Սպտեմբերի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Վարդանյանի «Հմայիլը» պատմվածքների ժողովածուի և «Կարմիր շուշանը» չինական ժողովրդական հեքիաթների թարգմանական ժողովածուի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական, թարգմանական 14 գրքի հեղինակ Արտակ Վարդանյանին, նշեց, որ նրա ստեղծագործությունները թարգմանվել են պարսկերեն, ռուսերեն, ֆրանսերեն: Ապա անդրադառնալով «Հմայիլը» ժողովածուին` ասաց. «Նախիջևան կատարած նրա այցելությունը արտացոլվել է շատ գեղեցիկ, փոքր պատառիկներում, որոնք մարդուն գրավում են իրենց և՛ լեզվաբանական քննություններով, և՛ հետաքրքիր հանդիպումներով»:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին, գնահատելով Ա. Վարդանյանի դերը պարսկերեն լեզուն և պարսկական մշակութը ներկայացնելու գործում, վստահեցրեց, որ հայ-իրանական համագործակցությունը կշարունակվի: Ըստ ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանի` իր բազմազբաղ աշխատանքի մեջ Ա. Վարդանյանը հասցրել է անել բավականին շատ բան՝ սկսած բարբառագիտությունից, ապա ինքնուրույն ստեղծագործություն, թարգմանություններ պարսկերենից, այժմ նաև չինական գրականությունից, հուշագրություն, պատմագրություն և այլն, միաժամանակ առնչություններ ունեցել ամենատարբեր պետական-հասարակական, գրական, մշակութային ոլորտների հետ: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վարդան Դևրիկյանը, «Հմայիլը» ժողովածուի պատմվածքները բնորոշելով իբրև յուրօրինակ ու խոհափիլիսոփայական գործեր, որոնք ցավով ու կսկիծով կենդանացնում են նախիջևանյան Ազնաբերդը, բաժանեց երկու խմբի: Առաջին խմբում մանկական հայացքով դիտված պատմվածքներն են, որտեղ հեղինակը վերակենդանացնում է գյուղը, վերցնում մի փոքր պատմություն և դրանից կենսական եզրահանգումներ անում: Երկրորդ խմբի պատմվածքները վերաբերում են 1988 թ.-ին և Ազնաբերդի անկման շրջանին: «Կորսված կարոտի վերհուշը անցնում է ամբողջ գրքով, և դա մեր ազգային ճակատագրի, մեր կորսված տարածքների հետ է կապված»,- ամփոփեց Վ. Դևրիկյանը և հավելեց, որ միայն «Իրանի գույները» շարքում այդ կորստի ցավը չկա:
Ըստ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ.գ.թ. Կարո Վարդանյանի, ով նաև գրքի խմբագիրն է, իր խոսքում նշեց. «Ազնվացնող կարոտը և նաև մեր բնաշխարհից երբևէ չհրաժարվելու հաստատակամությունը Ա. Վարդանյանը այս գրքով փոխանցում է մեզ»: Ելույթ ունեցան նաև բանաստեղծ Արմեն Դավթյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Ջեմմա Բառնասյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, երգչուհի-դերասանուհի Լիդա Զաքարյանը, Ազնաբերդի դպրոցի վերջին տնօրեն Լիզա Մեհրաբյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Արտակ Վարդանյանը: