Հարյուր տարի առաջ Անատոլ Ֆրանսը Հայաստանի մասին փարիզյան իր ելույթում ասել է. «Մեր քույրը Արևելքում մահանում է, մահանում է նրա համար, որ հենց մեր քույրն է, որի մեղքն այն է, որ կիսում է մեր հույզերը, սիրում է ինչը մենք ենք սիրում, մտածում է մեր պես, հավատում է ինչին մենք ենք հավատում և մեզ նման գնահատում է իմաստնությունը, մշակույթը, պոեզիան»: Հարյուր տարի անց սուգ է Ֆրանսիայում, բարբարոսները Անատոլ Ֆրանսի երկրում են, խոնարհված են Ֆրանսիայի դրոշները… Փարիզյան ահաբեկչությունները հարձակում չեն միայն Փարիզի վրա, այլ ոտնձգություն են ողջ քաղաքակիրթ մարդկության արժեքների նկատմամբ… Եվ այսօր մարդկության քաղաքակիրթ հատվածը սգում է ֆրանսիացիների հետ, կիսում է ֆրանսիացիների վիշտը… Այսօր աշխարհը սգավոր է…
Փորձագետներից շատերը հակված են փարիզյան ողբերգության պատճառ համարել Ֆրանսիայի միգրացիոն սխալ քաղաքականությունը: Le Figaro թերթի հոդվածում հիշեցվում է, որ Մերձավոր Արևելքում իսլամիստների կողմից Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ են մարտնչում, ապա թվարկում է այն դեպքերը, որ Իրաքում և Սիրիայում իրականացվել են ֆրանսիական մահապարտների կողմից: Այժմ էլ ԻՊ-ի գրոհայինների կազմում մոտ 600 ֆրանսիական քաղաքացի է ներգրավված: Քանիցս հատուկ ծառայությունները, զինվորականները, անվտանգության փորձագետները զգուշացրել են ֆրանսիական իշխանություններին, որ այդ երևույթի թերագնահատումը հղի է ամենալուրջ հետևանքներով: Իսկ ահաբեկչական գործունեության մոնիթորինգի կոմիտեն ուղղակիորեն է հայտարարել. «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ ԻՊ-ը ծրագրել է օգտագործել արևմտյան երկրներից անդամագրված ջիհադիստներին, որպեսզի ահաբեկչություններ կազմակերպի հենց իրենց հարազատ քաղաքներում: Նրանց հայրենիք վերադարձը ահաբեկչական մտածված գործողություն է»: Սակայն առավել հավանական է, որ ոչ միայն Ֆրանսիան, այլև արևմտյան մյուս երկրները նույնպես խնդիրը լրջորեն չեն գնահատել, ինչի ապացույցը ներգաղթյալների ահռելի հոսքի նկատմամբ նրանց վերաբերմունքն է: Ներգաղթյալների շարքերում կարելի է տեսնել հաղթանդամ, առողջ երիտասարդների, որոնց ներկայությունը ծերերի, կանանց և երեխաների միջավայրում առնվազն տարօրինակ է: Եթե իրենց երկրները պատրազմի մեջ են, տրամաբանորեն նրանք պիտի լինեին իրենց հայրենիքի պաշտպանության դիրքերում: Եվ այսօր անհայտ է, թե ներգաղթյալների հագուստի տակ ԻՊ-ի որքան մահապարտներ են թափանցել և թափանցում իրենց հյուրընկալող երկրներ: Նույն Le Figaro-ի «Ոստիկանությունը և հատուկ ծառայությունները զգուշանում են վատթարագույնից» վերնագրով հոդվածն այն մասին է, որ մոտակա օրերին ֆրանսիական ուժայինները սպասում են նոր ահաբեկչությունների: Ըստ նրանց՝ Փարիզում կատարվածը դեռ սկիզբն է: Ուժայինների կարծիքով, իսլամիստների հարվածային հիմնական ուժը Սիրիայում, Լիբիայում, Եմենում կռվող Ֆրանսիայի քաղաքացիներն են: Նրանք հայրենիք են վերադառնում մեծ փողերով և տեղում էլ զենք են գնում: Առավել ձախ կողմնորոշմամբ The Guardian-ը թախիծով է արձանագրում, որ Մերձավոր Արևելք ջիհադի մեկնած երեք հազարից ավելի եվրոպացիներից մինիմում 1430-ը ֆրանսիացիներ են: Մոտավորապես այդքան էլ տեղում են, որոնք մշտական կապի մեջ են ԻՊ-ի և իսլամիստական այլ խմբավորումների հետ: Սակայն ամենասարսափելին այն է, որ մոտ 200 մարտական փորձ ունեցող իսլամիստներ վերադարձել են Ֆրանսիա, և առայժմ չի հաջողվում նրանց բռնել: Վիճակը այս կամ այն չափով նույնն է եվրոպական համարյա բոլոր երկրներում: Ինչպես գրում է պահպանողական կոմունիստ Դուգլաս Մյուռեյը. «Փարիզյան ահաբեկչությունները պետք է մեզ հիշեցնեն ժամանակակից Եվրոպայի իրական խնդիրները, որոնք գնալով սրվում են: Նրանց շարքերում, ովքեր Եվրոպայում կողք կողքի ապրում են մեզ հետ, չափից շատ են մեր հասարակությունն ու ապրելաձևը ատողները: Նրանք ատում են մեզ, երբ խառնվում ենք Մերձավոր Արևելքի իրավիճակին և ատում են մեզ, երբ դա չենք անում: Նրանք հարձակվում են մեզ վրա, երբ զբոսնում ենք Փարիզում, և հարձակվում են մեզ վրա, երբ հանգստանում ենք Հյուսիսային Աֆրիկայում: Ժամանակն է արթնանալ ու հասկանալ, որ խնդիրը մեր մեջ չէ, խնդիրը նրանց մեջ է: Մենք չենք սիրում խոսել մեր տան արմատական խնդիրների մասին, ինչը սխալ է: Բարբարոսներն արդեն քաղաքում են, և նրանց հաղթելու համար պետք է նրանց դեմ պայքարել ոչ միայն դրսում, այլև քաղաքի պատերից ներս»: Ընդհանրապես, ուժերը համախմբելու ժամանակն է, այլապես հետևանքներն ավելի աղետալի կարող են լինել: Իսլամիստները չեն էլ թաքցնում իրենց նկրտումները: Թիրախ կարող է լինել յուրաքանչյուրը: Փարիզյան ահաբեկչությունից ընդամենը 12 ժամ հետո Ֆրանսիայում կրկին կրակոցներ են հնչել: ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումը միաժամանակ տեսաուղերձ է հղել, հայտարարելով ֆրանսիական ահաբեկչության շարունակության մասին. «Քանի դեռ դուք շարունակում եք ռմբակոծել, խաղաղություն չեք տեսնելու: Դուք վախենալու եք անգամ խանութ մտնելիս»,- ասված է ուղերձում, ինչը մարտահրավեր է ընդհանրապես քաղաքակրթությանը: Այսօր արդեն իսկ ամբողջ Եվրոպան ապրում է վախի մթնոլորտում: Առանց համախմբվելու հնարավոր չէ վախը հաղթահարել: Ճակատագրական պահերին ազգային շահը մարդկության շահին չստորադասելով՝ հնարավոր չէ համախմբվել: Մինչ այդ՝ նորանոր ծաղիկներ և միլիոնավոր մոմեր՝ փարիզյան հարյուրավոր անմեղ զոհերի հիշատակին…