Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ի՞նչն էր, որ տրվեց, ու չվերցրինք:
Հանապազօր հացի պես որոնելին: Ասում էին՝ մեզ հե՞տ եք. ուրեմն, մեզ հետ եք: Մենք էլ թե՝ մե՛զ հետ ենք: Այսինքն՝ իրե՛նց ուզածն էր, բայց մե՛ր արշինով չափեցինք: Ու մնացինք ձեռնունայն:
Գործարան էր՝ փակեցինք, արտ էր՝ չորացրինք, դպրոց էր՝ մանկուրտարան դարձրինք, բանկ էր՝ թալանեցինք, երկիր էր՝ դռները լայն բացեցինք, որ ելնենք ու չդառնանք, ընկեր էր՝ դավաճանեցինք, հավատ էր՝ բռնաբարեցինք, սեր էր՝ թաղեցինք, տուն էր՝ քանդեցինք ու անշնչացանք փլատակների տակ:
Անունը դրեցինք անկախություն:
Սկզբում բառն էր՝ զրնգաց, արձագանքը հասավ սահմանին: Կռիվ գնացինք ու մեռանք, որ հարություն առնենք: Թողեցինք, որ մեռյալները թաղեն մեռյալներին: Ողջերը կախվեցին: Որը՝ փողից, որը՝ աթոռից, որը՝ փառքից, որը՝ բառից: Ինքը, որ պարականոն էր, մնաց թղթին. կարծես ջուր էր և ջուր դառավ, քաշեցինք գլխներիս ու ծարավեցինք: Մեղրի համը ո՞նց իմանաս, եթե հազար ու մի զիբիլ չես փորձել: Ու փորձեցինք՝ բոլ-բոլ: Փորձը փորձանք դառավ ու նստեց մեր ուսերին: Փայեցինք-փայփայեցինք, մեր ափը բաց՝ ձվածեղ արեցինք ու համեղագույն պատառը դրեցինք բերանը, բայց անկուշտ դուրս եկավ: Մեր միջի լավերին, ճշմարիտներին ու արդարներին զոհաբերեցինք միամիտների զոհասեղանին:
Մեղրն ու թույնը, որպես բալասան, անարատ պահեցինք ու իրարից անբաժան՝ հար և նման մտրակի ու բլիթի խորամանկությանը, քանի որ սերն ու խիղճը պահ տվեցինք քարայրին՝ որպես ժամանակավրեպ ավելորդություններ: Մեր լեղին մեզ քայքայում է, մեր մեղրը շարունակ մի կաթիլի հիշողությամբ է ծորում, դրա համար էլ անվերջորեն անկախացման շեմին ենք: Ուր որ է՝ կլինի: Եվ երբ լինում է, հեքիաթի «չի լինումը» ծանր ու ժանգոտ կողպեքի նման կախում ենք վզից՝ նետում հեղեղատը:
25 տարվա աքսոր է, որ կամավոր ենք քշվել: Երազանք ենք կարծել, իրական է՝ բիրտ: Կոկել-կոկիկացրել ենք, որ պոզերը չերևան, բայց ինքը մեզ վրա թքած ունի: Զորեղների աշխարհում արդարության դեմքը փոփոխվում է ըստ պահանջի:
Անկախությո՜ւն՝ գոռացինք. այդ օրվանից մինչև այսօր ու մինչև մահ-գերեզման պիտի գոռանք, պիտ կրկնենք սխալները մեր:
Լինելու է: Լինելին Հայաստանն է, որ այլոց մարզպանությունից պետություն է դառնալու:

One thought on “Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.