Գիտաժողով՝նվիրված Րաֆֆու ծննդյան 180-ամյակին

2015թ. նոյեմբերի 17-ին Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Րաֆֆու ծննդյան 180-ամյակին:
Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Վ. Դևրիկյանը: Արժևորելով Րաֆֆու ստեղծագործությունը՝ նա համառոտակի ներկայացրեց րաֆֆիագիտության ձեռք բերած նվաճումները:
Շնորհավորելով ակադեմիկոս Ս. Սարինյանին ծննդյան 91-ամյակի առթիվ՝ Վ. Դևրիկյանը նշեց, որ խորհրդանշական իմաստ ունի գիտաժողովը հենց այդ օրը անցկացնելը. Ս. Սարինյանի գիտական գործունեության ողջ ճանապարհին կանգնած է եղել Րաֆֆին՝ իր ազգային-հայրենասիրական մտորումներով, կյանքի փիլիսոփայական, էսթետիկական, բարոյախոսական ըմբռնումներով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մասնավորապես կարևորեց այն հանգամանքը, որ Րաֆֆին բացեց ընթերցանության ճանապարհը, սեր արթնացրեց գրքի նկատմամբ:
Ակադեմիկոս Ս. Սարինյանը հանդես եկավ «Սյուժեների մարդկային ձևակերպումը Րաֆֆու ստեղծագործության մեջ» զեկուցմամբ: Նա իր ելույթը կառուցեց երեք խոշորագույն պատմավիպասանների՝ Ծերենցի, Մուրացանի և Րաֆֆու ստեղծագործություննների քննության հիման վրա:
Բ.գ.դ. Ս. Հովհաննիսյանը «Րաֆֆին Թումանյանի կյանքում» զեկուցման մեջ նշեց, որ Թումանյանի մտավոր զարգացման, հոգևոր հարստացման համար կարևոր նշանակություն են ունեցել ինչպես Րաֆֆու ստեղծագործությունը, այնպես էլ նրա հետ անձնական շփումները:
Բ.գ.դ. Մ. Խաչատրյանը «Համաստեղը Րաֆֆու մասին» զեկուցմամբ ներկայացրեց Համաստեղի՝ Րաֆֆու ստեղծագործությանը և գործին տված գնահատականները:
Րաֆֆու ստեղծագործության մեջ արծարծված գաղափարների ազգային և համամարդկային նշանակությանն էր նվիրված բ.գ.թ. Պ. Դեմիրճյանի զեկուցումը՝ «Րաֆֆին՝ ազգային և համամարդկային»:
Գրող-հրապարակախոս Ալ. Հովհաննիսյանը ««Դավիթ Բեկ». կերպարներ» զեկուցման մեջ նշեց, որ վեպում հանդես եկող բազմաթիվ կերպարների կերպարակերտման սկզբունքներում ի հայտ են գալիս Րաֆֆու բարոյախոսական ըմբռնումները:
Բ.գ.թ. Ամ. Ալեքսանյանի զեկուցումը՝ «Րաֆֆու կերպարը հուշագրության մեջ», ամբողջացնում էր Րաֆֆուն՝ իբրև անհատի, իբրև երևույթի:
Բ.գ.թ. Ռ. Էլոյանը հետաքրքիր հարցադրումներ առաջ քաշեց «Րաֆֆի. չյուրացված դասեր» զեկուցման մեջ:
Բ.գ.թ. Վ. Ավագյանը «Րաֆֆին Ա. Չոպանյանի գնահատությամբ» զեկուցման մեջ ներկայացրեց Չոպանյանի րաֆֆիական արժևորումը:
Գիտաժողովի վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, բ.գ.թ. Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։