նոր են սկսել, ի՞նչ ընդմիջում… Հիմա քոնն է… Գիտե՞ս` ինչու եմ քեզ շնորհակալ. անգամ չկարդացող մարդիկ սկսեցին գրքեր կարդալ, բնությունը շնչեց, կարողացար ամենազբաղ մարդու ուշադրությունն էլ գրավել ու իր ներսը նայել տալ: Մարդը հասկացավ, որ սմարթֆոնից այն կողմ ավելի կարևոր ու անգամ շնչավոր էակներ կան… Թափ տվեցիր աշխարհը: Փորձեցիր մարդկային ստեղծագործ մտքի ճկունությունը… Ասում են` պատերազմներ կանխեցիր…
COVID-19 – Կարճ կապիր, էդքան երկար չեն խոսի: Ոնց որ էն անտարիք բիձեքից լինես, որ բեմ են գնում խոսք ասելու, մոռանում են իջնել:
ՀԵՂԻՆԱԿ – Հետո հասկացա, որ մարդկությանը կփրկի կիրթ լինելը. կիրթ մարդը գիտի` դիմացինին ՉԻ կարելի կոտրել, վատաբանել, թերագնահատել, գիտի` իրավունք ունի իր կարծիքն ասել` որտեղ անհրաժեշտ է. նա ուժեղ է, բայց զուսպ…
COVID-19 – Հենց ձեզ բրախում են, սկսում եք ուրիշների դաստիարակությամբ զբաղվել… Ոնց որ էն ավել կոչումների ծանրությունից ավերակված դերասանին նմանվես, որ 50 տարի հետո վերջապես հայտնաբերեց, որ դաստիարակությունը թատրոնի գործառույթը չէ, այլ մանկավարժության: Հասկացրին, որ թատրոնը ճաշակ է կրթում, ներազդում, կամ` «Ջրահարսը» չեն գրել, որ Շմավոնիկը, ասենք, գողությամբ չզբաղվի, կամ Հ. Փինթեր չեն բեմադրում, որ մարդկանց դաստիարակեն: Մեկը լինի` իրենց վերադաստիարակի:
ՀԵՂԻՆԱԿ – Սատիրիկ լեզուդ քեզ քաշիր. որ բարեկիրթ լինեիր, կիմանայիր` չափի պարադիգման ինչ է… Չթողեցիր շարունակեմ գովքդ. քո շնորհիվ հասցրի դիտել Բոնգ Ջուն-Հոյի «Մակաբույծները»: Հիացել էի սցենարի վարպետությունից. է՛լ ներքին մենախոսություններ, է՛լ պերիպետիաներ, է՛լ բիտեր, է՛լ համապրեցման պահեր, բայց մի երկու տեղ, ասես, վերսկսվեր ֆիլմը, իսկ ֆինալում էլ գործողությունների կուտակ կար… Մեկ էլ օգնում եմ օնլայն…
COVID-19 – Վա՜խ, սկսվեց… Հիմա գոնե զգո՞ւմ եք, որ դուք կարիք ունեք սովորական, մարդկային զրույցի: Իրար հետ զրուցեք, էլի, շատ սիրեք, էլի: Էսօր կաք, վաղը չկաք: Պահը գնահատեք, թանկ է, ախպե՛րս… Քիչ գրեք, ընթերցողը մեղք է. դեռ մի վեպի թանաքը չչորացած` մյուսի կեսն ավարտած եք լինում: Էդքան ասելիք ունե՞ք: Ծովը որ ծով է, գետերով սնուցվել է ուզում… ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՍԿԻԶԲ… Առա՛յժմ: Էսքա՛նը: