ՄԱՅՐԱՄՈՒՏ ԱՐԵՎԱԾԱԳԻՆ (25 տարի առաջ, 6-ը մայիսի, կամ անպատասխան հարցականներ) / Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ

1991 թվականի սկիզբն էր: Ադրբեջանն արդեն «կորցրել էր» Արցախը և գերբնական ջանքերով փորձում էր վերադարձնել իր «պատմական տարածքները»: Մոսկվան կարծես թե «մոռացել էր» Արցախի անցյալը, «մոռացել էր» նույնիսկ 1813 թ. կնքված Գյուլիստանի պայմանագիրը: Ռուսների «մոռացկոտությանը», անշուշտ, նպաստում էին Բաքվի նավթը, թառափն ու խավիարը և, իհարկե, հսկայական փողերը, ուստի՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը դարձել էր բացահայտ ու մեծաչափ: Այդ ռազմական ուժի և ադրբեջանական՝ մինչև ատամները զինված ՕՄՕՆ-ի դեմ միայն ՖԻԴԱՅԱԿԱՆ կամավորներով էինք կանգնած, զենքն էլ՝ որսորդական հրացաններ և ինքնաշեն նռնակներ: Ստիպված «հարձակվում էինք» միլիցիայի բաժանմունքների վրա և վերցնում նրանց զենքերը:
Վերևներում գլխի ընկան, որ ոչ թե պետք է «խլել» միլիցիայի զենքը, այլ միլիցիոներները զինված ջոկատներով պետք է գնան սահմանագիծ: Չափազանց անհրաժեշտ և ժամանակին էր որոշումը: Մեզ մոտ միլիցիայի ջոկատներ եկան Երևանից ու Վանաձորից և պաշտոնապես իրազեկելով ռուսա-ադրբեջանական կողմին՝ կանոնավոր հերթապահություն էին իրագործում սահմանի Ոսկեվան-Բաղանիս-Ոսկեպար հատվածում: Կամա թե ակամա, մեր միլիցիոներները սահմանից հեռու էին պահում նաև ֆիդայական ջոկատներին. փաստորեն, չպայմանավորված հրադադար էր տիրում, սակայն Արցախի «զավթված լինելը» և իրադրության համեմատական հանդարտությունը պարտություն էր նշանակում ազերիների համար, ու քանի դեռ սովետական բանակը իրենց կողմում էր, հարկավոր էր սրել իրավիճակը: Մոսկվային դա հասկացնել տալը դժվար չէր, և տափաստանի խորամանկ աղվեսը հասավ իր նպատակին: Լայնածավալ ռազմական գործողություններ էին անհրաժեշտ, ինչն էլ մշակվեց Մոսկվայում դեռևս հունվարին և կնքվեց «ԿՈԼՑՈ» անվամբ:
Պլանավորած էր հայաթափել Արցախից մինչև Հայաստանի ծայր հյուսիսը, մինչև Բագրատաշեն, մինչև Վրաստանի սահմանը: Հիշենք, որ Արցախից դեպի արևմուտք Ղազախի (Պատմական Հայաստանի Խաղխաղ քաղաքը) շրջանն էր, 130 -140 հազար ազերիներով, ավելի հյուսիս՝ հայկական Իջևանն ու Նոյեմբերյանը շատ ավելի քիչ բնակչությամբ ու մի «թզաչափ» տարածքով, ապա Վրաստանի Մառնեուլիի շրջանն էր դարձյալ ազերիներով՝ շուրջ 100 հազար: Այսինքն՝ Իջևանի և Նոյեմբերյանի հայաթափումով Ադրբեջանը ուղիղ գծով միանում էր իր 100 հազարանոց զանգվածին… Սա էր «Կոլցո» օպերացիայի դաժան ու հայակործան նպատակը: Սակայն ռազմական գործին շատ թե քիչ մոտ կանգնած մարդիկ գիտեն, որ նման օպերացիաները մշակման փուլում գաղտնի են պահվում յոթ փակի տակ, մինչդեռ «Կոլցոյի» նախապատրաստության մասին գիտեր գրեթե ամեն մի երեխա: Ի՞նչն էր պատճառը, մի՞թե սովետական բանակը այդքան հեշտ շաղ էր տալիս իր ռազմական գաղտնիքները: Ո՛չ բնավ: Ինչպես պարզվեց հետո, գաղտնիքը բոլորին հասանելի դարձնելը օպերացիայի բաղկացուցիչ մասերից մեկն էր կազմում: Այսինքն՝ օպերացիայի մասին տարածվում, խոսվում էր, որպեսզի մարտական գործողություններին նախորդեր վախը, խուճապը, և հայ գյուղերի բնակիչները զանգվածաբար լքեին իրենց բնակավայրերը: Այսպես միայն Մոսկվան կարող էր մտահղանալ՝ մի կրակոցով երկու, չէ՛, երեք նապաստակ էր զարկում. կդատարկվեին գյուղերը, զոհեր չէին լինի և Ռուսաստանը ևս մի անգամ «ապացուցելով» իր դարավոր բարեկամությունը՝ դռները կբացեր «թուրքերից հազիվ փրկված» հայերի առջև ու ապաստան կտար՝ իր երկիրը ապահովելով մեծաքանակ էժան աշխատուժով:
ՀՀՇ-ական ղեկավարությունը, հարկավ, գիտեր այս բոլորը և զարմանալիորեն գրեթե ոչինչ չէր ձեռնարկում, ավելին, այդ օրհասական օրերին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը, որ որպես լիազորված անձ էր ուղարկված, ճողոպրեց՝ ի լուր բոլորի հայտարարելով. «Հանուն Հայաստանի անկախության թող մի Նոյեմբերյան էլ չունենանք, ինչ կա որ…»:
Արդեն մայիսի 4-ին Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհին հրետակոծվեց երկրապահի «Ուազը»: Վահրամ Աբրահամյանը, Հրանտիկ Գասպարյանը վիրավորվեցին, իսկ Հարություն Մալինյանը մահացավ Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում, իմ ձեռքերի վրա: Հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, իմ ավտոմեքենայով անցնելով նույն ճանապարհով, Ոսկեպար սննդամթերք տանելուց հետո վերադարձա Նոյեմբերյան և շտաբում իմացա, որ Բերդավան գյուղում ինձ սպասում են Մուրոն (Ռաֆիկ Ասլանյանը) և մի ռուս սպա, ով մեզ «գաղտնիք պետք է հայտնի»: Շտապ մեկնեցի: Սովետական բանակի կապիտան էր, Մուրոն գիտեր, որ նա ծառայում է ադրբեջանական կողմում տեղակայված զորամասում, ու հանդիպել են մի քանի անգամ: Սպայի քեֆը «տեղն» էր, բայց տիրապետում էր իրեն և ասաց, որ չպետք է հաջորդ օրը միլիցիայի կարգախումբ ուղարկել Ոսկեպար, քանի որ ճանապարհին ծուղակ է պատրաստված: Կասկածելի էր, որ հենց այնպես մեզ նման գաղտնիք է վստահվում… Մի՞թե «Կոլցոյով» նախատեսված խուճապն առաջացնելու համար: Բայց սպան փաստարկներ էր բերում ու համոզում, որ չի ստում, իսկ վերջում էլ, թե. «Я христианин, армяне тоже христиане, и у меня душа болит за то, что русские так не честны с вами…»: Հավատայինք թե չհավատայինք, այնուամենայնիվ, եկանք Նոյեմբերյան և այդ մասին հայտնեցինք գործկոմի նախագահ Վարդան Փաշիկյանին: ՊԱԿ-ի տեղական բաժնի ղեկավար Լյովա Վարդանյանը, որ այդ պահին այնտեղ էր, հարձակվեց մեզ վրա ու ասաց, թե այդ բոլորը «պրովոկացիա է» կամ մեր հորինածը: Այնուամենայնիվ, կարելի էր նկատի ունենալ սպայի ասածը, բայց չորուցամաք հայտարարեցին, թե «պրովոկացիա է»: Հետագայում իմացանք, որ այդ ռուս սպան հեռացվել էր ծառայությունից: Զարմանալի ոչինչ չկա, դեռ կենդանի էր Սովետմիությունը, իսկ ՊԱԿ-ն էլ ընդհանուր էր, միասնական…
Տարօրինակն ու զարմանալին սա չէր միայն: Վերևում ասվեց, որ ազերի-ռուսական «դաշինքը» հարմար առիթ էր որոնում օպերացիան սկսելու համար, ուստի նույն օրը մեր ՀՀՇ-ական վերևից նաև Իջևանին էր հրահանգվել, որ միլիցիայի ջոկատ ուղարկեն Ոսկեպար: Գործկոմի նախագահ տիկին Ջեմմա Անանյանը գուցե միայն իրեն հայտնի տեղից իմանում է ծուղակի մասին և ամենավերջին պահին ջոկատին հետ է կանչում Ոսկեպար չհասած Կիրանց գյուղի մոտից: Ջեմման հին ոսկոր էր, Ջեմման հզոր էր, կարող էր չենթարկվել վերևներին, իսկ Նոյեմբերյանի գործկոմի նախագահն ու միլպետը նոր աշխատողներ էին, ՀՀՇ կադրեր և ամեն ինչ կարելի էր ջարդել նրանց գլխին, ուստի երբ ես ու Մուրոն դիրքերն ենք գնում, և հայտնի է դառնում, որ Ջեմմա Անանյանը հետ է վերադարձրել իր միլիցիոներներին, Նոյեմբերյանի միլիցիայի կարգախումբը գիշերն ուղևորվում է Ոսկեպար, բայց… ոչ այն կազմով, որ նախատեսված էր ու պետք է լիներ: Մի քանի «թանկ» տղաներ հանվում են ցուցակից, և նրանց փոխարեն մեկնում են ուրիշները, նույնիսկ նրանք, ովքեր նախորդ օրն էին եղել հերթափոխում, այդ թվում և՝ Արտաշ Մամյանը, Ստեփան Ղարագյոզյանը, ովքեր և զոհվեցին… Միանշանակ կարող ենք ասել, որ կարգախումբ ուղարկողները (շրջխորհրդի գործկոմ, ՊԱԿ-տեղական կառույց, Ներքին գործերի բաժին) գիտեին, որ միլիցիոներները գնում են որպես «իրեղեն ապացույց», և շատ հնարավոր է, որ նրանց հետ «որևէ բան պատահի», ուստի, խումբը «ֆիլտրացիայի» ենթարկելով, փրկում էին իրենց բարեկամներին, ընկերներին ու մտերիմներին: Իսկ ի՞նչ գիտեին մեր այրերը… Պարզաբանենք: Ֆիդայիների, ինչպես ռուսներն էին ասում՝ «բոյեվիկների» մասին լեգենդն արդեն դուրս էր եկել հակամարտող կողմերի շրջանակներից և խոսքաթեմա դարձել ամենատարբեր պետությունների համար, և մեր ազատամարտիկներն ընկալվում ու ներկայացվում էին որպես ահաբեկիչներ կամ հրոսակախմբեր: Հայաստանը մե­ղադրվում էր իրավասու և անիրավասու ամենատարբեր ատյաններից ու ամբիոններից. Մոսկվային էլ դա էր պետք, առիթ էր հարկավոր դիվային օպերացիան սկսելու համար, և Հայաստանի առջև հարցը դրվեց՝ «Զինաթափել և վերացնել բոլոր ոչ ֆորմալ կառույցները և, առաջին հերթին, զինված ջոկատները… Եթե դուք կամովին չանեք, մենք ուժով կանենք»: Ահա թե ինչու մերոնք ստիպված էին «իրեղեն ապացույց» միլիցիայի ջոկատը առաջնագիծ (այս դեպքում՝ Ոսկեպար) ուղարկելով ցուցանել, որ մեր սահմանին ոչ թե «բոյեվիկներ», այլ օրինական զենքով, օրինական մարդիկ են կանգնած:
Այո՛, հարկավոր էր խաղի մեջ մտնել, բայց կարելի էր, չէ՞, խաղալ ու տանուլ չտալ: Մայիսի 6-ի առավոտյան իմացանք սարսափելին. ժամը 5-30-ին, Ոսկեպար չհասած, միլիցիոներներին տեղափոխող ավտոբուսը և Նիվան գնդակոծվել էին սովետական զինվորների և Ադրբեջանի ՕՄՕՆ-ի կողմից, 11 հոգի զոհվել էր, մնացածները՝ գերեվարվել, նրանցից երեքն էլ վիրավոր էին և հետո բանտում մահացան: Այսպես չպետք է լիներ, այսպես չէր նախատեսված… Այո՛, մեր վերևների կողմից որոշված էր ռուսներին ու աշխարհին ցույց տալ, որ սահմանին անօրինական զինված «բոյեվիկներ» չեն կանգնած, այլ պետական կառույցի, միլիցիայի ջոկատներ: Վատագույն դեպքում նրանց կարող էին ինչ-որ ժամանակով «զադերժատ» անել: Մեր այրերը չգիտեի՞ն, որ «զադերժատ անելը» նաև հակառակ կողմի սրտով էր, ասել է թե՝ կկատարվեր այն, ինչ նախատեսված էր «Կոլցո» օպերացիայով. հայկական գյուղերը կմնային անպաշտպան, բնակչությունը փախուստի կդիմեր…
Միլիցիոներներին գնդակոծելը ծրա­գրված չէր նաև հակառակորդի կողմից: Զոհեր պատճառելը ձեռնտու չէր նաև նրանց, բարձրացած հսկայական միջազգային աղմուկն այլևս անհնար էր դարձնում հայաթափման հանգիստ, առանց «շառի ու շփոթի» ծրագիրը: Աներևույթ մի ուժ խառնել էր ամեն ինչ, բայց այս մասին՝ քիչ անց:
Չեմ կարող, անկարող եմ հիշել ու հիշեցնել զոհվածների անճանաչելի, արնաթաթախ մարմինները դեպքի վայրից տեղափոխելու և դժբախտ հարազատներին հանձնելու սահմռկեցուցիչ ու ցավատանջ պատկերները: Զոհվածներին մայր հարենիքի հողին հանձնեցինք մայիսի 9-ին: Հարազատներն ու մտերիմները ցավի, տառապանքի մեջ էին և հլու, անկարող ու անհաղորդ ենթարկվում էին հուղարկավորության գրեթե թատերականացված արարողակարգին… Ամեն ինչ հավուր պատշաճի էր՝ շուք, մեծարանք և խոսքեր, բառեր, բառեր… Բոլորատես աչքն ու ուշադիր ունկը կարող էին ընկալել, որ որոշ պաշտոնյա այրեր ամենևին էլ ցավի ու անդառնալի կորստի մասին չէին խոսում, այլ արդեն իսկ խուսափում էին պատասխանատվությունից, արդեն իսկ մատները տնկում էին այլոց վրա՝ փրկելով իրենց կաշին: Հետագայում ևս մեղքն իրենցից վանելու անհաջող թատերախաղը շարունակվեց ամենատարբեր դրսևորումներով: Նախ, զոհվածների հարազատներին բաժանեցին երկու և ավելի բանակների, որպեսզի պատասխանատվություն պահանջող միասնական ճակատ չլինի: Այդ նույն նպատակին էր ծառայում նաև մեծ կորստի հանդեպ չնչին նվերներ ու պարգևներ մատուցելն ու մանր-մունր պաշտոնների նշանակելը: Ափսոս, թերթի ծավալը հնարավորություն չի տալիս շատ հարցեր մանրամասնելու, այն օրերին՝ առավել ևս, ժամանակ չկար, քանզի որքան էլ ցավալի էր կորուստը, հարկավոր էր նաև գերի տարվածների մասին մտածել: Գերեվարվածները միայն ավտոբուսում ու Նիվայում ողջ մնացածները չէին: Մայիսի 6-ից հետո, զարմանալի կասկածելի հանգամանքներով գերի էր հանձնվել միլիցիայի ևս մի կարգախումբ, այդ թվում և՝ Կիրովականի ՆԳ բաժնի աշխատակիցները: Սկզբում գերի էին վերցրել Նոյեմբերյանի միլպետին, հետո սպառնալով, որ եթե զենքերով հանդերձ գերի չհանձնի հերթապահող ամբողջ ջոկատը, ապա «Ոսկեպարն ավերակի կվերածեն»: Միլպետը վերադարձել էր Ոսկեպար և, իսկապես, տարել ու գերի էր հանձնել ամբողջ ջոկատը: Այդ պահը պատկերող լուսանկարը՝ գետնատարած պառկած միլիցիոները, հայտնի է շատերին: Դրանից հետո միլպետին, իր խնդիրը կատարած համարելով, նորից ազատ էին արձակել /՞…/: Այո՛, հարցականներ ու հարցեր, սակայն այս առեղծվածային դեպքին պատասխան որոնելու ժամանակ չկար, 44 մարդ գերության մեջ էր, որոնց մասին ոչ մի տեղեկություն չկար: Ադրբեջանի պետական մարմինները և սովետական բանակի ներկայացուցիչները ո՛չ հանդիպման էին ներկայանում, ո՛չ էլ պատասխանում էին հեռախոսազանգերին: «Ազատ ձայն» կոմիտեի (այդպես էր կոչվում մեր կազմակերպությունը) տղաներով, բազում չարչարանքներից հետո, մի կերպ կարողացանք կապ ստեղծել Ադրբեջանի «Ազգային ճակատի» Ղազախի բաժանմունքի ղեկավար Ալիկ (Ջավանշիր) Միրզաևի հետ, բայց նա բացառեց հայկական պետական մարմիններից ցանկացածի հետ շփվելը և համաձայնեց բանակցել միայն «Ազատ ձայն» կոմիտեի հետ: ՊԱԿ-ի Լևոն Վարդանյանը, վիրավորանքից կատաղած, չուշացրեց մեր կոմիտեի տղաներին «թուրքերի լրտես» պիտակավորել… Այնուամենայնիվ, «լրտեսների» խմբով՝ Սասուն Մամյանը (ում եղբայր Սամվելը գերիների մեջ էր), Սերժիկ Ազիբեկյանը (Սերժիկի քրոջ տղան էլ էր գերեվարված), Մուրոն և Լևոն Ազատյանը ազերիների հետ հանդիպման ներկայացանք հայկական Բաղանիս և ադրբեջանական Այրմլի գյուղերի սահմանագլխին:
Ալիկ Միրզաևը հայտնեց, որ գերյալներին վտանգ չի սպառնում, բոլորն էլ գտնվում են Կիրովաբադի բանտում: Ինչպես հեռախոսով նախօրոք էինք պայմանավորվել, ինձ հանձնեց մեր տղաներից մի քանիսի կողմից գրված երկտողերը, որոնք հետո հանձնեցի նրանց հարազատներին, և նրանք էլ համոզվեցին ձեռագրերի իսկության հարցում: Սակայն Միրզաևն ասաց, որ Ադրբեջանը ոչնչով օգնել չի կարող, և գերիների հետագա ճակատագիրը միայն և միայն Ռուսաստանից է կախված: Ոչինչ անել չէինք կարող, վերադարձանք գոնե մի քիչ հանգստացած, որ տղաները ողջ են:
Միրզաևի ասածը ես հաղորդեցի ՆԳ նախարար Աշոտ Մանուչարյանին: Նա կանչեց Երևան: Որոշվեց, որպես գերիների ծնողների ու հարազատների ներկայացուցչական խմբի ղեկավար, պետք է մեկնեմ Մոսկվա՝ այնտեղ խնդիրը ներկայացնելու համար:
1991 թ. մայիսի 12-ի հետկեսօրին մեր ինքնաթիռի թևերի տակ Ռուսաստանի մայրաքաղաքն էր: Մոսկվայում էին նաև ԽՍՀՄ ԳԽ մեր տարածաշրջանից պատգամավոր Վալերիկ Սիմոնյանը, ՀԽՍՀ ԳԽ պատգամավորներ Անահիտ Բայանդուրը, Լյուդմիլա Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Նոյեմբերյանի միլպետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Համբարձում Գալստյանը: Համատեղ ուժերով դռներ էինք ծեծում, հանդիպումներ կազմակերպում, հարցազրույցներ տալիս… ԽՍՀՄ ՆԳ նախարար Պուգո, ՊԱԿ, Կարմիր խաչ, տասնյակ հեղինակություններ ու հասարակական կազմակերպություններ, սակայն քար լռություն. ոչ ոք ոչինչ չէր խոստանում, անհնար էր գոնե որևէ տեղեկատվություն իմանալը: Արդեն 10-րդ օրն էր, սակայն ոչ մի արդյունք, նույնիսկ Խոսրով Հարությունյանի հետ իմ՝ ԱՄՆ դեսպանատուն դիմելը և բոլոր տեսագրությունները ներկայացնելը ոչինչ չտվեց: Մայիսի 21-ին ստիպված էի դիմել ծայրահեղ քայլի՝ նստեցի ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության շենքի աստիճաններին և հացադուլ հայտարարեցի: Ո՜վ զարմանք, աշխատանքային օրվա վերջին չորս միլիցիոներ ինձ ուղեկցեցին փոխնախարարի աշխատասենյակ: Պահանջս կոնկրետ էր՝ ազատել մեր միլիցիոներներին, իսկ մինչ այդ հավաստի տեղեկություն հաղորդել նրանց գտնվելու վայրի և վիճակի մասին, ավելին, ասացի, որ ինձ համար հավաստիությունը նրանց հետ հեռախոսով խոսելն է: Բոլորն ապշահար էին, փոխնախարարը մոտեցավ ինձ. «Այդպիսի բան հնարավոր չէ, դուք չե՞ք հասկանում, որ նրանք բանտում են»: Բայց ես անդրդվելի էի. «Այդ դեպքում հացադուլը կշարունակեմ ձեր աշխատասենյակում»: Ուրիշն ասեր, գուցե և չհավատայի, բայց փաստն այն է, որ մոտ մեկ ժամ ինձ մենակ թողնելուց հետո (մոտիկ սեղանին էլ ճոխ ուտելիք էին դրել, որ գուցե գայթակղվեմ, ու հացադուլս ի դերև լինի) կանչեցին կողքի սենյակ և ականջիս մոտեցրին հեռախոսափողը… Պարզ ու հստակ լսեցի գերիներից մեկի՝ Սամվել Մամյանի ձայնը, որ շփոթված ու կարկամած՝ չէր հավատում ականջներին…
Դրանից հետո փոխնախարարը խոստացավ նաև, որ հաջորդ իսկ օրը ԽՍՀՄ դատախազության քննչական խումբը կուղևորվի Ադրբեջան. այդպես էլ եղավ: Ավելին, զարմացեք, բայց հավատացեք՝ հաջորդ օրը, արդեն «Օստանկինոյի» իմ համարից, գերիների հարազատների ներկայությամբ, ես կրկին հեռախոսազրույց ունեցա գերեվարված տղաներից երկուսի հետ: Ծնողների ու հարազատների ուրախությանը չափ ու սահման չկար, իսկ Մոսկվա ուղևորվելու ամենամեծ արդյունքն այն էր, որ պաշտոնական գրություն ուղարկվեց Բաքու՝ առ այն, որ Մոսկվան ոչ մի խնդիր չունի գերի միլիցիոներների հարցում, և Ադրբեջանը պետք է վերադարձնի նրանց: Այս ուրախ տրամադրության մեջ էի, երբ հյուրանոցի համարում հնչեց հեռախոսազանգը, Նոյեմբերյանի քաղաքապետ Մարտիկ Ամիրաղյանն էր. «Շտապ վերադարձիր, պետք է բանակցես ադրբեջանցիների հետ»… «Ազգային ճակատն» է, մեր պետական մարմինների հետ խոսել չեն ուզում: Հասկանալի էր, որ Մոսկվայի նամակն արդեն տեղ էր հասել, հարկավոր էր վերադառնալ:
…Այս պատմությունները շատ քչերը գիտեն, սակայն մանրամասնելու հնարավորություն էլ չկա, այնուամենայնիվ ասեմ, որ Մոսկվայի հորդորից հետո էլ Ադրբեջանը հեշտ ու դյուրին չվերադարձրեց մեր գերիներին: Ռուսաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Անատոլի Շաբատի, հանրահայտ Թելման Գդլյանի և բազմաթիվ այլ պաշտոնատար անձանց՝ մեզ մոտ այցելելը և գործին միջամտելն անգամ ոչինչ չտվեց: Ազերիները տղաների փոխարեն մեզ մոտ գերի իրենց երկու օմօնականներին էին պահանջում ու նաև՝ մինչև գործարքի ավարտը, որպես երաշխիք, չորս կամավոր պատանդ… Ոչ ոք, նույնիսկ գերիների հարազատները, չհամաձայնեցին, և ստիպված ես մենակ պատանդվեցի թուրքերին և ազատ արձակվեցի միայն փոխանակությունից հետո: Ես չգիտեմ, չեմ տեսել, բայց ասում էին, որ ազերիները նաև մեծ գումարներ են պահանջել ու ստացել…
Ինչևէ, գերիներից առաջինն ազատվեցին Սամվել Մամյանն ու Հարություն Ղազինյանը հունիսի 21-ին, իսկ հուլիսի 9-ին, Իջևանի Ազատամուտ բանավանի սահմանագլխին վերադարձրին բոլորին:
25 տարի է անցել: Ավաղ, թերթի սահմաններում հնարավոր չէ ներկայացնել այդ ահասարսուռ օրերի մանրամասները, որոնք ականատեսի վկայությամբ ներկայացրել եմ 2007 թ. լույս տեսած իմ «Մայրամուտ արևածագին» գրքում: Ու չթվա, թե գրածս «եսապատում է»: Չէ՛, գրում եմ այն, ինչի մասնակիցն եմ եղել ու գիտեմ անձամբ: Ճերմակ թուղթը շատ է, թող այլք գրեն այն, ինչ իրենք են արել, տեսել կամ գիտեն: Սակայն այլ է ինձ մտատանջող հարցը: Ինչո՞ւ այսքան տարվա մեջ այս դեպքերը չներկայացվեցին՝ ինչպես որ եղել են: Ժամանակին հանրության առջև, շրջխորհրդի նիստում և հիշյալ գրքում իմ կողմից բարձրացված հարցերը առ այսօր մնում են անպատասխան: Ինչո՞ւ մարդիկ չգիտեն, թե ինչո՛ւ և ովքե՛ր տապալեցին «Կոլցո» «խաղաղ» օպերացիան, որի արդյունքում անտեղի զոհեր ունեցանք, ինչո՞ւ կոնկրետ մարդիկ ահաբեկեցին մայիսի 6-ին զոհված Ստեփան Ղարագյոզյանի հորը և սպառնացին, որ այլևս չբողոքի, ինչո՞ւ մի քանի մահափորձ կազմակերպվեց իմ դեմ, ինչո՞ւ հերթափոխից նոր վերադարձած միլիցիոներները «ոսկի տղաների» փոխարեն նորից մեկնեցին Ոսկեպար, ինչո՞ւ կարգախումբը Ոսկեպար չմեկնեց ռադիոկապով և հատուկ սարքավորված ավտոմեքենայով, պատերազմական իրավիճակ էր, ուղերթի ճանապարհը պետք է հետախուզվեր և ապահովվեր նախապես, ինչո՞ւ չարվեց, հերթապահության մեկնող ջոկատի յուրաքանչյուր անդամ ստանում է գործուղման վկայական, որը պահվում է կա՛մ տվյալ անձի, կա՛մ խմբի ավագի մոտ, ինչո՞ւ չկային այդ վկայականները, ինչը և կփաստեր, որ խմբում «բոյեվիկներ» չեն, և ռուսները անհապաղ կընդունեին իրենց սխալը կամ մեղքը:
Այո՛, այո՛, այո՛, նախատեսված էր, և թե՛ հայկական կողմին, թե՛ հակառակորդներին ձեռնտու էր, որ ամենը կատարվեր առանց զոհերի… Ապացուցվում էր, որ սահմանում «բոյեվիկներ» չկան. սա հայերիս էր ձեռնտու: Հայկական գյուղերը, անպաշտպան մնալով, դատարկվում էին. սա էլ նրանց էր ձեռնտու, բայց լսվեց մի հատիկ կրակոց, և ճանապարհը փակած ռուս զինվորները, կարծելով, որ իրենց վրա են կրակում, ահարկու կրակահերթերով քրքրեցին ավտոբուսը… Մինչդեռ միլիցիոներները ավտոմատներով էին զինված, բայց կրակել էին Կարաբինից, և գնդակն էլ կպել էր ավտոբուսի հետևին ամրացրած պահեստային անվադողի շրջանակին, հատուկ, նպատակային, որ ավտոբուսում նստածներն էլ կարծեն, թե իրենց դեմ են կրակում, և սկսվի փոխհրաձգությունը… Այդպես էլ եղավ: Վնասված անվադողը տարա դեպքի վայրից ու դրեցի զոհված վարորդի տան բակում՝ որպես իրեղեն ապացույց, որը հետագայում «անհետացավ». վերացրին փաստը… Բայց իմ գրքի «Խելագարված կապիտանը» ենթավերնագրի ներքո գրված է, թե ովքեր, ինչու արեցին դա… Ցավոք, շարժառիթն անձնական էր, նպատակը մեկն էր՝ ձախողել օպերացիան և ճակատագրական հարվածի տակ դնել շրջանի ու միլիցիայի նորանշանակ ղեկավարներին ու էլի մի շարք մարդկանց… Այսքան տարի նույնիսկ քրեական գործ չի հարուցվել: Իսկ գուցե դեռ ուշ չի՞, քանզի սպանության դեպքում վաղեմության ժամկետ չի գործում, և հենց այդ պատճառով էլ չի հրապարակվում ավտոբուսի անվադողին Կարաբինով կրակած ու օպերացիան ձախողած մարդկանց անունը…
1991 թվականին ծնվածներն այսօր արդեն 25 տարեկան են: Էլի նոր սերունդներ են գալու և ինչո՞ւ հետադարձ հայացք ձգեն մեր ապրած օրերին ու ասեն. «Չկարողացաք, վախեցաք խոսել ճշմարտության մասին»: Դա խարան կլինի մեր ճակատին, և այդ խարանը ոչ ոք մաքրել չի կարող, քանզի մենք այլևս կենդանի չենք լինի ու չենք կարողանա մեր մասին ասածը հաստատել կամ ժխտել: Ուրեմն, այն, ինչ ասվեց սույն հոդվածում, թող այլք, եթե ունեն ցանկություն և, կարևորը, իրավունք, ժխտեն կամ հաստատեն, կամ ասեն այն, ինչ իրենք են ճշմարիտ համարում…
Թող ասեն, միայն թե ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ ՉՄՆԱՆ:

«Գ.Թ.» – Մայիսի 3-ին Սամվել Բեգլարյանը մեկնել է Արցախ, այժմ զինվորական հերթապահություն է իրականացնում Հադրութում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։