***
Մայրամուտին` խաշներն եկան,
Ստվերներում զով բակերի.
Մութի աղն են լիզում- բերան,
Աստղափոշին` սալ քարերի:
Ապա ջրի գուռը մինչ վերջ
Հատնեցընում ջանքով համակ.-
Մեր տան խշշուն դույլերի մեջ
Հետևանքն է մնում ճերմակ:
***
Երբ որ օրոցքից ես իջա հողին
Ու քայլ գցեցի օրերի մուժում,-
Մայրս իր ձեռքը դրեց իմ գլխին
Եվ իր օրհնանքը խշշաց իմ ներսում:
Ճխաց իմ սիրտը հանց արտույտ ծեգի
Ու բռնկվեցի ցավով անամոք,-
Օ՜, այն ինձ տրվեց գաղտնիքով երգի,
Որն էլ անբույժ է Աստծո կամոք:
***
Աչքս բացել եմ` մեր հանդ ու դաշտում,
Մեր սարուձորում` ջրերի կողքին…
Հուռթի գարունն ու
ամառն եմ պաշտում,
Եվ աշունները` ձմռան թիկունքին:
Ես` ակն ու ունկն եմ մեր հող ու քարի,
Թոթով զարմանքը, մեկնիչը շողուն.-
Տո՛ւր ինձ, բնություն, արվեստն
այն վայրի,
Որ ունեն միայն մրջյունն ու մեղուն:
***
Տուն էի դառնում իրիկվա պահին,
Արևն էր հանգչում կապույտ լեռներում,
Եվ հանկարծ տեսա իմ ճանապարհին
Մի ամպի պատառ քամու ձեռքերում:
Մերթ հանում երես ու մերթ թաքցնում,
«Հերանց» գնացող ալիքների տակ
Կամ թե հասկերի ծովից փախցնում,
Քշում էր դեպի լեռները ճերմակ:
Աչքերիս առաջ տեսիլք երևաց,
Այն թրթռում էր, վետվետում տրտում,-
Մորս գլխաշոր-լաչակը թվաց,
Որ կորցրել էր ցորենի արտում:
***
Դու ասում էիր` ծիծաղս տարան,
Իսկ արցունքներս թողեցին ինձի…
Հավքերի նման շատերը թռան,
Որ ելել էին աշխարհում հնձի:
Կյանքի ու մահի այս խաչմերուկում,
Կանգնած եմ ինչո՞ւ
տրտում ու մենակ.-
Հիմա ապրում են մերոնք երկնքում
Աստծո կապույտ հառաչանքի տակ:
***
Ամռան գիշեր է: Աստղեր են կաթում:
Թիթեռն է հանգել: Մեղուն է քնած…
Այգում սեզերն են
թախծոտ սոսափում,
Ջուրն է թփերում քչփչում կամաց:
Կայծոռիկներ եմ հավաքում ճամփից,
Ինչպես որ բառեր-
մոռացման մասին.-
Քամին գալիս է տանում իմ ափից
Եվ աչքեր շարում մութի երեսին:
***
Իմ ձեռքի ափից թռավ մի թիթեռ,
Ցո՞ղ էր, թե՞ ասուպ,- հովը փախցրեց.-
Նրա ետևից ես վազում եմ դեռ,
Ո՞ր ծառի՛, ծաղկի՛ գրկում թաքնվեց:
Իրիկունն իջավ: Մութը սարն առավ,
Գիշերը փլվեց հանդերին` ջոկ-ջոկ.-
Թփի տակ մենակ թիթեռը մեռավ,
Ողբերգությունն այդ չտեսավ ոչ ոք:
***
Դռան առջև մի ծեր ուռի
Դեռ սանրում է մազերն արծաթ.-
Ձյունի մեջ են սարերն հեռվի
Վաղ են թոշնել հանդ ու բացատ:
Դուռն եմ բացում ներսում` ոչ ոք,
Ո՞ւր են մերոնք, ո՞ւր գնացին…
Գոնե մեկը կգա արդյո՞ք
Ականջ դնի իմ այս լացին:
Հովը ոչ մի լուր չի բերում,
Չկա ո՛չ իղձ, ո՛չ նպատակ.-
Մորս ձայնն է մեր տանն ապրում
Հանց մամռած քար ջրերի տակ:
***
Երբ փեթակի խուփն եմ բացում,
Ինչպես դուռը մեր տնակի…
Փառք եմ տալիս ամենեցուն,
Որ հոտում է բույրեր ծաղկի:
Թոնիրը մեր մի պարս-բզզուն,
Կողերին` հարս-լավաշ առած,-
Այս բոլորն եմ լացով հիշում,
Երբ կար մայրս, երբ չէր մեռած:
Երբ իր ձեռքի ու փեշերի
Հովանին էր վրաս` ներկա.-
Իմ այս հիվանդ գիշերների
Մասին խոսել` էլ ուժ չկա:
Հիմա ծեր եմ: Փեթակն հանգել,
Ջրով լցվել է թոնիրն այն,-
Օ՜, հազիվհազ ես եմ կանգնել՝
Բռնած ճոճվող սյունը մեր տան:
***
Հիվանդ էի` անկողնում,
Պառկած էի գարունքին…
Դրսում արևն էր խաղում,
Հանդում` գառը և մաքին:
Դաշտում ծաղիկ ու երազ
Եվ բանջարներ` սեզ ու սինձ.
-Գարնան հազ է, գարնան հազ,-
Շշնջում էր մայրս ինձ:-
Դեմը պիտի առնել շուտ,-
Ախր, շատ ես դու մրսկան…
Մասրի քամուկն է օգուտ,
Մեղրամոմը վաղ աշնան:
Բուսոց հյութերն այս ծավի,
Կըկտրեն տենդ ու հառաչ.
Մի տուր անունը ցավի,
Ցավը ունի սուր ականջ:
***
Մի հոր էր փորել պապս մեր բակում,
Աղբյուր էր բխել, երակ առ երակ…
Պարանը բռնած մի դույլ էր ծնկում,
Աշխարհ էր հանում ջուրը սառնորակ:
Այդպես էլ մեր տան փարչից ու կժից
Կաթն էր հորդում՝ սպիտակ ջրվեժ.
Հիմա զարթնել եմ ես այդ երազից,
Կողքիս մարդ չկա, լռունք է հավերժ:
Հեռվից գալիս է ոռնոցը գայլի,
Աշխարհն է քնել բուքերում լեռան…
Դատարկ զնգոցն եմ ես լսում դույլի
Եվ ծեր կժերի տնքոցը զառամ: