Աիդա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԷՍՍԵ

Հիվանդասենյակում երկու անդամալույծ տարեց տղամարդ էին պառկած: Մահճակալների կողքի աթոռներին հարմարվել էին նրանց որդիները: Հիվանդների նախաբազկին կաթիլային էր միացրած: Պալատի օդը հեղձուկ էր, հիվանդները անզոր էին ինքնուրույն շարժում կատարելու: Որդիներն էին խնամում նրանց: Խնամակալներից մեկը դուրս եկավ հիվանդասենյակից: Քիչ հետո միջանցք ելավ նաև մյուսը:
– Ապեր ջան,- ասաց վերջինս,- կարո՞ղ է մի պապիրոս տաս: Ամբողջ գիշեր հորդ տնքոցներից չեմ քնել:
– Ա՛ռ պապիրոսը, բայց իմանաս, որ ես էլ աչք չկպցրի հորդ խռոցների պատճառով: Վաղո՞ւց եք էստեղ:
– Մեկ շաբաթ, բայց հազիվ էլ դիմանանք, փողը ջրի պես գնում է` էլ ներերակային, էլ էխո, ֆլան-ֆստան:
– Հակոբ,- լսվեց ներսի հիվանդներից մեկի ձայնը: – Բուժքրոջն ասա՝ գա: Երակային դեղը վերջացավ:
– Եկա, եկա,- ասաց շիկահեր բուժքույրը և մտավ հիվանդասենյակ:
Քիչ անց` դեղերի ազդեցությամբ մի փոքր ուժ հավաքած հիվանդները զրույցի բռնվեցին:
– Ա՛յ ախպեր, էս ի՞նչ օրն ընկանք: Ախր, ես պառկել-մառկելուն սովոր չեմ: Կյանքում ինչ ուզել, արել եմ: Մենակ մի մուրազ ունեի, որ չեմ իրականացրել: Կուզե՞ս, պատմեմ:
– Դե պատմի, մեկ է` ուրիշ անելիք չունենք:
– Տասը տարեկան էի, երբ հորս սպանեցին: Թեև անհայր եմ մեծացել, բայց մեր թաղի ամենահայտնի մարդն եմ եղել: Հիմի էլ զենք ունեմ տանը պահած ու մի փափագ` վրեժ լուծել հորս համար` շան սատակ անել նրան սպանողին: Դու ո՞վ ես, որտեղացի՞ ես:
– Ես հորով-մորով եմ մեծացել: Հերս միլպետ էր, թուրը կտրում էր աջ ու ձախ, ինչ ասես` անում էր, բայց ես նրա արածները չէի հավանում: Երբեք ցանկություն չեմ ունեցել զենք վերցնելու:
Ուզում է ձեռքը բարձրացնել՝ չի ստացվում:
– Պա՛պ, հերիք է խոսեք: Ձեզ քնել է հարկավոր:
Շուտով լսվում է հիվանդներից մեկի խռխռոցը:
Հիվանդապահ տղաներից մեկը մյուսին հարցնում է, թե նրանք իջևանցի՞ են:
– Իա, ի՞նչ իմացար:
– Ես ձեր բարբառին ծանոթ եմ: Մենք սկզբում այնտեղ էինք ապրում: Հայրս կոշկակարություն էր անում: Բայց մի օր վիճեց միլպետի հետ և վերջինս էլ նրան սպանել տվեց: Ինչու՞ …, որովհետև նրա համար հերթական սապոգ կարելն ուշացրել էր: Հորս մահից հետո հեռացանք Իջևանից և գնացինք Աբովյան:
– Ա՛յ քեզ բան,- բացականչեց իջևանցին,- իսկ իմ պապը քաղաքի միլպետն էր:
Հիվանդներն արթնացել և ուշի-ուշով նրանց էին լսում:
– Այ տղա, ի՞նչ էր միլպետ պապիդ անունը,- հարցրեց հիվանդը.
– Բարեղամ,- եղավ պատասխանը:
– Վայ, ես էդ անասունին կսպանեմ:
– Կամա՛ց, մի՛ գոռա, հերս վաղուց մեռել է,- ասաց միլպետի որդին:
– Տղա՛ս, մի էդ ձեռնափայտը տուր, միլպետի տղի հերն անիծեմ:
– Այ հեր, իսկի գդալ չես կարողանում բռնել, ի՞նչ փայտ, ի՞նչ բան:
Հայրն սկսեց բարձրաձայն հեծկլտալ.
– Բա ես իմ հոր գերեզմանի վրա երդվել էի, որ սպանելու եմ էդ միլպետին:
Այդ պահին հիվանդասենյակ է մտնում տղաներից մեկի քույրը՝ մրգերով լի պայուսակը ձեռքին: Նկատելով եղբոր հուզմունքը, վախեցած հարցնում է.
– Հայրիկը հո՞ չի վատացել: Եղբայրը նրան պատմում է, թե հայրը գտել է իրենց պապին սպանողի որդուն, և մատնացույց անելով մյուս պառկած հիվանդին:
– Այ հե՛ր, էլի գժվա՞ր…Խելքդ թռցրե՞լ ես: Դա անցած-գնացած բան է: Դու աշխատիր շուտ լավանալ, որ բոլորս գնանք մեր տները: Թող…Թող սրբեմ աչքերդ…

ԵՍ ԷԼ ՕԳՏԱԿԱՐ
ԵՂԱ ՄԵԿԻՆ

Կեսօր էր: Նա, թեև արդեն մի երկու բաժակ խմել էր, բայց ազատության ու անկաշկանդության զգացում ձեռք չէր բերել: Ավտոների աղմուկն ու խայտաբղետ ցուցանակները նյարդայնացնում էին նրան: Գործն ուզում էր փոխել. ընտանիքը չէր կարողանում պատշաճ ձևով պահել: Այսօր էլ չստացվեց նոր աշխատանք գտնել: Կիսաձայն հայհոյեց գործատուներին: Երևում է քառասուն տարեկանները` էլ ոչ մեկին պետք չեն: Չէ՛, պետք է խմելը թողնել:
– Բարև Ձեզ, քեռի,- հանկարծ նրա մտածմունքներն ընդհատեց մանկական մի ձայն:
Շուռ եկավ ու տեսավ կոկիկ հագնված մի վեց-յոթ տարեկան տղայի:
– Քեռի, դուք պատրաստվում եք փողոցն անցնե՞լ,- հարցրեց տղան:
– Այո:
– Կարելի՞ է` ձեր ձեռքը բռնեմ, միասին անցնենք:
– Իհարկե,- եղավ պատասխանը, և, ափի մեջ վերցնելով փոքրիկի ձեռքը, տղամարդը զգուշորեն անցկացրեց նրան մյուս մայթ:
– Շնորհակալություն,- ժպտաց երեխան ու, հրաժեշտ տալով, հեռացավ:
Տղամարդը նույնպես ժպտաց: Հետո մտածեց. «Ինչ լավ էր, որ հարբած չէի: Ես էլ օգտակար եղա մեկին: Շնորհակալ եմ քեզ, վայելուչ տղա: Չէ, հաստատ թողնելու եմ խմելը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.