Արմեն Հովհաննիսյանը ահռելի երևույթ, մարդ-նվագախումբ

Նոյեմբերի 24-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Իսահակ Բաբելի «Հատընտիր» (թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան) գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց. «Թարգմանական հազարավոր էջերը վկայում են նրա տաղանդի ու աշխատասիրության մասին և աչքի են ընկնում իրենց լեզվաոճական առանձնահատկություններով, հայերենի բազմաշերտությամբ» և Ա. Հովհաննիսյանին գնահատեց նաև որպես լավագույն հրապարակախոսի: Ապա ներկայացնելով ռուս գրականության մեծագույն դեմքերից Իսահակ Բաբելին, ով երկար տարիներ չէր հրատարակվում, բնութագրեց նրան իբրև աշխարհի ահն ու սարսափը, գենետիկ վախը կրած գրողի, ով հզոր դիտողականությամբ ներկայացրել է ժամանակի անցուդարձերը:
Ըստ դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանի՝ Ա. Հովհաննիսյանը ահռելի երևույթ էր, մարդ-նվագախումբ: Նա արժևորեց նաև «ԳԹ»-ում հրապարակված Ա. Հովհաննիսյանի հրապարակախոսական շարքը, որը ցույց է տալիս տվյալ ժամանակաշրջանի համապատկերը:
Արձակագիր Ռուբեն Հովսեփյանը փաստեց, որ Ա. Հովհաննիսյանը մի ամբողջ գրադարան է տվել հայ գրականությանը, ռուս գրականությունը դարձրել հայ գրականության փաստ:
Ըստ արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի` Ա. Հովհաննիսյանն այն եզակի թարգմանիչներից է, որոնք թարգմանության լուրջ տեսաբաններ էին և գործնականում կիրառում էին իրենց տեսական գիտելիքը:
Ելույթ ունեցան Վահագն Սարգսյանը և ուրիշներ: Ի. Բաբելի «Արթնացում» պատմվածքը կարդաց ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.