Բանաստեղծությունն ապրում է. քայլում է մարդու նման, նստում, պառկում, ուրախանում է, տխրում, թախծում, հետո բողբոջում է, ծաղիկ տալիս, կարկտահարվում ու ծաղկավիժում, սակավ բերք տալիս, կամ չի էլ տալիս, ի վերջո պատռում է հողն ու դուրս հանում կոկոն գլուխը` բացում է իր թերթիկները գույն ու բույր տալիս աշխարհին, բայցև կոխկրտվում խոզերի բոլուկի ոտքերի տակ:
Այս զգացողություններն անմիջապես համակում են Արտաշես Արամի «Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս» գրքի բանաստեղծություններն ընթերցելիս: Գեղարվեստի այն հրաշք պայմանականությունը, որը փոխակերպման հնարավորություն է տալիս, զուգահեռվում է իրականությանը, և բառերը հյուսվում են միմյանց թաց կավի խտությամբ:
Բանաստեղծն իրականության և պայմանականության միջև հավասարության նշան է դնում: Խոսքս վերաբերում է հատկապես Արտաշես Արամի պոետիկայի ուշագրավ հնարանքներից մեկին` իրականությանը հաղորդել պայմանական երանգ, պայմանականությանը` իրական գույներ: Սա սկզբունքային մոտեցում է բանաստեղծի համար թե՛ տողակառուցվածքում և թե՛ ընդհանրապես գիրք կառուցելու ճանապարհին:
Իմ Հայրենիքի երկինքը ուրիշ// Շանթե՛ր էր կրում իր շիկնած ծոցում:// Եվ մեր Սկիզբը` մաքրամաքուր իղձ,// Եղեգան ծուխ ու եղեգան բո՛ց, ու
Մեր ո՛ղջ հույսը էն խենթ Մանկան վրա,// Որ ծառացել էր վիշապների դեմ:// Շրջվեցինք, գտանք մեր տունն ավերակ,// Հետո` երկվություն, հետո` թեր ու դեմ:
Իրականության նկատմամբ բանաստեղծի վերաբերմունքն անհանդուրժողական է: Քաղաքական ենթատեքստը հատկապես սուր շեշտադրումներ է ստանում «Ծարավ հասկի պես կծղում է թուղթը» շարքում: Դրախտը ճանաչող բանաստեղծի համար մերօրյա իրականությունը դժոխային չարչարանքներ է բերում: Դրախտը երկիրն է, հայրենիքը, օջախը, դժոխային չարչարանք է մարտի 1-ը («Կանգնել ու / Անթարթ / իրար են / նայում / Ժողովուրդն ու / Ժողովրդի վրա / Կրակողները: / Եվ այդպես / Մի` ամբողջ հազարամյակ»), պատերազմները, դատարկված գյուղերն ու դռանը կողպեք կախած տները, չմշակված դաշտերն ու իշխանների մամռակալած դամբարանները: Եվ բանաստեղծը քաղաքի ամենաբարձր պատվանդանին քանդակում է 21-րդ դարի բռնապետի դիմարձանը, որն արդեն տրագիկ ու ծաղրական թատերայնության արտահայտություն է.
Ո՜նց է վախենում ինքն իր ստվերից,// Ո՜նց է բաժանում բախշիչ ու փեշքեշ:// Թող աճպարարի բախտը մի՛շտ բերի,// Բայց կարելի է վերքը չպճկել:
Արտաշես Արամի գրքի ամենաշահեկան առավելությունն այն է, որ բանաստեղծը ճանաչելով այսօրեական կեղծ բարեպաշտությունը, թալանն ու սուտ հայրենասիրությունը, հատու տողերով և արտահայտիչ պատկերներով արձագանքելով դրանց, երբևէ չի ընկնում հոռետեսության գիրկը: Նա ունի ապագայի տեսիլքը` երկրի վաղվա բարօրության, և անվերապահորեն հավատում է այդ տեսիլքին: Հավատն է կերտում բանաստեղծություն, հավատն է ապրեցնում տողը և ի վերջո հավատն է վարակում ընթերցողի հոգին.
Թող բաց ծով դուրս գա նավավարն էլի,// Թող վհատությունն իսպառ չքանա:// Կյանքը թող թվա ընծա՛ վերնային,// Գեղեցկությունը թող չանշքանա:
Հանց հայկազուն տոհմի արժանավոր զավակ Արտաշես Արամը իր միայնության մեջ նույնանում է Երկրի հետ (Փոքր Մհերի միֆ) ու իր կենսագրությունն է կերտում բանաստեղծությամբ: Հետաքրքիր է, որ վերջին տարիներին հայ գրականության մեջ «ես»-ի արտահայտությունն այնքան եսակենտրոն է դարձել, որ կարելի է ասել՝ 21-րդ դարի հայ գրականության հերոսը դարձել է բացահայտ ընդգծված «ես»-ը: Արտաշես Արամը շարժվում է հակառակ ուղղությամբ: Նա օտարվելով «ես»-ից՝ դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծում` կոլաժային պատկերաշարք… Սա հոգիների յուրօրինակ փոխկանչ է «ես»-ի ներսում բնակվող անձանց հետ` Տոնինո Գուերա, Վահան Վարդանյան, Սոնա Վան, Ժիրայր Դադասյան, Թեռլիկ Մակուչյան, Փունե Նեդայի, Իգնատ Մամյան և այլք: Այս ձոներգերում ներկա են նաև ընտանիքի անդամները` Շուշանիկ և Հասմիկ դուստրերը, Փառանձեմ քույրը, Լևոնիկ և Անջելի թոռնիկները և այլք:
Արտաշես Արամի նվիրումների այս հաճախությունը պինդարոսյան ներբողի ժանրից չեն, սրանք բանաստեղծի ներանձնային ընկալումներն են, և պայմանականության փոխակերպումը հնարավորություն է տալիս փախչել մենությունից, և բանաստեղծը ձեռքից բաց չի թողնում սիրելի մարդուն տեսնելու, հանդիպավայրը կերտելու առիթը:
Եվ քո մանկության դրվագներն են իմ// Աչքերի դեմով սահանցո՛ւմ, ցոլո՛ւմ:// Եվ քո ժպիտը` ծաղկած նռնենի,// Եվ քո մատներից սադափ է ծորում:
Խորության առջև քո ներաշխարհի,// Օտարի նման ակնածում եմ ես…// Իմ զարմանալի՛, իմ գերաշխարհի՛կ,// Քո կողքին անգամ կարոտում եմ քեզ:
Կոլաժ-դիմանկարները հիմնականում մարդ-մարդ հարաբերությունների գեղեցկության զգայապատկերներ են:
Այդ հարաբերությունների մեջ ամենաաստվածայինն ու արարչականը այր-կին սերն է: Սիրո նվիրումների մի ամբողջ շղթա է «Արեգակ աղջիկն այն քառսուն ճյուղ ծամ» շարքը: Այս շարքի յուրաքանչյուր բանաստեղծություն հագեցած է դրամատիկ հարուստ լիցքերով: Այրամարդու սերը փափկացնում է նրա` բնությունից տրված վայրենի ու բիրտ էությունը, և նա դառնում է խոցելի, քնքուշ, նուրբ ու զգացմունքային:
Սիրո անպարագիծ լայնությունները լի են հառաչանքներով, և բանաստեղծի յուրաքանչյուր հառաչանք դառնում է երգ, դառնում է ձոն, բառ ու պատկեր:
Դու բարձրագույն էակ այս օրերում մթար,// Ճակատագիրն անսաց, և օրերից մի օր,// Մի լուսավոր ժամի հանկարծ ես քեզ գտա,// Հետո կորցրեցի, կյա՛նք էր բանիվ միով:
Դեպի անհուն ձգվող վերջին խոյանքի թև,// Դու՝ վերջին սեր, վերջին՝ քնքշություն ու թախիծ:// Սիրտն իմ՝ ճաքեր կտա, ես դա հաստատ գիտեմ,// Եվս մեկ անգամ քեզ կորցնելու ահից:
Արտաշես Արամի բանաստեղծություններում հատկապես ընդգծված է պատկերի տեսողական կառուցումը: Բանաստեղծն առաջնորդվում է բառի նկարչական վրձնահարվածներով: Պատկերայնությունը` համապատկերային չէ: Ընդհակառակը, այն ավելի շատ գույն ու գծի արժեք ունի, կոլաժային պատկերամտածողություն և գրեթե յուրաքանչյուր բանաստեղծություն կտավի նման է: Իսկ «Հարյուր և մեկ մանրանկար» շարքը հայրենի, քառյակի, հոքուի և թանկայի խտությամբ կադր-կադր արագ անցումներով թերթում է պատկերաշարքը` հանց գեղանկարչական ալբոմ: Այստեղ ընդհանրացված են գույն ու գիծը, չկա որոշակիություն, և մնում է նկարը, որտեղ գույնն ու գիծը կարևոր չեն:
Արտաշես Արամի «Դիմակների բեմ կամ հասարակների թաղամաս» բանաստեղծությունների ժողովածուն թարմ շունչ է հետխորհրդային հայ պոեզիայում: Իր արդիականությամբ և բարձրացված հարցադրումներով, միևնույն ժամանակ հստակ տաղաչափությամբ, իր նորարարական շնչով և լավագույն ավանդների պահպանման գիտակցումով, թերևս նոր ճանապարհի սկիզբ կարող է լինել մեր վաղվա քերթության: