Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

***
…ամերիկացիների վարած կեղտոտ պատերազմները
ռուսների վարած ստոր պատերազմները
գերմանացիների վարած գազան պատերազմները
թուրքերի վարած յաթաղան պատերազմները
անգլիացիների վարած խարդախ պատերազմները
ֆրանսիացիների վարած լկտի պատերազմները
ճապոնացիների վարած խելագար պատերազմները…-

լիացրին իրենց տաք երանգներով
դիմապատկերը քաղաքակրթության,-
այն ցոլցլում է վայրի գեղեցկությամբ
արնակրակներից մխացող պատմության խորապաստառներին…

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
Տեսանելի ու աննշմար փռվող ոլորտներն ի խույզ
աճապարում են առճակատումների հրձիգները և քարոզիչները`
ծածկագիր պլան-ավետարաններով,
հանց համաղետի սև նախագուշակ,
իսկ նրանցից վեր և նրանցից վար
պատերազմի ողջ ու մեռյալ աստվածներն են
հեռակապային խորհրդի նստել:-
Արձանագրեցին`
նույնօրինակ ու միատոն արշավներից
ձանձրացել են խիստ,
հասկացան` ժամն է
կտրուկ խախտելու միապաղաղությունը
հին խաղաոճի,
թե չէ հերքումի մոխրով կպատվեն
կամ կջնջվեն հավետ անեծքի տակ.-

վճռեցին`
վանել տաղտուկը անմիտ սահմանափակումների
և «եռալ» տոտալ կիրք ու ճիգերում,
թող Երկրի ամեն ջիղ, երակ, մկան պատերազմազօծվի լիակատար,
թող կյանքն ամբողջովին կռիվ ու բոց կրի
իր յուրաքանչյուր քառակուսի մետրում,
համընթաց սուրալ Զարգացման ոգուն…

Եվ սիրտն Ապագայի, ասես մերժված սիրուց,
կծկվում է խորին հիասթափությունից,
որ հիբրիդային պատերազմը ահա
թագադրվում է անհաշտ Օլիմպոսում,
որ նա աչք ունի Անդորր ժամերի ոստանի վրա,-

և լույս ապագան թաքչում է կրկին ժամանակների մթին խորշերում…

ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԿԱՆՉԵՑԻՆ ՄԵՂՎԻՆ
Դառնության ուրուները գրավում են տարին
վայրկյան առ վայրկյան`
հին ասպատակիչների վարք ու բարքով,-
նրանք գլխատում են ազատ ու երջանիկ ակնթարթները,
հրկիզում քաղցրահամ ժամաքաղաքները`
նոր աշխարհակարգ հաստատող ուխտի անհաշտությամբ.-
ինչ արտառոց ու անսպասելի են այս խուլ ու դառնահեծ արշավանքները,
ժամանակն ասես ինքնակամ խարանում է
մգացող մաշկն իր շիկացած սայրով…

Եվ ծաղիկները,
որ դեռ չեն կորցրել հեռզգայության շնորհք-հմայանքը,
կանչեցին հեռվում լռած մեղուներին –

մեղա ձեզ, մեղա, անմեղ մեղուներ,
մեր նեկտարով դուք չե՜ք քաղցրացնում
Երկրի միտք-հոգին,
դառնության հողմը և մեզ է ճկում…

ԹՎԱՅՆԱՑՈՒՄ
Թվայնացվում է ժամանակն` իբրև
մի ամբողջական տեքստ և հղում,
իսկ ինչքան դիպված-եղելություն կա
գրավոր ու անգիր պատումներից դուրս,
որ չի հայտածվում ոչ մի էկրանի…
Եվ ողջ աշխարհն է զուգահեռորեն թվայնացվում` պարզ 1 և 2 թվանիշերով,
ասես հանվում է կենսաչափական պատկերը նրա
արտաշխարհային այցեգրի համար…

Բայց էլի մարդու կյանքը մեկն/1/ է և
իսկական բեկում կյանքում գործում են միայն երկուսով/2/` այր ու կին` մեկտեղ,
մնացյալն այլ հեղինակությամբ սերիալ-թատրոն է…

ԱԾԱՆՑՅԱԼՆԵՐԻ ՄԹՆՇԱՂԸ
Ստվերը արևի ածանցյալն է խոնարհ`
արտածված արևային ոսկե կանոնից –
ուր թագավորում է կամքը շողացողի,
այնտեղ կատարածուների պահանջմունք կա հույժ:-
Գիշերվա ածանցյալը լուսնի ու աստղերի
հեզությունն է, որ
մեղմ հրացոլքով նինջ է փռում հոգնած
խավարի սրտին.
(դու փորձիր մտնել գիրկը գիշերվա
նրա անանուն ու անպարագծելի ածանցյալի սիրով,
և կտեսնես` ոնց է հոգիդ ողջակիզվում
Սև խոռոչից փրկված աստղակույտի պես):

Հորիզոնի ածանցյալը ճիգն է ճամփորդի –
տեղ հասնել շտապ որպես ավետաբեր
և արհամարհել` քանի
նետ ու գնդակ է սուրում քո ետևից:

Խոսքի ածանցյալը մենության զանգն է,
որ ղողանջում է գետնի և ծովի, և կասկածի տակ,-
բայց դու, մոռացման դավադիր որդի,
գտիր ու նայիր ածանցյալներին,
որ ըստ հին կարգի` միշտ հավաքվում են մթնշաղին և
ակնարկներ հղում ինքնամփոփներին:-

Երբ դու բացում ես պատուհանը հորդ անձրևի պահին,
հասկանում եմ, որ
դու հավերժական սպասման ածանցյալն ես,
որ ամպի տեսքով դեգերում է կույր երկնակամարում
անանձնագիր, սնանկ վտարանդու պես…

ՉԵԶՈՔ ԺԱՄԵՐ
– Մեր չեզոքությունը հռչակել ենք վաղուց,
մենք անտարբերների ցեղից չենք, սակայն
մեզ անգթաբար ներքաշում են մութ կլանների ու
դաշինքների մեջ,
որ տարիների կյանք ունեն, մինչդեռ
զուրկ են վեհությունից մի ջինջ ակնթարթի:
Մեզ միշտ սպառնում են, վարկաբեկում, խայթում,
որ ժամանակի մեծ բեկումներին նպաստ չենք բերում,
բայց հեռատես են մեր վայրկյանները և խորազգա,
տեսնում ենք` ոնց են կրակի անտես լեզվակները սողում դեպի գալիքի ոստանները պերճ,
զգում` ինչպես են տվայտում
խոհեմ-չեզոք տարածքները,
ուր ընկածների աճյուններն անգամ
յուրայիններին չեն հասնում հաճախ –
ծածկվում են ձյունով ու մոռացությամբ:-

Չենք կամենում խառնվել պղտոր ժամանակին,
ուր խեղդվելու են բոլոր ձկները
Ժամմրրիկներից ու ժամժայթքումներից:
Մենք դեռ ուժ ունենք` դուրս սողոսկելու
նրանց կալանիչ գալարումներից
և կանգնել այն բիլ բարձունքների վրա,
ուրկից դատում ենք կյանքը անցողիկ:-

Մենք չեզոք ժամերն ենք` լի անկանխակալ ու ճշմարիտ է-ով,
անաղմուկ ու անխոնջ արարում ենք Անկախ Ժամանակներն այն,
ուր մեղքի համար չկա ոչ մի ազդակ…

CUM GRANO SALIS1
Նա մոտենում է հաշմված երազին իր,
որ կծկվել է ցերեկվա բժժանքի տակ,
ու ետ քաշվում կարկամ խնամատար ինչպես.-
մի՞թե խափանվում է ցանկության մեքենան,
մի՞թե կենսալից չէ հոգածության ծառը,
սուրբ մտքի մեջ արդյո՞ք նզովքի հատիկ կա…

Մարդը նայում է կլոր հայելու մեջ
և տեսնում բախտի կարմիր քառակուսին,
նրա տակ` պատկերն իր դանդաղ տրտմացող,
և անկասելի իջնող ձմեռվա խաչն է
տեսնում տարիների կուրծքը խրվելիս…

Բայց ձյունը ոչինչ չի ծածկում, միայն
ընդգծում է դաշտը մենության ու մահվան:-
Եվ բավական է պտղունց մի հրճվանք
ցանել համազուրկ տարածության վրա –
ուժ ես վերգտնում`

հիանալ` ոնց ես տեղում ձյան հետ
և ձյուներգում ձոն ու սաղմոսի տեղ:

1-CUM GRANO SALIS (լատ.) – աղի մի հատիկով` որոշակի անվստահությամբ

***
Աղբանոցին ընկած արևաշողերը
ելնում-տարածվում են մաքրությամբ նույն:
Մինչդեռ բավական է ձեռքդ հպես աղբին,
աղտոտվում ես` ամեն
գարշանք իրեն ձգող մագնիսի պես:

– Կեղտոտներ, իսկ դուք սրբությունից եք
բարբառում դեռ…

***
Թիկունքից, ընդհատակից, գրշուկաներից
խուժած`
պառնասիկներ գնած գրչիներին
խռպոտ փառերգող քննադատներ վարձու,

Խոսքի Աստվածության վրա կրակում եք
վարձու մարդասպանի նշանառությամբ:

ՀԱՄԲՈՒՅՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համբույրը հավաստի լրատվամիջոց է,-
իր բույր ու համով տեղեկացնում է համբուրվողներին`
արդյո՞ք զույգերը արժանի են միմյանց…
Համբույրը հավելյալ կյանք է շնորհում, տոկունություն ու կենսասիրություն,-
համբույրապաշտը լավ պաշտպանված է
սթրեսներից ու ընկճախտից և
ունակ է դառնալ մեծ գանձատեր:
Շոկ հրահրող կորտիզոլ հորմոնը չքանում է
համբույրի բուրմունքի մեջ:-
Երբ համբուրվում են, գործում է դեմքի 146 մկան,
դա հրաշալի դիմամարզանք է,
որ կանխում է կնճռոց ծնունդը տխուր:
Մարդու ուղեղում առկայծում է ուշիմ
նեյրոնների մի փունջ`
կոչված գտնելու սիրելիի շուրթերը խավարի մեջ:-

Շուրթերն համբույրով ուրախություն են ճառագայթում, որ
35 ժամից երկար է տևում –
անխորտակ պատվար է ատելության դեմ
(ատելությունը շուրջ 60 ժամի տևողություն ունի):
Համբույրը պարգևում է բարեհոգության չափաբաժիններ,
փրկարար պատվաստուկ է ինքնասպանության բացիլով վարակված դժբախտների համար,
նա աստվածային թմրանյութ է հանց,
որ մարդուն հանում է մենության վիհից:

One thought on “Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։