Աշխարհի բոլոր քաղաքներից ամենից շատ սիրում եմ Փարիզը և խորին հարգանքով եմ վերաբերվում ֆրանսիական մեծ մշակույթին: Բայց այս merci-ն իմ մեջ միայն բացասական զգացմունքներ է առաջացնում: Մի քանի տարի առաջ հայերենը ներխուժած այս բառը ավելի ու ավելի մեծ տարածք է գրավում մեր խոսակցական լեզվում, համառորեն դուրս մղելով մեր ամենագեղեցիկ բառերից մեկը՝ շնորհակալությունը: Ասում են, շատ երկար է մեր ժամանակների համար: Ովքեր շատ են շտապում, նրանց համար կա դարձյալ մի հրաշալի բառ՝ շնորհակալ եմ : Սա է՞լ է երկար: Բայց մենք ո՞ւր ենք այնքան շտապում, որ մի մարդավարի շնորհակալություն չենք ուզում հայտնել: Այո՛, այդ բառը ֆրանսիացու բերանում շատ հասկանալի և երևի նաև գեղեցիկ է: Բայց Երևանի փողոցներում, սրճարաններում, բնակարաններում դա, գոնե ինձ, ծիծաղելի է թվում: Հիմա էլ շատ հաճախ լսում եմ՝ մերսիներ և մերսի շատ: Իբր թե՝ շատ շնորհակալ եմ: Եվ ո՞վ գիտե՝ քանի՜ հարյուր (կամ գուցե հազար) տարի մեզ ուղեկցած հարազատ բառը սկսում է իր տեղը զիջել: Իմ տպավորությամբ, Երևանում մարդկանց մեծամասնությունը գերադասում է իր շնորհակալությունը հայտնել այդ բառով և չի հասկանում, թե ինչքան շատ բան է կորցնում դրանով: Իմաստների այն գեղեցիկ փունջը, որ կա հայերեն բառի մեջ, անհուսորեն կորչում է օտար բառի մեջ: Չոր, խորթ բառ, որի մեջ իսկական շնորհակալության իմաստ չկա:
Ես շատ լավ գիտակցում եմ, որ merci-ն միակ օտար բառը չէ հայերենում: Չխոսելով հնադարյան փոխառությունների և հայերենում օրինականացված այլ փոխառյալ բառերի մասին, մեր առօրյա խոսակցական լեզուն խճողված է օտար բառերով (որոնց մի մասը, բարեբախտաբար, դուրս է մղվում): Բայց բառերն էլ տարբեր տեղ են գրավում լեզվում: Մենք շատ հաճախ, օրը մի քանի անգամ, շնորհակալություն ենք հայտնում այս կամ այն մարդուն, և շնորհակալություն արտահայտող բառը Երևանում արտասանվում է օրը չգիտեմ քանի անգամ: Դա մթնոլորտ է ստեղծում մեր շուրջը: Շնորհակալ եմ կամ շնորհակալությունը (չմոռանանք նաև երախտապարտ եմ, շնորհապարտ եմ բառերը) մեզ պարուրում է ազգային զուգորդումներով, կապում է մեզ մեր նախնիների հետ, մեր պատմության հետ (ավելի շատ՝ ենթագիտակցության մակարդակով): Ֆրանսիական բառը մեզ կտրում է այդ բոլորից, ոմանց տալիս այն կեղծ զգացողությունը, որ ահա իրենք էլ եվրոպացի են, ֆրանսերեն են շնորհակալություն հայտնում: Ծիծաղելի է, բայց այդպես է:
Երբեմն մի բառի նկատմամբ ունեցած վերաբերմունքը կարող է լինել ցուցիչ մայրենի լեզվի նկատմամբ եղած հարգանքի չափի: Կուզեի, որ սա հիշեին ոչ միայն merci-ի սիրահարները, այլև նրանք, ովքեր հայերեն են սովորեցնում աշակերտներին և ուսանողներին:
Վերջապէ՜ս մէկը մերսի-ն իր ծննդավայրը ղրկել փորձեց։ Շնորհակալութիւն, Ազատ Եղիազարեան։