Զարմանալի տրամաբանությամբ վաղուց անտի գրողները, նրանց լեզուն, հայրենիքը, մտածողությունը, բառապաշարը… փոխվում են, իսկ ապրած ժամանակը չի փոխվում, քարանում-մնում է, որպեսզի հետագա սերունդների գրողներին փորձի ու փորձարկի և ստիպի հավատալ, թե իրենք են ժամանակի ոգին ու արարիչը և այնպիսի բան են գրելու, որ դեռ ոչ ոքի մտքով չի անցել: Բայց հետո կպարզվի, որ այդ միտքն էլ, շատ ու շատ այլ մտքեր էլ հազար գրչի տակով են անցել, միայն թե կյանք-ժամանակը դրանից դույզն ինչ չի երերացել, ամառվա տապին չի զովացել ու ձմռան սառնամանիքին չի ջերմացրել սառած հսկա թաթերը:
Մարդկության պատմությունն իր ծննդից ի վեր ապրում է ընդամենը մեկ ժամանակ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ, և դեռ հարց է` մինչև աշխարհի կործանումն այդ ժամանակը կավարտվի՞: Եվ քանի որ կյանքի շարժիչ ուժը հենց այդ ժամանակն է, ուրեմն դրա ավարտի հետ կավարտվի նաև կյանքը:
Իսկ ժամանակի շարժիչ ուժը քաղաքականությունն է, որը նույնպես չի փոխվել վաղուց անտի: Նաև քաղաքական գործիչներն են նույնը: Բոլորին էլ վաղուց ճանաչում ենք: Ո՞վ է ասում, թե քաղաքական գործիչն անբարոյական է: Ո՛չ, նա այդպիսին է, որովհետև քաղաքական գործիչ է, այլապես սովորական ՄԱՐԴ կլիներ` գիտնական, գրող, երգիչ, բանվոր, գյուղացի… Իսկ կարո՞ղ եք ինձ ազնիվ ու բարի կամ ընդվզող պաշտոնյա ցույց տալ: Ազնիվը, բարին, ընդվզողը որոշակի պաշտոնների չի համապատասխանում: Նախնադարյան ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ մեջ է գրված: Թե չէ կուսակցություննե՜ր եք ստեղծում, երկու-երեք տարի (չհաշված նախորդ մի քանի միլիոն տարիները) իրար եք անցել` հանրապետական ու միապետական, համայնավար ու ժողովրդավար, ազատական ու ցեղակրոն, փտող ու փթթող… կուրծք եք ծեծում, կոկորդ եք պատռում, սուր եք ճոճում, բայց հենց փը՜շտ են անում, կրծքերդ կոկած, կոկորդներդ երկտակ կապած, սրերդ մաս-մաս արած, գլուխներդ մինչև գետին կախ գնում ու քսմսվում եք: Եվ ճիշտ եք անում, որովհետև այդ դեպքում արդեն չեք խաղում:
Ֆրանսիական «Խաղալիք»-ը նաև փաստագրական ֆիլմ է: Հիշո՞ւմ եք, երբ թերթի խմբագիրը մերկացավ տնօրենի հրամանով, վերջինս ասաց. «Հիմա ե՞ս եմ ավելի վատը, որ հրամայեցի հանվել, թե՞ դու, որ հանվեցիր»: