Ապրիլի 2-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Հասկեր» մանկապատանեկան գրական մրցույթի ամփոփումը և մրցույթի լավագույն ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը: «Անդին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հակոբ Սողոմոնյանը տեղեկացրեց, որ «Հասկեր» գրական մրցույթը նախաձեռնել են «Կայարան» գրական ակումբը, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Անդին» ամսագիրը: Մրցույթին ներկայացվել է 200 աշխատանք (պատմվածք, բանաստեղծություն և էսսե), ժողովածուում ընդգրկվել է 60-ը:
Ըստ «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանի` սա աշակերտների կայացման առաջին փորձն է: «Թեև բոլորը չեն գնա դեպի գրականության, բայց հեղինակների մեջ կլինեն այնպիսիներ, որ կստեղծեն նոր մտածողությամբ գրքեր»,- վստահեցրեց նա:
«Կայարան» գրական ակումբի նախագահ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ բոլոր ստեղծագործությունները գրվել են հայերենի լավագույն իմացությամբ, ինչը վկայում է ուսուցիչների փայլուն աշխատանքի մասին: «Մեր սերնդին փոխարինելու է գալիս տաղանդավոր մի սերունդ, որը սիրահարված է իր արմատներին, կարողանում է մաքուր հայերենով շարադրել իր գործերը»,- հավաստեց նա:
Ելույթ ունեցան նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, բանաստեղծուհի Անի Տեր-Գուլանյանը:
Մրցույթի լավագույն մասնակիցները պարգևատրվեցին «Սերմնահատիկ» և «Ոսկե հասկ» անվանակարգերում` ստանալով պատվոգիր, գրքեր և «Անդին» ամսագրի համարներ: «Ոսկե հասկի» յոթ մրցանակակիրները որպես նվեր ստացան ամսագրի մեկ տարվա բաժանորդագրություն: Շնորհակալագրեր ստացան մրցույթին առավել ակտիվ մասնակցած դպրոցներն ու ուսուցիչները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ