***
Այս խև հոգին նժույգ կուզի, տղա՛…
Ե՛կ, խենթացիր այսօր,
հեթանոսություն գնանք…
Արածանի իջնեմ ես Աստղիկի քայլքով,
Դու Վահագնի նման խոլ մռնչա խանդից.
Չլողանա՜ս հանկարծ…
– Նոր աստվածներն, հոգի՛ս,
ամոթխած չեն հների պես,
Մերկությունդ չեն սքողի
մշուշ կաթնալույսով…
Ե՛կ այս գիշեր, տղա՛,
հեթանոսություն գնանք…
***
Բառերդ հաշիշ են այսօր…
Հարբում եմ, օրորվում, ընկնում…
Հաշիշ չեմ ուզում, ինձ նշխար է պետք….
Մաքրվե՜մ, լու՜յս դառնամ, թևե՜մ…
Բառերիդ սանձերը քաշիր…
Սրբություններս կոխկրտում են, տե՛ս ,
Հալալ օրերիս հարամդ մի՛ բեր…
Քո թնդությունից քացախում եմ ես…
***
Դու միակն էիր, որ հասար հոգուս
Ու մարմին չուզեցիր, տղա՛…
Ե՛կ այսօր մտքերիս դու հյուր.
Որ պատվե՜մ. պատվե՜մ քեզ առատ….
Ու հանեմ հոգեպահուստս ողջ…
Դու մաքու՜ր, անաղա՜րտ, իմ մեծ սեր…
Երազիս ճերմակ աղավնիների հետ
Քեզ այսօր երկինք պիտի թռցնեմ….
Եթե պապերիդ հեթանոս արյունն է
զարթնել մեջդ,
Պարեմ այս գիշեր, գինուց մշուշված,
քո աչքերի դեմ…
Հարճի պես պարեմ, մեզ վաղուց
ծանոթ Նազենիկի պես,
Բայց կանգնի՛ր, կանգի՛ր …
Հեթանոսության կարգը չխախտես.
Ծալված ծնկանդ նստեցնելուց հետո…
Պիտի փախցնե՜ս, պիտի փախցնե՜ս…
Եթե պապերիդ հեթանոս արյունն է
զարթնել քո մեջ,
Հին սովորույթը հանկարծ չխախտես…
***
Երեկ Հուդա էի, քեզ ուրացա նորից,
Մի ողջ գիշեր ես իմ մեղքի վրա լացի…
Ասես, հե՛նց նոր, հենց նո՛ր քեզ
հանձնեցին հողին…
Էլի մրմուռի պես հոգուս սեղանին բաց՝
Քո կորստյան ցավն է, և արցունքները՝ այս…
…Չդիմացավ Աստված,
իջավ մոտս նա ցած…
Եվ մինչև լույս, քո հարության դարձով,
ցավիս խաբեց…
Երեկ` Հուդա էի, քեզ դավեցի նորից…
Եվ այս մեղքի թելով աղջամուղջի սյունից
Ազնիվ Հուդայի պես ինքս ինձ կախեցի…
Է՜, ինչ օգուտ, սեր իմ, Հուդան ինչ էլ անի,
Մեծ ուրացող է միշտ…