Ես մեքենա չեմ վարում և հաճախ ստիպված եմ լինում երթևեկել տաքսիով: Տեսնելով իմ քահանայական համազգեստը` վարորդները հաճախ տալիս են նույն հարցը.
– Տե՛ր հայր, ի՞նչ է լինելու մեր վերջը։
Ես պատասխանում եմ.
– Մինչև ազգը չփոխվի, չմշակվի, ոչինչ չի փոխվի դեպի լավը։
– Ախր ի՞նչ վատ բան ենք արել, ինչո՞վ ենք Աստծուն բարկացրել։ Թալանչիների ձեռքին տանջվում էինք, խեղճ Նիկոլն ուզում ա մի բան փոխի՝ չեն թողնում։ Հիմա էլ Սերժն ու Քոչարյանը երկիրը ծախել էին, ինքը ստիպված տվեց, սարքեցին իրա գլխին։
– Ի՞նչ գիտես, որ Քոչարյանն էլ այդտեղ մեղք ունի։
– Գիտեմ,- ասում են վարորդները տոնով, որն այլընտրանք չի ընդունում։
– Բայց չէ՞ որ նա Արցախյան պատերազմի հերոս է։
– Կապ չունի,- պնդում են իրենք,- ինքը Սերժի հետ հողերը ծախել էին, խեղճ Նիկոլն էլ ստիպված տվեց։
– Նիկոլը փաստորեն մեղավոր չի,- ասում եմ ես։
– Իհարկե, սաղ էդ անիրավներն են մեղավոր։
Ու ես այդտեղ մի օրինակ եմ բերում։
– Քրիստոսին այսպես, թե այնպես քահանաներն ու օրենսգետները պետք է խաչեին։ Ինքը՝ Քրիստոս, հենց խաչվելու համար էր եկել այս աշխարհ, մեզ համար իրեն զոհաբերելու։ Նրա մատնության և դավաճանության գործը ստանձնեց Հուդան։ Հիմա Հուդան մեղավո՞ր է, թե՞ ոչ։
Վարորդների մեծ մասն այս խոսքի վրա լռում է՝ չիմանալով՝ ինչ պատասխանել։
– Քրիստոսին, միևնույն է, սպանելու էին, – կրկին հարցնում եմ ես։
Լռում են։ Չեն պատասխանում։
Այնուամենայնիվ, երեկվա վարորդս պատասխանեց, որ Հուդան մեղավոր չէ։
– Ինչո՞ւ,- հարցնում եմ ես։
– Որովհետև Հուդան ընդամենը հանձնեց նրան դատավորներին։ Մեղավոր են նրանք, ովքեր սպանեցին նրան։
– Այդ պատճառով էլ մեզ մոտ ոչինչ չի փոխվում և չի փոխվի, քանի դեռ ժողովուրդը չի հասկանում՝ ով է Աստված, ով է սատանան, ինչ է բարին, ինչ է չարը, ինչ են մեղքը և առաքինությունը, ինչ են արդարը և անարդարը, ճիշտը և սխալը։ 1700 տարի համարվում ենք քրիստոնեական առաջին պետության ժողովուրդ, և հիմա մեր արժեքների մեջ խառնաշփոթ է տեղի ունենում. ում ասես հավատում ենք, մեկը մի քիչ լավ է խոսում և մեզ հետ հաց կիսում կամ գրկախառնվում, տրվում ենք նրան՝ առանց խորանալու՝ ինչ կա իրապես իր մեջ, և ուր կտանի մեր բարեկամությունը։
Դավաճանությունը մեծ մեղք է: Հայրենիքին, Աստծուն, ամուսնուն կամ կնոջը, ընկերոջը դավաճանողը հատուցում է ստանում Աստծո մոտ: Մարդկանցից շատերի մեջ պատվիրանների ողջ համակարգը ենթարկվել է տրանսֆորմացիայի: 44-օրյա պատերազմից հետո ոմանք գոհ են, որ ազատվեցին արցախյան խնդրից:
– Ջհանդամ, թե Ղարաբաղը չտվեցին: Ո՞ւմ էր պետք Ղարաբաղը։ Ես իմ տղայի կյանքը չեմ զոհաբերի Ղարաբաղի համար։ Կյանքներս գնաց, քանի տարի ինչ ասես, որ չեկավ մեր գլխներին էդ Ղարաբաղի պատճառով,- ասում էր եկեղեցու հավատացյալներից մեկը։ Եվ նրա հետ համախոհ էին շատերը։
– Ուրեմն Արցախը Հայաստան չէ՞, – զարմանում եմ ես,- այդ ի՞նչ մտածողություն է։ Բա որ Սյունիքն է՞լ տան։
– Թող տան,- նյարդայնացած պատասխանում են մարդիկ,- մեր տղաների կյանքն ավելի կարևոր է, քան Սյունիքը։ Շնորհակալություն վարչապետին, որ արյունահեղությունը կանգնեցրեց և փրկեց տղաների կյանքը։
– Հետո հերթը կհասնի Երևանին,- ապշած ասում եմ ես։
– Թքած, մենք էլ ուրիշ երկիր կտեղափոխվենք, կփրկենք մեր ընտանիքները։ Մի անգամ ենք ապրում էս աշխարհում, մեր երեխաների կյանքից ավելի թանկ ոչինչ չկա։
Տրանսֆորմացիա արժեքներում, և սա, ցավոք սրտի, նաև եկեղեցի այցելողների մեջ։ Ինձ միշտ թվում էր, որ հավատացյալ մարդն ավելի ուժեղ է, չի վախենում մահվանից, պատրաստ է իրեն և իր հարազատներին զոհաբերել Աստծո և հայրենիքի համար։ Այդպես եղել է Հայաստանում դարեր։ Մարդիկ որդի են ունեցել և սիրով են ընդունել այն, որ իրենց որդին զոհվել է Աստծո և հայ հողի համար։ Շատերն իրենց երանի են տվել, որովհետև համոզված էին, որ նահատակը դրախտ է գնում և բարեխոս է Աստծո առաջ մնացողների համար։ Նահատակի ծնողները մեծ պատիվ են ունեցել և հարգանք ուրիշների մոտ, նահատակի ընկերները բարի նախանձով և ակնածանքով են լցվել իրենց զոհված ընկերոջ հանդեպ։ Ավելի մեծ սխրանք չկար, ավելի մեծ երջանկություն չկար, քան կյանքը տալ հայրենիքի և Աստծո համար: Իսկ հիմա երիտասարդներից շատերը և նրանց ծնողները մտածում են այն մասին, որ փախչեն Հայաստանից` իրենց կյանքերը փրկելու համար:
Տաքսու վարորդները այն հիմնական մարդիկ են, որ ինձ հետ կիսվում են քաղաքականությունից և երկրի վիճակից: Վերջերս մի վարորդ ասաց.
– Մեր փրկությունը Թուրքիայի մեջ մտնելն է: Հա՛մ մեր հանդեպ լավ կլինեն, հա՛մ տնտեսությունը կբարգավաճի, աշխատանք կլինի և փող:
Զարմանալի է, որ այդ մարդը հավատում է իր ասածին: Եվ նա էլ միայնակ չէ այդ կարծիքի մեջ:
Էքզիստենցիալիստական բողոքն ավանդույթների, պատվիրանների, արժեհամակարգերի հանդեպ շատերին է համակել: Եվ սա Սարտրի հետպատերազմյան Ֆրանսիան չէ, ոչ էլ իրավիճակ է Կամյուի երկից, սա այսօրվա Հայաստանն է: Եվ սա հերթական անգամ վկայում է այն, որ մենք գտնվում ենք դատաստանի մեջ: Դատաստան համայն աշխարհում և Հայաստանում` արժեհամակարգերի հերքում, հրաժարում պատվիրաններից, կայուն, դարերով փորձված հոգևոր և բարոյական առանցքներից հեռացում դեպի հեղհեղուկ, ամորֆ, անկայուն սկզբունքներ և ցանկություններ: Բայց եթե մարդը փոխում է իր գոյակերպը և արժեհամակարգը, Աստված իր պատվիրանները չի փոխում: Մենք չենք կարող ազատվել Աստծո դատից, այն հետևում է մեզ և կանգնեցնելու է պատասխանատվության առջև:
Ես չգիտեմ` երբ կկարգավորվի մեր ժողովրդի վիճակը, ինչ նորանոր փորձություններից հետո, միայն այն գիտեմ, որ Քրիստոս խոստումներ է տվել Գրիգոր Լուսավորչին: Ահա թե ինչ է ասում հրեշտակը Ագաթանգեղոսի «Պատմություն հայոց»-ում. «Գրիգոր Լուսավորիչ՝ հայ ազգի ու Հայաստանի սուրբ հայրապետ, Աստված լսեց քո խնդիրքը, և իմ բերանով հայտնում եմ քեզ իր կամքը՝ հայ ազգը երբեք չպետք է ջնջվի աշխարհիս երեսից, նա, իրավ, շատ չարչարանք պիտի տեսնի, շատ նեղություն պետք է քաշի, շատ արյուն ու արտասուք պետք է թափի, բայց չպետք է ջնջվի։ Ազգերը պետք է գան ու գնան, մինչև հայը իր Աստծով ու քո անունով, իր իջման տեղով, իր խաչով, ժամով ու պատարագով անսասան պիտի մնա իբրև առաջին քրիստոնյա ազգ։ Շատերը պետք է գան, երկպառակություն պետք է անեն, եղբորը եղբորից բաժանեն, բայց չարերը պետք է խափանվեն, աշխարհիս բոլոր կողմ ցրված հայերը քո անունով պետք է միանան, իրենց հավատքն ու սուրբ կարգերը պետք է պահեն, և այդ բոլորը պետք է լինի»։
Ես հավատում եմ, որ այս մարգարեությունը պետք է կատարվի օրերից մի օր։ Աստված մեզ նման չէ, նա անդավաճան է և խոստումները կատարող։ Եվ նրա խոստումը թող հույսի ճրագ լինի մեզ համար այս քաոսային, անառանցք և անտեսլական օրերում։