ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ / ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆՍեմյոն Տիգրանի Հախումյանը Հայաստանի հոգևոր, քաղաքական, մշակութային կյանքի կարևորագույն դեմքն էր իր ողջ կյանքի ընթացքում: Նա գեղեցիկ էր և՛ իր արտաքինով, և՛ իր գործունեությամբ: Սերում էր Արցախի ազնվական տոհմից, որի զավակները կրթվում էին Եվրոպայում` դեմքով շրջված դեպի Հայաստան, սրտով որ-դեգրված հայրենի ոչ հեշտ ճակատագրին: Սեմյոն Հախումյանը մեծ ման- կավարժ էր. նա 17 տարի Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարն էր: Այդ տարիներին Հայաստանի դպրոցները հիանալի կրթություն էին տալիս աշակերտներին, և շրջանավարտները նախանձելիորեն բազմագիտակ էին: Արժանահիշատակ է նրա ղեկավար դերը Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում: Նա ունի հիանալի ընտանիք` դուստրեր, թոռներ, ծոռներ, որոնք ազնվական ընտանիքի օրինակելի շառավիղներն են: Հրաշալի ամուսին էր ու հայր. նրա կինը` վաստակաշատ լեզվաբան Դորա Անմեղիկյանը, իր ամուսնու ոգեշնչման աղբյուրն է եղել: Բացառիկ ընկերասեր ու շռայլ էր նաև մարդկանց հետ ունեցած հարաբերություններում: Միաժամանակ խիստ կարգապահ էր, և նրա համար առաջնայինը ազգային ու պետական շահն էր: Սեմյոն Հախումյանը գրական, գիտական, մանկավարժական հմտությունները փոխառել էր նաև իր տաղանդավոր հորից` Տիգրան Հախումյանից, որը նույնպես Հայաստանի գրողների միության երևելի անդամներից էր:
Երբ հեռանում է մեկը, որը խիստ ինքնատիպ է իր նկարագրով ու եզակի` կատարած դերով, նրա տեղը մնում է բաց: Սակայն կա մի ճշմարտություն. նա ապրելու է երկար իր զավակների, իր սաների, իր մտերիմների սրտում ու հոգում` մշտապես հիշեցնելով, թե ինչպիսին պետք է լինի հայ մտավորականն ու հայ տղամարդը:

Ա. ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։