ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԸՆՏՐԱՆԻՆ / Գագիկ ԽԱՉԻԿՅԱՆ

Դատելով Սամվել Մարգարյանի «Բանաստեղծություններ, ընտրանի» (2015 թ.) ժողովածուի կառուցվածքից, ուր տարբեր տարիներին տպագրված գրքերի բանաստեղծություններից ծաղկաքաղ կատարելով, դրանք զետեղել է ժամանակագրական կարգով, կարելի է ասել, որ հեղինակի՝ չափածո խոսքով ստեղծագործելու ցանկությունը նախ և առաջ ծնվել է հայրենիքի, մեծ Հայաստանի հանդեպ սիրուց ու նրա ճակատագրի նկատմամբ պատասխանատվության զգացումից: Ուստի անպաճույճ, ջերմ հուզականությամբ համակված տողերով նա իր անպարփակ սերն է արտահայտում մեծ հայրենիքի մասնիկը կազմող ծննդավայրի հանդեպ: Իսկ ինչպես հայտնի է, յուրաքանչյուրի համար հայրենիքը սկսվում է իր տանից, գյուղից, քաղաքից. հետևաբար բանաստեղծը գրում է.
Տունս հիմնեմ խաղաղ ափին Ախուրյանի,// Դուռս բացեմ աչքս դիպչի Արագածին,// Ոտքս հողին դիպչի, սիրտս՝ արեգակին,// Տունս հիմնեմ խնկոտ ափին Ախուրյանի…
Ս. Մարգարյանն իր կյանքի իմաստը տեսնում է հզորացած Հայաստանում խաղաղ ապրելու, հողը մշակելու, սեր ու բարություն իր շուրջը տարածելու մեջ: Բայց, ահա, իր պապից փոխանցված պատմական անցյալի ցավն ու տագնապները շարունակում են ապրել նաև բանաստեղծ թոռան հոգում: Իր ծննդավայրը կորցրած հայ մարդու կսկիծն ու անցյալում տեղի ունեցած հերոսական պայքար մղելու զգացումը, որ արտահայտվել է նաև Անդրանիկի մասին տանը իր պապի կատարած երգերով, այդ ամենն՝ իբրև կենդանի պատգամ, Ս. Մարգարյանը նոր սերունդներին փոխանցելու ավանդույթն է ցանկանում պահպանել նախ և առաջ իր ընտանեկան հարկի տակ.
Ս. Մարգարյանը, կարելի է ասել, նախ և առաջ հայրենի եզերքի՝ Երազգավորսի՝ իբրև մեծ հայրենիքի մի թանկագին մասունքի, նրա պատմական անցյալի ու ներկայի երգիչն է: Բայց, ցավոք, այդ մեծ հայրենիքը կիսված է մնում մինչև այսօր: Ապրելով նոր Երազգավորս գյուղում՝ նա Ախուրյանի մյուս ափին տեսնում է իրենից ու մեր բոլորից խլված Արևմտյան Հայաստանի տարածքները: Նրա ու համագյուղացիների առջև են թե՛ պատմական Երազգավորսը, թե՛ Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի, համաշխարհային ճարտարապետության մեջ անգամ ինքնատիպ ու մեծարժեք, փառահեղ եկեղեցիների ու ամրոցների ավերակները: Նրա երազանքն է եղել լինել իր պապի ու նրա նախնիների հայրենական Վարդխաղ գյուղում, որին մի օր նա ի վերջո այցելության է գնում:
Յոթ հարյուր քայլ իմ տանից հեռու// Զանգի ղողանջն է իմ Ախուրյանի,// Իմ հողվոր պապի շիրիմն է մամռում// Ու լռիկ թախծում բարձրիկ գետափին:// Սահմանն է ձգվում հյուսիսից հարավ,// Ու փշալարի երգ կա մորմոքուն, //Թռչում է անվերջ ողոքող մի ցավ,
Գիշերով գալիս՝ դիպչում իմ հոգուն: («Երազգավորսյան համայնապատկեր», էջ 11):
Հայրենասեր բանաստեղծի ռոմանտիկ հավատը նրան մղում է երազելու, որ մեր հայրենիքի երկու հատվածները բաժանող սահմանային փշալարն ի վերջո կցնդի, կվերանա ու ինքը այցելության կգնա իր նախնիների հարազատ վայրերին:
Գիտեմ, պիտի ցնդի մի օր այս կույր փշալարը,// Պիտի բացվի երազանքիս ամենամեծ ճանապարհը:
Բանաստեղծին խոր ցավ է պատճառում իր մեծ հայրենիքը կիսող Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև եղած պետական սահմանը, որովհետև նա ամեն օր այդ սահմանի երկարությամբ է գնում-գալիս հայրենի գյուղ: Այն շարունակ նրա աչքի առաջ է, ուստի բանաստեղծի զգայուն հոգուն այս իրողությունը չի կարող անտարբեր թողնել: Կարելի է ասել, որ կորցրած հայրենիքի թեմայի արծարծումները Ս. Մարգարյանի ստեղծագործություններին յուրօրինակություն են հաղորդում: Մոտիկ, սակայն օտար պետության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստան-հայրենիքի հանդեպ կարոտաբաղձությունը մեղմախոս զգացումով է բանաստեղծն արտահայտել «Այն ափից բուրող ծաղկին» քերթվածում.
Բաժանում է այս սահմանը, մեզ այս գետն է բաժանում,// Ու գնալով տարեցտարի մեր կարոտն է թեժանում:
Բռնազավթված Արևմտյան Հայաստանը բաց վերքի պես ցավ է պատճառում յուրաքանչյուրին, առավել ևս՝ սահմանին մոտ ապրողներին: Եվ եթե բանաստեղծը սահմանախախտ չի կարող լինել, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև եղած սահմանը խախտում են նրա պահած մեղուները, որոնք ռոմանտիկ երազանքներով ապրող իրենց տիրոջը մղում են մտածելու գեթ այն մասին, որ նրանք մեղր են պատրաստում նաև իր նախնիների հայրենիքի ծաղիկներից բերված նեկտարով և իր երազները տանում օտարին գերի մնացած հայրենիքի դաշտերի ծաղիկներին.
Մեղուներս թռչում են Անի,// Երազգավորս ու Արգինա,// Բերում են նեկտարը Երկրի,// Ծաղկախունկեր ու մանանա…
Ս. Մարգարյանն իր հերթին արժևորում է մեր ժողովրդի դարավոր կորուստները, որ յուրովի տեսանելի է դարձնում նյութական ու հոգևոր արժեքների չափը և իր՝ իբրև հայ մտավորականի ցավի խորությունը:
Արևմտյան Հայաստան կատարած այցելությունը, պապենական տան հայտնաբերումը Վարդխաղ գյուղում Ս. Մարգարյանին մղում են մի նոր եռանդով գովերգելու, զմայլվելու դեռևս մի դար առաջ այստեղ ապրող իր նախնիների բնաշխարհով ու հիշատակներով, վերակենդանացնելու նրանց հետ հոգևոր կապի, արյունակցության զգացողությունները: Ընթերցողին են փոխանցվում մեր մեծ հայրենիքից խլված Արևմտյան Հայաստանի բնաշխարհում շրջագայող բանաստեղծին համակած հույզերն ու ապրումները.
Կորցրել եմ պապիս տունը,// Ես երկինք եմ կորցրել,// Վանս խռով,Մուշս խռով,// Հայրենիք եմ կորցրել;
Հայկական կոտորածների բուն տեղավայրերում քայլելով՝ Ս. Մարգարյանն իր իմացությունների և երևակայության չափով և՛ վերստեղծում է Եղեռնի համապատկերը, և՛ փորձում տեսնել հայկական հարցի լուծման ինչ-որ հնարավոր հեռանկար: Մի կողմից նա հաստատում է.
-Ցեղասպանությունը եղե՜լ է, եղե՜լ,-// Աղաղակում էր աշխարհն իմ ավեր…// Հայոց արյունն է այստեղ հեղեղվել,// Թուրքի ձեռքով է երկիրս կիսվել:
Մի այլ տեղ փորձում է կանխատեսել խնդրի լուծումը.
Պիտի բացվեն սահմանները – խաղաղապաշտ հայ եմ ես,// Պիտի օծվեն ճամփաները-// Աստծո խորհուրդն է անեղծ:// Եղբայր կասեմ ես այն թուրքին, որ իմ ճամփան կբացի,// Եվ այն քրդին՝ Վարդխաղ գյուղի՝ պապիս տունը կհանձնի: («Կանխատեսում», 172 էջ):
Բայց գիտակցելով, որ մեր ժողովրդի պատմական ճակատագրի առեղծվածային խնդիրները հովվերգական, ռոմանտիկական լավատեսությամբ չեն լուծվելու, պատմական Հայաստանի ազատագրումը լոկ բարի կամք դրսևորելով չի կարգավորվելու (դրա վառ ապացույցը Արցախ-Ղարաբաղի համար մղվող և մինչև այսօր շարունակվող ազատամարտն է), նա վերախմբագրում է հայկական հարցի կարգավորման իր պատկերացումը, որի համաձայն մեր ժողովուրդը դեպի իր կորցրած տարածքները տանող ճանապարհը կարող է բացել և համազգային երազանքներն իրագործել ֆիզիկական ուժի, իր բանակի և մշակույթի միջոցով:
Սամվելն ասաց՝ Հայ ժողովուրդ, զուր ես նայում հարավ, հյուսիս,// Զուր ես տենչը քո շղթայում օտարների անգո հույսին,// Թե ուզում ես հասնել, փարվել քո Անիին, քո Մասիսին՝// Ապավինիր դու քո բազկին, քո հանճարի անմար լույսին: (173 էջ:)
Ս. Մարգարյանը, կարծում ենք, շարունակում է հատկապես Հովհաննես Շիրազի աշխարհընկալման ու ստեղծած գրական ավանդույթները: Այս մասին է վկայում նաև պատմական տեղանունների միջոցով ազգային կյանքի ծանր իրողությունները վերարծարծելու հետևողական ձգտումը, ունեցած և կորցրած աշխարհագրական տարածքների, մեր հայրենիքի դեմքը ներկայացնող վայրերի հանդեպ իր հիացմունքի ու ափսոսանքի, ցավի զգացումների տարափը: Հատկապես ուշագրավ են Արևմտյան Հայաստանի աշխարհագրական տեղանունների հիշատակումները, նրանց միջոցով անցյալի մեր ողբերգության, կորուստների վերարծարծումները: Ու նրա գրքում կարծում ենք նման մոտեցումն արդարացված է, քանի որ նա եղել է Արևմտյան Հայաստանի այդ վայրերում. տպավորությունները թարմ են, դրանց հուզական վերապրումները հասկանալի: Այսպես, օրինակ, «Արածանու ափին» (168 էջ) երկում գրում է.
Երբ մոտեցա իմ մայր գետին՝// Գետի կարոտն իմ հոգում,// Սիրտս տենչաց լողալ, սուզվել// Զուլալ, զնգուն ջրերում…// – Կանգնիր, որդիս,- գետն ինձ ասաց,-// Հանգրվան եմ վշտերի,// Ես պահել եմ իմ խորքերում// Մասունքները զոհերի:
Կարծում ենք, հայրենասիրական թեմատիկայով մի շարք բանաստեղծություններ իրենց ճանաչողական ու դաստիարակչական բովանդակության շնորհիվ կարող են տարրական ու միջին դպրոցի աշակերտների համար լրացուցիչ ընթերցանության նյութ հանդիսանալ:
Սամվել Մարգարյանի ստեղծագործությունը հանրագումարի բերող այս գրքում կարևոր տեղ է գրավում նաև մայրերգությունը: Մայրական հոգու ջերմության, որդու ցավը մեղմելու կաթոգին մայրական սիրո կարիքը Ս. Մարգարյանը շատ է զգում հատկապես մոր մահվանից հետո:
Ս. Մարգարյանի չափածո երկերում արտահայտված սիրառատությունը գեղեցիկ սեռի նկատմամբ՝ իբրև կյանքում դրսևորվող մարդասիրական, գեղեցիկ զգացում, ինձ դուր է գալիս: Մանավանդ, երբ աչքի առաջ ունենք մեր ժամանակակից կյանքում հաճախ դրսևորվող անտարբերության, կոպտության, ատելության, եսասիրության, շահամոլության, կեղծիքի, անբարեկրթության առատությունը: Հետաքրքրությամբ են ընթերցվում նաև հայրենի բնաշխարհին նվիրված ստեղծագործությունները:
Ինչևէ. Ս. Մարգարյանը ձգտել է այս գրքով ընթերցողին ներկայացնել աշխարհում մարդուն (մասնավորապես, հայ մարդուն) ապրեցնող երևույթների ու գաղափարների հանդեպ իր սերը: Իսկ թե ով ինչպես կընկալի այդ ամենի գրական արտահայտությունը, մնում է ընթերցողների հայեցողությանը: Որպես բարի մաղթանքի խոսք՝ ուզում եմ ցանկանալ, որ Սամվել Մարգարյանի ստեղծագործությունը նրա հաջորդ գրքերում թարմացած կլինի արդի ոճամտածողությանը բնորոշ պատկերային համակարգով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։