Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ԵՎ ԼԵՌԸ ԽՈՍԵՑ
Թագն իմ արյունի
Քո փառքն է, երկիր,
Քո շնչով հասա
Կատարն իմ անծիր:

Գերեզմաններդ
Տեղահանվեցին,
Բայց քո մեջ է քո
Տունդարձը, ասին:

Թե լեզուս կտրեն`
Հոգուս կերևաս.
Դու հավերժի մեջ
Ծագող արգակ:

ԱՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Այնպես կուզեի`
Ձեր նման շքեղ…
Տքնել, արարել:

Բայց, աստված չանի`
Մահն իմ նմանվի
Ձեր մահին չտես:

* * *
Հովի ու զովի մեջ
Քնել ու չեմ զարթնում.
Ահը շոյում անվերջ,
Մահը չի խանգարում:

Ինձ հար դատարկեցին
Քամուց ու թռչունից,
Հավետ ինձ լքեցին
Ցավի չափս ու տարիք:

Անհուն աստղավերից
Մայրս դեռ օրորում,
Ասես մեղուն սրտից
Կաթնաբույր է բերում:
Անձրևում է կարծես`
Երգն այս քնից հանում.
Ահը շոյում անվերջ,
Մահը չի խանգարում:

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ
Դեպի գիշերը քայլում անուղի,
Գիրկն էի ընկնում արդեն ոխերիմ,
Երբ մթին բեռամբ, ուղիղ երկնքից
Իմ դեմ թրմփաց` ինքն իր ետևից:

Անթիվ աստղերին ես հարցմունք արի,
Թե ո՞նց սփոփեմ սիրտը երկնքի.
Էն որ փլուզվեց անկշիռ բեռից,
Ո՞նց կդիմանա մի երկինք ցավի:

* * *
Դու ոչ մի տեղիս,
Եվ ոչ մի տեղիս
Ցավն ես, սիրելի՜ս:

Գիտեմ` խելահեղ,
Շատ է ցավն ահեղ`
Երկար չեմ տոկա:

Զի անունդ անգամ
Խինդ է մոգական`
Մահս շրթներգող:

Դու ամեն տեղիս,
Եվ ամեն տեղիս
Ցավն ես, սիրելի՜ս:

ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Ձյունե մոխիր է
Ծփում իմ գլխին.
Բալենու տոն է,
Ագռավի տարի:
Ծաղկած մոխրի մեջ
Մի մոխրաթռչուն
Նոր տուն ու տեղ է
Դրել իմ սրտում:

ԱՂԵՐՍ
Ի՜նչ կլիներ` գիշերը գար, մութ չգար,
Գիշեր լիներ` մութ չլիներ, մոտ չգար:

Ինձ ուշացնող ճամփեքով մեն չգայի,
Ինձ ձայնազուրկ անձրևները սգային:

Մարդ չիմանար`
ինձ մոտ չգար, չխղճար,
Ինձնից խորշեր`
մահն իր մտքում մահանար:

Ինձ ճանաչեր`
ինքն անճանաչ փարվեր ինձ,
Կապը կտրած շունն ինձ
քշեր ինձանից:

Ինձ հավաքեր`
քարն իջացներ ուսերիս,
Հետո՞, հետո գործն է
անգործ անցյալիս:

Ի՜նչ կլիներ` գիշերը գար, մութ չգար,
Գիշեր լիներ` մութ չլիներ, մոտ չգար:

ՀՐԱՎԵՐ
Բեռն է ծանրանում
Անլուր ավերքի,
Քամին է ճգնում,
Որ շուտ չավարտվի:

Հիմա կբացվի
Դրսի պաղ դուռը,
Ինձ ներս կկանչի
Հավերժալուռը:

* * *
Անսրտությունից անտանիք
Քարքարոտ է ձյունը իջնում,
Ընկան թևերը ուսերիս`
Գերեզման է վրաս աճում:

Երկինք էի աստեղնածով`
Աշնանահաս տեղը ճարվեց.
Քամին` դժնի ու դժնաշող
Վրես շանթ ու կայծակ բերեց:

Բայց ես դուռս չկողպեցի,
Որ փակի տակ չմահանամ.
Դատարկ անցա, չոր հոսեցի`
Տեղը տեղին, երկարաժամ:

Անսրտությունից անզիջում
Քարքարոտ է ձյունը իջնում,
Ընկան թևերը ուսերիս`
Գերեզման է վրաս աճում:

ՀԻՆ ԵՐԳ
Թե մշտակույր վազքը իմ
Շնչակորույս ցավ է մի.
Ինձ մոխրացրու սլացքում`
Հրայրքից դուրս, հրահույզ:

Թող գան օրեր ճիշտուսուտ,
Ուրիշ դեմքով, ուրիշ դուք.
Ողջո՜ւյն, չկար` ով մնաց,
Ով կար` չապրեց, զո՜ւր գնաց:

ՄՆԱՑԱԾ ՄԵԿԻՆ` ԽԱՉԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ
Ոչոքիների մեջ մնա, ոգիր,
Խտացիր մաքուր լռությամբ,
Մեր խոսքը խոր սգից հանիր,
Խաչ դարձիր համայն սգության:

Ետ քաշվիր` ուր չենք լինելու,
Ուր ջուրն իր ետևից չի գնա.
Կյանքդ որ գանձ է հողազուրկ`
Կթափվի վրադ կմնա:

Գիշերվա մշուշ է ու լեղի,
Թող երգս ինքնիրեն չսգա.
Ես սիրտը կգտնեմ անհունի`
Կփակեմ պարտքը գիշերվա:

ԶԱՏԿԱԾԱՂԻԿ
Աստղաշաղախ կրակ,
Թռչող զատկածաղիկ,
Շալակին սև պսակ
Ու փուշ փնջող խաղիկ:

Հոգու մեջ դատարկեք
Հրաշքն` ով այն տեսավ,
Եվ երազն այն պահեք,
Որ վառվեց ու անցավ:

ԵԼՄԱՆ ԳՈՒՅՆԵՐ
Քանի՜ գույնով ելա հողից`
Ինձ հողագույնն իր գիրկն առավ,
Գույն տվի, գույն առա ցավից,
Հար մնացի թարմ ու թառամ:

Քարն իմ վրա` անթև թռչուն`
Լացն իր կտցում, չի մահանում,
Չի սարսափում ձյունն ինձանից`
Զի մաքուր է ու անհատնում:

Նա ձև չունի տեղահանման,
Չի դատարկվի հովը ծովից,
Քարը քարի մեջ պարուրված,
Սուրբ է մնում սրբամորից:

Երկնեց երկիր, երկնեց և ծով`
Կսկիծն երկնե երկինքն առավ,
Ես` հողաբույր արցունքածով`
Ինքնագահավիժող ծարավ:

Ես ի՜նչ գույնով ելա հողից`
Ինձ հողագույնն իր գիրկն առավ,
Քարագետում մկրտվեցի
Ու դաշտ իջա արարչական:

Իջան աստղերը դառնաշող`
Գլուխ գլխի ջուր խմեցին,
Ինձ կապեցին բառին ընդխոր,
Տեսիլքներին ժառանգեցին:

ԱՆՏՈՒՆԻ
Ամեն ինչի տես
Աչքս թարթեցի.
Կյանքս էրանեց
Քամին հողմածին:

Մեր տան սև պատից
Կախեցին աչքս.
Ձեր աչքալույսով
Տարան պսակս:

ՀՈԳՈՒ ՀԵՏ
Ի՜նչ քաղցր է ճախրը հոգու հետ`
Գիշերվա մթնում վերջնապահ,
Երբ հույսդ վառվում հակառակ,
Դեմ դեմի հանգչում է առհավետ:

Մութի հետ դու անվարժ հառաչում,
Ծովն ընդ ծով սողսկում ես անահ,
Գիշերն է անբերան շառաչում`
Չորս կողմից ձայնակցում ես նրան:

Գիշերը գլխիդ չափ է արդեն`
Գլորվում, թռչում է անմարմին.
Քո միջով դու երկինք շտապիր,
Ներքևում թող հավերժ սպասեն:

ԱՍՏՂԱԹԱՂՈՒՄ
Վերն` անծիլ դավից,
Պիղծ բվի ցավից`
Աստղերն անանուն
Աստղ էին թաղում.

Իմ սիրտն էր ցավում:

Գլխակեր քամին,
Գետնաքարշ քամին
Մահամրուր էր
Շփում աչքերիս.

Ողջ ցածն էր ցնծում:

ՀՄԱՅԱԳԻՐ
Ջրի տակից, հրի տակից,
Քարի տակից են հմայում,
Մի պուտ ցողի արյունն հեղում,
Սպանում են չոր ծիծաղից:

Շունչս վաղվա կողմը արած,
Ինձ այսօրվա մեջ են թաղում,
Ողբ են կերտում ինձնից չեղած
Ու փոշու մեջ իմ ողողում:

Ափերի մեջ ոչ մի օրվա
Անշարժացած ջուրը գնում,
Զույգ աչքերս` պսակներ վառ
Դեմքիս վրա են քարանում:

* * *
Ինձ մահից փրկում,
Քնում-զարթնում եմ
Հենց ձեր աչքերում:

Թե մի օր ձեր թույն
Թանձրամշուշում
Քնեմ աչքաբաց,

Բիբերիս խորքից
Հուր շատրվանող
Դավից կզարթնեմ:

Նորից կմեռնեն
Մոխրաբուրգերը
Ձեր` վաղուց մեռած:

ԵՐԱՆԻ
Երնեկ քեզ, պոետ,
Ու քեզ վեհացնող
Հրե երկնքին,
Ուր մահը ծնկիդ,
Մեզ ես որոնում`
Այստեղից այնտեղ:

Իսկ մենք` վարանում,
Գետնի երեսին
Չենք էլ երևում.
Մեր ողջ հասակով
Դեռ նոր փոսեր ենք
Փորում ահավոր:

Երնեկ քեզ, պոետ:

* * *
Ծառն աճում է հենց
Իր դագաղի մեջ:

Ամպից չի կառչում
Թռչունը անտուն:

Ոչ մի երգ գլխին
Երկրածածկ չունի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։