ԱՐԵՎԱԳԱԼԻ ՏԵՐԵՎԱԳԻՐ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

norayrԵրիտասարդ հորջորջվող սերնդի և իրենց ծերությունը չտեսնող ավագանու միջև, տարօրինակ կերպով, աննշմար է մնում դեռևս 90-ականներից գրական դաշտ մտած, սակայն հեղափոխության, պատերազմի, մութ ու ցրտի կեռմաններում անուշադրության մատնված գրական մի հունձք՝ փաստելով կարկամած արդի գրականագիտության կողմնակալ խեղճությունը:
Վերջերս լույս տեսավ Նորայր Գրիգորյանի հինգերորդ ժողովածուն՝ «Խազեր տերևի վրա» վերնագրով: Ի՜նչ է, Նորայր Գրիգորյանը երկնքից միանգամի՞ց իջավ և գրեց այս բանաստեղծությունները: Իհարկե, ո՛չ: Քավ լիցի, սա առանձին խոսելիք է, ավելի լավ է ասելիքս ծավալեմ «Խազեր տերևի վրա» կոչվող, պարզ ու շիտակ, ժամանակամնա գրքի շուրջ: Վերնագիրն արդեն գյուտի (խազեր) բացահայտման ճանապարհով, կյանքին (տերև) գաղտնագրվածից վերծանված մտավոր և զգայական հոսքերի ճանաչման բերկրանքն է ակնարկում: Այն կառուցվածքով կուռ է: Գրքի երեք բաժինները բանաստեղծության կատարյալ ձևի՝ սոնետի կառուցվածքային տրամաբանությամբ հաջորդում են միմյանց:
Այսպես, առաջին բաժինը՝ «Ազատ անկումը» թեզն է, գրքում՝ համայնական խոհաբանությունը: Երկրորդը՝ «Խազեր տերևի վրա»-ն, անտիթեզը՝ անձնական խոհաբանություն: Երրորդ բաժինը՝ «Թանկագին խազերը»՝ որպես այս երկուսի սինթեզ՝ խոհական և իմաստասիրական ընդհանրացում: Իսկ «Եռագույն խազերի» երեք բանաստեղծությունները վերոնշյալ բաժինների հավատո հանգանակն են հիշեցնում: Ահավասիկ առաջին բաժնի համար.
Հայրենիքը ծաղիկ է երեք ծաղկաթերթով՝ //Մեկը սիրելու, մեկը լքելու, մյուսը կարոտելու:
Երկրորդի՝
Դու իմ պատկերն ես հանում ջրերից // և տեղադրում երկնքի մի կետում:
Երրորդի համար՝
Ես այն առաջին//Արտասուքն եմ, որ ընկել է//Նախամարդու աչքից,//Ու այն ծաղիկը, որ ամեն գարուն//Ծաղկում է նրա շիրմաթմբին:
Համայնական խոհաբանության առանցքը այսպես թե այնպես, ի վերջո, հայրենիքն է՝ հողի և հոգիների ամբողջությունում, որը լույս է՝ հողից վեր բարձրացող, խաչակնքման պես սավառնող թռչուն է, ծաղկած դաշտ, որով քայլում են դեպ հավերժության ավարտը կյանքի ու մահի, խինդ ու հոգնության ճակատագրի միջով, ուր պոետը նվիրումի հավատավորն է:
Ես մնացի երկնքում կանգնած//Քո ժամապահը, հայրենի՛ք,//Քեզ առած աչքերիս մեջ…
Բանաստեղծը համոզված է, որ ինչքան էլ իրեն թվա, թե բոլոր քնքուշ բառերը թաքնվել են հաստ բառարանների փոշիների մեջ, և Հրաժեշտը, Հեռացումը, Կարոտը քայքայել են իրականության վարդագույն մարմինը, մեկ է, բոլոր ճանապարհները բերում են դեպի վերադարձ, որտեղ.
Կապույտ թոն է կախվել լեռների վրա,//Թռչուններն ամպերի մեջ կտցահարում են//Նոր ծնվող անձրևը,//Ու անձրևը ծաղկի տեսքով է թափվում լեռներին://Այստեղ լուսաբացների մեջ արտասուք չկա:
Լուսաբացների պոետ է Նորայր Գրիգորյանր: Նրա խոսքն սկսվում է առավոտ կանուխ այնպես, ինչպես «Աստված աղոթում էր լուսաբացին»: Դրա համար ճանապարհ ելնողի պես նա ամեն պարագայում լավատես է, և ժողովածուին օտար է մայրամուտը, այն պարզապես չկա: Ներկան, անցյալն ու ապառնին, սկիզբն ու վերջը մի կետում են՝ ցայգալույսում:
Ոմանք քայլում են//ոսկեդեղին ոտնամաններով,//փչում թանկարժեք գլանակի ծուխը//աշխարհի երեսին.//Ի՜նչ հիասքանչ է.//ես բանաստեղծություն եմ գրում//քո մասին,//առավոտյան,//միայն արևագալին:
Այդ պատճառով բանաստեղծի խոսքը թթվածնով լի է, համաչափ ու հանդարտ ընթացք ունի՝ ոչ մի տեղ չշտապող: Հավասարակշռված է ու իրատես երևույթների էությունը մերկ տեսնելուց չի խորշում և չի շրջանցում, որպես իսկական պոետ՝ հեքիաթի մանչուկի նման երբեմն-երբեմն էլ զարմացած ասում է.
Տե՛ր, դու ճանաչո՞ւմ ես Ցեղասպանությունը://Ու բարձրյալը պատասխանեց.//-Սո՛ւս, մինչև մութն ընկնի,//Ու ենիչերին քնի,//Այնժամ կպատասխանեմ:
Ն. Գրիգորյանի խոսքը գալիս է սրտից, ուստի ցավն ինչքան էլ ուժեղ լինի, մեղմացած է արձագանքում: Զարմանալիորեն քնարական է նրա քաղաքացիական պոեզիան:
Դիպուկահարը կրակեց արևի ուղղությամբ//Հոգեբուժարանում ծեր զինվորի//Քար սրտից արցունք կաթեց//Պատուհանից դուրս հոգեբույժները//Դիահերձում էին առավոտը…
Անձնական խոհաբանությունը «Խազեր տերևի վրա» գրքում խարսխված է իրականության բանահյուսական ընկալման վրա, որը խաղարկուն նրբերանգներով երազի արտահայտություն է՝ մեկ ծաղկաթերթի լույսով, մեկ ջրերի ցոլքին խառնած արցունքով, բաժանման ցավով աղջկա ձեռքերից հոսող ձայնով.
Բայց մեկ է.//Կգա ժամանակ,//Երբ դու կապրես երազանքի,//Ես՝ իրականության երկրում,//Երբ ես կերազեմ քո,//Դու՝ իմ երկիրը,//Բայց այլևս ոչինչ//Իր տեղը չի փոխի:
Եվ ինչքան էլ բանաստեղծը, օծվելով աղոթքի գույներով, հեռանա օրվա գույներից՝ դառնալով ամբողջովին սեր, միևնույնն է, երբ տեսնի աշունը, ներքնապես զգալով նրան, կհարցնի.
– Ի՞նչ է աշունը,//ասաց՝ քամի է, ամպ է,//բայց չասաց,//որ իրենց սիրուց,//ա՜խ, իրենց սիրուց//տերևաթափվել,//մաշվել եմ այսպես:
Ընդհանրապես Նորայր Գրիգորյանի գրչի տակ ճշմարիտ իրականությունը մնում է անխաթար բնականության մեջ ու այնքան մաքուր, որ երբեմն անհավանական է թվում:
Սիրած աղջկա//Շիրմաթմբին աճեցրած//Ծաղիկներն էր վաճառում//անգին:
«Թանկագին խազեր» բաժինը հինգտողանի, առանց կետադրության բանաստեղծություններ են, որոնց ընդհանուր հայտարարը՝ Ն. Գրիգորյանի աշխարհընկալմամբ, կյանքի իմաստն է.
Քաղաքի աղմկոտ սրճարանում//Գերանդու հնամյա ձայն լսեցի//այն աղջիկն է հարս էր դարձել//և օրոցկան մանչը պարանոցից կապած//հնձում էր իր սարերի լույսը…
Ի դեպ, «Խազեր տերևի վրա» գրքի մյուս բաժիններում էլ կան անկետադիր բանաստեղծություններ, սակայն դրանք ընկալվում են, աչքի չի զարնում քերականական «թերացումը», քանի որ բանաստեղծը դրանով ապահովում է չուղղորդված զգայականության ազատությունը, ուր տեքստն ու իրականությունը նույնանում են արձակ զգայադաշտում: Կարծում եմ` չկետադրված լինելը ընթերցողին հնարավորություն է տալիս իր ձևով ընկալելու «Դուռ» բանաստեղծության սինուսօիդալ թախիծով խոհազգացողությունը:
Զարկերակի պես է//Բացվում ու փակվում է//Միշտ համաչափ//Բացվում փակվում է//Երբեմն դանդաղ//Բացվում ու փակվում է//Դարձյալ համաչափ//բացվում ու փակվում է//դարձյալ բացվում ու փակվում է//դարձյալ դանդաղ//բացվում ու փակվում է//փակվում է…
Հավատարիմ մնալով Նորայր Գրիգորյանի բազմախորհուրդ պատկերային մտածողության արգասիք «Խազեր տերևի վրա» սեղմագիր ժողովածուի ոգուն՝ շնորհավորում եմ նրա արժեքավոր գրքի առթիվ և ակնկալում տեսնել նրա պոետական նոր արարումները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։