Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մենք շատ ենք սիրում խոսել «բացարձակ արժեքների» մասին: Խոսքը՝ խոսք, բայց արի ու տես, որ դժվարանում ենք ադապտացվել բացարձակին:
Տպավորություն է ստեղծվում, որ մենք բանավոր ժողովուրդ ենք. մեր երազանքներն էլ են բանավոր, մեր ապրած կյանքն էլ: Հա՛: Մեկ էլ՝ կարճ հիշողություն ունենք… Դա էլ է գալիս մեր բանավոր ապրելակերպից, մեր բանավոր տեսակից…
Երբ արժեքը բացարձակ է, այն տեսանելի է, որքան էլ շուրջբոլորը խավար լինի: Մենք ձգվում ենք ժամանակի միջով, որ հասնենք բացարձակին, տեղավորում ենք մեր երևակայության բարձրագույն կետում, եթե դարձյալ չենք հասնում, հասնելը պարտադիր լինելու գաղափարը ենթագիտակցորեն փոխանցում ենք սերնդեսերունդ՝ այն նույն ճանապարհով, որով մեզ է հասել, մինչև գալիս է օրը լուսավոր…
Մենք այն բախտավոր սերունդն ենք, որն ականատես եղավ մեր տանջված-տառապած հայրենիքի անկախությանը: Ցավոք, նաև մեր տանջվող-տառապող հայրենիքի:
Մեր բոլոր պատերազմները դարեր շարունակ եղել են հանուն անկախության: Անկախության համար թափված մեր արյունը գետերով է չափվել, մեր երազանքը՝ երկինքներով:
Թվում էր՝ այլևս վե՛րջ չարքաշությանը, վե՛րջ տառապանքին: Թվում էր՝ Աստծու դրախտի դռները բացվել են մեր առջև, բայց, ցավոք, մեր ունկերն արդեն սովորել են մեր պետականությունը թուլացնող լուտանքներ լսել սեփական երկրի հասցեին: Անարժան իշխանավորները քսանհինգ տարիների ընթացքում մեր հայրենիքը դարձրին մի երկիր, որտեղ ապրելը հերոսության հետ է շփոթվում, ու մեր աչքերը սովորել են դատարկվող հայրենիք տեսնելուն:
…Մեր ազգը սիրում է յուրաքանչյուր խնդրի առաջ հայտնվելիս բաժանվել երկու բևեռի: Երբ բանը բանից անցնում է, երբ դամոկլյան սուր ենք նշմարում մեր գլխավերևում, միավորվում ենք, դառնում մեկ ոգի և կատարում սխրանքը՝ հաղթահարում ենք թվացյալ անհաղթահարելին: Բայց հաղթանակի տարածությունից մեկ-երկու քայլ հեռանալով՝ դարձյալ բարձրանում ենք ոտնաթաթերին՝ մի բան տեսնելու ակնկալիքով, թեկուզ մի չնչին բան, որի շուրջը հնարավոր լինի պառակտվել, իրար հայհոյել, մեկմեկու կոկորդ կրծել, մինչև հերթական վտանգի ահագնանալը…
Ինչևէ, մեր ազգի մի մասն այսօր ասում է՝ մեր պետականությունն ընդամենը 25 տարեկան է, մյուս մասը՝ հակադարձում՝ մեր պետականությունն արդեն 25 տարեկան է…

Հ.Գ. Ի հեճուկս վերջիններիս՝ հպարտորեն կարող ենք փաստել, որ արդեն 25 տարի է, ինչ ունենք Հայաստանի անկախ հանրապետություն և Արցախի էլի՛ անկախ հանրապետություն՝ ճանաչված և արդեն ճանաչվող պետական երկու միավոր, ընդհանուր 41,201կմ2 տարածքով, նախկին 29,743կմ2 տարածքի փոխարեն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.