Հրապարակումների առումով կարծես թե հարուստ տարի է, տարեսկզբին երկու պիեսներիս բեմադրությունների պրեմիերաները կայացան. Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Որբերի ընտանիքը», «Համազգայինում»՝ «Արտավազդ Շիդար»:
Մոտ օրերս լույս կտեսնի «Մատնագիր» գիրքս, ուր փորձել եմ երևան հանել ենթագիտակցականիս կենսագրությունը, այն խիստ տարբեր է գիտակցությանս իմացած կենսագրությունից:
Տարեվերջին «Անտարես» հրատարակչությունը կհրատարակի պիեսներիս ժողովածուն, վերջին 7-8 տարիներին գրած պիեսներ են, թվով տասներեքը, որոնցից 7-ն արդեն բեմադրվել են տարբեր թատրոններում:
Սակայն սրանք արդեն եղած բաներ են, կարևորը վեպն է, որ գրում եմ արդեն երկու տարի և դեռ այդքան էլ երևի կգրեմ, անուն ունի՝ «Սեր, Արվեստ, Սպանդ», բայց ես իմ ներսում ամփոփագիր եմ կոչում, փորձում եմ ամփոփել կյանքը, որն ապրել եմ. կարոտները, սերերը, ժամանակները, գործողությունները, մարդկանց: Այսպիսի վեպ գրելիս խորհրդավորությունը հալածում է, հանկարծ կռահում ես, որ ինքն էլ քեզ է գրում: Փոքր ծավալի գործերում դա նկատելի չէ, թեև հավանաբար գոյություն ունի, բայց վեպի դեպքում պարզ գիտակցում ես՝ դու իրեն ես գրում, ինքը՝ քեզ, և ավարտին դու առավել ես, քան մինչև իրեն գրելը, ինքը առավել է՝ քան քո հնարավորություններն էին: Ահա այս զարմանալի երևույթն ապրելու համար արժի ձեռնարկել մի գործ, որն ավարտելու ես տարիներ հետո: Ուզում եմ, որ ստացվի այս վեպը, շատ եմ ուզում, որովհետև միայն ինձ համար չեմ պատասխանատու, էս վեպի ընթացքում ինձ հարազատ մարդիկ կան, ժամանակներ, միջավայրեր, որոնց գտնում եմ հիշողության միջից ու մերում տեքստին. ծառ, քար, կենդանի, մարդ: Ուզում եմ՝ չկորչեն, ինձ թվում է՝ եթե ես նրանց չբերեմ տեքստ, նրանք կկորչեն, իսկապես կկորչեն, այլ խնդիր է՝ դա կարևո՞ր է ընթերցողի համար, թե՞ միայն ինձ, բայց այդ մասին չեմ ուզում մտածել, վեպ է ինձ համար, նախևառաջ ինձ համար եմ գրում: Այդպես էի գրում մեկ էլ առաջին վեպս՝ «Հիվանդանոցը»: Ինձ համար, նաև էն մարդկանց, ովքեր ապրել են, ովքեր ապրելու են, ովքեր կային: Մեծամտություն չէ, պարզապես առավելագույնն եմ գրել այն ամենը, ինչ ապրել եմ, մարդու մասին՝ կարեցածիս առավելագույնով: