ՊԵՏ – ՊԵՏԻԿ – ՊԵՏՈՒԹՅՈՒՆ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Ելի՛ր, Սերո՛բ, քյասիբի՛ ճրագ, զորն անզորին կերավ,-Գոքորը կանգնել էր սեփական տան շեմին ու դողալով ձայն էր տալիս որդուն,-ելի՛ր, տղա՛, զորն անզորին կերավ…
Ջուրը չռռում էր շորերից, վիրավոր ձեռքից արյուն էր հոսում, ու Գոքորը դողդողում էր անզորությունից:
Ի՞նչ էր եղել: Կանգնեցրել էր գյուղխորհրդի նորընտիր նախագահին ու մեծի իրավունքով խրատել ու հանդիմանել, թե էս ամռան շոգ ու կրակ եղանակին ինչո՞ւ գյուղացու հոգսին հոգսընկեր չես դառնում, ինչո՞ւ առու հանել չես տալիս, որ ջուրը գյուղացու արտը հոսի և ոչ թե ձորով գնա, խառնվի աշխարհի մեծ ու փոքր օվկիանոսներին: Նախագահը զայրացել էր.
Ո՞նց թե, ես գյուղխորհդի նախագահ լինեմ, ես խորհրդային իշխանության ներկայացուցիչը լինեմ էս գյուղում, ու դու ինձ հանդիմանե՞ս: Դու ինձ դաս տա՞ս:
Ձեռքը տարել-բերել ու մի հատ տվել էր Գոքորի ծոծրակին: Գոքորը գլորվել էր ձորը` ուղիղ ջրի մեջ: Մի կերպ վեր էր կացել, հասել իր տան շեմին ու օգնության էր կանչում միակ տղային: Բայց թե տղան ի՞նչ կարող էր անել խորհրդային իշխանության դեմ: Ինքը խեղճ, հայրը խեղճ, գյուղը խեղճ` մոլորվել-մնացել էին: Գոքորը մտքում հազար անեծք էր տալիս խորհրդային իշխանությանը, բայց չէր համարձակվում բարձրաձայնել ու րոպեն մեկ կրկնում էր.
Զորն անզորին կերավ, տղա՛…
…Հետո ժամանակն իր մեջ փաթաթված գլորվել, տարի ու տասնամյակ էր դարձել: Թվում էր՝ էդ դեպքը մոռացվել, հող է դարձել Գոքորին խփող նախագահի հետ, բայց… 1988 թվականն էր, սկսվել էր Շարժումը: Գոքորը չէր մոռացել ամռան էդ օրը: Հեռուստացույցով նայում էր փոթորկվող Ազատության հրապարակին ու քթի տակ կրկնում էր անդադար.
Թող մարդուն դաղող ճիպոտն իր քոլից կտրած լինի:
Գոքորի պատմությունը երեկ հիշեցի, երբ հանկարծ գլխի ընկա, որ պետություն բառի արմատը «պետն» է, ցավով հասկացա նաև, որ մեր նիհար ու վտիտ ուսերով պետության մեջ ահավոր քանակ են կազմում պետերը: Հա՛, մի՛ զարմացեք, ես չգիտեի, որ ամեն ինչ իր պետն ունի: Հետո ի՞նչ, թե նրանց մեծ մասն անկիրթ է, կոպիտ, ինքնասիրահարված ու անտաշ: Կարևորն այն է, որ պետ է: Ասենք, պետն ուրիշ ինչպիսի՞ն լինի: Ժպտա` գլխին կնստեն, քաղաքավարի լինի, կասեն թույլ է, կաշառք չվերցնի` բա ինքն ինչո՞վ ապրի կամ վերևներին ի՞նչ տա:
Պետ-պետ` պետություն: Իսկ պետի ամեն պաշտոն ենթադրում է քարտուղարուհի, մանկլավիկ-պնակալեզների բանակ, եթե մի քիչ ճարպիկ է, նաև «պադավատ»: Ո՞վ պիտի փակի այդքան ծախսը: Ժողովո՛ւրդը ողջ մնա: Ի՞նչ փույթ, թե ուսուցիչը դպրոցում համարյա ձրի է աշխատում, գիտնականը սրտի նեղությունից ինֆարկտ է ստացել, իսկ իր աղքատավարձը (ներեցեք, աշխատավարձ պիտի ասեի) ժամանակին չի ստացել, որ դեղի տա: Վերջերս մի շատ կարևոր պետ հեռուստացույցով հայտարարում էր. «Ի՞նչ անենք, թե աշխատավարձը քիչ է, հո դրանով չե՞ն ապրում»:
Ես ուզում եմ հիվանդ գիտնականի անունից նրան հարցնել. «Եթե ոչ աշխատավարձով, ապա ինչո՞վ ենք ապրելու, պարո՛ն պետ»: Բայց ո՛չ գիտնականի ձայնն է հասնում նրանց ականջին, ո՛չ էլ` իմ, քանզի պետ դարձած յուրաքանչյուր ոք ականջները փակում է գոռոզամտությամբ, քծնանքով, կաշեպատ դռնով, տասնյակ հեռախոսներով ու չի լսում: Նաև` չի տեսնում: Որքան մեծ տրամաչափի պետ է, այնքան ավելի վատ է տեսնում ու նույնքան ավելի վատ է լսում: Մտնում ես առանձնասենյակ, աչքը ոչ թե դեմքիդ է, այլ ձեռքիդ: Իսկ եթե ձեռքդ դատարկ է, նրա լսելիքն ու տեսողությունն անջատվում են: Ուզում ես ատոմային ռումբ պայթեցրու, բանի տեղ չի դնի: Հո իզուր չէ՞ր ասում մեր հարևան Սաքոն, թե պետական հիմնարկ մտնելիս գլխարկդ պիտի հանես:
Իբրև հարգանքի նշա՞ն,-միամիտ հարցրեցի նրան:
Չէ՛, ա՛յ մարդ,-իմ անհասկացողությունը ձեռ առավ նա,-ներսում հանգուցյալ կա:
Ես հաճախ զարմանում եմ, թե մի բուռ ժողովուրդն ինչպե՞ս է դիմանում պետերի այս բազմությանը: Ես ապշած եմ մնում` այս ծեծված, տառապանքից կշտացած մարդիկ ինչպե՞ս են կարողանում տանել այս պետության, ասել է` պետերի բազմության անօրինությունները: Թրթուրը, որդը գիտե՞ս ինչ է. չի երևում, մտնում է կեղևի տակ ու կրծում է բունը: Կամաց-կամաց, աննկատելի: Եվ մի օր էլ հսկա, սաղարթախիտ ծառը գետնին է տապալվում…
Պետ-պետիկ-պետություն: Ի՞նչ պե-տություն լինի, որ դիմանա մեր պետերի բազմության անհագուրդ որկորին ու ախորժակին:
Գուցեև պետք չէ՞ր այս ճշմարտությունը բարձրաձայնել աշխարհով մեկ, բայց ասածս նորություն չէ, մանավանդ որ ինձ նման հիասթափվածները հազարավորներ են: Թողել հեռացել են, հաճախ մի փոր հացի համար կլոր երկրագնդի լայնքն ու երկայնքն են չափում, կարոտում են հայրենիքը, շատ բան կտային, որ կարողանային գալ ու մարդկային մի համեստ կյանք ապրել Հայաստանում, բայց ինչպե՞ս ապրես քո երկրում, քո պետության մեջ, երբ այն վաղուց արդեն քոնը չէ, այլ պետերինը…
Լավ է հնչում, չէ՞, վարչապետ, մարզ-պետ, քաղաքապետ, վարչության պետ… Եվ զարմանալի մի համերաշխությամբ նրանք իրար պահում ու պաշտպանում են: Դժվարը մի անգամ ցուցակի մեջ հայտնվելն է: Եթե պետ ես, ու գործերդ, ասենք, մի քիչ թարս են գնացել, քեզ պաշտոնանկ են արել, մի՛ մտածիր, խորհրդական կնշանակեն: Թե՛ նշանակողները, թե՛ դու գիտեք, որ խորհրդիդ կարիքը ոչ ոք չունի: Դու պատվավոր թոշակառու ես դառնում մի որոշ ժամանակով: Կլորիկ աշխատավարձ ես ստանում ու ապրում ես (ժամանակավոր) ստվերում, մինչև մի օր նոր պաշտոն է բացվում քեզ համար: Կարևորը համակարգին ու քեզ կերակրող ձեռքին հավատարիմ լինելն է:
Վերջերս հայտարարեցին, թե պետու-թյունն իր աշխատակիցներին սպասարկող 800 մեքենա է կրճատում: Ժողովուրդն ուրախացավ, լավատեսների սրտում մի քիչ հույս արթնացավ. ոնց որ խելքի են գալիս: Կրճատեցին, և ի՞նչ: Ոչ մի պետ առանց «պադավատի» չմնաց: Դուք գիտե՞ք կամ ճամաչո՞ւմ եք որևէ մեկին, որ այդ կրճատումից հետո գործի է գնում հանրային տրանսպորտով: Ես որ չեմ ճանաչում: Ուրեմն՝ ի՞նչ: Նշանակում է՝ ինչ-որ բան մաքուր չէ: Կամ ավելի ճիշտ, կառավարությունը պարզապես դուրս է գրել տարիներ շարունակ իր հաշվեկշռի համար բալաստ դարձած անպետք մեքենաները:
Չէ՛, ես այդքան դաժան ու չկամ չեմ, որ մարդկանց լավն ու ապրելը չուզենամ: Պարզապես միամտություն ունեմ կարծելու, որ եթե պետը մեկ-մեկ «Գազելով» գնա գործի և ստիպված լինի շախմատի ձիու նման տրանսպորտում կանգնել, ասենք, մի քսան րոպե, ապա գոնե կփորձի հասկանալ ամեն օր այդ վիճակում հայտնվող մարդկանց: Կամ եթե մետրոյով երթևեկի գոնե մի քանի անգամ, ապա… Եթե ստիպված լինի յոլա գնալ «չոր» աշխատավարձով, ապա կհասկանա, թե մեր հասարակ քաղաքացիներն ինչու են այդքան սիրում հայոց դրամն ու այդքան խնայողաբար վարվում նրա հետ: Թե չէ… Վերջերս մի կիսապետ դժգոհում էր, թե իր ամբողջ եկամուտն ընդամենը երկու հարյուր հազար դրամ «չոր» աշխատավարձն է: Շատերը կերազեին նման «չոր» աշխատավարձ ստանալու մասին:
Պետ-պետիկ-պետություն: Պետերը շատ են, իսկ ասպետները շատ քիչ են նրանց մեջ:
Ես վաղուց համոզվել եմ, որ մեր երկրի պետերից շատերը չեն սիրում սեփական ժողովրդին: Եվ վախենում են նաև: Թե սիրեին ու չվախենային, թիկնապահների բանակով իրենց չէին առանձնացնի ժողովրդից: Այո՛, չեն սիրում, չնայած ամեն մեկն իր բարբառին հավատարիմ` պատեհ առիթը բաց չի թողնում նրա անունը տալու.
Ժողովուրթ… ժըղովուռթ… ժողովուրտ…
Մի հարցնող լինի. էդ ո՞ւմ եք դիմում, գլխին կրակ ու մոխիր մաղած էս մարդկա՞նց: Նայի՛ր, երկրի երազանքի ծվեններն ամեն մեկի հոգում են: Ազատության հրապարակի խոստացած ապագայի տեսլականը մութ ու ցուրտ տարիներին պահում էր մարդկանց: Իսկ հիմա վախեցած, հոգնած, հյուծված մարդկանց էս բազմությունը զզվել է իր երկրից, իր պետությունից: Զզվել է, քանզի պետերի բազմությունը ծանր է կշռաքարի պես: Ուր նայում ես` կա՛մ փուշ է, կա՛մ փշի սերմ: Ինչ գործ անում են, առաջին հերթին սեփական որկորի մասին են մտածում, ամեն ինչի մեջ առաջինն իրենց բաժինն է, իսկ հետո… թեկուզ ջրհեղեղ: Ու ջրհեղեղը աղքատության, տառապանքի, անտեսված զգալու, սեփական երկրում մուրացկան լինելու տեսքով եկել, չոքել է մարդկանց բկին:
Ուզում եմ նաև այս պատմությունը հիշել: Ապարանցի Գագոն պետ չէր ու չէր եղել երբևէ, զորավար չէր, գիտնական ու բանաստեղծ էլ չէր: Ապարանցի Գագոն ուսանողական հանրակացարանի պահակ էր: Աշխարհ տեսած մարդ էր ու հանրակացարանաբնակ բոլոր ուսանողներիս «գեղացի» էր կոչում: Հավաքվում էինք շուրջը, լսում զրույցները, երբեմն՝ տեղին, հաճախ անտեղի հռհռում նրա պատմածների վրա:
Գեղացի՛, որ ավարտես, ի՞նչ պիտի դառնաս,-մի օր Գագոն դիմեց տղաներից մեկին:
Իրավաբանականում եմ սովորում: Մի պաշտոն կունենամ, էլի,-պարծեցավ տղան:
Պաշտոն պտի ունենա՞ս,-խորամանկ ժպտաց Գագոն:
Հա՛, բա ո՞նց:
Գիտե՞ս պաշտոն ունենալն ինչի նման է:
Ինչի՞:
Ոնց որ սարի դոշին մի եղնիկ բռնես: Սիրուն եղնիկ: Բռնում ես, ախպեր ջան, կպցնում դոշիդ: Ո՛չ բարեկամ է գալիս աչքիդ, ո՛չ հարազատ, ո՛չ ընկեր: Սեղմում ես կրծքիդ և ուշքդ ու միտքդ էդ եղնիկն է: Բայց հենց մի քիչ թուլանում ես` էդ նախշուն եղնիկը, հո՜պ, թռչում փախչում է, ու մնում ես դատարկ: Հետո դե արի տառապի, աչքերդ ճպճպացրու ու մարդ լինելդ հիշի… Բա՞, գեղացի՛: Բայց պետ լինելուց առաջ մարդ պիտի մա՛րդ լինի, է՛ս հիշեք,-իր անկոթ պապիրոսն էր փստացնում Գագոն:
Մեկ-մեկ մտածում եմ` տեսնես ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ սեփական երկրի հարազատ պետերից ճիպտվելու Գոքորի երազանքը ծվեն-ծվեն ու բզիկ-բզիկ եղավ՝ Գագոյի պրագմատիկ-գործնականությանը բախվելով: Ինչո՞ւ մենք այսպես ու այսքան օտարացանք մեզանից: Մի՞թե ինչքը, նյութը այդքան ու այդչափ հզոր գտնվեց ամեն ինչ մոռացնել տալու համար: Մտածում եմ, պատասխան չեմ գտնում և ավելի եմ խճճվում սեփական հարցերի ցանցում: Լճից անժամանակ ու անթույլտվություն հանած ձկան նման բացուխուփ եմ անում բերանս ու չեմ հասկանում, որ ուզեմ-չուզեմ կա՛մ ձկնորսի բաժին եմ դառնալու, կա՛մ ճայի:
Պետ-պետիկ-պետություն…
Շուտով նորից ընտրություններ են լինելու: Առանձին պետեր, որ «քաղաքական գործիչ» հորջորջումն ունեն, ուզում են միանգամից վերասրբագրել իրենց կենսագրությունը: Բա ի՞նչ անեն: Անցել է որոշ ժամանակ, մարդկանց հիշողությունը հո հավերժ չէ՞: Մոռանում են, չէ՞, արածդ անօրինությունն ու տեսնում են ամեն օր հեռուստաէկրաններից առկայծող կեղծ լուսապսակդ: Ու դու ամեն ինչ անում ես նորից թամբին նստելու համար, ամեն ինչ անում ես Գագոյի ասած էդ սիրուն եղնիկը նորից բռնելու համար: Դրա համար նոր կուսակցություն ես բացում սիրուն անունով, հեռուստացույցով հանդես ես գալիս ժողովրդի անունից: Մարդիկ գիտեն` ինչն-ինչոց է, բայց գիտեն նաև, որ դու և քեզ նմաններն իրենց հիշում եք ընտրությունից ընտրություն և աշխատում են ինչ-որ բան պոկել. մի հինգ-տասը հազար դրամ փող, որ «ընտրակաշառք» անունն ունի, մի քանի քառակուսի մետր ասֆալտ, թաղի «բեսեդկայում» մի երկու շիշ ձրի օղի, էժանագին երշիկի հետ, իրենց նկատմամբ ցուցաբերվող կեղծ հարգանքի մի փոքր չափաբաժին… Վերջերս մեկն անուրախ կատակում էր, թե ամեն անգամ ընտրությունների ժամանակ ընտրվողներն ընտրողներից ավելի շատ են լինում: Ի՞նչ կա որ, ժողովրդավարություն է կամ դրա կեղծ ու պատիր տարբերակը…
Ես կուզենայի, սակայն, որ մեր պետերը և, հատկապես, պետիկները, չմոռանային ապարանցի Գագոյի պատմությունը: Նաև հիշեին, որ այս երկիրը դեռևս ապրում ու գոյատևում է հայ զինվորի ու կամավորի վերքերի ու մրմռացող սպիների հաշվին: Չմոռանային կիսաքաղց, ջղերի ու առողջության հաշվին գյուտեր անող գիտնականին, առանց հոնորար գրող գրողին, ինչպես նաև ուսուցչին և արդար ու կոշտացած ձեռքերով հողագործին, քանզի երկիրն իր ողջ ծանրությամբ նստած է նրանց և ոչ թե պետերի ու պետիկների ուսերին:
Պետ-պետիկ-պետություն: Ուզածս ի՞նչ է: Առաջին հայացքից պարզ ու հասարակ թվացող մի բան. ուզում եմ, որ սեփական ծառից կտրած սեփական ճիպոտն այդքան անխիղճ չլինի ու այդպես դաժանորեն չդաղի: Եվ ամեն ոք, ով պաշտոն ու դիրք է ստանում, հիշի, որ իրենից առաջ եղած էլի շատերը դատարկ ձեռքով են հեռացել այս աշխարհից: Եվ նաև, որ աշխարհում հավերժական ոչինչ չկա, մահից բացի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։