ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Հունիսի 28-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նախագահության անդամներին հայտնեց, որ ամերիկյան մի հանրահռչակ հիմնադրամ տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքում, հետխորհրդային ողջ տարածքից հաստատել է ՀԳՄ Սևանի հանգստյան տան վերակառուցման նախագիծը: Նիստին մասնակից ճարտարապետ Ռուբեն Արևշատյանը ներկայացրեց հանգստյան տան կառույցները նախկին տեսքով վերականգնելու ծրագրերը: Սևանի հանգստյան տան վերակառուցումը իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլը ներառելու է նախագծային, երկրորդը` շինարարական աշխատանքները: Առաջին փուլի հովանավորությունը հիմնադրամն իր վրա է վերցնում, ծրագրի ամբողջական իրականացումը պայմանավորված կլինի հետագա գործողություններով:
Այնուհետև Էդ. Միլիտոնյանը նախագահությանը ներկայացրեց 2016 թ. առաջին կիսամյակի ՀԳՄ գործունեության հաշվետվությունը, որը նախագահության կողմից դրական գնահատվեց:
Քննարկվեց ՀԳՄ նախագահությանը ներկայացված առաջարկը: Քանի որ «Նորքի» գլխավոր խմբագիր Ֆելիքս Մելոյանը հիվանդության պատճառով այլևս չի կարող շարունակել հանդեսի թե՛ խմբագրումը և թե՛ տնօրինումը, հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում վերականգնել Ռուբեն Հովսեփյանին, տնօրենի պաշտոնում՝ Լիլիթ Հովսեփյանին: Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվեց միաձայն:
ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի և արտերկրի մի շարք գրական գործիչներ դիմել են ՀԳՄ բաժանմունքներ` ՀԳՄ պատվավոր անդամ կոչում շնորհելու խնդրանքով: Քվեարկությամբ նախագահությունը որոշեց հարգել նրանց խնդրանքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։