Թուրքիայի վարչապետ Դավութօղլին հայտարարել է, թե «մարդասեր Թուրքիան միշտ այնտեղ է, որտեղ մարդկային ողբերգություն կա: Որտեղ մի զոհ կա, ճնշված կա, Թուրքիան անպայման այնտեղ է: Մենք այս դիվանագիտությանը մարդկային դիվանագիտություն, խղճի դիվանագիտություն ենք կոչում»: Թերևս այդ «խղճի» թելադրանքով էլ թուրքական զինծառայողներն ու ռազմատեխնիկան մտել են Իրաքի Նայնավա նահանգ, իբր, «քուրդ աշխարհազորայիններին մարզելու նպատակով»: Իրաքի պատկան մարմինները Թուրքիայի անօրինական ներխուժումը թշնամական գործողություն են որակել՝ պահանջելով հարգել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ նախագահը նույնպես կոչ է արել Էրդողանին «լրացուցիչ քայլեր ձեռնարկել Իրաքի հետ լարվածության թուլացման նպատակով, այդ թվում` շարունակել թուրքական զորքերի դուրսբերումը», սակայն հայտնի բան է` որտեղ թուրքերը, աշխարհի առաջին խնդիրը նրանց այդտեղից դուրս հանելն է: Սովորության համաձայն՝ Անկարան իր ապօրինի գործողության արդարացման գործիք է ընտրել աճպարարությունը, ճիգ թափելով ապացուցել անապացուցելին: Այս անգամ էլ, թուրքերի կարծիքով, իրենց սահմանների անվտանգությունն սկսվում է իրենց սահմաններից դուրս: Ըստ նրանց՝ «Այնպիսի պետություններ, ինչպիսիք են Իրաքն ու Սիրիան, չեն կարող վերահսկել իրենց սահմանները: Եթե մենք անվտանգության մթնոլորտ չձևավորենք, որը կկարողանա վերահսկել ԻՊ-ին ու Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, ապա չենք կարողանա ապահովել անվտանգությունը նաև Թուրքիայի ներսում»: Այս տրամաբանությունից է բխում ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Խալիթ Չեվիկի` թուրքական ագրեսիայի կապակցությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արված հայտարարությունը, իբր, Բաղդադը խանգարում է Իսլամական Պետության դեմ պայքարին: Նույն տրամաբանությամբ՝ թուրքական զորքերը ԻԼԻՊ-ին դիմագրավելու պատրվակով շարժվում են քրդական ինքնավարության ուղղությամբ, որտեղ ջիհադիստների հետքն իսկ չկա: Հաշվի առնելով թուրք-քրդական «բարեկամական» հարաբերությունները՝ պիտի ենթադրել, որ քուրդ աշխարհազորայիններին մարզելը նրանց ոչնչացնել է նշանակում: Իսկապես որ, Թուրքիան այնտեղ է, ուր զոհ կա, և որտեղ Թուրքիան է, հնարավոր չէ առանց զոհերի: Թուրքերն ագռավների պես անընդհատ լեշի փնտրտուքների մեջ են, թեև իրենց գորշ գայլ են երևակայում, անհաղորդ օբյեկտիվ իրականությանն ու աշխարհաքաղաքական իրավիճակին: Իսկ իրավիճակն այնպիսին է, որ գրոհայինները կոալիցիոն ուժերի ճնշման տակ հնարավոր է լքեն Մոսուլը, փոխանցելով այն քրդական աշխարհազորայինների աջակցությամբ գործող շիիթական ոստիկանությանը, ինչին կտրականապես դեմ է Էրդողանը, քանի որ նավթահանքերով հարուստ հիշյալ տարածքը կարող է Իրանի ազդեցության տակ հայտնվել: Այս համատեքստում թուրքերի Նայնավա ներխուժման նպատակը ավելի ԻԼԻՊ-ի հետ Թուրքիայի կապի միջանցքի պահպանումն է , ինչպես և Իրանի ու շիիթական այլ խմբավորումների մուտքի արգելքը այնտեղ: Եվ որքան էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլին սիրում է հայտարարել, որ Անկարան հետաքրքրված է ԻՊ-ի դեմ պայքարով, անքննարկելի է Անկարայի համագործակցությունը նույն ԻՊ-ի հետ: Թուրքիայի երկակի խաղը նորություն չէ, սակայն որոշակի շահերով պայմանավորված, նրա հետ հարաբերություններում առայժմ գերակշռողը աչքակապությունն է: Միաժամանակ, թեկուզ փակագծերում, շատերն են Թուրքիային դիտում որպես ԻՊ-ի գրոհայինների «ընդհատակյա բնակարան», մի տեսակ տարանցիկ միջանցք, որով Եվրոպայից և ԱՊՀ երկրներից հազարավոր նոր ջիհադիստներ են մուտք գործում Սիրիա և Իրաք, այնտեղից էլ հետ` Եվրոպա ու այլ տարածքներ: Եվ հենց նույն Եվրոպայի գիտակցված չեզոքությունն է, որը թույլ է տալիս Թուրքիային լկտիաբար միջամտել այլոց ներքին գործերին: Սակայն ԱՄՆ նախագահ Օբամային կարծես հաջողվել է սառույցը տեղաշարժել: Նրա կողմից Բաղդադի հետ ավելորդ լարվածությունից խուսափելու կոչը ստանալուց հետո Էրդողանը սկսել է թուրքական զորքերի դուրսբերումը: Ինչպես նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, «Թուրքիան Մոսուլից դուրս է բերել իր զորքերն ու կշարունակի այդ գործընթացը»: Այն տպավորությունն է, որ քաղաքակիրթ աշխարհն առայժմ անպաշտպան է թուրքական ցինիզմի դեմ, որովհետև եթե թուրքերը նշում են, որ գործընթացը շարունակվում է, պիտի ենթադրել, որ այն հակված չէ վերջանալու:
Կարդալ նաեւ․․․
ԱՆՀԱՍՑԵ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՉԵՍ ՊԱՇՏՊԱՆԻ/ Սամվել ԿՈՍՅԱՆ
Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. «Մարդկության մշակութային և բնական ժառանգության պաշտպանության…
Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Հերթական խաբեություն, հասարակությանը շեղելու միջոց, թեև շատ կցանկանայի, որ այսօրվա…
Պատմական Հայաստան Իրական. Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Եվ այսպես՝ պատմական, թե՞ իրական Հայաստան: Միանգամից ասեմ, որ իմ…